ԵՐԵՒԱՆ, «Թերթ».- Արցախի Մարտունիի շրջանի Թաղավարդ գիւղին կէսը թշնամիին մնացած է։ «Թերթ»ին հետ ունեցած զրոյցի մը ընթացքին այս մասին յայտնեց համայնքի ղեկավար Օլեգ Յարութիւնեան:
«Թաղավարդը 7 կմ. երկարութեամբ գիւղ է: Երկու մասից էր` Թաղավարդ ու Թաղավարդ Կալեր: 3.5 կմ.ն` բուն Թաղավարդ գիւղը մնացել է թուրքի ձեռքին: Պատերազմի ընթացքում թշնամու զօրքն առաջ է եկել, միւս կէսը կարողացել ենք պաշտպանել: Թաղավարդ Կալերում մենք 200 հոգանոց զօրք ունէինք, գիւղի տղաներից էլ կային, Թաղավարդում 30 հոգանոց խումբ է եղել` գիւղի տղաներ: Թշնամին 300 հոգով մտել է, մեր տղերքը իջել են, մի քանի զոհ ենք տուել այդ կռւում», պատմեց ան:
Օլեգ Յարութիւնեան դիտել տուաւ, որ թշնամիին կողմը մնացած են 133 տուներ, որոնց մէջ` իր տունը, հայկական կողմը` շուրջ 200: «Իրենց մնացած հատուածում տների կէսը քանդել են, կէսը` վառել: Հեռադիտակով նայում եմ, իմ տունն էլ են վառել, հիմա էլ շարունակում են քանդել», յայտնեց ան:
Յարութիւնեան ըսաւ, որ պատերազմէն առաջ Թաղավարդը ունէր առաւել քան 1300 բնակիչներ, այժմ գիւղին մէջ կան շուրջ 300 անձեր: Ըստ անոր՝ գիւղին կէսը աւերակ է, կէսը` հրկիզուած:
«Գիւղում շատ տխուր վիճակ է: Լոյս, գազ, ջուր չկայ, ճանապարհ չկայ: Դպրոցը, գիւղապետարանը աւերուած են: Ապրում ենք Աստծուն ապաւինելով: Հայի յոյսը վերջինն է մեռնում, մենք էլ էդպիսին ենք: Գիւղի չորս բոլորը թուրք է, մենակ մի ճամբայ ունենք` Կարմիր Շուկայ-Ստեփանակերտ տանող, այն էլ շաբաթը երկու անգամ 5 ժամով փակում են` ասելով, որ թուրքը Ֆիզուլիից Շուշի պիտի գնայ: Բնակիչներն անորոշ վիճակում են: Այժմ այստեղ հիմնականում այն մարդիկ են, որոնց տները մնացել են հայկական հատուածում, բայց այստեղ էլ տների կէսը ռմբահարուած է, կէսը` վառուած: Այս ամէնը պէտք է աչքերով տեսնել: Լաւ է` դուք էլ զանգում էք, ասում ենք` էս ինչ լաւ է, մեզ յիշում են», յայտնեց Օլեգ Յարութիւնեան: