ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹԵԱՆ Եւ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (FAST) ՀԻՄՆԱԴԻՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ ԱՐՄԷՆ ՕՐՈՒՋԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), իր հինգամեայ գործունէութեան շրջանակներում, Մարտի 31ին Կալիֆորնիայում կ՛անցակցնի առաջին խոշոր դրամահաւաք ձեռնարկը, ինչի արդիւնքում միջազգային առաջատար գիտական հետազօտութիւններում ընդգրկուելու հնարաւորութիւն կը ստանայ: «Ձեռնարկի առաջնային նպատակներից է Հայաստանի նորարարական ներուժի զարգացմամբ խանդավառ բոլոր անհատների համախմբումն ու հզօր ցանցի ձեւաւորումը», նշում է հիմնադրամի հիմնադիր գործադիր տնօրէն Արմէն Օրուջեանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) 2022 թուականին նշում է գործունէութեան հինգ ամեակը: Ինչպէ՞ս կ՛ամփոփէք այս տարիների հիմնադրամի գործունէութիւնը: Ի՞նչ ձեռքբերումներ էք արձանագրել ձեր հիմնադրամի ծրագրային հիմնասիւներ համարուող կրթութեան, գիտութեան եւ գիտական արդիւնքի առեւտրայնացման ոլորտներում:
ԱՐՄԷՆ ՕՐՈՒՋԵԱՆ.- Շատ ճիշդ էք, Նանէ, 2022ը մեզ համար նշանաւորւում է նրանով, որ մուտք ենք գործել FAST-ի հնգամեակի տարի, ինչը լաւ առիթ է կատարուած աշխատանքի մասին խօսելու: Այստեղ կարեւոր է նաեւ շեշտել, որ տարբեր շահագրգիռ կողմերի հետ համագործակցութեամբ իրականացուած աշխատանքը թերեւս փոքր մասն է այն ծրագրերի, որ մենք` որպէս հիմնադրամ, ծրագրում ենք կեանքի կոչել Հայաստանում առաջիկայ քսան տարում:

FAST-ի գործունէութեան առաջին տարիներն ուղղուած էին գիտական եւ նորարարական էկոհամակարգի (կենսոլորտային համակարգի կամ՝ այդ մարզի համակարգի) խնդիրների բազմակողմանի վերլուծութեանը` հասկանալու համար, թէ նորարարութեան տեսանկիւնից Հայաստանն ինչ դիրքում է եւ ուր է ընթանում, որպէսզի ուրուագծէինք թիրախային այն ուղղութիւններն ու ծրագրային մոդելները, որոնք կ՛աշխատէին Հայաստանում: Այստեղ մեր թիմը քրտնաջան աշխատանք կատարեց, որպէսզի մաղուեն ու մնան այն նախագծերը, որոնք առկայ խնդիրների լուծման համապարփակ մօտեցումներ են առաջարկում: Շուրջ 50 ծրագրային գաղափար է քննարկուել ու մշակուել, որի արդիւնքում անցած հինգ տարուայ ընթացքում հասցրել ենք կեանքի կոչել 30ից աւելի ծրագրեր 6000 շահառուի, այդ թւում` աշակերտների, ուսանողների, կրթական համակարգում ներգրաւուած մասնագէտների, տեղացի ու արտասահմանցի գիտնականների, ձեռնարկատէրերի, ներդրողների եւ այլոց համար:
Մինչ օրս կրթութեան ոլորտում իրականացուել է տասը ծրագիր, երկու խոշոր ուղղութիւններով: Առաջինը խորքային գիտելիքի փոխանցումն է, որ ներառում է մի քանի ամսից մինչեւ մէկ տարի տեւողութեամբ տարատեսակ դասընթացներ` հիմնականում արհեստական բանականութեան եւ ձեռնարկատիրական կրթութեան ուղղութիւններով: Այս կրթական ծրագրերում 1000ից աւելի շահառու է ներգրաւուել: Միւսը, գիտելիքի փոխանցման կարճաժամկէտ ծրագրերն են, այդ թւում` վերապատրաստումներ, թրէյնինգներ (մարզումներ, վարժութիւններ) շուրջ 1600 շահառուի համար:
«Գիտութիւն։ հիմնասեան (հիմնասիւնի) ներքոյ եօթ ծրագիր է իրականացուել` ուղղուած ինչպէս երիտասարդ գիտնականների աջակցմանը, այնպէս էլ միջազգային գործընկերների հետ կապերի հաստատմանն ու փորձի փոխանակմանը: Արդիւնքում ֆինանսաւորուել է շուրջ 50 տեղացի գիտնական, 23 միջազգային գործընկերային ծրագիր, դրսի 100 գիտնական հիւրընկալուել է Հայաստանում տարբեր ծրագրերի շրջանակում, տպագրուել է 70 գիտական յօդուած, որից 53ը` միջազգային ազդեցութեան գործօն ունեցող գիտական ամսագրերում:
Գիտական արդիւնքի առեւտրայնացման ուղղութեամբ իրականացրել ենք ութ ծրագիր, որոնց արդիւնքում գիտայեն ստարտափերի ֆինանսաւորման մեխանիզմներ (կառուակազմեր) են մշակուել, որպէսզի վերջիններս աճեն ու շարունակեն իրենց գործունէութիւնը հէնց Հայաստանում: Մեր կողմից իրականացուող կարողութիւնների զարգացման ծրագրերին մասնակցել է 240 ստարտափ, ֆինանսաւորում է ներգրաւել շուրջ 20ը: Այս հատուածի թերեւս ամենայաջողուած նախագծերից են Գիտութեան եւ տեխնոլոգիաների (արհեստագիտութիւններու) հրեշտակների ցանցը` STAN-ը, եւ գիտնականների ներգրաւմամբ նորարարական սթարթափեր ձեւաւորելու ծրագիրը` ASCENT-ը (Advanced Solutions Center): Այս պահին, ծրագրի շրջանակներում ստեղծուել են ընկերութիւններ` «Denovo Sciences»ն ու «8nook»ը, որոնք արդէն ներգրաւել են ֆինանսաւորում եւ բանակցում են միջազգային կազմակերպութիւնների հետ:
Կարեւոր ենք համարում նաեւ միջազգային գործընկերային կապերի հաստատումն ու մասնագիտական հզօր ցանցի զարգացումը: Այս համատեքստում կ՛ուզէի առանձնացնել «Գլոբալ Ինովացիոն Ֆորում»ը, որը բացառիկ հարթակ է գիտական աշխարհի առաջատար մասնագէտներին, գործարարներին ու մտածողներին Հայաստանում համախմբելու, աշխարհում առկայ նորարարական ոլորտի միտումներն ու ի յայտ եկող մարտահրաւէրները քննարկելու, լուծումներ ուրուագծելու, այդպիսով` ստեղծելով կամուրջ գիտութեան ու արդիւնաբերութեան, կառավարութեան, միջազգային կազմակերպութիւնների եւ ֆինանսական ինստիտուտների միջեւ: Հայաստանի արհեստական բանականութեան ոլորտում այցեքարտային համարուող այս միջազգային հարթակի ստեղծման մեկնարկը տրուեց 2017ին` «Մեքենայական ուսուցումը` գիտական յայտնագործութիւնների խթան» թեմայով NSF-FAST միջազգային աշխատաժողովով: Յաջորդ երկու տարիներին կայացան GIF համաժողովները, որից յետոյ, ցաւօք, համավարակով ու պատերազմով պայմանաւորուած, ընդմիջումներ եղան: Այս տարի կրկին նախատեսում ենք անցկացնել իւրայատուկ այցեքարտ համարուող միջոցառումը: GIF18-ին եւ GIF19-ին միասին` մասնակցել է 23 երկրից 170 խօսնակ, 1400 ֆորումի մասնակից եւ 1700 հիւր, կայացել է 80 զեկոյց եւ նիստ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր նպատակներից է, որ մինչեւ 2041 թուականը Հայաստանը յայտնուի տուեալագիտութեան ու արհեստական բանականութեան ոլորտում հինգ առաջատար նորարար երկրների ցանկում: Ի՞նչ գործողութիւնների արդիւնքում այն իրականութիւն կը դառնայ: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանում կա՞ն բաւարար ռեսուրսներ (միջոցներ)` մարդկային ներուժ, ֆինանսական միջոցնէր, հաստատութիւններ, որտեղ կը պատրաստուի համապատասխան կրթութեամբ սերունդ:
ԱՐՄԷՆ ՕՐՈՒՋԵԱՆ.- Երբ վերլուծութիւն իրականացրինք հասկանալու համար, թէ որքան ջանք ու ժամանակ է անհրաժեշտ, որ թռիչքաձեւ զարգացում ապահովենք ու կարողանանք Հայաստանն այսօրուայ կէտից հասցնել թօփ (առաջատար) նորարար երկրների դիրքին, տեսանք, որ լաւատեսական գնահատականներով, մօտաւորապէս ութ տոկոս է այդ հնարաւորութիւնը, իսկ թռիչքաձեւ աճ յաջողւում է գրանցել, լաւագոյն դէպքում, երկրներից 1-2 տոկոսին: Այլ պայմաններում նմանատիպ ցուցանիշների դէպքում իմաստ չէր ունենայ շարունակել այն գործը, որ նախատեսում էինք, բայց պէտք է հասկանալ, որ մեր այլընտրանքները շատ չեն ու Հայաստանի նման երկրի համար, որ շրջապատուած է իրենից ուժեղ հակառակորդներով, միակ լուծումը գիտութեան ու նորարարութեան զարգացման մէջ է: Խորհրդային Հայաստանի յաջողուած փորձը միութեան այլ երկրների շարքում գիտական ձեռքբերումների իմաստով, մեզ յոյս է ներշնչում, որ կայացած գիտական եւ նորարարական էկոհամակարգ ունենալու պարագայում` կը կարողանանք մեր ներուժը ճիշդ իրացնել ու ապահովել այդքան ցանկալի աճը:
Մենք այս գլուխկոտրուկը լուծելու մեր տեսլականն ունենք, որն, իհարկէ, միայնակ չենք կարող իրագործել եւ անհրաժեշտ է էկոհամակարգի բոլոր խաղացողների ջանքերի համատեղումը: Իսկ այն, թէ ինչպէս ենք մենք պատկերացնում այդ ուղին, ամփոփուած է առաջին հարցի պատասխանի մէջ, այսինքն` էկոհամակարգի երեք հիմնասիւներում իրականացուող թիրախային ծրագրերի միջոցով, որոնք աւելի ընդլայնելու ու աւելի մեծ շրջանակներ ներգրաւելու խնդիր ունենք մեր առջեւ դրած:
Ինչ վերաբերում է ռեսուրսներին ու յատկապէս մարդկային կապիտալին (դրամագլուխին), այո, մենք ո՛չ առաջինն ենք, ո՛չ էլ վերջինը, որ բարձրաձայնում ենք տարբեր ոլորտներում որակաւորուած ու մրցունակ մասնագէտների պակասի մասին: Հայաստանը փոքր երկիր է, քանակի խնդիր կայ: Փաստ է, որ ունենք տաղանդաւոր երիտասարդներ, յաջողակ տեխնոլոգիական ընկերութիւնների օրինակներ, բայց դա բաւարար չէ, որ աշխարհում մրցունակ լինենք: Հէնց դրա համար էլ անչափ կարեւորում ենք կրթութեան ոլորտում` դպրոցական ու բուհական համակարգերում, երկարաժամկէտ ծրագրային փոփոխութիւններին ուղղուած նախաձեռնութիւնների իրականացումը` տաղանդների վերհանման նպատակով:
FAST-ը ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի ու սպորտի նախարարութեան հետ համագործակցաբար նախագծել է նոր ծրագիր, որն ուղղուած է աւագ դպրոցներում աշակերտների` արհեստական բանականութեան (ԱԲ) եւ տուեալագիտութեան ուղղութեամբ պատրաստուածութեան բարձրացմանն ու այս ոլորտներում նոր տաղանդների վերհանմանը: Եթէ ամէն ինչ ընթանայ ըստ նախատեսուածի, ծրագիրը կը մեկնարկի 2022 թուականի Սեպտեմբերից Երեւանի եւ Տաւուշի աւագ դպրոցներում: Այն նպատակ ունի զինել դպրոցականներին մաթեմատիկայի ու ծրագրաւորման, ինչպէս նաեւ մեքենայական եւ խորը ուսուցման խորացուած գիտելիքներով ու հմտութիւններով եւ բարձրացնել նրանց շրջանում ԱԲ հետազօտողի մասնագիտացման հանդէպ հետաքրքրութիւնն ու պատրաստուածութիւնը` զուգահեռ համագործակցելով նաեւ բուհերի հետ կրթութեան շարունակականութիւնն ապահովելու նպատակով: Այս ծրագրի շրջանակում մենք փորձում ենք միաւորել էկոհամակարգի տարբեր խաղացողներին ու համատեղ ջանքերով հասնել արդիւնքի:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.– Հայաստանն, ըստ հիմնադրամի տրամադրած տեղեկութիւնների, վերջին տարում մուտք է գործել 62 երկիր ընդգրկող արհեստական բանականութեան գլոբալ ինդեքս (ցուցակ, ցանկ)` զբաղեցնելով 57րդ հորիզոնականը: Որո՞նք են Հայաստանի մրցակցային առաւելութիւնները: Այս հարցում ի՞նչ դեր է ունեցել Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների հիմնադրամը:
ԱՐՄԷՆ ՕՐՈՒՋԵԱՆ.– Արհեստական բանականութիւնն այն գիտական ուղղութիւնն է, որտեղ այսօր մրցակցում են առաջադէմ երկրները: Համաձայն Արհեստական բանականութեան գլոբալ ինդեքսի` Ամերիկայի Միացեալ Նահանգները միանձեայ առաջատար է, որին յաջորդում է Չինաստանը, բայց իրավիճակն այնպիսին է, որ նոր նշաձող գրաւելու հնարաւորութիւնները շատ են: Սա նոր ոլորտ է բոլորի համար, ու կայ բարձր մակարդակի մասնագէտների չլրացուող պահանջ ամբողջ աշխարհում: Մեր ուսումնասիրութիւնների համաձայն` այս ինդեքսի 20 առաջատար երկրներին հինգ տարում հասնելու հնարաւորութիւն ունենք, եթէ տարեկան յաւելեալ շուրջ 350 միլիոն դոլարի ներդրում կատարենք կրթութեան ոլորտում (նոր տաղանդներ պատրաստելու նպատակով), R&D-ի (Հետազօտութիւն եւ զարգացում) եւ գիտական արդիւնքի առեւտրայնացման մէջ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի համար, յատկապէս արցախեան պատերազմից յետոյ, կենսական նշանակութիւն ունի ազգային անվտանգութեան համակարգի զօրացումը: Այս ոլորտում այժմ որոշիչ են հանդիսանում նորարար տեխնոլոգիաները: Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների հիմնադրամը, տարիներ առաջ, պատմական համագործակցութիւն սկսեց ՀՀ պաշտպանութեան նախարարութեան հետ` ստեղծելով «1991» անուանումով ստորաբաժանումը, որ ապահովում էր Բարձր տեխնոլոգիաների կիրառումը պաշտպանութեան բնագաւառում: Ինչպէ՞ս է ընթանում ծրագիրը: Հայաստանի անվտանգային համակարգին աջակցութեան ի՞նչ այլ միջոցնէր էք դիտարկում:
ԱՐՄԷՆ ՕՐՈՒՋԵԱՆ.– ժամանակակից անվտանգութիւնը պահանջում է բացառիկ մտաւոր ունակութիւններ (extreme intellect), որպէսզի որպէս երկիր ունակ լինես քեզ պաշտպանելու: Դա ունենալու երկու ուղի կայ: Առաջինը` գնել այն, երկրորդը` ռեսուրսները ներդնել այն ստեղծելու մէջ: Քանի որ մենք սահմանափակ միջոցներով եւ շրջափակման մէջ գտնուող երկիր ենք, եւ մեզ շրջապատում են կա՛մ տնտեսական պատժամիջոցների ներքոյ գտնուող երկրներ, կա՛մ մեզ շրջափակման մէջ պահող երկրներ, գնելը լաւ տարբերակ չէ, եւ հետեւաբար պէտք է մտածել ստեղծելու մասին: Դա անելու համար պէտք է հաշուի առնել սեփական թոյլ կողմերն ու սահմանափակութիւնները: Սլաքները կրկին կրթութեան ոլորտին են ուղղուած` արդեօք մեր կրթական համակարգն ունա՞կ է ստեղծելու այդ մտաւոր կարողութիւնը, որպէսզի աշխարհում մրցունակ լինենք: Հէնց այդ նպատակով էլ, երեք տարի առաջ ՀՀ պաշտպանութեան նախարարութեան հետ սկիզբ դրեցինք ապագայ զօրակոչիկների նախապատրաստական դասընթացներին, որոնք մեկնարկում են իւրաքանչիւր զօրակոչից վեց ամիս առաջ: Դասընթացն ապահովում է մրցակցային կրթութեան հնարաւորութիւններ զօրակոչի ենթակայ տղաների, ինչպէս նաեւ աղջիկների համար: Դասընթացներն անվճար են եւ անցկացւում են վեց ամիս տեւողութեամբ: Այս ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տուեալագիտութեան եւ արհեստական բանականութեան ոլորտների վերաբերեալ, ինչպէս նաեւ` իրականացնում խմբային աւարտական նախագծեր, որպէսզի յետագայում պատրաստ լինեն յանձնել ՀՀ պաշտպանութեան նախարարութեան կողմից կազմակերպուող «1991 ստորաբաժանում»ում ծառայութեան անցնելու քննութիւնը:
Այստեղ մի կարեւոր շեշտադրում եմ ցանկանում կատարել: Շատ լաւ է, որ դասընթացներն աշխատում են, բայց վատ է, որ այդ դասընթացներից դուրս կրթական համակարգը չի կարողանում ուսանողներ պատրաստել, ով ուղղակիօրէն կը մտնի նշուած ստարաբաժանում: Մենք ուզում ենք ազգային մակարդակով «1991 ստորաբաժանում» ծրագիրն ընդլայնել, քանի որ որպէս կազմակերպութիւն ի վիճակի ենք տարեկան առաւելագոյնը 200 հոգու գիտելիք տալ: Սակայն ցանկալի կը լինէր տասն անգամ մեծացնել դասընթացի մասնակիցների թիւն ու աւելացնել դասաւանդուող մասնագիտութիւնները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի գիտական եւ նորարարական էկոհամակարգում ի՞նչ խնդիրներ ու մարտահրաւէրներ կան:Ինչպե՞ս էք գնահատում Հայաստանի կառավարութեան աջակցութիւնը գիտութեանը:
ԱՐՄԷՆ ՕՐՈՒՋԵԱՆ.- Մարդ, ով ցանկանում է դառնալ գիտնական, այդ ուղին ընտրելու շատ պատճառներ չի տեսնում Հայաստանում: Ոլորտի թերֆինանսաւորումը, ցածր աշխատավարձերը, անմխիթար ենթակառուցուածքները, առաջ գնալու հեռանկարի բացակայութիւնը, մեղմ ասած, չեն ոգեշնչում զբաղուել այս գործունէութեամբ: Թերեւս միայն էնտուզիաստներն են (խանդավառուած անձերը), որ ընտրում են այս ուղին ու մեծ դժուարութիւնների գնով ստեղծում իրենց գործունէութիւնը:
Եթէ յետ գնանք 80ականների վերջ, կը տեսնենք, որ գիտութեան ֆինանսաւորումը Հայաստանի համախառն ներքին արդիւնքի 2.54 տոկոսն էր կազմում, ինչը Տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութեան (OCED) անդամ պետութիւնների այսօրուայ միջինից բարձր էր, իսկ Հայաստանում ներկայում այդ ցուցանիշը 0.23 տոկոսի սահմաններում է: Սակայն միայն ֆինանսական հարցերը չեն, որ խնդրայարոյց են: Գլխաւոր խնդիրներից է նաեւ այն, որ ակտիւ (գործուն, աշխոյժ) գիտնականների քանակը շատ ցածր է: Խորհրդային միութեան ժամանակ, երբ կային համապատասխան պայմաններ, հայկական գիտութիւնը լուրջ արդիւնքներ էր ցուցաբերում ու սովետական գիտութեան մէջ շատ մեծ դեր խաղում: Շատ յաճախ Խորհրդային Ռուսաստանից յետոյ Խորհրդային Հայաստանը երկրորդն էր ակտիւ գիտնականների թուով ու գիտական արդիւնքով: 1980ականների սկզբին մէկ միլիոն բնակչութեան հաշուարկով Հայաստանում կար 6400ից աւելի գիտնական: Ներկայում այդ թիւը մօտ է 1100ին, իսկ աշխարհի միջինը` 4000ից աւելի է: Բայց բացի քանակից մենք նաեւ արդիւնաւէտութեան խնդիր ունենք: ԳՏՃՄ (գիտութիւն, տեխնոլոգիա, ճարտարագիտութիւն, մաթեմատիկա) ուղղուածութեան գիտաշխատողների միայն կէսն է գիտական արդիւնք տալիս, իսկ նրանց ստեղծած գիտական հրապարակումներին յղում են անում չորս անգամ աւելի քիչ, քան աշխարհի միջինն է:
Տարիների ընթացքում տարբեր ծրագրեր իրականացնելով` ի վերջոյ կանգ առանք այս բոլոր հիմնախնդիրները թիրախաւորող եւ դրանց լուծման ուղղութեամբ մեխանիզմներ առաջարկող ADVANCE դրամաշնորհային ծրագրի վրայ: Այն նախագծուած է այնպէս, որ միջազգային ասպարէզում յաջողութեան հասած գիտնականները, ձեւաւորում են հետազօտական թիմեր (խումբեր) եւ աշխատում միջազգային մրցունակ հետազօտական նախագծերի վրայ: Այլ կերպ ասած, Սփիւռքի գիտնականը դառնում է գիտակ ղեկավար, ով իրականացնում է երկարատեւ հետազօտութիւն, որի մասն են կազմում Հայաստանում ապրող գիտնականները: Մենք տրամադրում ենք դրամաշնորհ, որն այս պահին տարեկան մինչեւ 80 հազար ԱՄՆ դոլար է, բայց նախատեսում ենք այն հասցնել 125 հազար ԱՄՆ դոլարի: Դրամաշնորհը նախատեսուած է տեղացի հետազօտողների աշխատավարձերի, լաբորատոր (գիտաշխատանոց) օժանդակ նիւթերի, գիտական ամսագրերում յօդուածներ հրապարակելու, միջազգային համաժողովներին մասնակցութեան, արտասահմանում համատեղ հետազօտական նախագծերում ընդգրկուելու, թիմերը ղեկավարող միջազգային գիտնականների ճամբորդական ծախսերի եւ դէպի Հայաստան այցելութիւնների, անհրաժեշտութեան դէպքում` նաեւ արտօնագրի ծախսերի համար:
Ներկայում ընթացքի մէջ է երեք ծրագիր, մէկը կենսաինֆորմատիկայի, միւսը` մեքենայական ուսուցման, երրորդը` հաշուողական գիւղատնտեսութեան ոլորտներում, որոնցում ներգրաւուած են 13 հայաստանեան եւ երկու արտասահմանեան հետազօտող:
ADVANCE դրամաշնորհային ծրագիրը ընդլայնելու նպատակով Մարտի 31ին Լոս Անջելեսի The Landmark հանդիսութիւնների սրահում տեղի կ՛ունենայ Advance Armenia Gala ընթրիք-դրամահաւաքը, որի արդիւնքում ծրագրւում է առաջիկայ տարուայ ընթացքում ֆինանսաւորուող գիտնականների ընդհանուր թիւը հասցնել 50ի: Ցանկանում ենք տասը նմանատիպ դրամաշնորհ տրամադրել այս տարի, իսկ հինգ տարուայ ընթացքում այդ թիւը հասցնել 100ի: Եթէ մեզ յաջողուի դրսի 100 գիտնականների` իրենց համալսարաններով, միաւորել Հայաստանում գործող գիտնականների եւ նրանց համալսարանների ու գիտահետազօտական կենտրոնների հետ` դա մեծապէս կը փոխի մեր իրականութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հիմնադրամն աշխատանքներ իրականացնո՞ւմ է գիտութեան հանրայնացման ուղղութեամբ:
ԱՐՄԷՆ ՕՐՈՒՋԵԱՆ.- Մեր բոլոր ծրագրերն էլ այս կամ այն չափով ուղղուած են Հայաստանում գիտութիւնը հանրայնացնելուն եւ գիտնականի աշխատանքի կարեւորութեան շեշտադրմանը: Ակտիւօրէն (աշխուժօրէն) աշխատում ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպէսզի տարբեր խողովակներով հասարակութեանը հասցնենք, թէ որքան կարեւոր է ունենալ զարգացած գիտական ու նորարարական էկոհամակարգ: Սերտօրէն համագործակցում ենք թէ՛ տեղական, թէ՛ արտասահմանի լրատուադաշտի հետ, որպէսզի մեր գիտնականների ու նորարարների յաջողութեան պատմութիւնները դարձնենք հասանելի լայն զարգուածներին: Ձեր կողմից այս հարցազրոյցի նախաձեռնումը եւս այդ կարեւոր գործին մեծ նպաստ է: Որքան շատ մարդ տեղեակ լինի մեր ծրագրերի մասին, այնքան մեծ կը լինի հաւանականութիւնը, որ կը միանան մեզ ու միասին կը փորձենք իրագործել նորարար Հայաստանի մեր տեսլականը:
Հնգամեակի տարում մենք սկսել ենք հաղորդակցային արշաւ` «Ներդնելով Հայաստանում` վերափոխիր ապագան» խորագրով: Մի շատ կարեւոր ուղերձ ենք փորձում հասցնել թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում ապրող մեր հայրենակիցներին, որ իւրաքանչիւրի ներդրումը կարեւոր է: Դա կը լինի գիտելիքի, փորձի, ինչ-որ բան փոխելուն ուղղուած ջանքերի, թէ ֆինանսական ու խորհրդատուական աջակցութեան տեսքով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Համագործակցո՞ւմ էք Սփիւռքի համապատասխան ոլորտի ներկայացուցիչների հետ` հաշուի առնելով օրինակ Միացեալ Նահանգներում առկայ հսկայական ներուժը` թէ՛ կապերի, թէ՛ գիտելիքների առումով: Ինչպէ՞ս կարող են սփիւռքահայերն աջակցել Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների հիմնադրամին, մասնակից դառնալ ձեր գործունէութեանը:
ԱՐՄԷՆ ՕՐՈՒՋԵԱՆ.- Ինչպէս հասցրեցիք նկատել, FAST-ի գործունէութեան առանցքում է նաեւ մասնագիտական հզօր ցանցի ձեւաւորումն ու միջազգային կամուրջների ստեղծումը: Մեր կարեւոր նախագծերից է Հրեշտակների ցանցը (Science and Technology Angels Network – STAN), որում համախմբուել են հայազգի 35ից աւելի ներդրողներ եւ ձեռնարկատէրեր Հայաստանից ու արտերկրից, ովքեր ոչ միայն ֆինանսական ներդրում են կատարում հայաստանեան գիտելիքայեն սթարթափերի մէջ, այլեւ` ցուցաբերում են խորհրդատուական օժանդակութիւն, հանդէս են գալիս որպէս մենթորներ (խորհրդատուներ) եւ ուղղորդում անհրաժեշտ կապերի հաստատման գործում:
Իհարկէ, մենք հետաքրքրուած ենք Սփիւռքի ներուժի ներգրաւմամբ, քանի որ միայնակ արդիւնքի չենք հասնի. աշխարհը շատ հզօր է, մեր հակառակորդները բաւականին ուժեղ են: Այդ պայքարի մէջ մտնելը, մրցունակ լինելը մի քանի հոգու գործ չէ, ամբողջ ազգի յանձնառութիւնը պէտք է լինի, իսկ Սփիւռքում մենք չիրացուած մեծ ռեսուրս ունենք:
FAST-ը ձգտում է իր բոլոր ծրագրերում ընդգրկել Սփիւռքի ներկայացուցիչներին, օգտագործել նրանց հզօր ներուժը` մասնագէտների, անկախ յանձնաժողովներում փորձագէտների, երբեմն էլ նաեւ ծրագրերի շահառուների տեսքով: Պէտք է ուրախութեամբ փաստել, որ նրանց կողմից կայ մեծ պատրաստակամութիւն օգտակար լինելու իրենց գիտելիքով, փորձով ու մարդկային կապերով:
Բայց բացի Սփիւռքից, մենք նաեւ հետաքրքրուած ենք այլազգի մասնագէտների համար Հայաստանը գրաւիչ դարձնելով: Նրանց մասնակցութիւնը տեսնում ենք, օրինակ, ADVANCE դրամաշնորհային ծրագրում`որպէս հետազօտական ծրագրի ղեկավարներ: Ինչ վերաբերում է առաւել երկրաժամկէտ ներգրաւուածութեանը, որ գան, հաստատուեն Հայաստանում, մեծ անելիքներ կան, որը կրկին միայն մեր ջանքերով իրագործելի չէ: Այստեղ համալիր մեխանիզմներ են անհրաժեշտ` կեանքի որակի բարձրացումից, օդի աղտոտուածութեան դէմ աշխատանքից, առողջապահական, հարկային համակարգերում բարեփոխումներից մինչեւ Հայաստան մուտքի արտօնագիր ստանալու ընթացակարգերի դիւրացում: