ԵՐԵՒԱՆ.- 27 Մայիսին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը Հայաստանի վերջին իրադարձութիւններուն վերաբերեալ հրապարակեց յայտարարութիւն մը, զոր կու տանք ստորեւ.
«Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններն անմիջական պատասխանատուութիւն են կրում Հայաստանի սահմաններին ծաւալուող իրադարձութիւնների համար: Հայրենիքը չպաշտպանելու նրանց վարքագիծը պատճառ է, որ թշնամին է՛լ աւելի լկտիանայ ու սանձարձակ գործողութիւնների դիմի: Նիկոլ Փաշինեանը դեռեւս 2020 թ. Նոյեմբերի 18ին խոստացել էր շուտափոյթ Հայաստան վերադարձնել գերեվարուած անձանց: Այս խոստումից յետոյ ադրբեջանական գերութեան մէջ յայտնուեցին նոր քաղաքացիներ: Այսօր թշնամին գերեվարեց վեց զինծառայողի, իսկ Մայիսի 25ին, թշնամու գնդակից զոհուեց ՀՀ զինուած ուժերի զինծառայող: Սահմանադրութեամբ ամրագրուած իրենց պարտականութիւնները կատարելու փոխարէն, Հայաստանի իշխանութիւնները զբաղուած են ստեղծուած իրավիճակի համար Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս մեղաւորներ նշանակելով:
«Վերջին օրերին տեղի ունեցած դէպքերը մէկ անգամ եւս փաստում են, որ Հայաստանի Հանրապետութիւնում իշխանութիւն գոյութիւն չունի, եւ ամէն օրը սպառնալիք է պետութեան գոյութեան համար:
«Ազգային արժանապատուութիւնը վերականգնելու, ՀՀ քաղաքացիների եւ հայրենիքի անվտանգութիւնն ու պաշտպանուածութիւնը ապահովելու լուծումը ընտրութիւնների միջոցով երկրի կառավարումը ազգային ուժերին եւ անձանց փոխանցելն է: Սակայն, մինչեւ նոր իշխանութեան ձեւաւորումը, անյետաձգելի անհրաժշտութիւն է թշնամու կասեցումը:
«Ըստ այդմ`
«1. Պահանջում ենք Նիկոլ Փաշինեանի անյապաղ փաստացի հեռացում եւ Հայաստանի կառավարութեան ժամանակաւոր նոր ղեկավարի նշանակում: Այս հարցում կառավարութեան անդամների եւ իրաւապահ մարմինների անգործութիւնը նրանց դարձնում է յանցակից, եւ նրանցից իւրաքանչիւրն անհատական պատասխանատուութիւն է կրում երկրի անվտանգային եւ դիւանագիտական ձախողումների համար.
«2. Կոչ ենք ուղղում միջազգային հանրութեանը եւ Հայաստանի դաշնակից երկրներին` դատապարտել Ադրբեջանի պատերազմական յանցագործութիւնները, ձեռնարկել գործողութիւններ` զսպելու վերջինիս»։