ԵՐԵՒԱՆ, «Թերթ».- Մեր սահմաններուն վրայ, կարելի է ըսել, ամէն օր հարց մը կը ծագի՝ մեծ կամ փոքր, որոնց մասին յաճախ չենք խօսիր, որովհետեւ հիմնականին մէջ ռուս գործընկերները կը միջամտեն եւ կը յաջողին արագ լուծումներ տալ: Այս մասին «Թերթ»ի հետ ունեցած զրոյցին ընթացքին ըսաւ Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Յովսէփեան` խօսելով Սիւնիքի սահմանային իրավիճակին մասին:
Մենուա Յովսէփեան անդրադարձաւ նաեւ Տեղ համայնքին մէջ 12 Յունիսին պատահած միջադէպին, երբ տեղացիները գիւղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքին ապակողմնորոշուեցան եւ քարշակներով ու երեք «Նիւա» մակնիշի ինքնաշարժներով յայտնուեցան ատրպէյճանական զինուած ուժերու վերահսկողութեան տակ գտնուող տարածքին մէջ. հաւաքուած էին նաեւ բնակավայրի բնակիչները եւ ստեղծուած էր լարուած իրավիճակ:
«Մենք տեղեակ պահեցինք ռուսական կողմին եւ արագ արձագանգեցին. ռուսները դէպքի վայր են ժամանել եւ մի քանի ժամուայ ընթացքում հայկական կողմին վերադարձրել մեքենաները: Յիշո՞ւմ էք` Յունիսի 8ին էլ հայկական ԶՈՒ զինուորական, Ակներ գիւղի բնակիչ Արթուր Քարթանեանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշուել եւ յայտնուել է ադրբեջանական զինուած ուժերի կողմից վերահսկուող տարածքում, որտեղից էլ նրան գերեվարել եւ ձերբակալել, կրկին կապ ենք հաստատել եւ Ռուստամ Մուրատովի աջակցութեամբ ընդամէնը մի քանի ժամուայ ընթացքում խնդիրը լուծուեց», ըսաւ ան:
Անդրադառնալով այն հարցին, թէ արդեօք որեւէ նախապայմաններ դրուա՞ծ են ատրպէյճանական կողմէ՝ փոխհամայնքապետը ըսաւ, որ նշուած դէպքերու լուծման համար չէ ստեղծուած այնպիսի վիճակ, երբ խնդիրները լուծուին նախապայմաններով։
«Սա ամենակարեւորն է, որ ոչ մի նախապայման առաջ չի քաշւում, ռուս գործընկերները կարողանում են առանց նախապայմանների հարցերը լուծել: Այդպէս էր նաեւ, Կոռնիձորի ներքեւի հատուածում, երբ պետական սահմանին, թշնամին մօտ տասը տեխնիկա վարորդների հետ միասին շրջափակել էր եւ ուզում էր գերի վերցնել, սակայն կրկին ռուսների միջամտութեամբ, մեր քաղաքացիներին կարողացանք իրենց ընտանիքներին վերադարձնել: Վստահաբար կարող եմ փաստել, որ Սիւնիքի անվտանգութեան հարցերով այսօր բացառապէս ռուսներն են զբաղւում, բայց այնպիսի կեղծ տպաւորութիւն է ստեղծւում, որ ոչինչ չեն անում ռուսները, հետեւաբար հարց է առաջանում. եթէ մեր ամէնօրեայ խնդիրները ռուսները չեն լուծում, բա ո՞վ է լուծում, յանցաւոր անգործութեան մատնուած իշխանութի՞ւնը, որ բացարձակ իրավիճակին ո՛չ տիրապետում է, ո՛չ էլ իրենց հետաքրքրիր է, բոլոր խնդիրներին ինչպէս են լուծումներ տրւում: Փաստ է, որ Սիւնիքում ամէն օր ստեղծուած խնդիրների լուծման գործում ռուսների դերակատարումը շատ մեծ է, եւ շնորհակալ ենք, Ռուստամ Մուրատովն, Գորիսում տեղակայուած խաղաղապահ զօրքերի ներկայացուցիչ գնդապետ Գորինին, որ համագործակցութեան արդիւնքում խնդիրները լուծում են մեր օգտին», եզրափակեց ան:
Նաեւ, Սիւնիքին մէջ 12 Յունիսին պատահած միջադէպին մասին «Թերթ»ի հետ ունեցած զրոյցին ընթացքին խօսեցաւ Տեղ խոշորացուած համայնքի ղեկավար Ներսէս Շադունց։ Ան պատմեց, որ շրջանի տղաները հողագործական աշխատանքներ կատարած ատեն, իրենց հետ ալ հողի սեփականատէրը գտնուած է, երեք «Նիւա» ինքնաշարժով եւ զոյգ քարշակներով մտած են ատրպէյճանական կողմ:

«Այդ տղաները 90ական թուականներից յետոյ են ծնուել, այդ տարածքը իրենք են օգտագործած եղել, խոտը հնձելու ժամանակ մօտ 500 մ. խորացել են եւ հատել են սահմանը: Հակառակորդը զինուած մօտեցել է, ուզեցել են տանել տեխնիկաները, արդիւնքում էլ մեր տղաներից մէկի մօտ էլ գրանատ է եղել, կալցոն քաշել է, ասել է կամ սաղիս պայթեցնում եմ, կամ էլ տեղներդ հանգիստ կանգնէք», պատմեց համայնքի ղեկավարը:
Ան նշեց, որ բոլորը տեղեակ պահուած են, եւ արագ աշխատանքին շնորհիւ 20 վայրկեանէն հասած են։ Անմիջապէս կապ հաստատուած է ռուսական խաղաղապահ զօրքերուն, հայկական սահմանապահ զօրքերու հրամանատարին, առաջին բանակային ջոկատի հրամանատարին եւ մարզպետին հետ: