
Ատրպատականի ազգային առաջնորդարանը տեղեկացնում է, թէ 23 Փետրուարին, իւրայատուկ առցանց բանախօսութիւն ներկայացրեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր արք. Չիֆթճեանը, նիւթ ունենալով «Ատրպատականի հայոց թեմի անցեալը, ներկան ու ապագան», հրաւէրով Գերմանիայում հաստատուած «Հայերէն Blog» կայքի վարչութեան։
Զրոյցին իրենց մասնակցութիւնը բերեցին հայ մտաւորականներ՝ հոգեւորական եւ աշխարհական գրողներ, բանասէրներ, մամուլի աշխատակիցներ, կրթական հիմնարկութիւնների պատասխանատուներ, հայերէնագիտական նիւթերի դասախօսներ, հայագիտական նիւթերի ուսանողներ եւ կայքէջի վարչութեան անդամներ, Հայաստանից, Յորդանանից, Թուրքիայից, Կանադայից, Միացեալ Նահանգներից, Գերմանիայից, Շուէյցարիայից եւ Շուեդիայից։
«Հայերէն Blog»ի հիմնադիր անդամներից Իշխան Չիֆթճեանի մուտքի խօսքով բացուած եթերազրոյցը, որի առաջին շուրջ կէս ժամը յատկացուեց սրբազան հօր բանախօսութեան։
Իշխան Չիֆթճեան ներկայացրեց պատմական Հայաստանի մաս կազմած Ատրպատականի աշխարհագրական տարածքը, եկեղեցական-ազգային թանձրացեալ յիշատակները՝ վանքերի, եկեղեցիների, ձեռագրերի եւ հայ գրականութեանը եւ ֆեդայական շարժմանը առնչուած դէմքերի եւ դէմքերի միջից, եւ ապա խօսքը տուեց առաջնորդին։
Սրբազանը իր շնորհակալութիւնը յայտնելով սոյն առիթի համար, որը աշխարհի տարբեր երկրներում բնակուող ազգային մշակոյթի գործիչների հանդիպումն էր թեմի անցեալ եւ ներկայ պատմութեան, ուրուագիծը պատկերեց թեմի դարաւոր կեանքի երկարաձիգ ճանապարհի։
Առաքելական դարաշրջանից Ատրպատականում բնակուող հեթանոս հայերի լուսաւորութեամբ սկսուած Քրիստոնէական դարաշրջանը նա առնչեց Ս. Թադէոս առաքեալի վանքի պատմութեան, որի պատերը իրար շաղախող ազգայնաշունչ ոգու արտայայտիչ մի քանի օրինակներ տուեց անցեալից։ Ապա, Իրանի հոգածու եւ բծախնդիր վերաբերման մասին խօսելով, ներկայացրեց թեմի պատմական վանքերի բարւոք վիճակը եւ մնայուն վերանորոգման ենթակայ լինելու յուսալի երեւոյթը։ Սրբազանը այս առիթով գնահատանքով արտայայտուեց Իրանի եկեղեցիների պահպանման պետական հիմնարկութեան տնօրէն դոկտ. Շերլի Աւետեանի գործունէութեան մասին, որը միշտ համախորհուրդ թեմակալ առաջնորդին, հայկական ճարտարապետութեան հաւատարիմ նախագծերով է իրականացնում վերանորոգման աշխատանքները։
Թեմի ներկայ փոքրաթիւ ժողովրդի գոյապահպանման կռուան հանդիսացող եկեղեցական, կրթական, մշակութային, մարդասիրական կառոյցներին եւ դրանց գործադրած մեծ ջանքերին անդրադառնալով, սրբազանը ներկայացրեց Թաւրիզում եւ Ուրմիայում հայ համայնքների գոյապայքարը։ Նա շեշտեց, որ իրանահայութեան արտագաղթի երեւոյթը նուազագոյն մակարդակով երեւում է Ատրպատականում։ Հայրենիքին սահմանակից լինելու բարեբախտութեան շրջագծում, առաջնորդը անդրադարձաւ Ատրպատականի «Հնագոյն Սփիւռք» լինելու իրողութեան, իր մտածումը ընդլայնելով եւ ասելով, որ տեղի հայութիւնը մի այլ վայրից չի տեղափոխուել, այլ դարուց դար եղել է Ատրպատականում։ Ներկայ հայաշատ քաղաքների հայութեան կազմութիւնը միայն նա բացատրեց թեմի այլ շրջաններից իրականացուած տեղափոխութիւններով, ինչպէս Ղարադաղից, Մարաղայից, Միանդաբից, իսկ Ուրմիոյ դէպքում՝ դրա շրջակայ գիւղերից, սակայն ամէն դէպքում դրանք բոլորը միեւնոյն՝ Ատրպատականի թեմի զաւակներ են։
Սրբազանը անդրադարձաւ իր հեղինակած բանասիրական եռահատոր աշխատութեան առաջին երկու հատորներին, որոնք արդէն հրատարակուել են Թաւրիզում, 2017 եւ 2021 թուերին, թեմի տարբեր շրջաններ իր կատարած ուղեւորութիւնների մասին, տեղագրելու համար թեմապատկան յուշարձանները։ Սրբազանը յայտնեց նաեւ, որ մեծածաւալ մատենաշարի երրորդ հատորը պատրաստութեան ընթացքի մէջ է, աւարտելու համար թեմի յուշարձանների տեղագրումն ու ցուցակագրումը։
Մինչեւ կէսգիշեր տեւած եթերազրոյցի մասնակիցների միջոցով արծարծուած հարցերը ընդգրկեցին նաեւ յատկապէս Արեւմտեան Հայաստանում եւ արցախեան բռնագրաւեալ հողերում գտնուող հայկական պատմական կոթողների նկատմամբ քանդարար մօտեցման հակառակ, Իրանում դրանց բարւոք պահպանումն ու վերանորոգումը, որը արժանացաւ բոլոր մասնակիցների բարձր գնահատանքին։
Սփիւռքահայութեան կառոյցների վերանորոգման եւ անցեալ երեսուն տարիների ընթացքում Հայաստանի անկախութեամբ որոշ իմաստով թուլացած իրավիճակը վերաթարմացնելու ընդհանուր ակնարկ կատարեց սրբազանը, միշտ ի խնդիր յաւերժական հայրենիքի ապահովութեան։ Այս շրջագծից ներս նա խօսեց թեմի միութիւնների եւ կազմակերպութիւնների մասին, ակնարկելով դրանց փոքրաթիւ բայց որակեալ աշխատանքին, տնտեսական համեստ պայմաններով իրագործուող։
Աւարտին սրբազանը շնորհակալութիւն յայտնեց այն հետաքրքրութեան համար, որը ցուցաբերել էր «Հայերէն Blog»ի վարչութիւնը Ատրպատականի Հայոց թեմի նկատմամբ, որի պատճառով շատ աւելի մեծաթիւ շրջանակում, աշխարհի տարբեր երկրներում լսելու էին հայ ժողովրդի զաւակները, Հայ եկեղեցու հնագոյն թեմին մասին։
«ԱԼԻՔ»