ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԳԼԵՆԴԵԼԻ ՄԻԱՑԵԱԼ ԿՐԹԱՇՐՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԼԵՌՆԱ ԱՄԻՐԵԱՆՍԻ ՀԵՏ

«Գլենդելի Միացեալ կրթաշրջանի խորհրդի ընտրութիւններին մասնակցում եմ՝ երաշխաւորելու, որ աշակերտների առաջադիմութեան հարցը համարուի առաջնահերթութիւն: Այս նպատակին հասնելու համար սահմանել եմ մի քանի առաջնայնութիւններ, որոնց ուղղութեամբ էլ աշխատելու եմ ընտրուելու դէպքում«, նշում է Լեռնա Ամիրեանսը, ով աւելի քան մէկ տասնամեակ, տարբեր միութիւնների ու ծրագրերի միջոցով ներգրաւուած է կրթական համակարգում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կրթական համակարգում երկար տարիների փորձառութիւն ունէք: Ի՞նչն առիթ դարձաւ առաջադրուելու Գլենդելի Միացեալ կրթաշրջանի խորհրդի թեկնածու (ԳՄԿԽ):
ԼԵՌՆԱ ԱՄԻՐԵԱՆՍ.- Տասը տարուց աւելի է ծառայում եմ մեր դպրոցական համայնքին: Ներկայում, Գլենդելի Ծնող-ուսուցիչ միութեան (PTA) Ընտանեկան ներգրաւուածութեան հարցերով փոխնախագահն եմ, ծառայել եմ Դպրոցական յաճախումների վերանայման խորհրդում, կառավարիչի՝ ծնողական խորհրդատուական յանձնախմբում, մշակութային համապատասխան եւ արձագանգող կրթական խմբում, եւ երեխաների ու ընտանիքի ծառայութիւնների յանձնաժողովում:
Ես Գլենդելի հանրակրթական դպրոցների շրջաւարտ եմ, եւ ներկայում էլ երկու երեխաներս են կրթութիւն ստանում հանրային դպրոցում: Նաեւ նրանց միջոցով եմ մեծապէս ներգրաւուած Գլենդելի կրթական կեանքում, եւ որպէս ծնող, ցանկանում եմ ապահովել, որ բոլոր երեխաները ստանան բարձրորակ եւ հաւասար կրթութիւն՝ ուսումնական յաջողութիւնների հասնելու համար, եւ յետագայում էլ ունենան գործիքներ ու միջոցներ լաւագոյն ապագայ կերտելու համար:
Այս ոլորտում երկարատեւ գործունէութեանս արդիւնքում քաջատեղեակ եմ համակարգի մարտահրաւէրներին, եւ փորձառութիւնս թոյլ է տալիս հանդէս գալ առկայ խնդիրները յաղթահարելու լուծումներով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք են կրթաշրջանի հիմնական մարտահրաւէրները, եւ ի՞նչ լուծումներ էք առաջարկում:
ԼԵՌՆԱ ԱՄԻՐԵԱՆՍ.- Համաճարակով պայմանաւորուած, վերջին երկու տարիներին, կրթական համակարգը բազամաթիւ դժուարութիւնների միջով է անցել, եւ այժմ, ծնողների, աշակերտների, մանկավարժների ու դպրոցական անձնակազմի միասնական ուժերով միայն կարելի է յաղթահարել մարտահրաւէրները:
Համաճարակը մեծ ազդեցութիւն է ունեցել մեր աշակերտների վրայ, եւ ներկայում մենք պէտք է աշխուժօրէն աշխատենք բարելաւելու իրավիճակը՝ ընդլայնելով հասանելիութիւնը ուսումնական նիւթերին եւ հոգեկան առողջութեան ծառայութիւններին, դպրոցներում ստեղծելով անվտանգ ու ապահով միջավայր, ներգրաւելով ծնողներին եւ ընտանիքներին ուսումնական գործընթացներում, ապահովելով հաշուետուողականութիւն եւ գործելաոճի թափանցիկութիւն:
Ընտրուելու դէպքում, առաջին հերթին աշխատելու եմ Գլենդելի Միացեալ կրթաշրջանի ոգով աշակերտների առաջադիմութիւնն ապահովելու ուղղութեամբ՝ նախապատրաստելով նրանց համալսարաններ ընդունուելու եւ յետագայում յաջողակ մասնագէտներ դառնելու: Այս նպատակով, առաջարկում եմ ֆինանսական միջոցներ յատկացնել տեխնոլոգիական դասընթացների, խորհրդատուութեան, ուղղորդող ծրագրերի համար, ինչպէս օրինակ, համալսարանների նախապատրաստական դասընթացների կազմակերպումը:
Ուսումնական առաջընթացի կարեւոր նախապայման է աշակերտների, դպրոցական անձնակազմի համար ապահով եւ անվտանգ միջավայրի ապահովումը: Գլենդելի Միացեալ կրթաշրջանը անվտանգութեան բազմաթիւ միջոցներ է ձեռնարկել, եւ ես իմ ներդրումն են ունենալու՝ ապահովելու, որ մեր աշակերտներն իրենց հանգիստ զգան դպրոցում: Այդ նպատակով, նախատեսում եմ կանոնաւոր այցեր կազմակերպել դպրոցներ՝ հասկանալու, թէ որտեղ կարիք կայ բարելաւելու անվտանգութեան համակարգը: Իմ նախընտրական ծրագրում նշել եմ, որ աշխատելու եմ հանրային դպրոցների ֆինանսական միջոցները առաւելապէս ուղղել կրթութեան որակի բարձրացմանը՝ դասարաններում աշակերտների թուի նուազման, ուսումնական ծրագրերի զարգացման միջոցով:
Հետամուտ եմ լինելու դպրոցներում բռնութեան կանխարգելման ծրագրերի ներդրմանը, ինչպէս օրինակ՝ բռնութեան, ծաղրանքի դէմ դասընթացները: Շարունակելու եմ գործունէութիւնս աշակերտների հոգեկան առողջութեան ուղղութեամբ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այս հարցը, ողջ գործունէութեան ընթացքում մշտապէս եղել է ձեր ուշադրութեան կենտրոնում, եւ նախընտրական ծրագրում նշուած է որպէս առաջնահերթութիւն:

ԼԵՌՆԱ ԱՄԻՐԵԱՆՍ.- Քորոնաժահրի համաճարակը բազմաթիւ մարտահրաւէրներ է ստեղծել աշակերտների, մանկավարժների ու ծնողների համար, եւ այդ թւում է աշակերտների հոգեկան առողջութեան հարցը: Տանից հեռահար ուսուցում ստացող աշակերտները բախուել են սոցիալական (ընկերային) մեկուսացման խնդրին՝ չունենալով այնքան անհրաժեշտ շփումներ ընկերների, հասակակիցների հետ: Արդիւնքում, 2020 թուականի Ապրիլից Հոկտեմբեր ժամանակահատուածում, «Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները» (CDC) արձանագրել են երեխաների շրջանում հոգեկան առողջութեան խնդիրներով պայմանաւորուած շտապ օգնութեան բաժանմունք այցելութիւնների տագնապալի աճ՝ 5-11 տարեկան երեխաների շրջանում 24% աճ, եւ 12-17 տարեկանների՝ 31% աճ: Ըստ «Երեխաների եւ դեռահասների հոգեբանութեան ամերիկեան ակադեմիայի» ամսագրի ուսումնասիրութեան, սոցիալական մեկուսացումը ոչ միայն տուեալ ժամանակահատուածում է ստեղծում հոգեկան առողջութեան ճգնաժամ:
Անհանգստութիւնը, ընկճախտն ու միայնութեան զգացումը, որ երեխան զգացել է համաճարակի ժամանակ, ըստ մասնագէտների, կարող է պահպանուել համավարակի աւարտից մինչեւ 9 տարուայ ընթացքում: Սա սթափեցնող վիճակագրութիւն է, որը ցոյց է տալիս հոգեկան առողջութեան իրազեկման եւ խորհրդատուական ծառայութիւնների անհրաժեշտութիւնը յատկապէս մեր պատանիների եւ երիտասարդների համար:
Հայ աշակերտների դէպքում, նշուածին աւելացել էր Արցախեան պատերազմի ազդեցութիւնը: Ինձ յաջողուեց այդ շրջանում կապուել Գլենդելի Միացեալ կրթաշրջանի ղեկավարների հետ, եւ հայ աշակերտների համար մասնագիտական հոգեբանական ծառայութիւններ իրականացնել:
Իմ փորձից ելնելով, որպէս այս հարցի լուծման տարբերակ առաջարկում եմ, ներդրում կատարել աշակերտի հոգեկան առողջութեան բարելաւման գործում՝ աւելացնելով խորհրդատուական ծառայութիւնները, եւ ծրագրեր մշակել այս խնդրի համար դպրոցներում առկայ միջոցներին առաւելագոյն հասանելիութիւն ապահովելու համար: Նախատեսում եմ ստեղծել մի ծրագիր, որը կ՚օգնի հոգեկան առողջութեան խնդիրներով պայմանաւորուած, երկարատեւ բացակայութիւնից յետոյ դպրոց վերադարձած աշակերտին ստանալ զգայական եւ հոգեբանական աջակցութիւն՝ միաժամանակ բաց թողնուած դասերի լրացման համար յաւելեալ դասաժամեր: Մեր երեխաները չպէտք է իրենց միայնակ զգան հոգեկան առողջութեան ճգնաժամի ժամանակ: Առանց նրանց խնդիրների յաղթահարման, հնարաւոր չէ ուսումնական յաջողութիւններ ակնկալել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք երկար տարիներ է, որ Ծնող-ուսուցիչ միութեան անդամ էք, ներկայում՝ փոխնախագահ: Որքանո՞վ է կարեւոր ծնողների ներգրաւուածութիւնը երեխայի ուսումնական կեանքում:
ԼԵՌՆԱ ԱՄԻՐԵԱՆՍ.- Ծնողի ներգրաւուածութիւնը դպրոցում, ծնող ուսուցիչ համագործակցութիւնը չափազանց կարեւոր է աշակերտի առաջադիմութիւնն ապահովելու ընդհանուր նպատակի համար: Ըստ վիճակագրութեան, աշակերտները, ում ծնողները ներգրաւուած են՝ առաւել յաջողակ են դպրոցում: Իմ գործունէութեան ընթացքում մշտապէս կարեւորել եմ, որ իւրաքանչիւր ծնողի ձայն լսուի, օգնել եմ նրանց ներգրաւուել գործընթացներում անկախ լեզուական կամ այլ խնդիրներից, եւ կարող եմ ասել, որ յաջողել եմ:
Իմ ծնողները ներգաղթեալ են եղել, եւ նրանց տարբեր մարտահրաւէրների շարքում է եղել նաեւ լեզուականը, ինչի պատճառով նրանք դժուարացել են ուղղորդել ինձ կրթական գործընթացներում: Ստիպուած եմ եղել ինքնուրոյն գտնել իմ ուղին՝ յաղթահարելով բազմաթիւ մարտահրաւէրներ: Ուսուցիչներիս, դասընկերներիս, դպրոցի անձնակազմի շնորհիւ կարողացել եմ օգտուել ուսումնական ռեսուրսներից (միջոցներէն), Գլենդելի Միացեալ կրթաշրջանի ծրագրերից, եւ աւարտելով դպրոցը շարունակել ուսումս Գլենդեյլի հանրային քոլեջում, այնուհետեւ՝ Լոս Անջելեսում Կալիֆորնիայի նահանգային համալսարանում:

Այսպիսով, ես անմիջական փորձառութիւն ունեմ, եւ հասկանում եմ աշակերտների հնարաւոր խնդիրները, եւ ընտրուելու դէպքում՝ բազմակողմանի մօտեցում եմ ցուցաբերելու դրանց լուծման համար: Միաժամանակ, կոչ եմ անում հայ ծնողներին հնարաւորինս մասնակցել իրենց երեխաների կրթութեան հարցերում: Դպրոցներում շատ լաւ ծրագրեր եւ ուսումնական ռեսուրսներ ունենք, որոնք կ՚օգնեն աշակերտին առաւել յաջողութիւնների հասնել, եւ դրանցից օգտուելու հարցում մեծ դեր է վերապահուած ծնողներին: Ես աշխատելու եմ, հնարաւորինս տեղեկացնել այդ ծրագրերի մասին:
Տեղեկանք.- Լեռնա Ամիրեանսը մասնակցում է Գլենդելի Միացեալ կրթաշրջանի խորհրդի անդամի համար ընտրութիւններին՝ Բի Շրջանից: Ծնող-Ուսուցիչ Միութիւնում շուրջ տասնհինգամեայ հանրային ծառայութեան շրջանում, Ամիրեանսն արժանացել է բազմաթիւ մրցանակների՝ իր շարունակական ներդրման համար:
Լեռնա Ամիրեանսի թեկնածութեանը աջակցութիւն են յայտնել բազմաթիւ ազդեցիկ պաշտօնեաներ ու կազմակերպութիւններ, այդ թւում՝ Հայ Դատի յանձնախմբի Գլենդելի մասնաճիւղը, SEIU արհեստակցական միութեան 121րդ մասնաճիւղը, Լոս Անջելեսի Դպրոցների Ոստիկանների միութիւնը, Գլենդելի Ոստիկանական սպաների միութիւնը: Ամիրեանսին աջակցում են Լոս Անջելեսի մարզի կառավարիչներից՝ Քեթրին Բերգերը, Գլենդելի Միացեալ կրթաշրջանի խորհրդի փոխնախագահ Նայիրի Նահապետեանը, քարտուղար Գրեգ Գրիգորեանը, անդամներ՝ Արմինա Ղարպետեանը, Գլենդելի Հանրային Քոլեջի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմինէ Յակոբեանը, եւ այլ պաշտօնատար անձիք: