ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանի 16 համայնքներից 11ում գործում են մշակութային ակումբներ: Քաղաքային միակ համայնքում` Քարվաճառում, գործում է շրջանի մշակոյթի եւ երիտասարդութեան կենտրոնը:
Գիւղական համայնքներում մշակութային ակումբները հիմնուել են` տեղում մշակութային կեանքը զարգացնելու, ակտիւացնելու (աշխուժացնելու-Խմբ.) համար: Մշակութային ակումբների խնդիրները հիմնականում նոյնն են. մասնագէտների պակաս, շէնքային ոչ-բարուոք պայմաններ, տեխնիկական վերազինման անհրաժեշտութիւն:
Նոր Բրաջուր համայնքի մշակոյթի ակումբը գործում է գիւղապետարանի շէնքում: Համայքնում շնորհալի երեխաները շատ են, պարապում են ազգային պարեր, նուագում են տարբեր երաժշտական գործիքներ: Ինչպէս մեզ հետ զրոյցում նշեց ակումբավար Նարինէ Խաչատրեանը, ակումբն առանձին շէնքի կարիք ունի:
Եղէգնուտ համայքնի մշակոյթի ակումբը եւս գործում է գիւղապետարանի սենեակում: Ակումբ են յաճախում տասից աւելի երեխաներ, տեղում զբաղւում ձեռագործութեամբ, նկարչութեամբ, երգ ու պար պարապում եւ մասնակցում համայնքում կազմակերպուող տարբեր միջոցառումներին: Ակումբավար Լուսինէ Հայրապետեանի խօսքով` ինքն է ձեռք բերում պարապունքների համար անհրաժեշտ նկարչական պարագաները, թելերն ու կտորը:
Նոր Գետաշէն համայքնի մշակոյթի ակումբը գործում է համայնքապետարանի շէնքին կից: Ակումբավար Արմինէ Գալստեանի խօսքով` սենեակը վերանորոգման եւ կահաւորման կարիք ունի:
Շրջանի միւս բոլոր համայնքների ակումբավարները եւս միաձայն նշում են նախ եւ առաջ բարեկարգ շէնքում գործունէութիւն ծաւալելու անհրաժեշտութեան մասին: Շէնքային բարուոք պայմաններ ունենալուց յետոյ արդէն անհրաժեշտ կը լինեն տեխնիկական միջոցներ, տարազներ, նկարչական ու ձեռքի աշխատանքների պարագաներ` կախուած այն բանից, թէ տուեալ մշակութային ակումբում ինչ խմբակներ կը գործեն:
Ինչպէս մեզ հետ զրոյցում նշեց Շահումեանի շրջվարչակազմի մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի բաժնի վարիչ Վարսիկ Կաֆեանը` ակումբների գործունէութեան համար չնչին գումար է յատկացւում, որով որեւէ հարց լուծել հնարաւոր չէ: Ըստ մեր զրուցակցի` հարցը բարձրացուել է ԱՀ Ռազմահայրենասիրութեան, երիտասարդութեան, սպորտի եւ տուրիզմի նախարար Սամուէլ Շահրամանեանի հետ հանդիպման ժամանակ. մշակոյթի ակումբների հետ կապուած խնդիրները նոյնն են ամբողջ Արցախում:
Շահումեանի շրջվարչակազմի մշակոյթի եւ երիտասարդութեան բաժնի վարիչի խօսքով` մշակութային ակումբի գաղափարը, գործառոյթները, ակումբավարի գործունէութիւնն անհրաժեշտ է վերանայել:
Արցախի տարբեր շրջաններից առաջարկ է արուել մշակոյթի ակումբները վերակազմաւորել որպէս երիտասարդական կենտրոններ` շեշտը դնելով երիտասարդների հետ աշխատանքի վրայ, միջոցներ աւելացնել` երիտասարդների համար հետաքրքիր միջավայր ստեղծելու համար, ինչն էլ կը բերի համայնքներում կեանքի աշխուժացմանը:
«Ասպարէզ» թերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից