ԵՐԵՒԱՆ, «Թերթ».- «Հայրենիքի փրկութեան շարժում»ի վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեան յայտարարութիւն հրապարակեց՝ անդրադառնալով Սիւնիքի սահմաններուն մէջ այս օրերուն տեղի ունեցող իրադարձութիւններուն: Ստորեւ՝ յայտարարութիւնը.
«Խստօրէն դատապարտում եւ ազգակործան ենք համարում Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան տարածքները հակառակորդին յանձնելու գործընթացը, ինչը փորձ է արւում քօղարկել սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներով:
«Նիկոլ Փաշինեանը հետեւողականօրէն շարունակում է իրագործել իր պարտուողական քաղաքականութիւնը ինչպէս Զանգելանի եւ Կուբաթլուի հատուածում, այնպէս էլ Սիւնիքի մարզի սահմաններում:
«Կապանի հատուածում տեղի ունեցող իրադարձութիւնները՝ ադրբեջանական վերջնագրերը, սահմանային լարուածութեան աճը եւ հայկական պաշտօնական կողմի յանցաւոր անգործութիւնը, լուրջ մտահոգութեան եւ կասկածների տեղիք են տալիս:
«Սիւնիքի մեր հայրենակիցները մէն–մենակ են մնացել թշնամու բանակի ու սահմանային ոտնձգութիւնների դէմ: Նրանք ստիպուած են ինքնուրոյն պաշտպանել սեփական տունը, ինչպէս նաեւ դիմել են յուսահատ քայլի՝ բողոքի գործողութիւնների: Մենք սիւնեցիների կողքին ենք եւ սատարում ենք նրանց պահանջներին:
Օրուայ իշխանութիւնների վարքագիծը պարզապէս պետականակործան է: Դատապարտելի է նաեւ այն, որ խնդիրները կա՛մ չեն լուծւում, կա՛մ լուծւում են ի վնաս մեզ, սակայն ստի ու մանիպուլեացիաների (ձեռնավարութիւններու-Խմբ.) մեթոդը, որը յատկապէս դրսեւորուեց պատերազմի օրերին, շարունակում է օգտագործուել:
«Հարկ ենք համարում ընդգծել, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացները նախատեսուած չեն 2020 թուականի Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութեամբ: Այդ յայտարարութեան 1ին կէտով նախատեսուած հրադադարի եւ բոլոր ռազմական գործողութիւնների աւարտի ելակէտն այն է, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը կանգ են առնում յայտարարութեան պահին իրենց զբաղեցրած դիրքերում: Հետեւաբար յայտարարութեան տեքստի որեւէ դրոյթ հիմք չէ սահմանների փոփոխութեան համար: Ակներեւ է, որ այդ հարցերը թողնուել էին հետագայ բանակցութիւններին՝ հաշուի առնելով դրանց համապարփակ եւ բարդ բնոյթը:
«Նկատի ունենալով միջազգային, ինչպէս նաեւ Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ադրբեջան առկայ փորձը՝ սահմանների սահմանագծումն ու սահմանազատումն իրականացւում է պետութիւնների կողմից ձեւաւորուած միջգերատեսչական յանձնաժողովների բանակցութիւնների արդիւնքում եւ պահանջում է բանակցութիւնների արդիւնք հանդիսացող սահմանագծի վաւերացում երկու պետութիւնների օրէնսդիր մարմինների կողմից: Մինչ նշուած գործընթացների ամբողջական աւարտը Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է պահպանի իր սահմանը մինչպատերազմական ժամանակահատուածի բնագծերով:
«Որեւէ քարտէզ, առաւել եւս GPS համակարգի տուեալները, իրաւական ակտ չեն եւ չեն կարող հիմք հանդիսանալ սահմանագծման համար, եթէ հակասում են բարձրագոյն մարմինների կողմից հաստատուած սահմանագծին:
«Պահանջում ենք անյապաղ դադարեցնել իրաւական հիմքից զուրկ եւ սահմանային բնակավայրերի բնակիչների իրաւունքներն ու կենսական շահերը ոտնահարող տարածքների օտարման գործընթացը եւ կոչ ենք անում այդ գործընթացում ներգրաւուած պետական մարմիններին չկատարել այն հրահանգները, որոնք հակասում են ոչ միայն մեր պետական շահերին, այլեւ Նոյեմբերի 9ին ստորագրուած եռակողմ յայտարարութեանը եւ միջազգային պրակտիկային (կիրառութեան-Խմբ.):
«Յարգելի՛ հայրենակիցնէր,
«Սիւնիքում տեղի ունեցող գործընթացները եւ փաշինեանական իշխանութեան վարած քաղաքականութիւնը ցոյց են տալիս, որ մենք ապահովագրուած չենք նմանատիպ վտանգներից Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Տաւուշի մարզերում: Դա նշանակում է, որ մենք պէտք է հնարաւորինս շուտ ձերբազատուենք այս իշխանութիւններից եւ ամէն ջանք գործադրենք մեր երկրի խաղաղութիւնն ու անվտանգութիւնն ապահովելու համար:
Յապաղելը պետութիւն կարող է արժենալ»: