
Մարդու աղիների առողջութիւնը որոշիչ նշանակութիւն ունի նրա ամբողջ օրգանիզմի առողջութեան համար: Մարսողութիւնը օգնում է ճիշդ իւրացնել ու օգտագործել օրգանիզմի կենսագործունէութեան համար անհրաժեշտ սննդարար նիւթերը, ինչն էլ շատ կարեւոր է մարմնի ընդհանուր առողջութեան եւ դիմադրողականութեան ամրապնդման համար: Սա նշանակում է, որ առողջ աղիների շնորհիւ օրգանիզմը կարող է աւելի լաւ պայքարել բորբոքումների, աւելորդ քաշի ու առողջական այլ խնդիրների դէմ: Մարսողական համակարգը պատասխանատու է շատ օրգանների առողջութեան համար` մաշկից մինչեւ երիկամներ:
Մաշկը աղիքի խնդիրներին կարող է արձագանգել ցանի տեսքով: Շատ յաճախ որոշ մթերքներ հրահրում են «ալերգիկ» հակազդեցութիւն:
Ուղեղի աշխատանքը, որքան էլ տարօրինակ թուայ, նոյնպէս կախուած է աղիքների աշխատանքից: Աղիների բջիջները արտադրում են սերատօնին հորմոնը, որը ազդում է բազմաթիւ գործընթացների վրայ: Աղիքի մանրէները արտադրում են արիւնը զտող նիւթեր, որոնք ամէնից առաջ պաշտպանում են ուղեղը` արեան մէջ առկայ վնասակար ամէն ինչից:
Եւ սա ամբողջական ցուցակը չէ: Աղիները պատասխանատու են նաեւ մեր դիմադրողականութեան համար: Ամէն օր հսկայական քանակութեամբ մեզ համար խորթ սպիտակուցներ եւ հարուցիչներ են սննդով անցնում արեան մէջ: Աղիները չէզոքացնում են այդ բոլոր վնասակար նիւթերը: Երիկամները եւ հաստ աղին օգնում են մարմնում կարգաւորել ջրի եւ աղի հաւասարակշռութիւնը: Բացի դրանից, աղիների բնականոն գործունէութեան եւ աղիների աշխատանքի փոփոխութիւնները կարող են լեարդի հիւանդութիւնների, նոյնիսկ դրա կառուցուածքի փոփոխութիւնների պատճառ դառնալ: Այնպէս, որ մեր առողջութիւնը կախուած է մեր աղիներում առկայ մանրէներից: Ի՞նչ պէտք է անել պահպանելու համար օգտակար մանրէների բաւարար քանակը․
– Ապահովել սննդակարգի բազմազանութիւնը, քանի որ այդ կերպ սնուելով մարդը «մարզում է» իր աղիների «միկրոֆլորա»ն: Միեւնոյն ժամանակ, միանման սնունդը կարող է ճնշել միկրոֆլորան` յանգեցնելով առողջական խնդիրների զարգացման:
– Նուազեցնել օգտագործուող ածխաջրերի քանակութիւնը ու բարձրացնել մանրաթելերի ու սպիտակուցների քանակութիւնը
– Օրական երկու խնձոր ուտել:
– Հրաժարուել «ֆրուկտոզա»ից:
– Օգտագործել «պրոբիոտիկ»ներով մթերք:
– Խմել սուրճն առանց կաթի կամ սերուցքի, քանի որ այդպէս բարենպաստ միջավայր է ստեղծւում` մեզ անհրաժեշտ աղիքային միջավայրը պահպանելու համար: