ԵՐԵՒԱՆ.- 24 Դեկտեմբերին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան տուաւ առցանց ասուլիս մը, որուն ընթացքին անդրադարձաւ Արցախի բանակցային գործընթացին։ Ան դիտել տուաւ, որ ԼՂԻՄը չէ դիտարկուած իբրեւ զուտ հայկական. այդ յայտարարութիւնը մեծ աղմուկ բարձրացուց:
Արդարեւ, ան դիտել տուաւ, որ բանակցային ամբողջ գործընթացին ընթացին ոչ մէկ իշխանութեան եւ բանակցողի կողմէ վիճարկուած է Լեռնային Ղարաբաղի մէջ ապրած ատրպէյճանցիներուն իրաւունքներու հարցը: «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկուել որպէս զուտ եւ միայն հայկական միաւորում, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրել են նաեւ ադրբեջանցիներ: Եւ նրանց իրաւունքների պաշտպանութիւնը եղել է բանակցային թեմայի մէջ: Ես նախկինում բանակցային բովանդակութեան վերաբերեալ իմ վերապահումները արտայայտելիս ասել եմ՝ ենթադրենք էդ հանրաքուէն, ենթադրենք հայկական մեկնաբանութեամբ պիտի տեղի ունենար, իսկ հայկական մեկնաբանութիւնը երբեք չի ժխտել, որ հանրաքուէին պիտի մասնակցեն ԼՂ ադրբեջանցի բնակիչները, հիմա երբ ինքնորոշման իրաւունքը իրացւում էր, հարց, իսկ ԼՂ ադրբեջանցիները այդ համատեքստում իրենց հերթին կարող են բարձրացնել իրենց ինքնորոշման խնդիրը», ըսաւ Փաշինեան:
Ըստ անոր՝ 2016 թուականին բանակցութիւններուն ներկայացուած են առաջարկներու 3 ծրարներ, որոնց մէջ 2011էն ի վեր առաջին անգամ ըլլալով չէ ներառուած նախադասութիւն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը կը ստանայ միջանկեալ կարգավիճակ: Ան դիտել տուաւ, որ 1993ին ՄԱԿի մէջ որդեգրուած է բանաձեւ մը, որուն մէջ կ՛ըսուի, թէ Լեռնային Ղարաբաղի Ատրպէյճանի տարածաշրջան է՝ այդպիսով ճանչնալով Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը:
«Եթէ դուք հարցնէք, թէ ինչ աղէտ է տեղի ունեցել 2016 թուականի բանակցութիւնների մէջ, ձեզ կը պատասխանեմ, որ տեղի է ունեցել շատ կարեւոր մի բան՝ համանախագահների կողմից ներկայացուել է առաջարկութիւնների երեք փաթեթ, որտեղ 2011 թուականից ի վեր առաջին անգամ չի ներառուել նախադասութիւն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն ստանում է միջանկեալ կարգավիճակ: Ոչ ոք չի ասում, որ Լեռնային Ղարաբաղի այդ ժամանակաւոր իրավիճակը եւ կարգավիճակը ճշգրտելու հարցն ըստ այդ բանակցային բովանդակութեան տեղափոխուել է ՄԱԿի Անվտանգութեան խորհուրդ: Եւ ասուել է, որ ՄԱԿի անվտանգութեան խորհուրդը, խորհրդակցելով Հայաստանի, Ադրբեջանի հետ, խորհրդակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների հետ, ԵԱՀԿ նախագահողների հետ, որոշում է կայացնում այս իմ նշած համակարգերի իրաւական եւ պրակտիկ (գործնական) կիրառման նրբութիւների վերաբերեալ: Բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը եղել է՝ ամէն ինչ անել, որպէսզի հարցի վերջնական լուծումը լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան տիրոյթում: 2016ին ըստ էութեան, հարցի լուծման պարամետրերը տեղափոխւում են ՄԱԿի անվտանգութեան խորհուրդ: Կանխատեսելի՞ է արդեօք, թէ ինչ որոշում է կայացնելու այս հարցով ՄԱԿի Անվտանգութեան խորհուրդը: Այստեղ լուծուելու է մի հարց, որ մինչեւ ԼՂ վերջնական կարգավիճակը լինելը, Ղարաբաղն ի վերջոյ ո՞ր երկրի մաս է կազմում: Երբ սա ՄԱԿի անվտանգութեան խորհրդում է, դառնում է կանխատեսելի մի լուծում, ինչո՞ւ, որովհետեւ 1993 թուականին ՄԱԿի Անվտանգութեան խորհուրդն ընդունել է բանաձեւ, որտեղ ասել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը եւ սահմանների անխախտելիութիւնը: Այս աղէտն է տեղի ունեցել 2016 թուականին բանակցային գործընթացում: Սա կարեւոր է նրանով, որ եթէ ԼՂ այդ կարգավիճակն արձանագրւում է, նշանակում է նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պէտք է տեղի ունենար Ադրբեջանի սահմանադրութեան համաձայն», ըսաւ Փաշինեան:
Ան խօսեցաւ այն մասին, որ այսօր արդեօք կարելի՞ է Ատրպէյճանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքել: «Մենք, ի հարկէ, խաղաղութեան պայմանագրի կնքման եւ խաղաղութեան պայմանագրի բանակցութիւնների մեկնարկով շահագրգռուած ենք: Եւ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարկել, որոնց կէտերից մէկը հէնց համապարփակ եւ խաղաղ կարգաւորման խնդիրն էր: Եւ մենք դրանով, այո, շահագրգռուած ենք եւ չենք հրաժարուել ու չենք հրաժարուելու այդ թեմայով խօսել: Ի հարկէ, եթէ մենք հռչակել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացել մեր երկրի եւ տարածաշրջանի համար, անտրամաբանական կը լինի ասել՝ գիտէք ինչ, մենք խաղաղ դարաշրջան ենք ուզում բացել, բայց չենք ուզում լսել խաղաղութեան պայմանագրի մասին: Իհարկէ, խաղաղութեան պայմանագիրը մեր կարեւոր նպատակներից մէկն է, համապարփակ լուծումը համապարփակ խաղաղութեան պայմանագիրը», յայտնեց ան:
Ան նշեց, որ նախորդ տարուան Նոյեմբերէն ինք յայտարարեց, որ հաղորդակցութեան կապերու բացման մասին խօսած է արդէն եւ պատրաստակամութիւն յայտնած: «Մենք այս բոլոր ուղղութիւններով գնալու ենք առաջ: Պարզ է, որ այս բանակցութիւնների ժամանակ Ադրբեջանը փորձելու է այնպէս անել, որ իր շահերն առաւել արտայայտուած լինեն: Հայաստանը փորձելու է այնպէս անել, որ իր շահերն արտայայտուած լինեն: Բայց, ի հարկէ, եթէ մեզ յաջողուի ձեւակերպել խաղաղութեան այնպիսի մոդել, որը ձեռնտու կը լինի եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, այդ պարագայում գուցէ բանակցային սեղանն աւելի պակաս հակամարտութեան ու հակադրութեան դաշտ լինի եւ աւելի շատ դիմացինի տեսակէտը հասկանալու եւ այդ տեսակէտներից ինչ-որ ընդունելի դրոյթներ դուրս բերելու ու սխեմաներ ձեւաւորելու հնարաւորութիւն լինի: Սոչիում եւ Բրիւսելում այդպիսի նախադրեալներ կային, բայց Սոչիից յետոյ տեղի ունեցան իրադարձութիւններ, որոնք լրջօրէն կասկածի տակ դրեցին այդ խօսակցութիւնը: Բրիւսելից յետոյ դեռեւս բարեբախտաբար այդպիսի իրադարձութիւններ տեղի չեն ունեցել: Դա նշանակում է, որ մենք կարող ենք առաջ շարժուել», յայտնեց ան:
Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան յայտարարութեամբ մը պատասխանեց Նիկոլ Փաշինեանի արտայայտած կարծիքներուն եւ տեսակէտներուն՝ շեշտելով, որ արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի լիարժէք ճանաչումը որեւէ վերապահութեան ու զիջման ենթակայ չէ:
«Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւններին ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ եւ դրանց առթիւ մտահոգութիւններին յատկապէս արցախահայութեան շրջանում՝ կ՛ուզէի մի քանի հիմնական դրոյթ շեշտադրել, որոնց քանիցս անդրադարձել եմ տարբեր ուղերձներում ու յայտարարութիւններում.
«1. Արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի լիարժէք ճանաչումը որեւէ վերապահման ու զիջման ենթակայ չէ, եւ այդ հարցի բացառիկ տէրը հէնց արցախահայութիւնն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետութեան իշխանութիւններն են լիազօրուած խօսելու Արցախի բնակչութեան անունից:
«2. Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչման նպատակը մեր հիմնական ուղենիշն է, եւ դրանից շեղում չի կարող իրեն թոյլ տալ ոչ մի իշխանութիւն: Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանութիւնները երբեւէ ու որեւէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակ՝ մինչեւ մեր նպատակի իրականացում:
«3. Ոչ միայն կարգավիճակի, այլ նաեւ ժողովրդագրական առումով վերադարձ անցեալին չի կարող լինել: Ի՞նչ համատեղ բնակութեան մասին է խօսքը, եթէ Ադրբեջանը շարունակում է իր հասարակութեանը սնել հայատեացութեամբ եւ պատրաստել ոչ թէ խաղաղութեան, այլ՝ Արցախի հայաթափման: Իհարկէ, մենք կողմ ենք հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը եւ պատրաստ ենք այդ ուղղութեամբ ջանքեր գործադրել, սակայն մեր ժողովրդի կենսական իրաւունքները, շահերն ու պահանջմունքները սակարկելի չեն:
«4. Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը պէտք է վերականգնուի առնուազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակուել է Արցախի Հանրապետութիւնը: Ուստի, մեր բռնազաւթուած տարածքները պէտք է ապաբռնազաւթուեն եւ իրենց բնակիչները պէտք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ:
«5. Ինչ վերաբերում է Արցախի անվտանգութեանը, ապա մենք շարունակելու ենք մեր ջանքերը Պաշտպանութեան բանակի կարողութիւնների ամրացման ուղղութեամբ, իսկ ՌԴ խաղաղապահ զօրակազմը պէտք է մնայ Արցախում կայուն ու անժամկէտ կերպով՝ մինչեւ հակամարտութեան վերջնական ու արդարացի կարգաւորումը եւ անվտանգութեան միջազգային լրացուցիչ երաշխիքների տրամադրումը:
«6. Չանդրադառնալով անցեալում բանակցային գործընթացի մանրամասներին՝ պարզապէս պէտք է արձանագրել, որ հիմա պահը շատ աւելի պատասխանատու ու վճռական է, քան՝ երբեւէ: Հետեւաբար, իրաւունք չունենք սխալներ թոյլ տալու, այլապէս այդ սխալները կարող են ճակատագրական լինել Արցախի ու Մայր Հայաստանի համար:
«7. Եթէ որեւէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտաւոր է հաշուի նստել արցախահայութեան կամքի ու նպատակների հետ, այլապէս՝ պէտք է պարզապէս չխանգարել:
«8. Բոլոր իշխանութիւնները ժամանակաւոր են, սակայն մեր նպատակներն ու դիրքորոշումները պէտք է պահպանուեն ամուր ու անշեղ կերպով: Մեր ազգային արժէքների ու նպատակների շուրջ միասնականութիւնը կարեւոր է, իսկ, ինչպէս նշեցի, ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում իւրաքանչիւր հայի ու իշխանութեան ուղենիշը պէտք է լինի արցախահայութեան կամքն ու նպատակները:
«Արցախը հազարամեակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական, եւ արցախահայութիւնն ունի բաւարար կամք ու ռազմավարական համբերութիւն այդ պայքարը շարունակելու: Անկախ որեւէ մէկի կամքից ու կարծիքից, վստահ եմ, արցախահայութիւնը շարունակելու է իր արդար պայքարը յանուն Արցախի անկախութեան միջազգային ճանաչման եւ Հայրենիքի պաշտպանութեան», կ՛ըսուի նախագահ Արայիկ Յարութիւնեանի յայտարարութեան մէջ:
Արցախի Ազգային ժողովը եւս հակադարձեց Փաշինեանին՝ հրապարակելով հետեւեալ յայտարարութիւնը.
«Ղարաբաղեան հիմնախնդրի տարեգրութեան ողջ ընթացքում պարբերաբար շրջանառւում են հիմնախնդրի էութիւնը խեղաթիւրող եւ նենգափոխող յայտարարութիւններ, որոնք բարդացնում ու խճճում են հակամարտութեան համապարփակ եւ վերջնական կարգաւորման գործընթացը: Անթոյլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների կողմից Արցախի սուբյեկտայնութիւնը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նուազեցնող ցանկացած յայտարարութիւն: Տարակուսելի է, որ վերջին նման յայտարարութիւնը հնչել է Հայաստանի Հանրապետութեան վարչապետի կողմից՝ Դեկտեմբերի 24ին ԶԼՄների եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հարցերին պատասխանելու ընթացքում:
«Արցախի ճակատագիրը որեւէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել եւ չի լինելու: Արտայայտելով Արցախի Հանրապետութեան հանրային եւ քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը՝ մեր անհամաձայնութիւնն ու վրդովմունքն ենք յայտնում հարցազրոյցի ընթացքում հնչած մի շարք վնասակար եւ վտանգաւոր ձեւակերպումների ու գաղափարների առթիւ:
«Մտահոգութիւն է առաջացնում այն փաստը, որ 1988 թ. ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղեան շարժման արդիւնքների ֆոնին հնչեցւում են ձեւակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում 1991 թուականի Սեպտեմբերի 2ին հռչակուած եւ միջազգային իրաւունքի նորմերին լիովին համապատասխան ձեւաւորուած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան գոյութիւնը եւ նրա տեւական պայքարը միջազգային ճանաչման հասնելու ուղղութեամբ:
«Նախորդ տարիների բանակցային գործընթացում հայկական կողմերի իրաւական եւ քաղաքական հիմքերը եւ մեր ազգային շահերի պաշտպանութիւնն այդ համատեքստում որեւէ հակասութեան մէջ չէր մտնում միջազգային կառոյցների եւ միջնորդների ներկայացրած դիրքորոշումների հետ:
«Այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը երբեք չի անտեսուել միջնորդների կողմից նախկինում ներկայացուած առաջարկութիւններում, հաստատւում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տրուած պարզաբանումներում:
«Բանակցային գործընթացում տարբեր տարիների քննարկուած աշխատանքային տարբերակների եւ բանակցային ձեւաչափի հնարաւոր փոփոխման մասին շահարկումները մտահոգիչ եւ վտանգաւոր են:
«Անընդունելի ենք համարում Արցախի հայկականութիւնը կասկածի տակ դնող եւ հնարաւոր օտար տարրերի ներկայութեան կարեւորութիւնը ընդգծող յայտարարութիւնները, որոնք մերժելի ու պարսաւելի են Արցախի ազատութեան եւ անկախութեան համար իրենց կեանքը զոհաբերած հազարաւոր հայորդիների յիշատակի դիմաց:
«Գլուխ խոնարհելով արցախեան գոյապայքարի բոլոր նահատակների առջեւ, միաժամանակ երախտագիտութիւն ենք յայտնում համայն հայութեանը, մասնաւորապէս ՀՀ մեր հայրենակիցներին՝ Արցախի կողքին կանգնելու, նրա տառապանքներն ու զրկանքները միասին կիսելու համար:
«Հայկական երկու հանրապետութիւնների եղբայրական փոխյարաբերութիւնների հիմքում տարիներ շարունակ անխափան գործել է դեռեւս 1992թ. Յուլիսի 8ին Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի ընդունած որոշումը, որը յստակ սահմանել է միջազգային հանրութեան լիիրաւ անդամ Հայաստանի Հանրապետութեան վերաբերմունքը միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետութեան նկատմամբ: Այդ որոշմամբ Հայաստանը պարտաւորւում է «հետեւողականօրէն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը եւ նրա բնակչութեան իրաւունքների պաշտպանութեանը»: Սահմանւում է նաեւ, որ «Հայաստանի Հանրապետութեան համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը նշուած կը լինի Ադրբեջանի կազմում»: Այս բանաձեւն արդիական է նաեւ այսօր:
«Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը, վերահաստատելով Արցախի ժողովրդի եւ իշխանութիւնների դիրքորոշումը Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ անկախութեան հարցում, յայտարարում է՝ անընդունելի է առանց Արցախի իշխանութիւնների տեսակէտը հաշուի առնելու դիրքորոշում յայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրաւասութիւն ունեն միայն Արցախի Հանրապետութեան քաղաքացիների կողմից ընտրութիւնների միջոցով ձեւաւորուած իշխանութիւնները»:
Այս մասին արտայայտուեցաւ նաեւ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարեան՝ «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրելով հետեւեալը.
«Որեւէ մէկը կասկած ունի՞, որ արցախահայութիւնը շարունակում եւ շարունակելու է իր պայքարը յանուն Արցախի հայկական ապագայի, անկախութեան միջազգային ճանաչման եւ, վերջիվերջոյ, Մայր Հայաստանի հետ միացման:
«Իւրաքանչիւր հայի համար արցախահայութեան կամքն ու ձգտումները պէտք է լինեն անձեռնմխելի եւ հիմք հայրենիքին աջակցելու մղումներում ու ջանքերում: Արցախին առնչուող գործողութիւններն ու քննարկումները պէտք է ունենան յստակ ու ազգային շահերի հիման վրայ ձեւաւորուած նպատակներ, սկզբունքներ ու կարմիր գծեր՝ վեր ցանկացած տիպի նեղ ու կարճաժամկէտ շահերից, այդ թւում՝ ներքաղաքական: Եւ սա վերաբերում է թէ՛ արցախեան, թէ՛ հայաստանեան եւ թէ սփիւռքեան քաղաքական ուժերին ու գործիչներին՝ ինձնից սկսած:
«ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ՀԱՅ, ՈՎ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՊԷՏՔ Է ՄՆԱՅ ՀԱՅԿԱԿԱՆ, ՈՒՆԻ ԱՆԵԼԻՔ, ԵՒ ԴԱ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՉՎՆԱՍԵԼՆ Է, ՅԵՏՈՅ»: