ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- 30 տարի առաջ՝ 3 Մարտին, նորանկախ Հայաստանի օրուան նախագահին հրամանագիրով ստեղծուեցաւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Այս առիթով հիմնադրամը հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
«Այդ նշանակալի օրուանից ի վեր, հիմնադրամը գործեց ի նպաստ Հայաստանի եւ Արցախի բարօրութեան՝ իրականացնելով աւելի քան 1500 ծրագիր՝ առողջապահական, կրթական, ենթակառուցուածքների վերականգնման, բնակարանաշինութեան, համայնքների զարգացման եւ մի շարք այլ ոլորտներում:
«Վերջին 3 տասնամեակների ընթացքում, աշխարհի բոլոր անկիւններից 1.5 միլիոն նուիրատու աւելի քան 500 միլիոն դոլար ներդրում է կատարել Հայաստանում եւ Արցախում իրականացուող կարեւորագոյն ծրագրերում՝ սատարելով աւելի քան 800,000 շահառուի:
«Ողջ աշխարհի մեր գործընկերներն ու կամաւորները՝ համախմբելով իրենց ռեսուրսներն ու ջանքերը, անասելի աջակցութիւն են ցուցաբերել հիմնադրամի ծաւալած գործունէութեանը: Շատերը հիմնադրամի կողքին են առաջին օրուանից, եւ այսօր մենք նշում ենք նրանց 3 տասնամեակի նուիրումը:
«Շնորհակալութիւն ենք յայտնում ձեզնից իւրաքանչիւրին Հայաստանի, Արցախի ու համայն Սփիւռքի ժողովրդին այդչափ նուիրուելու ու աջակցելու համար:
«30 տարի առաջ սկսուեց «Հայաստան» հիմնադրամի մեծածաւալ գործունէութեան երկար ճանապարհը, սակայն այն դեռ երկար է ընթանալու: Մենք կարող ենք եւ պէտք է համախմբուենք ու այն անցնենք միասնաբար»: