ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Արցախի Ազգային ժողովը 5 Ապրիլին հրապարակեց յայտարարութիւն մը, որուն մէջ դիտել տուաւ, որ ինք` իբրեւ Արցախի ժողովուրդի առաջնային լիազօրութիւն ունեցող բարձրագոյն ներկայացուցչական մարմին, արտայայտելով հասարակական-քաղաքական լայն շրջանակներու կարծիքը եւ դիրքորոշումը, կոչ ուղղեց` համահայկական մակարդակով ձեւաւորելու համազգային համախմբում` Արցախի ճակատագիրին վերաբերող հարցերու շուրջ: Յայտարարութեան մէջ կ՛ըսուի հետեւեալը.
«Համոզուած ենք, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները, ունենալով Սփիւռքի հայկական համայնքների լիարժէք աջակցութիւնը, մէկ բռունցք դառնալով միասնաբար կարող են դիմագրաւել տարածաշրջանային մարտահրաւէրները` պաշտպանելով մեր ազգային շահերը:
«Աշխարհաքաղաքական իրողութիւնների այս բարդ ժամանակահատուածում, երբ Ադրբեջանը փորձելով տապալել ռուսական խաղաղապահ առաքելութիւնը, շարունակում է հայկական բնակավայրերի պարբերաբար գնդակոծումը, պայթեցնում է գազամուղը, փորձում ահաբեկել հայրենի հողում ապրող խաղաղ բնակչին, շարունակում զաւթել նորանոր տարածքներ` Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը վերահաստատում է Արցախի ժողովրդի կամքն ու վճռականութիւնը 1988 թուականին սկիզբ առած իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրաւունքից բխող Ազգային ազատագրական պայքարի տեսլականը:
«1991 թուականի Սեպտեմբերի 2ի հռչակագրով, այնուհետեւ համաժողովրդական հանրաքուէի միջոցով Արցախի ժողովուրդը միջազգային բոլոր նորմերին համապատասխան ձեւաւորեց Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետութիւնը: 30 տարիների ընթացքում մենք անցել ենք յաղթանակների եւ անյաջողութիւնների միջով: 2020 թուականի Սեպտեմբերի 27ին մեզ պարտադրուած ու 44 օր տեւած պատերազմի հետեւանքով մենք ունեցանք մարդկային եւ տարածքային կորուստներ: Սակայն ոչինչ եւ ոչ ոք չի կարող մեզ զրկել ինքնորոշման եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրաւունքից: Խոնարհուելով մեր գոյապայքարի բոլոր նահատակների յիշատակի առաջ, մեր հաւատարմութիւնն ու պատրաստակամութիւն ենք արձանագրում հետեւողական լինել Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման եւ տարածքային ամբողջականութեան վերականգնման գործընթացներին:
«2020 թուականի 44օրեայ պատերազմից յետոյ հիմնովին փոխուել է մեր անվտանգային միջավայրը, տարածաշրջանում հաստատուած փխրուն խաղաղութիւնը պահպանւում է Արցախի Պաշտպանութեան բանակի եւ ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով: Ինչպէս ցոյց են տուել վերջին մէկուկէս տարիների իրադարձութիւնները, մեր թշնամիները այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը: Ներկայ պայմաններում, ՀՀ կողմից Արցախի անվտանգութեան երաշխաւոր լինելու պարտականութեան ամրագրումը եւ համահայկական միասնութեան մթնոլորտի ձեւաւորումը միայն կարող են բաւարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխաւորելու համար:
«Յարգելի՛ հայրենակիցներ,
«Հայոց պետականութեան լինելիութեան եւ հայ ժողովրդի անվտանգութեան բանալին գտնւում է Արցախում»: