Սառը եղանակին հաճելի է տաքացնող ըմպելիքներ վայելել, յատկապէս, որ դրանք բուժիչ յատկութիւններ ունեն եւ կարող են կանխարգելել բազմաթիւ հիւանդութիւններ: Այս թէյերի արդիւնաւէտութիւնը փորձարկել են դեռեւս մեր տատիկները: Դեղամիջոցներին դիմելուց առաջ յիշենք այս ըմպելիքների մասին եւ վայելէք ձեր տաք երեկոն:
Տաք կաթի եւ հանքային ջրի խառնուրդը յատկապէս օգտակար է հազի դէպքում, քանի որ այն նպաստում է խորխի արտանետմանը:
Չիչխանի (buckthorn) նօսրացուած օշարակը օգնում է վերին շնչուղիների բորբոքային հիւանդութիւնների դէպքում: Չիչխանը լուծել ոչ շատ տաք ջրի մէջ եւ թողնել, որ մի փոքր սառչի: Խմելուց առաջ կարող էք կիտրոնի հիւթ աւելացնել:
Մասուրը վիտամին (կենսանիւթ) C-ի հիանալի աղբիւր է: Այն նաեւ ունի միզամուղ ազդեցութիւն: Ըմպելիքը պատրաստելու համար մանրացնել 3 ճ.գ. մասուրը, աւելացնել 0․5 լիտր եռման ջուր, փաթաթել տաք սրբիչով (ջերմութիւնը երկար պահպանելու համար), թողնել գիշերը եւ օգտագործել առաւօտեան: Խմելուց առաջ կարելի է մեղր կամ կարմիր գինի աւելացնել:
Չորացրած մրգերի կոմպոտի համը մեզ իսկապէս դէպի մանկութիւն կը տանի: 100 գ․ չրերը դասաւորել, խոշոր մրգերը մանր կտրատել: Բոլոր չորացրած մրգերը լուանալ տաք ջրով: Մրգերը լուանալ եփել 30 րոպէ: Սկզբում եփել աւելի կոշտ, ապա աւելի փափուկ մրգերը, խմելուց առաջ կարելի է կիտրոնի կամ նարնջի հիւթ աւելացնել:
Կոճապղպեղով եւ կիտրոնով թէյը կը ջերմացնի եւ կը պաշտպանի մրսածութիւնից: 1 բաժակ տաք ջուրը խառնել 1 թ․գ. մեղր, 1 ճ.գ. կիտրոնի հիւթ, 0․5 ճ.գ. մանրացուած կոճապղպեղի արմատ եւ մի պտղունց դարչին: Թէյի մէջ կարող էք աւելացնել անանուխի չոր կամ թարմ տերեւներ:
Տաքեցրած գինին հիանալի միջոց է մրսածութեան դէմ եւ պարզապէս համեղ, առողջարար եւ ջերմացնող ըմպելիք: Ձեզ անհրաժեշտ կը լինի 1․5 շիշ չոր կարմիր գինի, նարինջ, 5 հատիկ մեխակ, 0․25 թ.գ. մշկընկոյզ (nutmeg) 0․5 թ.գ. աղացած դարչին, 1 ճ.գ. կոճապղպեղի փոշի, 2-3 ճ.գ. շաքարաւազը: Սկզբում խառնել համեմունքները, աւելացնել 100 մ․լ․ ջուր, եռացնել, թողնել սառչի, այնուհետեւ աւելացնել նարինջը, շաքարաւազը եւ գինին: Խառնուրդը տաքացրէք, բայց մի եռացրէք: Մատուցել տաք վիճակում: Աւելի լաւ է խմել գիշերը, քանի որ հանգստացնող եւ քնաբեր յատկութիւն ունի: