ԳԼԵՆԴԷՅԼ.- Յունիսի 17ին, Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւնն ընդունելութիւն էր կազմակերպել` ի պատիւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փօլ Գրիգորեանի` երախտագիտութիւն յայտնելու Հայաստանին եւ Արցախին ցուցաբերած նրա շարունակական աջակցութեան համար: Ընդունելութեանը ներկայ էին համայնքի հասարակական, կրօնական, քաղաքական եւ մշակութային առաջնորդներ եւ գործիչներ:
Գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանի բարի գալստեան խօսքերից յետոյ ելոյթով հանդէս եկան Հայ առաքելական եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը, Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրութիւնների կենտրոնի ղեկավար Սալբի Ղազարեանը, ճանաչուած իրաւաբան Րաֆֆի Ուրֆալեանը եւ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Ադրին Նազարեանը: Բոլոր ելոյթ ունեցողները բարձր գնահատեցին Փoլ Գրիգորեան հայրենանուէր գործունէութիւնը: Ներկայ գտնուող հոգեւորականներն միասնաբար աղօթեցին Գրիգորեանի եւ իր տիկնոջ` դոկտ․ Թամար Փօլ Գրիգորեանի համար:
Բայբուրդեանն իր ելոյթում կարեւորեց Գրիգորեանի հայանպաստ գործունէութիւնը, որով հայազգի գործիչն աչքի է ընկել եւ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամի պաշտօնում, եւ իբրեւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ: «Բազմաթիւ են օրինակները, որոնք վկայում են հայրենիքին եւ Հայաստանի ու Արցախի բարօրութեանը Փօլ Գրիգորեանի անմնացորդ նուիրումի մասին», իր ելոյթում ասաց դեսպան Բայբուրդեանը:

Արցախեան պատերազմի հէնց առաջին օրերին Գրիգորեանը ձեռնամուխ եղաւ ամերիկացի քաղաքական եւ պետական գործիչների համախմբմանը` յանուն Արցախի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծուած պատերազմի դադարեցման: Նրա ջանքերի շնորհիւ 2020ի Հոկտեմբերի 5ին համատեղ մամուլի ասուլիսով հանդէս եկան կոնգրեսականներ, Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի առաջնորդներ եւ անդամներ, Լոս Անջելեսի քաղաքային ղեկավարներ եւ պաշտօնեաներ: Պատերազմի աւարտից յետոյ Գրիգորեանի շնորհիւ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձեւ ընդունեց, որով վերահաստատեց Լոս Անջելես քաղաքի աջակցութիւնը Արցախի Հանրապետութեան ժողովրդին: Գրիգորեանի նախաձեռնութեամբ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն մէկ այլ հռչակագիր ընդունեց, որով Ադրբեջանից պահանջեց անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ գերեվարուած խաղաղ բնակչութեանը, ինչպէս նաեւ Նոյեմբերի 9ը հռչակուեց ադրբեջանական բռնարարքների զոհերի յիշատակի օր: Գրիգորեանի Արցախին անվերապահ աջակցութեան վկայութիւններից է այն, որ դեռեւս 2012ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Լոս Անջելեսն ու Շուշին հռչակեց բարեկամ քաղաքներ, իսկ 2013ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը յատուկ ընդունած հռչակագրով ճանաչեց Արցախի անկախութիւնը` իբրեւ ինքնիշխան պետութիւն:
«Հայաստանին եւ Արցախին շարունակական աջակցութիւնը նաեւ համախմբող դեր ունի Կալիֆորնիայի հայ համանքի համար», ասաց Բայբուրդեանը:
Փօլ Գրիգորեանի իր խորին երախտագիտութիւնը յայտնեց գլխաւոր հիւպատոսին` իր պատուին ընդունելութիւն կազմակերպելու համար:
«Գնահատանքի այդ հրաշալի խօսքերը լսելով, ես կարող եմ միայն ասել, որ դա պարզապէս իմ պարտականութիւնն է: Մենք պէտք է միշտ հայրենիքի կողքին լինենք եւ այն փայփայենք», նշեց Գրիգորեանը:
Միջոցառման ընթացքում հնչեցին հայկական ժողովրդական մեղեդիներ հռչակաւոր դուդուկահար Ջիւան Գասպարեանի թոռան` դուդուկահար կրտսեր Ջիւան Գասպարեանի եւ կիթառիստ Անդրանիկ Գիզիրեանի կատարմամբ: