
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- «Թուֆէնքեան» բարեգործական հիմնադրամը վերջերս յայտարարեց «շարժական լաբորատորիաներ (տարրալուծարան) Արցախի բոլոր դպրոցների համար» նուիրահաւաքի մեկնարկի մասին:
Ամբողջ աշխարհում մանկավարժները գիտակցում են տարրալուծական հետազօտութեան կարեւորութեան մասին` որպէս գիտելիք ստանալու արդիւնաւէտ միջոց: Անիկա կարող է զգալիօրէն բարձրացնել աշակերտների ուսուցման որակը:
Ցաւօք սրտի, Արցախում դպրոցների մեծ մասը ընդհանրապէս չունի տարրալուծարանի սարքաւորումներ, ու աշակերտները հնարաւորութիւն չունեն սովորելու փորձի միջոցով:
Այս խնդրին անդրադառնալու համար անցած աշնանը հիմնադրամը Մարտունու շրջանի բոլոր 29 դպրոցներին նուիրաբերեց կենսաբանութեան տարրալուծարանի հաւաքածուներ: Այս հաւաքածուները յատուկ պատրաստուած էին 7րդ դասարանի կենսաբանութեան ուսումնական ծրագրին համապատասխան:

Հաւաքածուները ներառում էին մանրադիտակներ, նմուշներով սահիկներ, դատարկ սահիկներ, «Պետրի» ափսէներ, քիմիական բաժակներ եւ այլ նիւթեր: Նրանք ներառում էին ոչ միայն դասասենեակի համար նախատեսուած սարքաւորումներ, այլեւ սարքաւորումներ, որոնք նախատեսուած էին դասարանից դուրս օգտագործելու համար:
Մարտունու շրջանի դպրոցների տնօրէնների արձագանգները, ինչպէս նաեւ ուսուցիչների եւ հէնց աշակերտների անմիջական արձագանգները չափազանց դրական են եղել: Այս կարծիքների հիման վրայ հիմնադրամը որոշել է աւելի ընդլայնել դպրոցական գիտական տարրալուծարանների նախաձեռնութիւնը` աշխարհագրական եւ առարկայական առումով:
Ծրագիրը հետեւեալն է`
1. Հիմնուել անցեալ տարուայ յաջողութիւնների վրայ եւ ընդլայնել Արցախի մնացած 77 դպրոցներում կենսաբանութեան տարրալուծարաների սարքաւորումների բաշխման ծրագիրը: Դրանցից 23 խոշոր դպրոցներ կան, որոնք ունեն մէկից աւելի 7րդ դասարաններ` կենսաբանութեան տարրալուծարաների ընդհանուր թիւը հասցնելով 120ի:
2. Ներառել քիմիագիտութեան տարրալուծարանի հաւաքածուներ, որոնք կարող են օգտագործուել 7րդ, 8րդ եւ 9րդ դասարանների աշակերտների կողմից: Այս հաւաքածուները նոյնպէս նախագծուել են դասարանի ուսումնական ծրագրին աջակցելու համար: Արցախի բոլոր 106 դպրոցներին հասնելու համար կը պահանջուի 153 քիմիագիտութեան տարրալուծարանի հաւաքածու:
Հաւաքածուները դպրոցներին կը յանձնուեն 2022-2023 ուսումնական տարուայ սկզբին:

Արցախի մնացած դպրոցները (այսինքն` Ստեփանակերտի, ինչպէս նաեւ Մարտակերտի, Ասկերանի եւ Շուշիի շրջանների դպրոցները) կենսաբանութեան տարրալուծարանի սարքաւորումներով 7րդ դասարանցիների համար կազմում է շուրջ 17,700 դոլար: 7րդ, 8րդ եւ 9րդ դասարանների ուսումնական ծրագրերին աջակցելու համար Արցախի բոլոր դպրոցները քիմիագիտութեան տարրալուծարանի սարքաւորումներով յագեցնելու արժէքը կազմում է շուրջ 18,800 ԱՄՆ դոլար: Երկու նախաձեռնութիւնների ընդհանուր արժէքը կազմում է շուրջ 36,500 դոլար:
Այս ծրագիրը հնարաւորութիւն է տալիս, որ Արցախի աշակերտները զարգացնել այն, ինչ սովորում են դասարանում` իրական, տեսանելի փորձով: Մենք հաւատում ենք, որ ծրագիրը նաեւ կը նպաստի աշակերտների մէջ գիտութիւնների նկատմամբ աւելի մեծ հետաքրքրութեան ձեւաւորմանը:
«Կրթական առաւելութիւններից բացի, այս ծրագիրը կը հասնի Արցախի իւրաքանչիւր համայնք` նրանց մի անգամ եւս յիշեցնելով, որ նրանք միայնակ չեն եւ որ Արցախից դուրս գտնուող հայերը շարունակում են իրենց կողքին լինել այս դժուարին ժամանակներում», յաւելեց հիմնադրամի հասարակական կապերի տնօրէն Ռուբէն Ճանպազեանը:
Նուիրելու համար այցելէք` կայքէջը:
(Թղթակցութիւնը՝ «Թուֆէնքեան»էն)