Ն. Ա.
Միացեալ Նահանգներում գործող «Հայ Վիրաւոր Հերոսներ» (ՀՎՀ) հիմնադրամը, որի հիմնական գործունէութիւնն ուղղուած է հայկական զինուած ուժերի զինուորներին առաջին անհրաժեշտութեան բուժօգնութեան պարագաների տրամադրմանը, Հոկտեմբերի 27ից մինչ օրս աւելի քան մէկ միլիոն դոլարի աջակցութիւն է ցուցաբերել Արցախեան պատերազմի մասնակիցներին: Հիմնադրամի համահիմնադիր Ռազմիկ Արզումանեանը յայտնեց, որ պատերազմի առաջին օրից ստացուած նուիրատուութիւնների արդիւնքում յաջողուել է գնել ռազմական եւ մասնագիտական բուժօգնութեան առաջին անհրաժեշտութեան պարագաներ՝ ներառեալ արիւնահոսութիւնը դադարեցնող սարքեր, պատգարակներ, փամփուշտազերծ զրահաբաճկոններ, հաղորդակցման միջոցներ եւ ուղարկել Արցախ:
Հիմնադրամն արդէն մի քանի տարի է, որ աշխատում է անմիջականօրէն ՀՀ պաշտպանութեան նախարարութեան հետ. ««Հայ Վիրաւոր Հերոսներ» հիմնադրամը առաջին բուժօգնութեան պարագաներ է տրամադրում հայ զինուորին: Օրինակ, այդ բուժմիջոցներից են՝ արիւնահոսութիւնը որոշ ժամանակով դադարեցնող սարքերը, որոնք նուազեցնում են հրազէնային կամ այլ ծանր վնասուածքների ճակատագրական ելքով դէպքերը: Մարտի դաշտում, զոհերի 90 տոկոսը, սովորաբար մահանում է արիւնահոսութիւնից՝ զինուորները երբեմն 3-4 րոպէ ունեն արիւնը կանգնեցնելու, եւ բուժօգնութիւն ստանալու համար: Ուղարկուած բուժսարքերը հնարաւորութիւն են տալիս զինուորին ինքնուրոյն կիրառել դրանք՝ նշուած չորս րոպէն երկարաձգելով մինչեւ 8-10ը ժամի, հասնել հիւանդանոց ու փրկուել», պատմում է Արզումանեանը:
Ըստ նրա, առաջնագծի զինուորները մինչ պատերազմն ապահովուած էին, սակայն այժմ հրատապ համալրում է հարկաւոր, եւ հիմնադրամն իր միջոցներն ուղղում է ռազմաբժշկական պարագաների անհրաժեշտ քանակ Արցախ ուղարկելու համար:
Ռազմիկ Արզումանեանը նշում է, որ կարեւոր է ուղարկել ամենաարդիւնաւէտ միջոցները, որոնց հարցում հիմնադրամը մասնագիտացած է: «Շատ եմ լսում, որ սփիւռքահայերը ռազմական եւ առաջին բուժօգնութեան առաջնային միջոցներ գնում են դեղատնից եւ ուղարկում Հայաստան: Սփիւռքահայ հայրենակիցներիս կը ցանկանայի տեղեկացնել, որ իրենց կողմից ձեռք բերուած միջոցները շատ յաճախ չեն ծառայում առաջնային նպատակին, եւ, ըստ այդմ, եթէ կան մարդիկ, ովքեր ցանկանում են ուղարկել ռազմական բնոյթի եւ բուժպարագաներ, կարող են նուիրատուութիւն կատարել մեր հիմնադրամին, եւ մենք, որ արդէն տարիներ շարունակ զբաղւում ենք այս գործով, կը գնենք այնպիսիք, որոնք համաձայնեցուած են պաշտպանութեան նախարարութեան հետ եւ ինչի կարիքն այս պահին ամէնից շատ կայ», նշոց Արզումանեանը յաւելելով, որ համապատասխան սարքաւորումների շնորհիւ, պատերազմնի առաջնագծում բազմաթիւ կեանքեր է հնարաւոր եղել փրկել:
«Հայ Վիրաւոր Հերոսներ» (Armenian Wounded Heroes) հիմնադրամի գործունէութեանը ծանօթանալ https://armenianwoundedheroes.com/ կայքում:
նուիրատուութիւնների համար այցելել https://armenianwoundedheroes.com/ կայքը: