
ԱԼԲԵՐՏ ԱՃԵՄԵԱՆ
Սիրելի սկագիր հարազատներ, բարեկամներ եւ ընկերներ,
Երբեւէ կարո՞ղ էի պատկերացնել, որ մի օր «Հրաժեշտի վերջին խօսք» պիտի ասեմ անշնչացած մի անհատականութեան մարմնի առջեւ, որը կեանքիս տեւողութեան գրեթէ ամբողջ գիտակցական շրջանին, սկսած վաղ պատանեկան տարիքից՝ մեր ծննդավայր քաղաքից մինչեւ այսօր՝ հայրենիքում, աւելի քան եօթ տասնամեակ տեւողութեամբ, եղել է իմ աւագ միութենական, ուսուցիչը, ու ապա գաղափարական ուղեկից ընկերը:
Դժուար պարտականութիւն, որից, բնականաբար, իրաւունք չունէի հրաժարուել:
Խօսել հասարակութեան կողմից ճանաչուած հանրայայտ գործիչ՝ ՊՐՆ. ՆՈՐԱՅՐի, իսկ մեր սիրելի ԸՆԿԵՐ ՆՈՐԱՅՐի ազգային հասարակական, մասնաւորաբար՝ կրթական, մշակութային ու կուսակցական կենսագրութեան, նրա բազմաբեղուն գործունէութեան մասին, անդրադառնալով այդ ոլորտներում նրա ձեռքբերումներին ու թողած մեծ աւանդին, նման պայմաններում ու սեղմ ժամանակում, լինելու է շատ հպանցիկ ու վստահաբար թերի ու ոչ ամբողջական:
Հետեւաբար, նախընտրում եմ վեր հանել ընկերոջ մարդկային, բարոյական նկարագրի յատկանշական ու շեշտուած այն գծերը, որոնք բնութագրում են հանգուցեալի մարդկային կերպարն ու էութիւնը եւ որոնց վրայ է խարսխուել ու արտացոլում գտել իր տասնամեակների արգասաբեր կեանքն ու գործունէութիւնը:
ԱԶՆՈՒՈՒԹԻՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ եւ ՀԱՄԵՍՏՈՒԹԻՒՆ։
Ահա էական այն նկարագրային բնաւորութեան յատկանիշերը, որոնց ականատեսն ու վկայողն են եղել թէ՛ իրեն ծանօթ, ազգական, ընկեր, թէ՛ մանաւանդ իր հետ գործակցած որեւէ մէկը:
Ազնիւ նկարագրով մի անհատականութիւն էր ընկեր Նորայրը: Պարտաճանաչ ու գիտակից մարդու ամբողջական մի տիպար: Սիրոյ եւ անկեղծութեան, նուիրումի ու ծառայութեան համեստ մի սպասաւոր, ով իր ուժերի ու կարողութիւնների ներած չափով, իր կորովն ու նախանձախնդրութիւնը ի սպաս դրեց հաւաքական կեանքի մէջ ձեւ ու կերպարանք ստացած կրթական, մշակութային, հասարակական ու կուսակցական աշխատանքներում:
Մտերիմ էր բոլորի, եւ սիրելի էին բոլորը իր համար: Իր բարեւի միջից յստակօրէն կը տեսնէինք ազնուական մի մարդու զգացական լարերը:
Բարի տրամադրութեան ոգով յարգեց ու սիրեց ամէնքին անխտիր:
Ահա այդպէս էր, որ պատանի տարիքից, երբ մեր փոքր համայնքում՝ Իրանի Արաք քաղաքում, մի խումբ հասակակից ընկեր-ընկերուհիների համախումբ՝ փարած ՀՅԴ գաղափարաբանութեանը, իրենց մշակութային-մարզական, դաստիարակչական գործունէութեամբ ազգային շունչ ու եռանդ էին փոխանցում համայնքին. հէնց այդ շրջանից ու այնուհետեւ նաեւ կրթական-դպրոցական, միութենական ասպարէզներում Նորայրը ինքն էլ եղաւ բոլորի կողմից ընդունուած, անվիճելի ղեկավար դիրքերում:
Ազգային-հասարակական գործունէութեան ամբողջ տարիներում մնաց անբիծ, մաքուր, յարգուած, սիրուած, որպէս ազնիւ սպասաւոր բոլոր պաշտօններում, որ մասնակից եղաւ կամ ղեկավար դիրք զբաղեցրեց:
Արաքից-Թեհրան՝ հայոց դպրոցներում՝ ուսուցիչ, ապա տնօրէն, վերահսկիչ տեսուչ՝ Թեհրանի թեմի դպրոցներում, միաժամանակ թեմի հայերէնագիտական դասընթացների դասախօս, տնօրէն:
Իր մեղմ ու խոհուն կեցուածքով հանդերձ, անզիջող ու յամառ գաղափարական էր իր համոզումների մէջ՝ խիստ հաւատաւոր ՀՅԴ ընկերվարական հայեացքներին ու սկզբունքներին՝ պաշտպան հանդիսանալով մասնակցած բոլոր կուսակցական բարձրագոյն ժողովներում ու մարմիններում:
Պատահական չէր, երբ 70ականներին ՀՅԴ Ծրագրի վերամշակման օրակարգն էր քննարկւում ՀՅԴ Ընդհանուր ժողովում, Իրանի Հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէութեան երիտասարդ ընկերներից ընկեր Նորայրը ընտրուեց որպէս պատգամաւոր`՝մասնակցելու այդ պատկառելի ժողովին:
Գաղափարական նոյն սկզբունքներից մղուած էր, որ իր կրթական-մշակութային գործունէութեան սեւեռումը դարձաւ դէպի Թեհրանի հայկական նորաստեղծ քաղաքամասերը, երբ Սովետական Հայաստանի հայրենադարձութեան անկատար մնացած քայլին, իրանահայ հայահոծ գիւղերից բազմահազար ճարահատ գաղթականութիւնը հաստատւում էր Թեհրանի արուարձաններում եւ խիստ կարիքը կար դպրոցների ու միութիւնների հիմնումի՝ կրթական-մշակութային կեանքի աշխուժացմանը:
Ընկեր Նորայրը եղաւ այդ ասպարէզի անխոնջ նուիրեալներից մէկը:
Եւ այդ գաղափարական լիցքով ու շնչով էր, որ մէկ տասնամեակ նաեւ ստանձնեց «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագրի պաշտօնը՝ անխաթար պահելով թերթի առաջնորդող դերը համայնքում, Իրանի յետ-յեղափոխութեան բարդ ու պատասխանատու ժամանակաշրջանում:
Նոյն ոգով ու համոզումով էր, որ հայրենիքի վերանկախացման առաջին տարիներին իսկ, ՀՅԴ «Դէպի երկիր» կոչին անսալով, Հայաստան հաստատուեց ու իր փորձն ու կորովը ի սպաս դրեց հայրենի հասարակական կեանքի մէջ ձեւ ու կերպարանք ստացող կուսակցական աշխատանքներին: Անվերապահ սէր ու յարգանքի արժանանալով նորամուտ կուսակցական ընկերական շրջանակներում:
Կուսակցական իր հանգամանքը չէր, որ իր շուրջ հիւսեց սիրոյ պատեանը, այլ իր անվերապահ ու առատ մարդասիրութիւնն ու գաղափարականութիւնը: Եւ մինչեւ իր սրտի վերջին տկար տրոփը նա հաւատարիմ մնաց իր առաքելութեան կոչումին եւ կառչած մնաց պաշտած կուսակցութեան գաղափարական անշեղ ու առողջ սկզբունքներին՝ լինելով ազգային, քաղաքական, կազմակերպչական թեմաների դասախօս, հմուտ հռետոր:
ՀՀ Սփիւռքի նախարարութեան, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան շքանըշանները, մարզամշակութային միաւորների կողմից մեծարանքների բազում հանդիսութիւնները, դոյզն իսկ չափով անձնասիրութեան հետք չթողեցին իր համեստ բնաւորութեան ու օրինակելի անհատականութեան վրայ:
Իր բարոյական կերպարն ու պահուածքը, մնաց բոլորի կողմից յարգուած. բարեկիրթ, համեստ ու գաղափարական՝ մեր ընկեր Նորայրը, Պարոն Նորայրը:
Եւ ահա սիրելի ընկեր Նորայր, հայրենիքիդ սրբութիւն սրբոց հողը՝ թեթեւ ու հարազատ քեզ է սպասում, գրկելու հոգնաբեկ ու անշունչ մարմինդ:
Հանգչիր հանգիստ. խոնարհւում եմ աճիւնիդ ու վաստակիդ առաջ:
Յիշատակդ վառ կը մնայ մեր սրտերում, հոգիդ լուսաւոր ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ: