Փետրուարի 15-28, 2021թ.
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների գործունէութեան ամփոփագրեր, որոնք լրատուամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրոյթներին հնարաւորութիւն են տալիս կենտրոնացուած եւ հաւաստի տեղեկատուութիւն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան վերաբերեալ, իրազեկ լինել Սփիւռքի քաղաքական գործունէութեան ընթացիկ արդիւնքներին եւ առաջադրուած խնդիրներին:
Նախորդ ամփոփագրերին կարող էք ծանօթանալ հետեւեալ յղումով
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑԵԱԼ ՆԱԱՀԱՆԳՆԵՐ
Փետրուարի 19ին Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի հետեւողական եւ նպատակաուղղուած ջանքերի արդիւնքում` ԱՄՆ Կոնգրեսի առաւել քան հարիւր անդամներ, շուրջ քսան նահանգներից երկկուսակցական նամակով Բայդենի վարչակազմին կոչ են արել յստակ քայլերով սատարել Հայաստանին ու Արցախին:
ԱՄՆ պետքարտուղարին եւ պաշտպանութեան նախարարին հասցէագրուած նամակում ընդգծւում է ԼՂ շուրջ ստեղծուած ճգնաժամի լրջութիւնը, որն առաջացել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով: Կոնգրեսականներն առաջարկում են ԱՄՆի կողմից շտապ գործողութիւններ, մասնաւորապէս Արցախում մառդկային ճգնաժամը մեղմելու համար յստակ աջակցութիւն, տարածաշրջանային զարգացումներում եւ հակամարտութեան վերջնական կարգաւորման գործում ԱՄՆ ներգրաւուածութեան մեծացում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչում, հայ գերիների ազատ արձակմանը նպաստում, Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստում եւ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչում:
Վերջերս ձեւաւորուած ԱՄՆ 117րդ Կոնգրեսում բաւական կարճ ժամանակում ձեւաւորուեց նաեւ Կոնգրեսի հայկական խումբը, որը ներառում է 113 կոնգրեսականնէր: Խմբի համանախագահներն են մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը եւ Դէյվիդ Վալադաօն, խմբի փոխնախագահը Ադամ Շիֆն է: Կոնգրեսի հայկական խմբի շուրջ մէկ տասնեակ անդամներ, վերջին երկու շաբաթուայ ընթացքում պարբերաբար բարձրաձայնել են հայ համայնքին յուզող խնդիրները, որոնք գլխաւորապէս վերաբերում են ադրբջանաթուրքական յարձակումին հետեւանքով ստեղծուած իրավիճակին:
Անցնող երկու շաբաթների ընթացքում Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը նաեւ յայտարարել է միանգամից երկու կրթական ծրագրերի համար ընդունելութիւն, որպէսզի համայնքային երիտասարդներին փոխանցուի քաղաքական գործունէութեան, ինչպէս նաեւ Սփիւռքում հայկական շահերի պաշտպանութեան համար անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտութիւններ:
ԱՒՍՏՐԱԼԻԱ
Փետրուար ամսուայ երկրորդ կէսին կարեւոր ձեռքբերումներ է գրանցել նաեւ Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը: Նախ Փետրուարի 16ին Աւստրալիայի խորհրդարանին ներկայացուեց խնդրագիր, որով կոչ է արւում ճանաչել Արցախի Հանրապետութիւնը: Այն փոխանցուել է նաեւ Աւստրալիայի արտաքին գործերի նախարարութեանը:
Խնդրագիրը ստորագրել է 3164 աւստրալացի: Խնդրագրով կոչ է արւում հետեւել Ֆրանսիայի խորհրդարանի, Նոր Հարաւային Ուելսի օրէնսդրական ժողովի եւ այլ օրէնսդիր մարմինների օրինակներին եւ ճանաչել Արցախի Հանրապետութեան ինքնորոշման իրաւունքը: Կայքում նշւում է, որ Արցախի Հանրապետութեան տարածքը մասամբ զաւթել է Ադրբեջանը` հայերի դէմ Թուրքիայի աջակցութեամբ սանձազերծած պատերազմից յետոյ:
Արդէն Փետրուարի 21ին Աւստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փէյնը վերահաստատել է աւստրալիական կառավարութեան աջակցութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին` ընդգծելով ժողովուրդների իրաւահաւասարութիւնն ու ինքնորոշման իրաւունքը, որպէս 2020թ. արիւնալի պատերազմից յետոյ Ղարաբաղեան հակամարտութեան վերջնական լուծումն ուղղորդող երեք սկզբունքերից մէկը:
Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի եւ աւսրտալիահայ գաղութի նամակին պատասխանելով` նախարար Փէյնը ողջունել է ռազմական գործողութիւնների դադարումը` միաժամանակ ընդգծել, որ երկու կողմերն էլ պէտք է պահպանեն Հելսինկիի Եզրափակիչ որոշման դրոյթները` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականութիւնն ու ժողովուրդների իրաւահաւասարութիւնն ու ինքնորոշման իրաւունքը:
Նախորդ ամփոփագրում յայտնել էինք, որ Աւստրալիայի Հարաւային Աւստրալիայ նահանգը` ի դէմս Ներկայացուցիչների պալատի ճանաչել էր Արցախի Հանրապետութեան անկախութիւնը եւ խստօրէն դատապարտել ադրբեջանաթուրքական յարձակումը, իսկ արդէն Փետրուարի 17ին Ներկայացուցիչների պալատի բանաձեւին է միացել նոյն նահանգի Օրէնսդիր ժողովը:
ԵՒՐՈՊԱ
Եւրոպական Խորհրդարանի կիպրացի պատգամաւոր Կոստաս Մաւրիդիսը նախաձեռնել է խնդրագրի ստորագրում` ուղղուած Եւրոպական Միութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան բարձր ներկայացուցիչ Ջոզէֆ Բորելին` կոչ անելով վերջինիս Եւրոպական Միութեան տարածքում անյապաղ արգելել թուրքական ծայրայեղ-ազգայնական «Գորշ Գայլեր» խմբաւորման գործունէութիւնը: Մաւրիդեսը վկայակոչել է այն հիմքերը, որոնց առկայութեան պարագայում ֆրանսիական կառավարութիւնն արգելեց այդ խմբի գործունէութիւնը երկրի տարածքում:
Նախորդ երկու շաբաթուայ ընթացքում Հայ Դատի Եւրոպայի կենտրոնական գրասենեակը ընկերային ցանցերի միջոցով իրականացրել է իրազեկման արշաւներ` նպատակ ունենալով եւրոպական շրջանակների ուշադրութիւնը հրաւիրել Ադրբեջանում պահուող հայ գերիների խնդրի վրայ, իսկ Սումգայիթեան ջարդերի հերթական տարելիցի օրը գրասենեակը աշխուժօրէն շրջանառել է 1988թ. Եւրոպական Խորհրդրանի կողմից ընդունուած մի պատմական բանաձեւ, որում եւրոպացի օրէնսդիրները ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հայապատկան բնոյթը, Սումգայիթեան դէպքերը որակում որպէս կոտորած եւ աջակցում Արցախի` Հայկական Սսհ-ին վերամիաւորուելու պահանջը:
– Նախորդ երկշաբաթեայ ժամանակահատուածում կարեւոր աշխատանքներ են իրականացրել նաեւ Հայ Դատի Անգլիայի, Բելգիայի, Աւստրիայի եւ Նիդերլանդների յանձնախմբերը: Մասնաւորապէս Հայ Դատի Անգլիայի յանձնախմբի պատասխանատուն հեռակապով քննարկում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանի հետ եւ բարձրացրել հայութեանը յուզող հարցերի լայն շրջանակ: Բելգիայի յանձնախումբը հայ գերիների հարցը բարձրացրել է երկրի դաշնակցային կառավարութեան առաջ, իսկ Աւստրիայի յանձնախումբը աւարտել է Haytadology 2 առցանց դասընթացը, որին մասնակցեցին եւրոպահայ աւելի քան ութսուն երիտասարդներ:
Նիդերլանդների Հայ Դատի յանձնախմբի` տարիներով կատարած անխոնջ աշխատանքի արդիւնքում, Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց «հայոց ցեղասպանութեան մասին» հերթական որոշումը, որը Նիդերլանդների կառավարութեանը կոչ է անում պաշտօնապէս ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Չնայած Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան բազմակի ճանաչմանը` Նիդերլանդների կառավարութիւնը դեռեւս այդ քայլը չի կատարել: Այս որոշումը յստակօրէն դիմում է կառավարութեանը` պաշտօնական ճանաչման պահանջով:
ԿԱՆԱԴԱ
Սումգայիթի հայկական ջարդերի 33րդ տարելիցի կապակցութեամբ` խորհրդանական Բոբ Սարոյեան յատուկ ելոյթ է ունեցել Կանադայի խորհրդարանում, նշելով, որ պատմութիւնը կրկնւում է եւ Ադրբեջանի կողմից սանձազերծուած յարձակման արդիւնքում կան հազարաւոր զոհեր, տասնեակ հազարաւոր փախստականներ, իսկ հարիւրաւոր գերիներ էլ ադրբեջանական կալանքի տակ անմարդկային վերաբերմունքի են ենթարկւում:
ՀԱՐԱՒԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ
Հայ Դատի Հարաւային Ամերիկայի յանձնախումբը կոշտ ձեւով հակադարձել է Ադրբեջանում Արգենտինայի արտակարգ եւ լիազօր դեսպան Սերխիօ Պերեզ Գունելային, քանի որ վերջինս կատարել էր անթոյլատրելի յայտարարութիւններ: Հայ Դատի յանձնախումբը յիշեցրել է դեսպանին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական յանցագործութիւններն ու ջիհադիստական ահաբեկիչների մասնակցութիւնը ռազմական գործողութիւններին:
Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ` օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր: Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական յարձակումը դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհուածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանեան լրատուամիջոցներին առարկայական տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ: Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են յստակ բանաձեւերի ընդունումների:
Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների կողմից շարունակւում են արտասահմանեան պատուիրակութիւնների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելութիւնների կազմակերպումը դէպի Արցախ, որպէսզի նրանք տեղում ծանօթանան առկայ իրավիճակին եւ առաւել առարկայօրէն կարողանան օգտակար լինել եւ/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաութեանը:
ՀՅԴ ԲԻՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
01.03.2021թ.