ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

«Մարդիկ, որոնք չափազանց շատ են խրախճանքներ ճաշակում՝ անխուսափելիօրէն բթանում են»
Բալզակ
Մարդկութիւնը անյիշելի ժամանակներից ի վեր սիրել է խրախճանքն ու տօնակատարութիւնները՝ հուսկ ստեղծել է տարբեր առիթների համեմատ՝ յաւուր պատշաճի բովանդակութեամբ կրօնական զոհաբերութեան ծէսեր ու աւանդութիւններ եւ դա տարածուած է եղել աշխարհի չորս ծագերում: Մենք եւս միւսներից տարբեր չենք եղել եւ մեր ճաշակի եւ պահանջի համեմատ ունեցել ենք մեր տօների տոմարը:
Հեթանոսական ժամանակաշրջանից յայտնի եւ տարածուած էր Նաւասարդի տօնը, այն համազգային բնոյթի էր եւ տօնում էին արդի օրացոյցի 11 Օգոստոսին, որ հայկական տոմարի առաջին ամիսն էր եւ որով սկսում էր նոր տարին: Այդ օրերին խրախճանքի հետ մէկտեղ լինում էին նաեւ տարբեր տեսակի խաղեր եւ մարզական մրցումներ, մանաւանդ՝ ձիարշաւ եւ նետաձգութիւն, նաեւ ըմբշամարտ, որ մինչ օրս անուանում են հայկական կոխ: Տեղին է յիշել հռոմէական մարզադաշտում տեղի ունեցող ստրուկների մարտերը իրար եւ վայրի կենդանիների դէմ, երբ յաղթողը ազատուում էր իր ստրուկի վիճակից եւ կարծեմ շատերին յայտնի է Սպարտակի դէպքը: Հռոմի կենտրոնում մինչ այսօր կանգուն է գլադիատորների մրցադաշտը՝ Կոլիզէյը:
Այդ ժամանակներից մնացել է կայսերական մի սկզբունք, թէ «Երկիրը առանց դժուարութեան ղեկավարելու համար մատուցիր ժողովրդին հաց, խաղ եւ հանդէս» (spectacle, թամաշայ): Իմ կարծիքով այդ իմաստութիւնը սկզբունքով մնում է տիրակալ նաեւ մեր օրերին տարբեր անուններով՝ ֆութպոլ, թենիս, Ողիմպիական խաղեր, ռոք համերգներ արագընթաց մեքենաների վազքի մրցումներ եւ բազում այլք, որոնց համար յատուկ բազմահազար տեղով մարզադաշտեր եւ հրապարակներ են կառուցուած աշխարհով մէկ, իսկ այդ բոլորի կողքին չմոռանանք յունական մարաթոնեան վազքը: Աւելորդ չեմ համարում, նշել, որ այդ միջոցառումները ոչ միայն հանդարտեցնում են ամբոխի կրքերը այլ նաեւ մեծ եկամուտների աղբիւր են եւ ոչ ոքի համար զարմանալի չէ, որ հազարապատիկ աւելի է վաստակում այսօր եւս ֆութպոլ խաղացողը քան որեւէ կարգի ճարտարագէտ կամ գիտնական:
Կարելի է եզրակացնել, որ ժամանակին պետական այրերը, թերեւս համալսարաններ չէին աւարտած, բայց հոգեւոր դասի հետ միասին տիրապետում էին մարդկանց ուղղորդելու արուեստին, ծանօթ էին ամբոխի հոգեբանութեանը եւ նրա ուղեղի լուացման կերպը՝ վստահօրէն, այդ էր նրանց գոյատեւելու միակ ճանապարհը:
Նոյնը չէ՞ այսօր, երբ աշխարհով մէկ «ջինս» տեսակի տաբատը, «բոթաս» անունով կօշիկը դարձել է համազգեստ բոլորի համար՝ այր թէ կին, ահել թէ ջահել, գէր թէ նիհար? չմոռանանք նաեւ դաջուածքը:
Քրիստոնէութեան հաստատումից յետոյ շատ բան փոխուեց ի սփիւռս աշխարհի, մարդկանց կենցաղի եւ մտայնութեան բնագաւառում: Այդ կրօնին յարողները սկիզբ դրեցին նոր թուարկութեան, որ նախկինից տարբեր էր եւ տարեսկիզբը Յունուարի մէկին էր, բայց կաթոլիկ աշխարհում՝ մեզ անհասանելի եւ խորթ տրամաբանութեամբ կաղանդը տօնուում է Դեկտեմբերին: Նաւասարդը գրեթէ մոռացութեան մատնուեց եւ փոխարէնը բազում նոր տօներ ծնունդ առան, որոնցից կարեւոր տեղ է գրաւում Զատիկը: Իր էութեամբ եւ բնոյթով այն հրէական հեթանոս տօն էր ի յիշատակ նրանց եգիպտացիների ծառայութիւնից դուրս գալուն եւ Կարմիր ծովն անցնելուն, բայց նոր դարի սկզբից այն համարուում է Յիսուսի Յարութեան օրը՝ հետեւաբար զուտ քրիստոնէական տօն, որին յաջորդում են մեծ պասը եւ բարեկենդանը: Մեծ պասին նախորդող շաբթուայ օրերին են տօնում Բարեկենդանը, որի ընթացքին մարդիկ զբաղուում են շատակեր որկրամոլութեամբ:
Այսուհանդերձ տարուան կարեւորագոյն տօնը մնում է Ամանորը, Կաղանդի հետ մէկտեղ, երբ մարդիկ լիակատար խրուում են տօնական տրամադրութեան ոլորտը, իրար այցելելով եւ ամէն տեսակի մաղթանքներով եւ յաճախ նուէրներով շնորհաւորում են նոր տարուան գալուստը: Ներկայ պայմաններում հայերը ամանորը նշում են ջանասիրութեամբ եւ շքեղ զարդարուած սեղանի շուրջը՝ Հայաստանում թէ Սփիւռքում, անշուշտ իւրաքանչիւրը իր հնարաւորութեան համեմատ եւ կարելի է ասել, որ աւանդութեան խիստ կարեւոր մաս է կազմում ազգականներին եւ մտերիմներին տարին շնորհաւորելու պարտադիր քայլը՝ այցելութիւնով, գրաւոր կամ հեռաձայնով: Ստորեւ, որպէս օրինակ, մեծն Թումանեանի գրած շնորհաւորական նամակը ծնողներին՝ իր Թիֆլիսում ուսանած տարին?
Շնորհաւոր նոր տարի,
Ախ թէ թեւեր առնէի,
Կը թռչէի ես ձեզ մօտ
Տարին անէի շնորհաւոր
Բայց ես զուրկ եմ թեւերից ու
Ստիպուած եմ շատ հեռուից
Տողերով այս անտաղանդ
Շնորհաւորել ձեր ԿԱՂԱՆԴ
Այսու, մենք եւս, 2022ի շեմը հատելու եւ Ծննդեան տօների առիթով, մեր բարի մաղթանքներն ուղղենք Հայաստանի, Արցախի եւ համայն հայութեան՝ ի սփիւռս աշխարհի, ցանկանալով ամենայն բարիքներ եւ մանաւանդ խաղաղութիւն մեր սահմաններին եւ երկրում տիրող քաղաքական միջավայրում, իսկ մեր անմեղ հերոսների յիշատակն օրհնեալ լինի: Յաւէրժ խնկարկում եւ անդորր նրանց հոգիներին:
23/12/2021
Սեն Ռաֆայէլ