Կեանքի Եւ Մահուան Առջեւ
ՀԱՍԱՆ ՂԱԼԱՅԻ ԲԱՆՏՈՒՄ
Պաղ քամի էր փչում Տեւէ Պոյնուից: Ես, ամառուայ թեթեւ հագուստով, դողում էի ցրտից:

(…)
Կառքը սուրում էր ամայի փողոցներով, Կարսի դրան ուղղութեամբ: Ձիաւոր ոստիկանները շրջապատել էին մեզ, հրացանը ձեռներին, ամէն վայրկեան պատրաստ հակահարուած տալու թշնամուն: Առաջին անգամը չէր, որ տեսնում էի թուրք ոստիկանի այսպիսի «լոպբազ»ութիւնը – քաջ, երբ վտանգ չկայ, նապաստակի պէս վախկոտ թշնամու առաջ: Կառապանի մօտ նստած «չաւուշ»ը շուտ-շուտ շուրջն էր նայում, չխչխկացնում էր ձեռքի հրացանը եւ ինչ որ հրամաններ արձակում ձիաւորներին:
Հանդիսաւոր ու զաւեշտական պիտի լինէր մեր շքերթը, եթէ չլինէր ողբերգական: Մանաւանդ, խղճալի էր պրն. Ապուլեանի վիճակը: Նա բոլորովին ընկճուած էր: Կծկուած վերարկուի տակ, երեւի նոյնպէս դողում էր ցրտից եւ մերթ ընդ մերթ անորոշ բաներ մրմնջում: Մէկ էլ դարձաւ ինձ.
– Հրամանքդ ո՞վ էք. կարելի՞ է իմանալ ձեր անունը
Յուզումից թէ կարճատեսութիւնից չէր ճանաչել ինձ:
– Վրացեա՛ն, պատասխանեցի ես ներքին խնդուքով:
– Վա՛խ, տէր Աստուած, աս ալ պիտի գար գլուխս, բացագանչեց նա՝ շուարած:
– Ի՞նչ կայ որ, ծիծաղեցի ես. մի՛ անհանգստանաք. անցեալը՝ մոռցուկ, լաւ ճամբորդութիւն կ՛ունենանք:
Եւ իսկապէս, անցեալը շատ շուտով մոռացուեց: Մի քանի րոպէում մենք արդէն հաշտուել էինք ու լաւ բարեկամներ դարձանք: Նեղութիւնը մարդկանց ե՛ւ մօտեցնում է, ե՛ւ հեռացնում՝ նայելով իրենց բնաւորութեան: Ապուլեանը առաջիններից էր: Մեր ճամբորդութեան ամբողջ տեւողութեան ընթացքին նա մարդկային նկարագրի այնպիսի բարձր, կարող եմ ասել, ազնուական գծեր երեւան բերեց, որ ես անկեղծ ցաւ զգացի, որ, ակամայ, վշտացրել էի նրան եւ աւելի առաջ չէի կարողացել վայելել նրա մտերմութիւնը: Լայն զարգացման տէր, ուսեալ, լրջախոհ, բարեմիտ, ընկերական մարդ էր՝ նուիրուած հայ ժողովրդին ու հայ մշակոյթին, լաւատեղեակ՝ հայոց անցեալին ու ներկայ իրականութեան: Հաճելի էր նրա հետ զրուցելը. ամէն նիւթի մասին կարող էր խօսել հետաքրքրութեամբ: Արտաքնապէս մի քիչ չոր եւ ինքն իր մէջ ամփոփուած, երբ բացւում էր, կարծես, մտաւորական ու հոգեկան ջերմութիւն էր ճառագայթում: Մեր յուզումնալից ճամբորդութիւնը տանելի դարձաւ միայն մեր մտերիմ զրոյցների շնորհիւ, որոնք բարոյական կորով էին ներշնչում մեզ: Ցաւում եմ, որ ժամանակին գրի չառի նրա պատմածները – երեսուն տարիների բովանդակալից կեանքը Սանասարեան վարժարանի եւ Կարնոյ հայ հասարակութեան: Աւելի ցաւալի, որ ինքը գրի չէր առել իր յուշերը, որոնք պիտի ճոխացնէին մեր հասարակական կեանքի յուշագրութիւնը:
Եւ միայն Ապուլեա՞նը: Քանի՜-քանի իրական արժէքներ, մեծ մտքի եւ մեծ սրտի տէր ազգային դէմքեր անգնահատելի ծառայութիւն են մատուցել հայ ժողովրդին, բայց մնացել են անյայտութեան մէջ, չեն արժանացել իսկական գնահատութեան ու յարգանքի: Ոմանք այն պատճառով, որ չափազանց համեստ են եղել եւ իրենց պահել են ստուերի մէջ: Ոմանք՝ որովհետեւ կուսակցութեան չեն պատկանել եւ կուսակցական միջոցներով չի յայտնաբերուել նրանց արժանիքը: Ոմանք էլ՝ մեր անփութութեան հետեւանքով…
Վաղուց արդէն կտրել էինք Տեւէ Պոյնուի բարձունքները: Անցնում էինք արագ դէպի Հասան Ղալա: Արեւը ծագել էր եւ ճոխ ճառագայթներով ծածկել ճանապարհը, դաշտ ու բլուր: Սակաւ պատահող գիւղերից ծուխ էր բարձրանում երկինք: Բնութիւնը կենսուրախ խրախճանքի մէջ էր: Մերթ ընդ մերթ հանդիպում էին ձիաւոր զինուորներ, որոնք տեսնելով մեր շքերթը՝ բարեւի էին բռնում, անշուշտ, երեւելի մեծաւորների տեղ դնելով մեզ: Ապուլեանը միշտ յարգանքով պատասխանում էր նրանց բարեւին:
Հասան Ղալայում մեզ տարին ուղղակի «միւտիւրլըկ» —գաւառապետարան: Դեռ պաշտօնէութիւն չկար: Մէկ-երկու ոստիկաններ շտապելով՝ մեծարանքներով դիմաւորեցին մեզ եւ առաջնորդեցին հիւրասրահը, ու.
– Պույուրո՛ւն, հրաւիրեցին, որ նստենք բազմոցի վրայ:
«Ղահֆէ», պոռաց մէկը:
Պրն. Ապուլեանը տեղաւորուեց գորգերի վրայ ու հանգիստ շունչ քաշեց: Ես խոհեմութեամբ մնացի ոտքի վրայ. ո՞վ գիտէ՝ ինչեր կարող են պատահել
Եւ, յիրաւի, մի քանի վայրկեան չանցած, նոյն ոստիկանները եկան, թէ՝
– Հայտէ՛, ելէ՛ք:
Էլ «պույուրուն» չկար, ոչ էլ յարգալից խոնարհութիւններ: Մեզ առաջնորդեցին մի ընդարձակ, ախոռի նմանող շէնք – ժանտարմների «ղովուշ»ը (մեծ սենեակը): Բայց այստեղ էլ երկար չպահեցին, տարին մի տեղ, որ, ինչպէս շուտով պարզուեց, Հասան Ղալայի բանտն էր:
Բանտի դրան առջեւ մեզ դիմաւորեց մի զարմանալի տեսքով ծերունի: Բարձրահասակ, նրբակազմ, ձիւնի պէս ճերմակ սիրուն մօրուքով ու զմրուխտի նման վճիտ աչքերով մի մարդ – իսկական Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի պատկերը: Մի պահ հիացումով դիտեցի բնութեան այս գեղեցիկ կերտուածքը: Պարզուեց, որ այս հրեշտակապետը բանտապետն է: Շուտով պիտի համոզուէինք, նաեւ, որ հրեշտակ չէր, այլ գերադրական աստիճանի սադայէլապետ: Ստոր եւ դաժան մարդիկ ես շատ եմ տեսել, բայց Հասան Ղալայի հռչակաւոր բանտապետ Հասան աղայի նման մի հրէշի ոչ մի տեղ չեմ հանդիպել:
Հասան աղան մեզ դիմաւորեց լայն ժպիտով ու խոնարհ բարեւով: Կարծես, թանկագին հիւրերի էր սպասում եւ երջանիկ էր տեսնելու նրանց: Հոգ տարաւ մեզ տեղաւորելու եւ կարգադրեց, որ գրաւենք բակի վրայ նայող իր լուսաւոր սենեակը: Ինքը քիչ էր լինում սենեակում, եւ մենք հանգիստ կը մնայինք: Բնաւ պէտք չէ մտածէինք, ինքը մեզ գոհ պիտի թողնէր: Մեզ նման յարգելի անձանց թոյլ կը տա՞ր նեղութիւն քաշելու…
Պրն. Ապուլեանը ուրախ էր: Աս ի՜նչ պատուական մարդ է: Նրան Աստուած ղրկեց մեզ:
Մեր ուտելիքի մասին էլ հոգ տարաւ Հասան աղան: Ի հարկէ, բանտի կերակուրը անյարմար էր մեզ պէս նրբաճաշակ էֆենտիներին: Ինքը կարող էր դրսից բերել տալ, եթէ ուզէինք: Մեծ բան չէր. մէկ-երկու մէճիտ բաւական կը լինէր:
Սակարկելու տեղը չէր, բնական է: Դրամը տուի, եւ տեղաւորուեցինք սենեակում: Ասենք՝ տեղաւորուելու էլ հարց չկար. ինչ որ ունէինք՝ մեր վրան էր: Պարզապէս տեղ գրաւեցինք թախտի վրայ պատուհանի առջեւ՝ պրն. Ապուլեանը՝ ծալապատիկ, ես՝ «ա լա ֆրանկա»: