
«Հայրիկն Է Գալիս»…
Հեւիհեւ վազում-հաւաքւում էինք շէնքի առջեւը: Մի քանի վայրկեան, եւ ահա, այգիների յետեւից, ծառերի միջով, հանդարտ քայլերով, երեւում է մեզ ծանօթ ամրակազմ, խոհուն աչքերով սեւ երիվարը, որի թամբի վրայ, ճամբու յոգնութիւնից կռացած Հայրիկը՝ պարզ սքեմով, հասարակ փակեղը գլխին, յետեւից՝ անբաժան շաթիրը (գաւազանակիրը), ձիու վրայ:
Մօտեցան: Եղբայր Մկրտիչի նշանի վրայ՝ առաջ ենք նետւում. Մէկը բռնում է ձիու սանձը, միւսը՝ ասպանդակը (stirrup): Եղբայր Մկրտիչը ուզում է օգնել, բայց Հայրիկը յետ է մղում նրա ձեռքը, երիտասարդի պէս շտկւում է թամբի վրայ եւ մէկ ակնթարթից իջնում է վար: Կանգնում, թափ է տալիս վրայի փոշին, նայում է շուրջը, նայում է մեզ ու ժպտում լայն ժպիտով: Կարծես, աւելի է պայծառանում բնութիւնը եւ աւելի զուարթանում…
– Խա՛, ինչո՞ւ լռած էք. ըսէք՝ «Կեցցէ՛ Խայրիկ», ասում է խնդալով:
– Կեցցէ՛ Հայրիկ, անբռնազբօսիկ դուրս է թռչում մեր կրծքերից, կեցցէ՛ Հայրիկ…
Ու եղբայր Մկրտիչի ազդանշանի վրայ սկսում ենք երգել.
Հայրի՛կ, Հայրի՛կ, քո հայրենիք,
Վասպուրական մեր աշխարհ…
Հայրիկը գոհունակութեամբ ունկնդրում է՝ արծուի հայեացքը յառած Մասիսին: Նորէն ժպտում է մեզ, բարձրանում շէնքը եւ մինչեւ երեկոյ այլեւս չի երեւում:
Իմ աչքերի առջեւ այսօրուայ պէս կենդանի է Հայրիկի պատկառելի տեսքը, Արագածի լանջին, Մասիսի վեհափառ պատկերի դիմաց, ինքն էլ մի Մասիս…
Մասիսը մօտից տեսնես, ոչինչ ունի գրաւիչ, խոչ (սրածայր քար, արգելք) ու խոռոչներ, գորշ ու քարքարոտ, չոր ձորեր ու ժայռեր՝ եւ ամէն տեսակ զեռունների ու սողունների բնակավայրը: Բաւական է, սակայն, հեռանաս որոշ տարածութեան վրայ, ամէն տգեղութիւն կը ծածկուի, եւ քո առջեւ կը տեսնես արամազդակերպ լեռը եզակի վեհութեամբ ու գեղեցկութեամբ:
Հայրիկն էլ – մի Արամազդ – զուրկ չէր խոչ ու խոռոչներից, բայց հեռանալու պէտք չկար տեսնելու եւ վայելելու համար նրա գեղեցկութիւնը: Եւ, ի հարկէ, որքան ժամանակը անցնում է, այնքան մեծանում ու գեղեցկանում է նրա դէմքը սերունդների աչքերում:
Երեկոյեան, ընթրիքից առաջ, երբ արեւը դեռ մարը չէր մտել, Հայրիկը դուրս եկաւ իր յարկաբաժնից: Վրան՝ նոյն պարզ վերարկուն, գլուխը՝ բաց: Փառահեղ մօրուքի եւ պեխերի մազերը, շրթունքների շուրջ, դեղնած «չղարայից» (ծխախոտ): Մարդու հոգու խորը թափանցող, զարմանալի աչքերը հանգիստ նայում էին մեզ: Մենք հաւաքուել էինք պատշգամբի շուրջը: Կարելի չէր չհիանալ այդ պատկառելի ու այնպէս մտերիմ հսկայի տեսքով:
(…)
Հայրիկը իսկական հայր էր հայ ժողովուրդի՝ բարի ու գորովագութ, թէեւ ցաւացնել էր գիտէր շատ խիստ:
Նստաւ շաթիրի բերած բազկաթոռի վրայ, վարը, չինարի լայնճիւղ ծառի ներքեւ: Մենք շարուեցինք շուրջը, իր հրամանով, ծալապատիկ, թարմ արօտի վրայ: Արեւը վերջին ճառագայթները շռայլելով՝ գնում էր ննջելու լերան միւս կողմը: Ա՛հ, եթէ հանճարեղ մի վրձին այդ եզական պահը հարազատօրէն փոխադրէր կտաւի վրայ…
Պապիկի եւ թոռնիկի հանդիպումը լինէր կարծես: Հայրիկը զուարթ հարցումներ էր տալիս կամ սրամիտ դիտողութիւններ անում, ծիծաղում եւ ծիծաղեցնում էր: Պատասխանում էին գլխաւորապէս վանեցիները՝ Մկրտիչ Մելքոնեան, Համազասպ Բաղէշցեան եւ ուրիշներ, որոնց հետ աւելի մտերիմ էր զգում իրեն Հայրիկը: Նիւթը գրեթէ միշտ նոյնն էր – ի՞նչ պէտք է անենք Ճեմարանը աւարտելուց յետոյ—եւ իր խրատն էլ անփոփոխ նոյնն էր – գնացէք ժողովրդի մէջ, ուսուցիչ, քահանայ եղէք. ամուսնացէք, տուն եւ ընտանիք կազմեցէք:
– Մեր ազգ աղքատ է, հացի պէտք ունի, լոյսի պէտք ունի: Ճեմարան պէտք է Վարագայ վանուց գործ. Լոյս տարէք գիւղ…
Ամէն առիթով ճեմարանականների գլխին Հայրիկը միեւնոյն քարոզն էր կարդում – գաղափարական նուիրում հասարակ ժողովրդի դատին: Նա Ճեմարանի լսարաններն էլ շռայլութիւն էր համարում. Վեց դասարանով միջնակարգ կրթութիւնը բաւական էր գիւղական քահանայ կամ ուսուցիչ դառնալու համար:
Այն ժամանակ տարօրինակ էր թւում ինձ Հայրիկի այս քարոզը:
Մենք ամէնքս ձգտում էինք բարձրագոյն ուսման: Գերմանիայում ուսած Կարապետ ու Գարեգին վարդապետներն էին մեզ համար ուղեցոյց օրինակ եւ ոչ անուս Արշէն երէցները, որոնք նախապատիւ էին Հայրիկի աչքին: Այսօր, երբ կեանքը այնքա՜ն խաղեր խաղաց մեր գլխին, ես հասկանում եմ Հայրիկի մտահոգութիւնները եւ հազար անգամ իրաւունք եմ տալիս նրան: Հասարակ, կէս-ուսեալ վարդապետներն ու քահանաներն են այսօր էլ մեր ժողովրդի աղը, հայապահպանութեան – օ՛հ, ինչ անճոռնի բառ – հայը հայ պահելու գլխաւոր գործօնը: Եւ ի՞նչ կայ ներկայումս աւելի այժմէական ու հրատապ պահանջ, քան հայը հայ պահել, ինչպէս եւ Խրիմեան Հայրիկի օրով:
Երեք օր մնաց Բիւրականում Հայրիկը: Ի՞նչ էր անում ցերեկը, չեմ կարող ասել: Առաւօտեան, հազիւ նախաճաշը աւարտած, նստում էր ձին եւ շաթիրը ետեւը ձգած՝ ելնում էր պտոյտի շրջակայ գիւղերը: Վերադառնում էր ճաշից յետոյ, երեկոյեան ուտում էր իր սիրած թանապուրը, ապա սկսում էր ասուլիսը մեզ հետ: Երբեմն մեզ շուտ էր արձակում քնելու եւ ինքը դեռ նստում էր զրուցելու մեծերի հետ: Պատմութիւններ էր անում երկրի ժողովրդի կեանքից, անցնող դէպքերի եւ դէմքերի մասին: Համազասպ Բաղէշեանցը հետագային հաւաստիացնում էր, թէ Հայրիկը իրենց «յեղափոխութիւն էր քարոզում»: Չեմ զարմանում: Թիւրիմացութիւն էր Հայրիկի կաթողիկոսութիւնը, ինչպէս թիւրիմացութիւն էր ե՛ւ նրա պատրիարքութիւնը. նա ստեղծուած էր յեղափոխութեան համար՝ բառիս ամենալայն եւ ազնուական իմաստով:
Յաջորդ անգամ, երբ մի քանի շաբաթ վերջը Հայրիկը նորից այցի եկաւ Բիւրական, պատահական զուգադիպութեամբ գիւղում էր գտնւում Աշուղ Ֆարհատը, որ եկել էր մեզ համար յեղափոխական համերգ տալու: Ես առաջին անգամ էի տեսնում նրան, թէեւ անունը լսել էի վաղուց: Եւ ո՞վ չէր լսել այն օրերին հռչակաւոր ժողովրդական աշուղի անունը:
Աշուղ Ֆարհատը շիրակեցի էր, երկու աչքից կոյր: Ծաղկատար դէմքով, սեւ ակնոցներով, լաւ ձեւուած եւ ամուր կարուած մի տղամարդ էր: Սազը ձեռքին, դափ զարնող մի երիտասարդի ընկերակցութեամբ, նա շրջում էր գիւղից գիւղ եւ «օտաներում» (հիւրասենեակ) կամ բաց երկնքի տակ, երգում կամ ոգեւորիչ պատմութիւններ անում, յեղափոխութիւն քարոզում ժողովրդին: Լեզուանի, ինչպէս ամէն շիրակեցի, սուր, բայց տանելի ձայնով, արտակարգ յիշողութեան տէր, Զէյթունն ու Սասունը, Կլակստոնն ու Զաւարովը իրար խառնելով, սազը տնկտնկացնելով՝ նա ժամերով յեղափոխական վէպեր էր պատմում ու երգում՝ փառաբանելով Դաշնակցութեան գաղափարներն ու գործերը: Դաշնակցութիւնը քիչ ժողովրդական քարոզիչ է ունեցել Ֆարհատին հաւասար:
Հայրիկը ուրախութեամբ ընդունեց աշուղ Ֆարհատին եւ հրաւիրեց նրան իր սեղանին թանապուր ուտելու: Ընթրիքից յետոյ, երեկոյեան, տեղի ունեցաւ աշուղ Ֆարհատի համերգը՝ Հայրիկի նախագահութեամբ՝ Ճեմարանի աշակերտներիս եւ գիւղացիների համար:
Կէս դար է անցել այդ երազ օրից, բայց աշուղ Ֆարհատի երգի ու սազի հնչիւնները դեռ ականջներումս են, եւ աչքիս առջեւն են չինարի տակ բազմած Հայրիկը, հաստ փաթաթուած «չղարա»ն ձեռքին, յուզումից բոցավառ աչքերով իմ ընկերները, ծեր ու երիտասարդ գիւղացիների երկիւղած ունկնդրութիւնը եւ աստղազարդ երկինքը Բիւրականի վերեւ…: