Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ

Ա. Քալանթարեանի «Քննութիւն» վէպի այսօրուան հատուածին մէջ պիտի հանդիպինք Հայաստանի խորհրդային շրջանին եւ անկէ ետք դրսեւորուած տգեղ երեւոյթի մը: Թաղային մը սանձարձակ գործունէութիւն կ՛ունենայ, խեղճ մարդոց ունեցածը կ՛իւրացնէ եւ անպատիժ կը մնայ, որովհետեւ «զօրաւոր» է, կամ՝ «թիկունք» ունի. այս հատուածին մէջ ուրեմն, «թաղային» կը նշանակէ թաղի աւազակ (gangster):
Ահա թէ Ա. Մանասեանի վարորդ Աշոտ Ալոյեանը ինչ կը պատմէ թաղայինի մը հետ ունեցած իր փորձառութեան մասին:
***
«Մեր թաղը, ընկեր Մանասեան, հին թաղ է, մանր արհեստաւորների թաղ: Տեսած կը լինէք, հիմիկուայ ծածկած շուկայի կողքին է, որտեղ առաջ Սիլաչիի հին շուկան էր: Մարդիկ իրենց տներում դուռ-լուսամուտ, դագաղ էին սարքում, կաւից կճուճներ ու ճիպսից (գաճ)՝ ներկուած կասսա-շնիկներ (գանձանակ) ու կատուներ, գլխարկ էին կարում ու չստեր (հողաթափեր), թիթեղից վառարաններ էին պատրաստում եւ կողպէքներ, եւ էլի ամէն տեսակի մանր-մունր բաներ, վաճառում էին շուկայում ու ապրում մի կերպ: Մի թաղային ունէինք, բոլորի հոգին հանում էր: Ամէն Կիրակի իրիկուն հերթով մտնում էր էդ արհեստաւորների տներն ու կարգադրում.
– Դէ իմ բաժինը բերէք:
Ու թէ փողը չտային, բռնում քաղմաս էր տանում: Քանի-քանի հոգու նստեցրեց՝ իբր թէ գաղտնի արհեստով զբաղուելու համար: Չուստ կարելն ու ճիպսից կատու սարքելն էլ դարձաւ գաղտնի արհեստ: Իբր թէ էդ բոլորը քիչ էր, ում տանը յանկարծ մի լաւ բան տեսնէր, ասում էր.
– Օրինակ, սա մեր տանը աւելի չէ՞ր սազի:
Ո՞վ կարող էր ծպտուն (ձայն) հանել: Աւելի լաւ չէ՞ր էդ ապրանքից զրկուել, քան թէ կեանքից: Մենք մի սիրուն ինքնաեռ ունէինք, ընկեր Մանասեան, իսկական դեղին պղնձից: Մեր տան ուրախութիւնն էր: Ինքնաեռը վառում էինք ու շարւում կողքին: Դա էլ տարաւ: Ու անունն ի՞նչ դրեց. թէ ինքը սիրում է սամովարներ (թէյնիկ) հաւաքել: Թէ ամէն տեսակի ունի, բայց էս տեսակի չունի: Բոլորս՝ մեծ ու փոքր, երեխայի նման լաց եղանք: Ոնց որ հարազատիդ տանէին: Շուկայի հետ հայրս էլ գործ ունէր, դրա համար էլ վախեցաւ, ձայն չհանեց: Բայց ես տեսայ, որ ինքն էլ է խեղճացել: Յիշատակ էր: Մօրս հետ իրենց ամուսնութեան օրն էին ստացել քաւորից: Հօրս խեղճանալն ինձ սպանեց: Որոշեցի, որ վրէժ պիտի լուծեմ: Լաւ ընկերներ ունէի մեր թաղից, հաւաքուեցինք, խելք-խելքի տուեցինք ու որոշեցինք թալանել թաղայինի տունը: Դէ, մեր հարեւանն էր. մի օր, իմանալով որ տանը մարդ չկայ, սուսուփուս ներս մտանք: Սկզբից որոշել էինք, որ ամէն մէկս իր տնից տարածը վերցնի: Բայց մեր մէջ մէկը կար, որ մի քիչ մեծ էր՝ արդէն տասնութ տարեկան էր: Նա ասաց, որ էդպէս միանգամից կը բռնուենք: Աւելի լաւ է ոսկեղէնը գողանանք: Ինչ կար-չկար վերցրեցինք, զարդերը բաժանեցինք իրար մէջ ու ցրուեցինք: Չգիտենք էլ, թէ ինչ պիտի անենք էդ անտէր ոսկին:
Բռնուեցինք հենց նոյն գիշեր: Թաղայինը շուն բերեց ու այդ շունը մէկ-մէկ ցոյց տուեց մեր տները: Դէ ես հօ չէի թողնի, որ հօրս վրայ կասկած ընկնի: Խոստովանեցի անմիջապէս: Այդպէս էլ միւսները: Ու մեզ դատեցին՝ ձեւակերպելով որպէս խմբակային կողոպուտ: Ի հարկէ, դատարանը շատ բան հաշուի առաւ, որ անչափահաս ենք, որ առաջին անգամ ենք գողանում, որ ընտանեկան վիճակներս ծանր է… ու մենակ մի բան հաշուի չառաւ, ամենակարեւորը, որ մենք մեր խելքով վրէժ ենք լուծել: Որ գողից ենք գողացել: Ոչ մէկը թաղայինին չհարցրեց, թէ քեզ ախր որտեղի՞ց էդ հարստութիւնը: Էդպէս ո՞նց կը լինի, ընկեր Մանասեան:
– Հիմա այդ թաղայինը կա՞յ,- կարեկցանքով հարցրեց գործարանի տնօրէնը:
– Չէ,- ասաց տղան,- սատկացրին:
– Ո՞վ: Ինչպէ՞ս:
– Մեր թաղում Ոսկան անունով մի մարդ կար: Շատ սիրուն կին ունէր: Թաղայինը աչք ունէր նրա վրայ, շառի մէջ գցեց Ոսկանին, թէ իբր հաշիշ է ծխում ու խեղճ մարդուն բանտարկեցին: Յետոյ պարզուեց, որ ինքն էր Ոսկանի գրպանը հաշիշ գցել: Ոսկանը դատարանում ծնկի իջաւ, գլուխը գետնին, երդուեց, որ ինքը կեանքում հաշիշի հետ գործ չի ունեցել, որ չգիտի էլ, թէ ինչ բան է դա: Բայց երբ չհաւատացին ու կարդացին դատավճիռը, շրջուեց դէպի թաղայինն ու ասաց.
– Հօ ես գիտեմ, թէ ինչի համար արեցիր սա, տականք: Տե՛ս, նախօրոք եմ ասում՝ դուրս եկայ թէ չէ՝ մորթելու եմ:
– Ուրեմն հինգ տարի ունեմ,- ծիծաղեց, ձեռ առաւ թաղայինը:
Բայց Ոսկանը ոչ թէ հինգ, այլ մի տարի յետոյ կատարեց իր խօսքը: Թէ նրան ոնց էր յաջողուել, չգիտեմ, բայց փախել էր գաղութից, գիշերով տուն եկել ու տան մէջ էլ դանակով սպանել համ թաղայինին, համ էլ կնոջը:
– Զարհուրելի պատմութիւն է,- ասաց Արգամ Մանասեանը՝ անմիջապէս յիշելով այդ դէպքը, որն իր ժամանակին մեծ աղմուկ էր հանել»:
***
Այս խօսակցութենէն ետք Աշոտ Ալոյեան կը դառնայ Արգամ Մանասեանի հաւատարիմ վարորդը: Ան միշտ պատրաստակամ էր եւ տնօրէնին քովէն չէր հեռանար: Իսկ Արգամ Մանասեան ազնիւ մարդ էր եւ չէր սիրեր շահագործել իր պաշտօնեան. այդ պատճառով ալ անպայման կ’ուզէր որ միասին ճաշէին:
***
«Ըստ որում ճաշել բառը շատ պայմանական էր, որովհետեւ վարորդը գրեթէ չէր մասնակցում, այսինքն այնքան քիչ էր ուտում, որ Արգամ Մանասեանը մտածում էր, թէ ինչպէ՞ս է ընդհանրապէս ապրում այդ տղան: Մի անգամ չդիմացաւ, բարկացաւ ու հարցրեց: Եւ Աշոտն ասաց.
– Էնտեղ եմ սովորել, ընկեր Մանասեան, ինձ հաց բերող չկար:
Մի ուրիշ անգամ էլ գործարանի տնօրէնը ծիծաղելով ասաց.
– Աշոտ, մէկ է, ոչինչ չես ուտում: Ինչո՞ւ ես զուր տեղը ժամանակ կորցնում, այ տղայ: Մենք դեռ երկու-երեք ժամ այստեղ կը լինենք: Գնա՛, շրջի՛ր քեզ համար:
– Ես ձեզ հօ չե՞մ խանգարում,- տեղից վեր թռաւ Աշոտը:
– Բոլորովին: Բայց դէ, ընտանիքի տէր ես, գնա՛… ման արի, էլի…
Արգամ Մանասեանն ուզում էր ասել, թէ քանի որ ազատ ես, գնա՛ «փափախ» արա (ապօրինի եկամուտ ապահովէ), ես գիտեմ, թէ որքան քիչ է քո աշխատավարձը, թոյլ եմ տալիս, ուղեւոր փոխադրի, մի քանի լրացուցիչ ռուբլիները էլի օգուտ կը լինեն քո ընտանիքի համար: Բայց աւելի պարզ ասել ամաչում էր: Աշոտ Ալոյեանը հասկացաւ ու վիրաւորուեց:
– Արգամ Պետրովիչ,- ասաց նա՝ խռովկան երեխայի նման շրթունքները ուռեցնելով,- նախ՝ ես գետինը կը մտնեմ, բայց թոյլ չեմ տայ, որ մէկն ու մէկը ասի, թէ «Արգամ Մանասեանի վարորդը «փափախ» էր անում: Յետոյ ես ինչքա՞ն փող պիտի աշխատեմ, որ ինձ էնքան օգուտ բերի, ինչքան ձեր խօսքերը, զրոյցները լսելը: Թողէք մնամ, Արգամ Պետրովիչ: Թողէք որ միշտ ձեր կողքին լինեմ:
Եւ այնուամենայնիւ մի օր նրանք բաժանուեցին: Արդէն երկու փոքրիկ երեխաներ ունէր Աշոտը: Կինը՝ Սիլվան, դուրս էր եկել աշխատանքից, որ կարողանայ երեխաներին պահել եւ դժուար էր դարձել ապրելը: Ու քանի որ Աշոտը վաղուց այն Աշոտը չէր, որ գողի պիտակով ուղեգիրը ձեռքին այս հիմնարկէն այն հիմնարկն էր ապարդիւն գնում, այլ ծխախոտի գործարանի տնօրէնի գովական վարորդը, որին հարիւր տեղ աշխատանք էին առաջարկում, ապա մի օր կուչ ու ձիգ անելով, գոյն տալով ու գոյն առնելով, դիմեց իր պետին.
– Արգամ Պետրովիչ, գիտէք, որ հօրս նման սիրում եմ ձեզ: Եւ ուր էլ գնամ, մէկ է, ձեզանից չեմ բաժանուի: Շատ եմ տանջուել, մտածել, բայց հնար չունեմ: Չեմ կարողանում տունը պահել:
– Ի՞նչ է, աւելի լաւ տե՞ղ կայ,- մազաչափ իսկ ցոյց չտալով, թէ ներքուստ վիրաւորուած է, հարցրեց Արգամ Մանասեանը:
– Աւելի լաւ տեղ չի կարող լինել, Արգամ Պետրովիչ, առանց կեղծաւորութեան եմ ասում: Բայց աշխատավարձը բարձր է: Յետոյ, դէ առեւտուր է, էլի, մի բան էլ տակը կը մնայ:
– Առեւտո՞ւր,- զարմացաւ Արգամ Մանասեանը:- Այ տղայ, դու ի՞նչ առեւտուր անող ես…
– Կը սովորեմ,- ասաց Աշոտը:- Մեծանում են երեխաները, պահելը դժուար է դառնում:
– Իսկ որտե՞ղ ես աշխատելու:
– Աւտոմեքենայի վրայ, Արգամ Պետրովիչ, չէ՞ք տեսել- փոքրիկ կառքեր են՝ վրան գրուած «Հիւթեր»: Որտեղ շատ մարդիկ են հաւաքւում, տանում-կանգնեցնում ես աւտոդ ու դու էլ վաճառում ներսից՝ հիւթեր, թխուածքներ, «պերաշկի»ներ, «պոնչիկ»ներ… Ես տեսել եմ… շատ լաւ առեւտուր է լինում:
Արգամ Մանասեանը չգիտէր ինչ ասել: Աւելի ճիշդ՝ գիտէր, որ իրաւունք չունի պահել մարդուն, երբ նրան աւելի բարձր աշխատավարձ եւ օգուտներ են խոստանում, բայց միաժամանակ էլ համոզուած էր, որ Աշոտը գլուխ չի հանի այդ գործից: Առեւտրի աշխատողը ուրիշ մարդ պէտք է լինի:
– Ես քեզ խորհուրդ չեմ տալիս, Աշոտ:
– Սիլվան ասում է՝ հաշիւներին մէջ կ՛օգնեմ քեզ: Յետոյ՝ տնօրէնը Սիլվայի քեռու տղան է: Ասում է՝ ամէն ինչ լաւ կը լինի:
– Լաւ, – ասաց Արգամ Մանասեանը:- Արա այնպէս, ինչպէս սիրտդ ուզում է, Աշոտ: Բայց որպէսզի մի անգամ էլ համոզուես որ ես միայն քո լաւն եմ ուզում եւ գոհ եմ քեզանից, քո տեղը մի ամիս կը պահեմ: Վռամն արձակուրդ է գնում՝ այս ամիս նրա աւտոմեքենան կ՛օգտագործեմ: Եթէ այդ մի ամսում միտքդ փոխեցիր, ետ դարձիր առանց ամաչելու: Իսկ եթէ չեկար, ի՞նչ արած, թող յաջող լինեն գործերդ, որովհետեւ սրանից աւելի իրաւունք չունեմ քեզ վճարելու, տղաս:
Աշոտը գործարանի տնօրէնին առանձնասենեակում յայտնուեց ուղիղ եօթերորդ օրը:
– Ներողութիւն,- ասաց նա գլխահակ:
– Ի՞նչ է պատահել,- առանց թաքցնելու ուրախութիւնը, ծիծաղեց Արգամ Մանասեանը:
– Տեղը մնո՞ւմ է, Արգամ Պետրովիչ, թէ՞ արդէն…
– Մնում է, մնում… անբախտ վաճառական…
– Փառք Աստծոյ,- գլուխը բարձրացրեց Աշոտը:- Ու սրանից յետոյ կնկայ խելքին ընկնողի հերն անիծած: Վերջ: Առեւտուրը վերջացրինք: Ախր իսկի, է՜, իսկի իմ տեղը չէր, Արգամ Պետրովիչ: Է՞դ ինչ աշխարհ էր…»:
***
Վերոյիշեալ քանի մը էջերով Քալանթարեան յաջողած է ընթերցողին ներկայացնել պարկեշտ եւ անկեղծ Աշոտին կերպարը: Աշոտ կը մերժէ ապօրինի եկամուտով աշխատանքը եւ համակ նուիրուածութիւն կը ցուցաբերէ զինք յարգող տնօրէնին հանդէպ: Ան աշխատասէր է եւ սկզբունքի տէր: Իր եւ Արգամ Մանասեանի փոխադարձ յարգանքն ու սէրը յոյս կը ներշնչեն արդարամտութեան եւ ազնուութեան ձգտող որեւէ անձի: