
Նոյեմբերի 19ին, Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմեն Բայբուրդեանը հանդիպեց «Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամ»ի (ԶԱՀ) հանրային կապերի եւ զարգացման բաժնի ղեկավար Նարինէ Գալստեանի եւ նուիրահաւաքի ու նուիրատուների հետ յարաբերութիւնների պատասխանատու Սոնա Բաղդասարեանի հետ: Հիմնադրամի ներկայացուցիչները Լոս Անջելես էին ժամանել «Սփիւռքի իրազեկում» ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի ամրապնդել կապերը հայկական խոշոր համայնքների եւ «Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամի» միջեւ:
Հանդիպման ընթացքում քննարկուեցին հիմնադրամի գործունէութեանը եւ դրա վրա 2020ի Արցախեան պատերազմի ունեցած ազդեցութեանը վերաբերող հարցեր:
Դեսպան Բայբուրդեանը բարձր գնահատեց հիմնադրամի կատարած աշխատանքն ու որդեգրած առաքելութեան կարեւորութիւնը: Զրուցակիցները քննարկեցին համագործակցելու հեռանկարը: Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւնն առաջիկայում կը կազմակերպի արուեստի ցուցահանդէս, որի ամբողջական հասոյթը կ՛ուղղուի հիմնադրամին:
Նոյն օրը ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնում կայացաւ ԶԱՀ ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում լրատուամիջոցների ներկայացուցիչներ բարձրացրին իրենց յուզող հարցերը ԶԱՀ գործունէութեան վերաբերեալ:
Առ ի տեղեկութիւն, մինչ օրս ԶԱՀն ունի 4582 շահառուներ, որից 4165ը գրանցուել են 44օրեայ պատերազմից յետոյ, եւ հատուցում է տրամադրուել շուրջ 109,000,000 ամերիկեան դոլարի չափով: ԶԱՀի շահառուների 86 տոկոսը (3948) զոհուած հերոսներ են, 2 տոկոսը (76)՝ անյայտ բացակայողներ, 12 տոկոսը (558)՝ 1ին կամ 2րդ կարգի հաշմանդամութիւն ունեցողներ: Հիմնադրման օրուանից ԶԱՀն ստացել է շուրջ 23 միլիոն ամերիկեան դոլար նուիրատուութիւն, որի 70 տոկոսը ստացել է Հայաստանից, մնացածը՝ աշխարհի շուրջ 70+ երկրներից: Այս նուիրատուութիւնների մեծ մասը, ի հարկէ, հաւաքագրուել է արցախեան վերջին պատերազմի ընթացքում եւ յետոյ: Մնացած միջոցները գոյանում են Հայաստանի եւ արցախի բնակիչների աշխատավարձների պարտադիր վճարներից (2017ից սկսած հաւաքուել է 106 միլիոն ամերիկեան դոլար գումար):
(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)