«LIBERATION»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆԻ ՀԵՏ
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ֆրանսիական Liberation թերթին տուած հարցարոյցում յայտնել է, որ Ղարաբաղի հարցն ունի մէկ լուծում՝ անջատում յանուն փրկութեան՝ այն, ինչ անուանւում է remedial secession:
Հարցազրոյցի թարգմանութիւնը ներկայացւում է ստորեւ.
LIBERATION.- Պարոն վարչապետ, ինչո՞ւ չի գործում հրադադարը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Որովհետեւ Ադրբեջանը, ըստ էութեան, մերժեց դա: Չնայած յայտարարութիւնն ընդունուել է համատեղ, բայց նաեւ ակնյայտ է, որ Թուրքիան թոյլ չի տուել Ադրբեջանին պահպանել հրադադարի պայմանաւորուածութիւնը: Որովհետեւ դեռ հնարաւոր հրադադարի քննարկումների ժամանակ Թուրքիայի նախագահը հրապարակային յայտարարեց, որ յոյս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողութիւնները: Եւ այս համատեքստում կարեւոր է ընդգծել, որ առանց Թուրքիայի միջամտութեան այս պատերազմը չէր սկսի, որովհետեւ Թուրքիան է Ադրբեջանին քաջալերել յարձակուել: Յարձակմանը մասնակցում են եւ մասնակցել են թուրքական ստորաբաժանումներ: Պատերազմական գործողութիւնների ղեկավարմանը մասնակցում են թուրք բարձրաստիճան զինուորականներ, եւ Թուրքիան է, որ Սիրիայից վարձկանների եւ ահաբեկիչների է տեղափոխել Ղարաբաղեան հակամարտութեան գօտի եւ նրանց ներգրաւել Լեռնային Ղարաբաղի դէմ ձեռնարկուած յարձակմանը:
Եւ սա պատահական չէր: Որովհետեւ այս ամէնը պէտք է դիտարկել այն քաղաքականութեան համատեքստում, որ Թուրքիան վարում է, մասնաւորապէս, Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Յունաստանի, Կիպրոսի հետ յարաբերութիւններում: Դա ծաւալապաշտական եւ կայսերական քաղաքականութիւն է: Թուրքիան վերադարձել է Հարաւային Կովկաս՝ հայերի ցեղասպանութեան իր քաղաքականութիւնը շարունակելու: Եւ դա անում է մէկ շատ կոնկրետ (յստակ-Խմբ.) նպատակով, որովհետեւ Հարաւային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու էքսպանսիան (ծաւալումը-Խմբ.) դէպի հիւսիս, արեւելք եւ հարաւ-արեւելք:
LIBERATION.- Հայաստանի Պաշտպանութեան նախարարի խօսնակ Շուշան Ստեփանեանը 2020թ. Հոկտեմբերի 9ին յայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը «բաւականաչափ ռազմական թիրախներ ունի առաջնագծի մօտ»: Ինչո՞ւ թիրախաւորել Գեանջան Ադրբեջանում հրադադարի ընթացքում՝ ռիսկի (վտանգի-Խմբ.) տակ դնելով նաեւ խաղաղ բնակիչներին:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Դուք ասում էք՝ «հրադադարի ընթացքում»: Հրադադար չի եղել: Ընդհակառակը, այդ հրադադարի համաձայնութեան ընթացքում Ստեփանակերտի եւ այլ բնակավայրերի հրթիռակոծումը կրկնապատկուել է: Եւ ես ուզում եմ ընդամէնը մէկ փաստ բերել. տեսնելով, որ ոչ մի կերպ, այդ թւում եւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների յայտարարութիւններից յետոյ առնուազն քաղաքացիական ենթակառուցուածքների՝ բնակելի տների, գիւղերի բնակավայրերի հրթիռակոծութիւնը հնարաւոր չի լինում դադարեցնել, Ղարաբաղի Պաշտպանութեան բանակը որոշել է պատասխանել: Եւ այդ պատասխանից յետոյ Ստեփանակերտն այլեւս չի ռմբահարւում: Յամենայն դէպս, դրան յաջորդած օրերին:
LIBERATION.- Դա՞ է պատճառը, որ վերջերս կոչ արեցիք կամաւորներին միանալ ճակատին:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Այո: Որովհետեւ սա ուղղակի քաղաքական պատերազմ չէ: Սա հայ ժողովրդի ցեղասպանութեան փորձ է: Եւ հայ ժողովուրդը պէտք է ինքն իրեն պաշտպանի, ինչպէս եւ ցեղասպանութեան սպառնալիքի ներքոյ գտնուող ցանկացած ժողովուրդ: Հիմա՝ առաւել եւս այս իրավիճակում, մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի հարցն ունի մէկ լուծում՝ անջատում յանուն փրկութեան: Այն, ինչ անուանւում է remedial secession: Որովհետեւ ուրիշ տարբերակ չկայ: Հակառակ դէպքում հայերին սպառնում է ցեղասպանութիւն, ֆիզիկական ոչնչացում եւ էթնիկ զտում այն տարածքներում, որը կը լինի Ադրբեջանի հսկողութեան ներքոյ:
LIBERATION.- Ի՞նչ էք ակնկալում Ռուսաստանից:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեր ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն աւելի գործուն եւ կոնկրետ քայլեր կը ձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի այս յարձակուողական գործողութիւնները կասեցնելու համար: Եւ, կարծում եմ, այդ ջանքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի միւս համանախագահները եւ ընդհանրապէս միջազգային հանրութիւնը պէտք է օգնեն նրան:
LIBERATION.- Իսկ ի՞նչ էք ակնկալում Ֆրանսիայից:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Մօտաւորապէս նոյնը: Բայց քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի գործիքներն աւելի հասանելի են, կարծում եմ, որ Ֆրանսիան պէտք է աջակցի եւ քաջալերի Ռուսաստանին այդ ջանքերում:
LIBERATION.- Հակամարտութեան սկզբնաւորումից 30 տարի անց Հայաստանը համաձա՞յն է բանակցութիւնների եւ ի՞նչ պայմաններում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ.- Մենք Մոսկուայում այդ համաձայնութիւնը ձեռք ենք բերել, եւ այնտեղ յստակ նկարագրուած է: Ի հարկէ, մենք պատրաստ ենք բանակցութիւնների: Եւ եթէ սա լինէր զուտ Ղարաբաղի հարց, բանակցութիւններն արդէն սկսուած կը լինէին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կամ նրանցից մէկի միջնորդութեամբ: Ինչո՞ւ չեն սկսում: Որովհետեւ Թուրքիան տարածաշրջանը վերաձեւելու եւ տարածաշրջանում իր ազդեցութիւնը հաստատելու խնդիր է լուծում: