Արշակն ու Սիրանոյշը քոյր ու եղբայր են։ Սովորում են Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում: Արդէն մէկ տարի է՝ նրանք գնում են թառի դասերի։ Սիրանոյշն ասում է, որ թառ նուագել շատ է սիրում, քանի որ իրենց ընտանիքում ժողովրդական երաժշտութեանը միշտ էլ մեծ տեղ են տուել։
Դեռ անցեալ տարի «Նարեկացի» արուեստի միաւորումը թառ նուագելու անվճար դասերի յայտարարութիւն տարածեց: Եկան միայն Արշակն ու Սիրանոյշը: Նրանց ուսուցիչը՝ Յովիկ Սահակեանն ասում է, որ երիտասարդները չեն ձգտում ժողովրդական գործիքներ նուագել սովորել։ Երաժշտական դպրոցների համապասխան բաժիններ դիմողները սակաւաթիւ են։
«Այս խնդիրը միայն պետական միջամտութեան օգնութեամբ կարելի է լուծել: Խորհրդային տարիներին բոլոր երաժշտական դպրոցներում ընդունելութիւնը կատարւում էր այնպէս, որ ընդունուողների ուղիղ կէսը սովորէր ժողգործիքների դասարանում, իսկ հիմա այդպիսի պահանջ չկայ», կարծում է Յովիկ Սահակեանը:
Երաժշտանոցի ժողովրդական նուագարաների ամպիոնի վարիչ Արզաս Ոսկանեանն ասում է, որ այս տարի ժողգործիք նուագող նոր ուսանող չունեն։ Թառահարներ ընդհանրապէս չեն դիմել, իսկ ընդունելութեանը մասնակցած երեք քամանչահարները չեն կարողացել յաղթահարել քննական փուլը: Ոսկանեանը պատմում է, որ հիմա պարապում են այդ 3 դիմորդների հետ, որպէսզի գոնէ միւս տարի նրանք կարողանան քննութիւնները յանձնել եւ ուսանող դառնալ:
Տէր Ղեւոնդեանի անուան թիւ 1 երաժշտական դպրոցը այս տարի դիմորդների պակաս չի ունեցել։ Ընդունուած 64 երեխաներից 48ը սովորում են ժողնուագարանների բաժնում: Երեխաների մեծ մասը «Զատիկ» մանկատան սաներն են: Դպրոցում ուսուցումը գրեթէ անվճար է. թաղապետարանը օգնում է դպրոցին՝ յատկապէս ժողնուագարանների բաժնին: Դպրոցի փոխտնօրէն Նորա Սարգսեանը պատմում է, որ դպրոցի գործիքների ֆոնտը թարմացւում է բարերարների տրամադրած ֆինանսական աջակցութեամբ՝ երաժշտական գործիքները թանկ արժեն եւ ոչ բոլորն են կարողանում սեփական միջոցներով որակեալ նուագարան գնել։
«Լաւ գործիքի գինը սկսւում է 300 տոլարից: Նուագողները քիչ են, երաժշտական դպրոցներն էլ առնելուց մի հատ են առնում: Ամիսը կարող է մի հատ ծախես կամ չէ», ասում է երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ Մադաթ պապը: Նա թառ է պատրաստում ու վաճառում Վերնիսաժում։ Տխրում է, որ իր գործը շարունակող չկայ։ Միակ աշակերտը թոռն է, որն էլ դժկամօրէն է սովորում պապի արհեստը։ «Պապս ասում էր. «Եթէ գործիքի մէջ հոգի չդնես, հնչիւններն աղաւաղուած կը լինեն»։ Հիմա ինչպէ՞ս աշակերտին ստիպեմ հոգի դնել մի գործի մէջ, որով տուն չես պահի», հարցնում է Մադաթ պապը։
Արշակն ու Սիրանոյշը երկուսով մէկ թառ ունեն, բայց դա չի խանգարում, որ նրանք ջանասիրաբար աշխատեն։ Սկսնակ թառահարները պատրաստւում են իրենց առաջին բաց դասին. մէկ ամիս յետոյ պէտք է նուագեն «Նարեկացի» արուեստի միաւորման փոքր բեմից: «Շատ եմ յուզւում, բայց աւելի շատ ուզում եմ, որ ծնողներիս երազանքն իրականանայ», ասում է Սիրնոյշը: «Կ՚ուզենայի, որ պապս իմանար, որ իր թոռները թառ են նուագում»։