Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Արտաշէս Քալանթարեանի «Քննութիւն» հատորի ամփոփումին Գ. բաժնին մէջ տեսանք, թէ ինչպէ՞ս Արգամ Մանասեանը գնաց Ուջան, մօրը քով: Մայրը համով ձուածեղ պատրաստեց եւ խօսքի մէջ յայտնեց թէ Արգամի վաղեմի ընկերը՝ Նորայրը, երբեմն-երբեմն կը հանդիպի իրեն եւ կերակուր կը բերէ:
Արգամ տակաւին մօր տունն է, բայց միտքը այլ տեղեր կը թափառի:
***
«- Մամ,- ձայնեց Արգամ Մանասեանը,- որ մի քիչ քնեմ, ի՞նչ կը լինի…
– Քնի, գառ ջան,- ասաց մայրը, բերեց թեթեւ մի ծածկոց գցեց թախտին պառկած որդուն վրայ ու ձեռքերով փաղաքշաբար թփթփացրեց վերմակին:
Մօր այդ հին, մոռացուած թփթփոցից Արգամի շունչը կտրուեց: Նա տնքաց յուզմունքից ու փակեց աչքերը… Ուղեղը շարունակում էր բուալ (բուի ձայն հանել) տագնապած, մտքերն անհանգիստ այս ու այն կողմ էին ցատկռտում..
Մի ժամանակ հանրապետութեան ղեկավարներից մէկին շատ էին քննադատում: Իսկ նա մի մարդ էր, որ մեծ ծառայութիւններ ունէր. Երկու տասնամեակի ընթացքում հանրապետութեան բոլոր կարեւոր կառոյցները նրա անուան հետ էին կապուած: Գիւղից դուրս եկած՝ պարզ ու աշխատասէր մարդ էր: Սիրում էր գնալ, հասնել նոյնիսկ ամէնահեռաւոր գիւղերը, նստել, զրուցել ու հաց ուտել մարդկանց հետ, հետաքրքրուել նրանց ցաւերով ու օգնել տեղնուտեղը: Անուններով գիտէր բոլոր նշանաւոր բանուորներին ու հողագործերին: Թէ ինչ էր տեղի ունեցել, այդպէս էլ յայտնի չդարձաւ, բայց ինչ որ բան խառնուել էր իրար եւ այդ ղեկավարին ուզում էին հանել: Իսկ նա չէր ուզում: Յամառում էր ու պայքարում շարունակ՝ թէեւ երեւի ինքն էլ գիտէր, որ անյոյս է պայքարը:
Մի օր, երբ Արգամ Մանասեանը մի փոքրիկ տաղաւարում ժամանակ էր անցկացնում գործարանի վարիչ Մհեր Սամսոնեանի հետ, ակնյայտ ցաւով պատմեց ղեկավարի դէմ սկսած տգեղ հալածանքի մասին եւ ասաց.
– Միայն մի բան չեմ հասկանում: Ինչո՞ւ է այդպէս յամառում ու զուր տեղը քայքայում նեարդները (ջիղերը): Ես եթէ նրա փոխարէն լինէի, կ՛ասէի. Եթէ դուք չէք գնահատում այսքան տարիների իմ աշխատանքը, ձեր հերն էլ անիծած, ինձ ոչինչ պէտք չէ: Չարժէ ուրեմն, ձեզ հետ աշխատել, ես դուրս եմ գալիս գործից: Ու կը հեռանայի արժանապատուութեամբ եւ հպարտ…
– Չի կարող,-հարբած ծիծաղեց Մհերը:
– Ինչո՞ւ:
– Որովհետեւ, սիրելի մարդ, ուղիղ քառասուն տարի իր վերարկուն ինքը չի հագել, պահել են, որ հագնի:
– Է՜հ,- ձեռքը թափ տուեց Արգամ Մանասեանը:
– Հա, հա՛,- գլխով արեց նկարիչը: – Այդպէս է: Ու մի բան էլ կայ՝ կինը չի թողնում: Սովորել է շքեղ կեանքին ու սարսափում է, որ միւսների նման, սովորական կանանց նման է ապրելու: Առանց յատուկ խանութների եւ կցուած աւտոմեքենայի: Հաւատա՛ ինձ, եթէ կանայք չլինէին, մեր ղեկավարները շատ շուտ դուրս կը գային աշխատանքից: Հե՞շտ է ղեկավար լինելը:
Իսկ ես ի՞նչ եմ, մտածեց Արգամ Մանասեանը: Ես իմ մակարդակով նոյնը չե՞մ: Ի՞նչ է պատահել. երեւի ինչ-որ բան են կռահել, գործարանից ինչ որ բան են տեղ հասցրել: Վիթխարի տնտեսութիւն է. որպէսզի կարողանաս ղեկավարել, ծայրը ծայրին հասցնել, երբեմն ստիպուած ես լինում հազար ու մի տեսակ միջոցների դիմել, անկախ քեզանից ֆինանսական խախտումներ թոյլ տալ: Հենց վերջերս, ճաշարանի տանիքի մի մասը քանդուել էր, սարքել էր պէտք: Կանչեց շինարարութեան գծով ինժեներին, թէ կապուիր շինվարչութեան հետ, թող գան նորոգեն: Ինժիները գնաց-եկաւ, թէ քսան հազար ռուբլի փող են պահանջում փոխանցել:
– Հօ խելքդ չե՞ս թռցրել, այ տղայ,- վրդովուեց Արգամ Մանասեանը,- քսան հազար ռուբլով կարելի է ճաշարանի նոր շէնք կառուցել:
– Ասում են՝ կամ հինգ հարիւր ռուբլի փող տուէք կանխիկ, կամ էլ քսան հազար փոխանցէք: Որովհետեւ այդ քսան հազար ռուբլուց շինարար բանուորներին հինգ հարիւր ռուբլի էլ չի հասնելու,- կծկուեց շինարարութեան գծով ինժեները:
Ի՞նչ պիտի անէր. Գոռգոռաց-գոռգոռաց, վերջը կանչեց գլխաւոր հաշուապահին, թէ չգիտեմ, ինչ ուզում ես՝ արա, կանխիկ մի չորս հարիւր ռուբլի դրամ տուր ինժեներին: Հաշուապահն էլ տնքաց-փնչաց, ֆինանսների մինիստրութեան առաջիկայ ստուգումներից խօսեց, ժողովրդական վերահսկողութեան մասին յիշեց, ու վերջը փնթփնթալով գնաց խախտումներ թոյլ տալու: Ինչ-որ ցուցակ էր կազմել, ինչ-որ աշխատանքներ ցոյց տուել, պարգեւատրում, թէ օգնութիւն էր դուրս գրել մի քանի բանուորների եւ փողը վերցրել: Ի՞նչ անէր, հօ չէ՞ր թողնելու, որ ուտելու ժամանակ բանուորների գլխին անձրեւաջուր թափուի: Դրա համար պակա՞ս պատիժ է հասնում: Եւ նա ակամայ խախտում թոյլ տուեց: Իսկ միթէ՞ դա միակ խախտումն էր: Դա խախտումներից ամէնափոքրն ու ամէնաազնիւն էր: Ըստ որում, երբ մի խախտում ես թոյլ տալիս, յետոյ պէտք է տասը խախտում անես, որպէսզի կարողանաս ծածկել, թաքցնել այդ մի խախտումը:
Հենց թէկուզ միայն այդ մէկ փաստի համար կարելի՞ էր քեզ աշխատանքից հեռացնել, ընկեր Արգամ Մանասեան: Ի հարկէ, կարելի էր: Միւս՝ կամայ թէ ակամայ գործած մեղքերի համա՞ր: Հազար անգամ:
Ուրեմն էլ ինչո՞ւ ես նուում, ինչո՞ւ ես տակնուվրայ անում հոգիդ, ինչո՞ւ ես սեւացնում աշխարհը: Ճակատիդ հօ գրուած չէ՞, որ դու ամբողջ կեանքում տնօրէն ես լինելու: Եղար, տառապեցիր, վայելեցիր, ամէն ինչ տեսար, բաւական է, էլի: Եւ վերջապէս՝ ի՞նչ ունես կորցնելու, մասնագէտ մարդ ես, եւ քո կարիքը միշտ կայ: (…) Իսկ չլինի՝ կարող ես վերցնել Յասմիկին, գալ ապրել քո մօր մօտ, պապենական տանը, աշխատել հօրդ փոխարէն: Քեզ ո՞վ աշխատանքի չի վերցնի: Փառք տուր Աստծուն, որ փախչելու, պատսպարուելու մի անկիւն ունես: Շատերն այդ էլ չունեն: Փառք տուր ու քեզ տղամարդավարի պահիր, արժանապատուութեամբ ու հպարտ, ինչ հանրապետութեան այն ղեկավարին էիր ցանկանում: Քեզ համար շատ դժուար չի լինի… Դեռ քիչ են քո վերարկուն պահել:
Նա յանկարծ զգաց, որ պայծառացել է ուղեղը եւ սիրտը խաղաղուել է ասես: Վերարկուի վերաբերեալ միտքը բոլոր դէպքերում շատ սրամիտ էր եւ ծիծաղեցրեց նրան: Նա այդպէս էլ ծիծաղելով մի կողմ նետեց ծածկոցը, վեր կացաւ, նայեց շուրջը, իր յոյս ու ապաւէն պապենական տանը, մրգերից ծանրաբեռ այգուն, ծորակին, որից ջուրը հանդարտ հոսում էր ռեհանի վրայ, ձայն տուեց մօրը, գրկեց, համբուրեց նրա խորշոմած այտերը եւ ձեռքերը, որոնցից ռեհանի հոտ էր գալիս, մայրուղի դուրս եկաւ եւ հանդիպած առաջին իսկ բեռնատարով, ծիծաղելով իր նախկին ապրումների եւ ներկայ դրութեան վրայ, վարորդի կողքին վեր-վեր ցատկելով, ուղեւորուեց Երեւան »:
***
Սիրելի՛ ընթերցող,
Այս թերթօնի գալիք էջերը ձեզի պիտի պատմեն թէ ինչպէս, երբ Արգամ Մանասեան իրենց շէնքի վերելակէն դուրս կ՛ելլէ եւ դէպի տան դուռը կը յառաջանայ՝ խնդուքի ձայներ ու բարձր խօսակցութիւն կը լսէ. կը զարմանայ. «ովքե՞ր են» կը մտածէ. «յամենայն դէպս հոգեհանգիստի տպաւորութիւն չի թողնում»:
Արգամ Մանասեան այնքա՛ն մտազբաղ եղած էր ամբողջ օրը, որ մոռցած էր թէ իր տարեդարձի օրով գործէն արձակած էին զինք…