ԵՐԵՒԱՆ, ՍԱՆ ԴԻՄԱՍ, Կալիֆորնիա․- Հոկտեմբեր 14ը տեսողութեան համաշխարհային օրն է: Այս տարի տեսողութեան համաշխարհային օրուայ միջոցառումները անցկացւում են «Սիրէ՛ք ձեր աչքերը» կարգախօսի ներքոյ` նպատակ ունենալով հասարակութեան ուշադրութիւնը հրաւիրել կանխարգելելի կուրութեան եւ տեսողական խանգարումների հիմնահարցերի վրայ:
Կալիֆորնիա հիմնուած «Հայկական ակնաբուժութեան նախագիծ» բարեգործական հիմնարկը (ՀԱՆ, AECP), որը Հայաստանի առողջապահութեան հետ գործակցութեամբ այս տօնը նշում է 2004ից, տեսողութեան համաշխարհային օրուան ընդառաջ` ի յաւելումն իր մշտական աշխատանքների, իրականացրեց ակնային զննումների լայն շարք մշակութային գործիչների, մանկապարտէզների երեխաների, խոցելի խմբերի շրջանում: Մասնաւորապէս, ՀԱՆի բժշկական խմբերն այցելեցին Հայաստանի պետական «Ֆիլհարմոնիկ» նուագախումբ, մարզային մի քանի մանկապարտէզներ, ինչպէս նաեւ ՀԱՆի գրասենեակում ակնային զննումների հրաւիրեցին այն համայնքի բնակիչներին, որտեղ հիմնադրամը տեղակայուած է արդէն շուրջ 15 տարի: Ակնային ստուգում անցածներն անհրաժեշտութեան դէպքում ակնոցներ եւ անվճար բուժման ուղեգրեր ստացան: Շաքարախտ ունեցող բոլոր այցելուները յատուկ սարքաւորմամբ ակնայատակի մանրակրկիտ զննում անցան, ինչի շնորհիւ հնարաւոր եղաւ անհրաժեշտ բուժում առաջարկել: ՀԱՆը իրականացրեց նաեւ տեղեկատուական միջոցառում` ակնային խնամքին վերաբերող գրքոյկներ բաժանելով հանրային վայրերում: Միջոցառման շրջանակներում արդէն աւելի քան 100 մեծահասակ եւ 150 երեխայ ակնային զննում է անցել, միջոցառումները կը շարունակուեն մինչեւ Հոկտեմբերի վերջ:
Կուրութեան կանխարգելման միջազգային գործակալութեան տուեալներով` աշխարհում 1.1 միլիարդ մարդ տառապում է տեսողութեան կորստից` պայմանաւորուած ակնաբուժական ծառայութիւնների անհասանելիութեամբ, իսկ մինչեւ 2050 թուականը տեսողութիւնը կորցրած մարդկանց քանակը կը հասնի 1.7 միլիարդի` պայմանաւորուած, հիմնականում, բնակչութեան թուաքանակի աճով եւ ծերացմամբ: Տեսողութեան կորուստը 90 տոկոսի դէպքերում հնարաւոր է կանխարգելել: Տեսողութիւնը կորցրած մարդկանց 90 տոկոսն ապրում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում: Նրանց 73 տոկոսը 50 տարեկանից բարձր են: Տեսողութեան կորստի հիմնական պատճառներն են այնպիսի դէպքեր, որոնք ժամանակին ակնաբուժական միջամտութեան չեն ենթարկուել:
ՀԱՆը 2003ից ի վեր ակնաբուժական հետազօտութիւններ եւ բուժում է իրականացնում Հայաստանի մարզերի բնակչութեան շրջանում: «Լոյս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում ՀԱՆը իրականացրել է շուրջ 500,000 ակնային ստուգում, կատարել է 30,000-ից աւելի ակնային վիրահատութիւն եւ լազերային միջամտութիւն, բաժանել է աւելի քան 75,000 ակնոց: Ըստ Հայկական ակնաբուժութեան նախագծի իրականացրած հետազօտութեան` Հայաստանում աչքի հիւանդութիւններն առաւել տարածուած են 50 եւ աւելի տարեկան բնակչութեան շրջանում: Տարիքային այս խմբում տեսողութեան խաթարման տարածուածութիւնը 1.8 անգամ աւելի բարձր է՝ քան ընդհանուր առմամբ մեծահասակների շրջանում եւ կազմում է 8.4 տոկոս, «կատարակտ»ի տարածուածութիւնը` 27 տոկոս, «մակուլեար դեգեներացիա»ինը՝ 6.5 տոկոս, «գլաուկոմա»ինը՝ 3.4 տոկոս, «դիաբետիկ ռետինոպաթիա»ինը` 4.4 տոկոս: Հայաստանի մեծահասակ բնակչութեան (16+ տարեկան) շուրջ 13 տոկոսը ունի կուրութեան բերող առնուազն մէկ ակնային հիւանդութիւն, այսինքն` ունի խոցելի ակնային առողջութիւն: 50 եւ աւելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջութիւն ունեցողների ներկայացուածութիւնը գրեթէ 3 անգամ աւելին է եւ կազմում է 37 տոկոս: 50ից յետոյ խոցելի ակնային առողջութիւն ամենացածր հաւանականութիւնն ունեն 50-54 տարեկանները (23.8 տոկոս): Դրանից յետոյ կեանքի իւրաքանչիւր լրացուցիչ 5 տարին աւելացնում է խոցելի ակնային առողջութիւն հաւանականութիւնը 9 տոկոսով:
(Հաղորդագրութիւնը՝ ՀԱՆէն)