ԵՐԵՒԱՆ.- «Հայրենիքի փրկութեան շարժում»ի միասնական թեկնածու Վազգէն Մանուկեան դիմեց ժողովուրդին՝ հետեւեալ կոչով.
«Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր:
«Իշխանութիւնները կայացրել են որոշում, որ այսուհետ Սիւնիքի որոշ հատուածներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ Հայաստանի ազգային անվտանգութեան մարմինների համաձայնութիւնը:
«Երէկ նաեւ յայտնի դարձաւ, որ կայ գաղտնի փաստաթուղթ, ըստ որի՝ ի վնաս Հայաստանի որոշւում են Սիւնիքի սահմաններն ու նրանով անցնող կոմունիկացիաները (հաղորդակցութիւնները-Խմբ.): Ի՞նչ այլ գաղտնի եւ անօրինական փաստաթղթեր կան ստորագրուած, դեռեւս պարզ չէ:
Կ՛անցնի ժամանակ, եւ ինչպէս 2020թ. Նոյեմբերի 9ի գիշերը, մի օր կ՛արթնանանք ու կը պարզենք, որ այլեւս չունենք Սիւնիք:
«Յիշէք` պատերազմից յետոյ՝ Հոկտեմբերի 8ին, կառավարութիւնն ընդունեց որոշում, որով արգելեց իրականութիւնն ասելու իրաւունքը:
«Արդիւնքում 44 օր մեզ խաբեցին, իսկ ճշմարտութիւնն ասողներին սկսեցին հետապնդել ու քարկոծել: 2020թ. Նոյեմբերի 9ի գիշերը պարզուեց, որ մեր թիկունքում ստորագրուել է կապիտուլեացիոն (անձնատուութեան-Խմբ.) փաստաթուղթ: Դա սարսափելի հարուած էր մեր ժողովրդի համար, որին 44 օր խաբում էին, թէ յաղթում ենք:
«Այժմ մենք չունենք մեր հայրենիքի մի զգալի մասը, ունենք 5000ից աւելի զոհ, 10 հազարից աւելի վիրաւոր, հարիւրաւոր գերիներ, անհետ կորածներ: Չունենք նաեւ բանակ, իսկ այն, ինչ մնացել է բանակից, ամէն օր ապացուցում է, որ գոյութիւն չունի:
«Հայաստանն ամէն օր փոքրանում է, մեր տարածքները տնօրինում են օտարները: Իրավիճակը փոխելու ճանապարհին մենք համոզուեցինք, որ չունենք ոստիկանութիւն, քանի որ այն, ծառայելով այսօրուայ իշխանութեանը, ծառայում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին:
«Այն ամէնն, ինչ մեր նախնիները հսկայական ջանքերի եւ զոհերի գնով ժառանգել են մեզ, կորցրեցինք եւ շարունակում ենք կորցնել՝ բութ անտարբերութեամբ տարուած մեր կեանքի մանրուքներով ու բամբասանքներով:
«Սիրելի՛ ժողովուրդ, քեզ հիպնոսացրել են:
«Ապագայ սերունդներն անիծելու են մեզ: Մենք թողնելու ենք ժողովրդի մի ստրկացած հատուած այս տարածքում, որը դեռ կոչւում է Հայաստան, իսկ մնացածը ցրուելու են աշխարհով մէկ՝ դառնալով պանդուխտ:
«Արթնացի՛ր, ժողովուրդ, համարձակուի՛ր երկրի ապագան վերցնել քո ձեռքը, հակառակ դէպքում այն կը վերցնեն Թուրքիան ու Ադրբեջանը՝ այս իշխանութիւնների ձեռքով:
«Մի՛ սպասէք քաղաքական կուսակցութիւնների քայլերին: Բոլոր ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դո՛ւք էք որոշում երկրի ապագան:
«Կո՛չ եմ անում վաղը՝ Փետրուարի 12ին, ժամը 15:00ին (կէսօրէն ետք ժամը 3ին-Խմբ.), հաւաքուել Ազատութեան հրապարակում եւ որոշել մեր անելիքը: Մեր աչքի առաջ մենք կորցնում ենք մեր հայրենիքը»։