«Այնքան է անկախութիւնը, որքան մեզ թոյլ են տալիս»:
Հայկական
Ռուբէն Յովակիմեան

«Ազատ-անկախ-Հայաստան»: Ո՞վ չի երազել, դարերից ի վեր, իր իմացականութեան եւ ունակութեան համեմատ՝ առանց տարիքի, դիրքի եւ կենսակիր պայմանների պահանջին եւ այսօր շատերն են յիշում 90ականների բերկրաթմբիրը՝ երբ ամէն մարդ իւրովի էր պատկերացնում մեր աւետեալ երկրի ապագայ հայեցի վերակառուցումը:
Այդ օրերի պատմականը չէ, որ պիտի անեմ, միայն թէ չեմ կարողանում հարց չտալ, թէ ի՞նչ ունեցանք մեր մեծ եւ փոքր երազանքներից․ անկեղծ լինելով ասեմ, որ չնչին է ձեռք բերածը եւ բազում կորուստը՝ իմա կորուստները: Աւա՜ղ:
Երկնային էր պահը՝ վերականգնելու եւ մեր նուազագոյն ունեցածի վրայ կերտել ա՛յլ, մեր ճաշակով եւ մեր քիմքին յարմար հասարակութիւն, բայց ցաւօք բացակայ էր հայ հանրային իմաստութիւնը եւ բանականութիւնը՝ երբ ներս խուժեցին ինչ որ արկածախնդիր աւազակախմբեր, որոնց հիմնական նպատակը իշխանութեան հետ երկրի ամէն բարիքներին տիրանալն էր. ունեցանք այն ինչ առկայ է երեք տասնամեակ եւ աղքատ համարուող երկրում ծնուեցին միլիարդատէրեր, իրենց շքեղ ապարանքներով: Այս է մերկ իրականութիւնը՝ ցաւօք, բայց առաւել ցաւալի է, երբ այդ «կլանային» խմբերը գտնում են համակիրներ՝ մինչեւ իսկ մտաւորականութեան ու լայն հասարակութեան շրջանում եւ նրանց գողօնի վերադարձը համարում քաղաքական ճնշում: Ողբալի է․․․
Տարօրինա՞կ, թէ զարմանալի՞ խմբաւորում է հայութիւնը: Ներողամիտ լեր, սիրելի ընթերցող, բայց չեմ գտնում յարմար պատասխան այդ հարցին, որովհետեւ անհնար է հաշտուել այն պարզ մտքի հետ, որ տասնամեակներ, իմա՝ դարերի ընթացքին ուրիշ ազգերին որպէս պարարտանիւթ ենք եղել, բայց մեր երկրում բացակայ են պետական մտածողութիւն ունեցող անձինք: Տարբեր թեքումներով համալսարաններ են բացել, բայց ճիշd հայերէն խօսող չկայ երկրում՝ խորհրդարանի հարթակը եւ վարչապետը իր կազմով ներառեալ, մինչ մի քանի անդամով կուսակցութիւնները մի քանի տասնեակ են եւ ամէնից յուզիչը, որ գաղափարախօսութիւնից զուրկ են եւ որեւէ ասելիք չունեն, փոխարէնը դաշինքներ կազմելով, արդէն մոռացել են, թէ սահմանի ո՞ր կողմն է գտնուում թշնամին եւ բուռն պայքարի մէջ են մտել օրինական հայրենի պետութեան դէմ՝ փոխանակ հայրենաշինութեան լուծը ձեռք առնելու, որքան որ երկրի ղեկավարը կատարեալ կամ իրենց սրտով չէ:
Կարելի է՞ արդեօք իմաստալի եւ տրամաբանական անուն տալ արդի «ընդդիմադիր» յորջորջուող խեղկատակ պայքարին, որ տեղի է ունենում Երեւանի փողոցներում՝ զանց չառնելով խորհրդարանում եղած անվայել վիճակը, իսկ երիցս ցաւալի եւ անընդունելի է, որ այդ երեւոյթը քանդակողների մի զգալի մասը մի քանի տեսակ քրէական խախտումների բերումով գտնւում է քննչական մարմինների ուշադրութեան կենտրոնում եւ քանի դեռ դատարանը իր խօսքը չի ասել՝ բարոյականը յարգելով նախընտրելի է անուններ չտանք:
Չեմ կարծում եւ չեմ ցանկանայ երբեւէ հաւատալ, որ մեր երկիրը բնակեցուած է միայն մեծաբերան խարդախներով,− ոչ եւ ոչ, միայն թէ բարեկիրթ մեծամասնութիւնը անհասկանալի պատճառներով մնում է միւսների ստուերի ներքոյ՝ լռին քաշելով առօրեայ դժուարութիւնները: Դեռ ամէն ինչ կորած չէ, եւ մենք պիտի կարողանանք դիմակայել մեր վերելքին խանգարող տարատեսակ հանգամանքներին, թերեւս եթէ հնարաւոր է համարձակութիւն ունենալ ընդօրինակելու հեռաւոր կամ մօտ երկրներին, ինչպիսին են բալթեան երեք նախկին խորհրդային հանրապետութիւնները կամ ինչո՞ւ չէ եւրոպական Բելգիան, Լիւքսեմբուրգը եւ վերջապէս նաեւ Սինգապուրը, որ ընդամէնը Արցախի չափ է:
Արտառոց ոչինչ չեմ գտնում, երբ միջազգային գիտական մրցումներին մասնակցելով հայ պատանիները վերադառնում են տուն՝ յաճախ ոսկէ շքանշաններով, որ ապացոյց է ազգին յատուկ ներուժի ներկայութեան, բայց ցաւօք այդ ընթացքը ինչ որ տեղ արգելակւում է եւ անյայտ է թէ շարունակութիւնը ո՞ւր է հասնում: Այս է մեր պապերից ժառանգած քարիւղի պաշարը եւ մեր իշխանաւորները ինչ գոյնի եւ սկզբունքի, որ պատկանեն խնամքով եւ գուրգուրանքով պիտի փայփայեն այն եւ գաղտնիք չէ որ հայազգի անուանի մասնագէտներ բազում են աշխարհի տարբեր երկրներում, բայց բացակայ են կամ անշուք են սեփական տանը:
Հայրենաբնակներից ոմանք կարծում են, թէ միայն մեր երկիրն է անլուծելի հարցերի կծիկ՝ յաճախ հրապուրուելով տարբեր երկրների խաբուսիկ փայլով, որ միայն վարպետօրէն սարքուած շպար է, արտագաղթի ախտով վարակուելով լքում են իրենց օրրանն ու ունեցածը եւ արտերկրում լաւ կամ վատ տեղաւորուելով՝ նոր ըմբռնում են, որ շատ բան չի փոխուել եւ անլուծելի խնդիրները միշտ առկայ են միայն թէ նրանց տեսականին է փոխուել եւ այդ օրուանից սկսում են հայրենասիրական զգացումների հետ բախուել։ Անշուշտ բացառութիւնները յարգելի են:
Չգիտեմ, թէ ինչպէ՞ս եւ ի՞նչ ճանապարհով, բայց մեր հաւաքականութիւնը նոր վերածնունդի կարիք ունի, որի առանցքային դրդապատճառներից մէկը պիտի լինի Արցախի կարգավիճակի յստակեցումը, որի հետ նաեւ դրացի երկրների հետ հաշտ ու համերաշխ յարաբերութիւնների հաստատում, որի լուծումը կապուած է մեր միաւորուած բանականութեան եւ անհերքելի ուժեղանալու հետ:
Առաջիկայ տարեվերջի տօների առիթով մաղթենք մեր ընթերցողին բազմատեսակ բարիքներ:
Դեկտեմբեր 25, 2021
Սեն Ռաֆայէլ