
ԱՐՄԷՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Պատմական ճշմարտութիւնները չպէտք է քօղարկել, այլ բացայայտել ողջ խորութեամբ ու մերկութեամբ: Քօղարկել պատմական ճշմարտութիւնը, նշանակում է ջուր լցնել պատմութեան կեղծարարների ջրաղացին եւ նպաստել ոճրագործների արդարացմանը:
Քրդերին Հայոց Ցեղասպանութեան իրականացման մէջ ներքաշելու սուլթան Աբդուլ Համիդի եւ երիտթուրքերի քաղաքական դիրքորոշումների մէջ որեւէ էական տարբերութիւն չկայ. աւելին՝ նրանց մօտեցումները գրեթէ նոյնութեամբ կրկնւում են կամ համընկնում: Այնպէս որ, կեղծիք են այն պնդումները, թէ երիտթուրքերի քաղաքականութիւնը Հայկական Հարցի հանդէպ այլ է եղել եւ տարբերուել աբդուլհամիդեան արիւնարբու քաղաքական ուղուց: Աւելին, քրդերը, քուրդ բեկերն ու ռազմական հրամանատարները ոչ միայն կոյր գործիք են եղել համիդեան եւ երիտթուրքական իշխանութիւնների ձեռքին, այլեւ հեշտութեամբ եւ գրեթէ կամովին ներքաշուել են թուրքական այդ իշխանութիւնների հակահայկական մոլուցքի, բռնութիւնների ու կամայականութիւնների ընդհանուր գործընթացի մէջ:
Այո՛, չնչին բացառութիւններով, քուրդ ցեղապետերը, «Համիդիէ» զօրագնդերը ոչ միայն չեն հակադարձել, այլեւ կամովին ու ջերմօրէն ներգրաւուել են թուրքական իշխանութիւնների հակահայ ջարդարարական գործողութիւնների մէջ:
Սա է պատմական ճշմարտութիւնը, եւ այն ապացուցւում է պատմական իրականութեան ողջ ընթացքով, այդ իրականութիւնը ի յայտ բերող եւ բացայայտող բազմապիսի ու բազմաթիւ փաստերով եւ տրամաբանութեամբ:

Չասե՛լ այդ ճշմարտութիւնը, նշանակում է օգնել պատմութեան կեղծարարներին:
Սկսենք Աբդուլ Համիդից, որը թուրքական պետական մեքենան գործի էր դրել հայրենիքում՝ Արեւմտահայաստանում, հայութեան արմատական բնաջնջման քաղաքականութիւնը իրագործելու համար: Ըստ գերմանացի հետազօտող Ի. Ֆիրբիւխերի դիպուկ արտայայտութեան՝ սուլթան Համիդը՝ պատմութեան ամէնից մութ անձնաւորութիւններից մէկը, քաջ գիտակցում էր, որ քրդական սեպով մահացու հարուած կը հասցնի հայութեանը:
Թալա՛ն, ահա այն միջոցը, որը սկզբնաւորուեց սուլթանի բարեհաճութեամբ եւ զուլում դարձաւ հայութեան համար: Քրդերին վերեւից «պետականօրէն» արտօնուած էր թալանել իրենց հարեւան, դրկից հայերին:
1890ականների սկզբներին քաղաքական, հոգեբանական եւ բարոյական իրավիճակը արեւմտահայկական գաւառներում հասել էր ծայրաստիճան շիկացման, իսկ հայ-քրդական յարաբերութիւնները ընդունել էին արիւնալի բնոյթ:
Ռուս եւ եւրոպացի բազմաթիւ գործիչներ եւ հետազօտողներ, որոնք 19րդ դարավերջին եղել էին արեւմտահայկական գաւառներում, վերջնականօրէն համոզուած էին, որ քրդերը սկսեցին առաւել դաժանօրէն եւ անխնայ ճնշել, հալածել եւ սպաննել հայերին՝ իրենց թիկունքին զգալով թուրքական կառավարութեան բացայայտ հանդուրժողական քաղաքականութիւնը:
Հայը համարւում էր «ռայա» (հպատակ): Քրդի մօտ հայը լրիւ իրաւազուրկ էր. «Ան պէտք է պահէր աշիրէթները (ցեղախումբ): Հայը… իրաւազուրկ էր, զայն իր քիւրտ տէրը կրնար սպաննել, աշխատցնել, ծախել. եթէ ուրիշ աշիրեթէ քիրտ մը ձեռք տար այդ հայուն, քիւրտ աղան կը պաշտպանէր զայն, ինչպէս որ մեծ եռանդով կը պաշտպանէ իր ձին, իր հօտը»:
1877-78ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, գօտեպնդուած թուրքական պետական պաշտօնական քարոզչութեամբ, քրդական աշիրեթները Բիթլիսի, Վանի, Տիգրանակերտի շրջաններում չտեսնուած աւերածութիւններ գործեցին, հրի եւ սրի մատնեցին հայկական տասնեակ ու տասնեակ բնակավայրեր: Իրենց վայրագութեամբ յատկապէս աչքի ընկան քրդական յայտնի աւազակապետեր Քէօռ Հուսէյն փաշան եւ Ջալալեդդինը: Պատերազմից յետոյ քրդերը էլ աւելի սաստկացրին իրենց բռնութիւններն ու հալածանքները հայերի հանդէպ: Հայ ժողովրդի ջարդարար Հուսէյն փաշային սուլթանը հրաւիրեց Կ. Պոլիս, գեներալի կոչում եւ բարձր աշխատավարձ նշանակելով՝ յետ ուղարկեց գաւառ՝ շարունակելու իր գործը: Հուսէյն փաշան՝ «որպէս համիդէական աւազակային հրոսակախմբի հրամանակալ փաշա, որպէս սրի ուժով գաւառների տիրող… մի անկախ ու ինքնիշխան բռնակալ էր դարձել երկրի համար: Ինչ որ Համիդն էր ամբողջ Թուրքիայի համար, նոյն էլ Հիւսէյնն էր Էրզրումի, Վանի եւ Բիթլիսի նահանգների համար»:


Միաժամանակ սուլթանական իշխանութիւնը քրդերի հանդէպ այնպիսի քաղաքական ուղեգիծ էր որդեգրել, որով չպիտի թոյլ տար քրդական որեւէ աշիրէթի բացարձակ հզօրացումը, այլ մշտապէս ներքին երկպառակութիւն սերմանէր եւ նրանց պահէր բաժան-բաժան վիճակում: Վերոնշեալ նպատակադրումով իշխանութիւնները զգալի կորուստներ պատճառեցին Պետիրխան բէյի, Մահմուտ խանի ու Թահր փաշայի աշիրէթական հզօր տոհմերին: Բայց նրանց փոխարէն, սուլթանը հզօրացրեց իրեն հնազանդ այլ ցեղապետերի, ինչպէս օրինակ, Շաքիր աղային, որպէսզի նրանց միջոցով ճնշի հայերի եւ ասորիների ծաւալուող ազգային շարժումները:
Քրդերին զինուորական կազմակերպուած ձեւով հայութեան դէմ տրամադրելու առաքելութեամբ 1879ին Վան գործուղուեց սուլթանական բարձրաստիճան մի պաշտօնեայ՝ Բեքիր Սամի բէյը, որի առջեւ խնդիր էր դրուած՝ «հայոց ազգութիւնը ճնշելու… մի նոր հնարագէտ, արտաքուստ չերեւացող եւ արագ գործադրելի նախագիծ մշակելու եւ իսկոյն գործի դնելու»: Սամի փաշան կարողացաւ արդիւնաւէտօրէն կատարել սուլթանի մշակած նենգ ու ստոր դաւադրութեան ծրագիրը:
Այդ ծրագրի առանցքում էր համիդէական գնդերի կազմաւորումը, ինչն, ըստ էութեան, ստեղծւում էր հայութեան բնաջնջման գործընթացը անխափան ապահովելու համար:
Ֆրանսիացի հետազօտող Ֆրեդերիկ Մակլերը, անդրադառնալով «Համիդիէ» գնդերի ստեղծմանը, կարեւորում է այն հանգամանքը, որ դրանով սուլթանական վարչակարգը ջանում էր խափանել Առաջաւոր Ասիայի երկու տեղաբնիկ ժողովուրդների՝ հայերի եւ քրդերի մերձեցման բնականոն գործընթացը:
ամիդէական գնդերի կազմաւորումով քուրդը կարգապահական առումով էլ չդաստիարակուեց, բնաւ կարգապահութեան չվարժուեց, զինուոր չդարձաւ, բայց կառավարչական զէնքը մնաց նրա ձեռքում եւ «…շատ շուտ իջեցնում էր ուսից այդ զէնքը, պարպում, երբ նրա քէֆը գալիս էր, երբ նա մէկին ուզում էր կողոպտել»:
Երկրի անհանգիստ ու վայրագ տարրին սուլթանը այսպիսի հեռատեսութեամբ յանձնում էր «խաղաղութեան» գործը: Այն քրդին, որը «…մարդ սպանելիս շատ անգամ ցոյց չի տար վրդովմունքի առանձին նշաններ իսկ»:
19րդ դարի վերջերին, քրդական ցեղերի մեծ մասը, շնորհիւ օսմանեան իշխանութիւնների թափած ջանքերի, արդէն ծանօթ էր կատարելագործուած զէնքերին եւ դրանց գործածութեանը: Համիդէական գնդերի հրամանատարներ նշանակուեցին ամենասանձարձակ քուրդ բէյերն ու անխիղճ աւազակները, որոնք գտնւում էին սուլթանի անմիջական հովանաւորութեան ներքոյ: Այդ ժամանակ, արեւմտահայկական գաւառներում հայութեան նկատմամբ անօրինակ բարբարոսութեամբ հռչակուած էր քուրդ աւազակապետ Մուսա բեկը, որը եւս բացայայտ հովանաւորւում էր Բարձր դռան կողմից: Նա մշտապէս իր տրամադրութեան ներքոյ ունէր չորս հազար զինուած քուրդ, որոնք անարգել կողոպտում էին հայկական բնակավայրերը: Չնայած եւրոպական դեսպանների ճնշման ներքոյ Մուսա բեկը տարուեց Կ. Պոլիս եւ դատի տրուեց, սակայն սուլթանի հրահանգով վերջինս արդարացուեց: Ուշագրաւ է, որ դատի ընթացքում աւազակապետը սպառնացել էր Բարձր դռանը, որ եթէ ինքը դատապարտուի, ապա այնժամ կը հրապարակեն այն բոլոր նամակները, որոնցով Վանի, Բաղէշի եւ Կարինի նահանգապետ-փաշաները նրան դրդել են մղել այդ արշաւանքները հայերի դէմ: Այդ օրերին եւրոպական հասարակական կարծիքը պարզորոշ հասկացաւ, որ Մուսա բեկի գործակիցը ինքը՝ թուրք կառավարութիւնն է, որը «… չիմանալ եւ չտեսնել կը ձեւանայ»:
րդերի զինուած ոտնձգութիւնները Վանի, Էրզրումի, Բիթլիսի վիլայեթների հայկական բնակավայրերի նկատմամբ 19րդ դարավերջին ընդունեցին համակարգուած եւ համատարած բնոյթ՝ ձեռք բերելով առօրեայ ու ամենօրեայ կենցաղային երեւոյթի նշանակութիւն: Կարծես արտասովոր ու զարմանալի այլեւս ոչինչ չկար:
Քրդերը ոտքից գլուխ զինուած էին, իսկ հայը իրաւունք չունէր զէնք կրելու, ուստի մնում էր որպէս ռայա եւ իր կեանքի գէթ փոքր-ինչ ապահովութեան համար ընկնում էր այս կամ այն քրդի հովանաւորութեան տակ կամ էլ պիտի գնէր իր ապահովութիւնը այս կամ այն վարձատրութեամբ եւ ծառայութեամբ:
«Համիդիէ» գնդերի զինուորներին ու հրամանատարներին քաղաքացիական դատարանները դատելու իրաւունք չունէին: Ամէն ինչ արւում էր՝ քրդերին ներշնչելու այն միտքը, որ իրենք լիովին անպատիժ կը մնան հայկական բնակավայրերն աւերելու եւ հայերի ունեցուածքը թալանելու բոլոր տեսակի գործողութիւնների համար: Բարձր դռանը յաջողուեց քաղաքականապէս տհաս քրդական զինեալ ու անզէն ամբոխին մինչեւ ուղն ու ծուծը ներարկել հակահայկական թունոտ մոլուցքով: Միայն Վասպուրականում քրդերից կազմեցին 14 համիդէական գնդեր: Անգամ օտարերկրեայ (անգլիական) թերթերը գրեցին, որ քրդերն արդէն զինուած էին «Մարտին» տիպի նոր հրացաններով:
1890ականների սկզբին քաղաքական լարուածութիւնը արեւմտահայկական գաւառներում հասել էր ծայրաստիճան շիկացման, իսկ հայ-քրդական յարաբերութիւնները ընդունել էին անդառնալի արիւնալի բնոյթ: Իրադարձութիւններին քաջատեղեակ Ռօլէն Ժոկմենը ժամանակին այն համոզմունքը յայտնեց, որ Թուրքիայում իրագործւում է մահմեդականների օգտին քրիստոնեաներին ոչնչացնելու ծրագիր: Մթնոլորտը օրէցօր շիկանում էր, տագնապը սաստկանում: 1894ին թշնամու անարգ լծի դէմ ընդվզեց հերոսական Սասունը: Նոյն թուականին ու նոյն ժամանակ Անատոլիական 4րդ բանակի զօրամիաւորումները պաշարեցին Սասունը: Սկսուեց հայութեան արիւնոտ գողգոթան: Սասունում կատարած արիւնալի գազանութիւնների համար Զեքի փաշան եւ քրդական աւազակապետերը սուլթանի կողմից պարգեւատրուեցին շքանշաններով ու մետաքսեայ դրօշներով: Ապստամբութեան ճնշումից յետոյ սուլթանը ամբողջ մեղքը փորձեց բարդել քրդերի վրայ, եւ ուշագրաւ է այն փաստը, որ սասունցիներից գրաւած ոչխարների խմբաքանակի մի մասը թուրք պաշտօնեաների միջոցով փորձեցին բաժանել հայ ընտանիքներին: Կառավարութիւնը նպատակ ունէր ցոյց տալու, որ ինքն անմեղ է եւ անմասնակից Սասնոյ ջարդերին: Սա եւս մէկ անգամ աներկբայ վկայում է, որ սուլթանական իշխանութիւնը քուն ու դադար չունէր հայ-քրդական հակամարտութիւնը անընդհատ ու անվերջ խորացնելու եւ բորբոքելու համար: Հայ-քրդական հակամարտութիւնը սուլթանը մշտական բորբոք վիճակում պահեց մինչեւ իր տխրահռչակ գահակալութեան՝ «զուլումի թագաւորութեան» աւարտը: Եւ երբ սուլթան Համիդը 1912ին գահընկէց եղած վերադառնում էր Կ. Պոլիս, նաւի վրայ չթաքցնելով իր դժգոհութիւնը Բալկանեան պատերազմից եւ երիտթուրքերի գործելակերպից, բացականչել է. «Երիտասարդ թուրքեր ինչպէ՞ս արգելք չեղան եւ թոյլ տուին, որ յոյնն ու պուլկարը իրարու հետ բարեկամանան»:
Ահա այսպէս էր դատում Օսմանեան կայսրութեան ժողովուրդներին իրար դէմ գրգռելու եւ իրար դէմ հանելու մեծ «վարպետ»ն ու մեծ մարդասպանը:
Հայկական Հարցում եւ հայ-քրդական յարաբերութիւններում սուլթանի որդեգրած ռազմավարութիւնը էապէս ոչնչով չփոխուեց երիտթուրքերի կառավարման տարիներին: Երիտթուրքերը շատ կարճ ժամանակում ապացուցեցին, որ իրենք աւելի չարժեն, քան հին թուրքերը: Այդ առումով անչափ բնորոշ է ռուս արեւելագէտ Անդրէյ Մանդելշտամի այն դիտարկումը, թէ հին ու նոր թուրքական կարգերը միաւորւում էին միեւնոյն ատելութեան մէջ՝ հայերի նկատմամբ:
Երիտթուրքերը հաւատարիմ մնացին սուլթան Համիդի աւանդոյթներին: Նրանք շարունակեցին սիրաշահել եւ հովանաւորել քրդական աւազակախմբերին, «Համիդիէ» զօրախմբերին, ընդդէմ՝ խաղաղ ու անպաշտպան հայ ժողովրդի:
1909-1912ի հայկական պարբերականները գուժում էին, որ Արեւմտեան Հայաստանի գաւառներում նոր ուժով շարունակւում ու սաստկանում են քրդական ասպատակութիւններն ու հարստահարումները:
1908ի աշնանն արդէն «Արմէնիա» պարբերականում տագնապալից լուրեր էին հրապարակւում հայոց նոր կոտորածների իրական վտանգի մասին: Նոյն թուականի Հոկտեմբերի 28ին «Կոտորածի Լուրեր Հայաստանէն» խորագրի ներքոյ հաղորդւում էր, որ «լուրեր սկսած են պտըտիլ, թէ Տիգրանակերտի, Վանի, Բաղէշի կողմեր քիրտեր եւ հին դրութեան կուսակից թուրքեր սկսած են կոտորածներ ընել»: Անհերքելի էր համարւում, որ Թուրքիայի ներքին գաւառներում հին բռնակալութեան ներկայացուցիչները սկսել են հակառակուել նոր վարչակարգի դէմ՝ հայերի ազատութիւնն ու հաւասարութիւնը իրենց շահերին հակառակ համարելով: Տագնապով ասւում է, որ Վանից եկած վերջին տեղեկութիւնների համաձայն՝ այն հարստահարիչ քուրդ բեկերն ու փաշաները, որոնք քաղաք «…բերուած էին իբր թէ դատուելու համար, քիչ մը կաշառք խաղացնելէ յետոյ արձակուեր, վերադարձուեր են իրենց տեղեր, ուր վերսկսեր են իրենց հարստահարութիւնները»:
Նիւ Եորքից հրապարակագիր օրիորդ Նազլուն «Արմէնիա»ի էջերում գրում էր, որ ակնկալ-անակնկալներից անդրանիկը եղաւ Թուրքիայի՝ սահմանադրական տէրութեան վերածուելը: Եւ ով գիտի, թէ յետագայ հինգ «տարուայ միջոցին քանի՜-քանի՜ այդպիսի անակնկալ առիթներ պիտի կրկնուին, եւ որոնք մեզ կրկին անպատրաստ գտնեն»:
Անակնկալներ չեղան: Թուրքական իշխանութիւնները վաղուց էին ծրագրում հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումը: Աբդուլ Համիդի եւ նզովեալ երիտթուրքերի ոճրապարտ ուղեղներում արմատաւորուել էր, որ Հայկական Հարցը մէջտեղից կը վերանայ, եթէ չլինի այն կրող տարրը՝ հայ ժողովուրդը:
Եւ իրաւ, ճշմարտացի է այն դիտարկումը, որ վայրագ ու խորամանկ գազանը՝ նախ սուլթանական եւ ապա երիտթուրքական Թուրքիան, «ոչ թէ գրգռուելու պատճառով էր հայերի վրայ գայլային յարձակումներ գործում, այլ իրականացնում էր կանխապէս մտածուած ցեղասպանութեան հրէշաւոր ծրագիրը»:
Շուտով, շատ շուտով երիտթուրքական վոհմակը սկսեց արագացնել հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացման գործընթացը:
Քրդական վայրենաբարոյ ցեղերն ու ցեղապետերը, «Համիդիէ» խաժամուժը աշխուժօրէն ներգրաւուեցին վերոնշեալ գործընթացի մէջ, քանզի տասնամեակներ շարունակ թունաւորուած էին հակահայկական մոլի տրամադրութիւններով եւ համոզուած էին, որ անպատիժ կը մնան ցանկացած բարբարոսութեան դէպքում:
Սրանք են պատմական իրողութիւնները, եւ ոչ միայն թուրքերը, այլեւ քրդերը, նրանց ներկայիս ու յետագայ ժառանգները պարտաւոր են հաշուի նստել վերոնշեալ իրողութիւնների հետ:
«ԴՐՕՇԱԿ»