ԲՐԲԱՆՔ․- Օգոստոսի 9ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանն այցելել է Բրբանքի քաղաքապետարան եւ հանդիպել նոր քաղաքապետ Բոբ Ֆրուտոսի հետ: Նրանք մտքէր են փոխանակել համագործակցութեան մի շարք ծրագրերի վերաբերեալ: Քաղաքապետը հանդիպմանն է հրաւիրել Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Բրբանքի մասնաճիւղի նախագահ Սարգիս Սիմոնեանին եւ Բրբանքի ոստիկանական բաժնի նախկին յանձնակատար Յակոբ Հերգելեանին:
Դեսպան Բայբուրդեանը քաղաքապետ Ֆրուտոսին դիմել է խնդրանքով հանրային տարածք յատկացնել հայկական յուշարձանի տեղադրման համար Բրբանքում:
Քաղաքապետն այս առնչութեամբ մի քանի հետաքրքիր գաղափար է առաջարկել: Նրանք պայմանաւորուել են շարունակել երկխօսութիւնը` յուշարձանի առանձնայատկութիւնները յստակեցնելուց յետոյ:
Հիւպատոսը քաղաքապետին հրաւէր է յղել ներկայ գտնուելու Գլենդէյլի «Սիւիկ» սրահում անցկացուելիք հայկական փառատօնին, որը կազմակերպում է հիւպատոսութիւնը եւ Գլենդէյլի քաղաքապետարանը:
Կալիֆորնիայի Բրբանք քաղաքի 103 հազար բնակչութիւնից 15,000-16,000 հազարը հայեր են: Բրբանքը ճանաչուած է որպէս «Աշխարհի մեդիայի մայրաքաղաք»:
Բոբ Ֆրուտոսը Բրբանքի քաղաքային խորհրդի անդամ էր ընտրուել 2013ին: Թոշակի անցած Լոս Անջելեսի ոստիկանը նախկինում զբաղեցրել է քաղաքապետի պաշտօնը` 2015-2016ին եւ 2020 Դեկտեմբերից ի վեր:
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)