
Միջին հաշուարկով, մարդը համացանցում ամէն օր ծախսում է 6 ժամ 43 րոպէ: Ընդ որում, «Ֆեյսբուկ»ը մնում է թիւ մէկ սոցիալական մեդիա (ընկերային լրատուական) հարթակը:
Եւ այս ցուցանիշներն անշեղօրէն աճում են ամէն տարի` պայմանաւորուած աշխարհով մէկ սմարթֆոնների («խելացի» հեռաձայն) եւ շարժական սարքերի տարածմամբ:
Այնուամենայնիւ, սոցիալական մեդիայի օգտագործումն ունի առողջութեան հետ կապուած բացասական հետեւանքներ:
Օրինակ, ապացուցուած է, որ սոցիալական մեդիայի օգտագործումը կապուած է քնի որակի հետ, ընդ որում, այն ոչ միայն կրճատում է քնի տեւողութիւնը (գիշերային քնի ժամը), այլեւ` վատթարացնում քնի որակը: Շեշտենք նաեւ, որ Միացեալ Նահանգների բնակչութեան գրեթէ կէսը չի հետեւում 7-9 ժամ գիշերային քնին:
Այլ պատճառների հետ մէկտեղ, սոցիալական մեդիայի օգտագործումը կարող է ոչ միայն կրճատել գիշերային քնին յատկացուող ժամանակը, այլեւ անուղղակիօրէն խանգարել քնին, քանի որ նպաստում է մարդու յուզական, ճանաչողական եւ հոգեբանական դրդմանը, հետեւաբար` չի թողնում, որ ուղեղը հանգստանայ եւ պատրաստուի քուն մտնելուն:
Քնի խանգարումը մի վիճակ է, երբ դուք գիշերները չէք կարողանում հանգիստ քնել, ձեր ուղեղը եւ մարմինը չեն հանգստանում, որն էլ անդրադառնում է ձեր ցերեկային առօրեայ կեանքի վրայ` առաջացնելով քնոտութիւն, ընդհանուր յոգնածութեան զգացում, մտաւոր եւ ֆիզիկական գործունէութեան թուլացում, ուշադրութիւնը կենտրոնացնելու թուլացում եւ այլն:
Քնի պակասը կարող է բարձրացնել լուրջ հիւանդութիւնների զարգացման հաւանականութիւնը, օրինակ` սրտի հիւանդութիւն, արեան բարձր ճնշում կամ շաքարախտ: