ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ․- «Թուֆէնքեան» բարեգործական հիմնարկը յայտարարեց «Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ» նախաձեռութեան մեկնարկի մասին. նախաձեռնութեան շրջանակում Հայաստանի եւ Սփիւռքի յայտնի ու խոստումնալից հայ գործիչները պիտի այցելեն Արցախ ու հանրային ելոյթներ ունենան այնտեղ:
««Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ» նախաձեռնութեան նպատակն է ներգրաւել եւ քաջալերել տեղի բնակչութեանը եւ օգնել բարձրացնել Արցախի հեղինակութիւնը Հայաստանում եւ միջազգային մակարդակում: Այցելութիւնները կը ներառեն ոչ միայն հանրային ելոյթներ, այլ նաեւ կլոր սեղան-քննարկումներ, հանդիպումներ, ցուցահանդէսներ, մարզումներ, եւ այլն, ըստ այցելուի», բացատրեց հիմնարկի հասարակական կապերի տնօրէն Ռուբէն Ճանպազեանը:
Նախաձեռնութեան առաջին հիւրերն են գրող, արձակագիր Արամ Աւետիսը` Երեւանից, ու երգիչ, երգահան, ու գրող Ափօ Սահակեանը` Երուսաղէմից: Աւետիսի ու Սահակեանի այցերը կազմակերպւում է Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Արցախի գրասենեակի հետ համագործակցաբար:
Արամ Աւետիսի «Երբ Առնէտները Կարդալ Գիտէին» գրքի ներկայացումն ու հանրային ելոյթը տեղի կ՛ունենայ Կիրակի, Մայիսի 8ին, երեկոյեան ժամը 18:30-ին, KINI ճաշարանում (Ստեփանակերտ, Թումանեան 95): Մուտքն ազատ է եւ բաց է հանրութեան. բոլոր ներկաներին նուիրուելու է հեղինակի «Երբ Առնէտները Կարդալ Գիտէին» գրքից:
Ափօ Սահակեանի ելոյթը տեղի կ՛ունենայ նոյն օրը, երեկոյեան ժամը 8ին` «Պօլ Էլուարի Ֆրանկոֆոնիայի կենտրոն»ում (Ստեփանակերտ, Թումանեան 95): Մուտքն ազատ է եւ բաց է հանրութեանը:
Մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել Ռուբէն Ճանպազեանի հետ` rupen@tufenkian.org կամ զանգահարել +374-94-88-30-65 հեռախօսահամարով:
ԱՐԱՄ ԱՒԵՏԻՍ
Արամ Աւետիսը (Արամ Աւետիսեան) ծնուել է 1990ի Մայիսի 25ին Երեւանում: Զինուորական ծառայութիւնից յետոյ` 2010ին, Արամն մասնագիտացել է Երեւանի Թատրոնի եւ շարժապատկերի պետական հիմնարկում: Արամը սկսել է գրել 17 տարեկանից: Առաջին քայլերն սկսել է բանաստեղծութիւններ գրելով: 2016ին ստացել է Սլաւիկ Չիլոյեանի անուան տարուայ յայտնութիւն մրցանակը: Որպէս գրող` տպագրուել է տարբեր ամսագրերում: «Կոյր Կէտադրութիւն»ը գրողի առաջին գիրքն է, որը վերատպուել է չորս անգամ. գիրքը եղել է 2018նի «Անտարես»ի XXI մատենաշարի տարուայ ամենաշատ վաճառուած գիրքը: 2019ի Մայիսի 25ին տեղի է ունեցել գրողի երկրորդ գրքի` «Ճարտարապետական Մուտացիա»ի շնորհանդէսը: Գիրքը յայտնուել է ամենաշատ վաճառուած գիրքերի շարքում: 2020ին տպագրուել է գրողի երրորդ գիրքը` «Երբ Առնէտները Կարդալ Գիտէին»ը, որը 2021ին թեկնածու ներկայացուել է Եւրոպական Միութեան գրական մրցանակին:
ԱՓՕ ՍԱՀԱԿԵԱՆ
Ափօ Սահակեանը ծնուել եւ մեծացել է Երուսաղէմի հայկական թաղամասում` Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած ընտանիքում: Նա կիթառ նուագել սովորել է տեղի հայկական դպրոց յաճախելիս, իսկ 13 տարեկանում սկսել է ստեղծագործել: 2013ին նա հիմնեց իր սեփական արաբական փոփ-ռոք խումբը` Apo & the Apostles: Խումբը ունեցել է մի շարք տեղական եւ տարածաշրջանային հռչակ շահած երգեր: Ափօն յայտնի է նաեւ հայկական ժողովրդական երգերի իր մեկնաբանութիւններով. նա համագործակցել է հայ երգիչների հետ (Արթուր Խաչենց, Անի Խառատեան) ու նրա մեկնաբանութիւնների ու ստեղծագործութիւնների շնորհիւ` նուիրեալ հետեւորդներ է ձեռք բերել Հայաստանում եւ Սփիւռքում: Ապրիլի 1ին լոյս է տեսել նրա «Մենք» ալբոմը` հայկական ժողովրդական եւ հեղինակային երգերի հաւաքածոն: Լսէ՛ք Ափօ Սահակեանի նոր երգը Հադրութի բարբառով`այստեղ:

(Թղթակցութիւնը՝ հիմնադրամէն)