ՍՈՆԱ ՎԱՆ

Ծառերը անձնաւորելը, նրանց սիրելը տատիցս եմ ժառանգել: Սրանից երեսուն տարի առաջ, երբ ես ու Նուբարը յայտնուեցինք մեր առաջին ու վերջին տան պատշգամբում․ առաւօտ էր: Մեզ իրենց սաղարթների պարային շարժումներով ողջունեցին սահմանապահ երկու հսկայ եղեւնիներ, հաստաբուն ու գագաթները ամպերի մէջ:
– Սրանք Սիսն ու Մասիսն են Նուբար: Սահմանի վրայ գագաթները մշտապէս ամպերի մէջ: Դու կը լինես Մասիսը, ես` Սիսը: Երբ մենք չլինենք, այս ծառերը կը շարունակեն մեր զրոյցը:
Նուբարը ժպտաց ու համաձայնեց, եւ այդ օրուանից նրանք դարձան մեր խոստովանահայրերը, մեր սիրոյ ու անհամաձայնութիւնների վկաները: Մեր երկու կանաչ Աստուածները, որոնց հովանաւորութեամբ թռչուններն ամէն առաւօտ նոր սիմֆոնիայով էին ամէն առաւօտ դիմաւորում մեզ: Եւ ո՞ւմ մտքով կ՛անցնէր, որ ինչ որ մէկը երբեւէ կը յաւակնէր վերջ դնել 30 տարի ձգուող այդ տիեզերական զրոյցին:
– Տիկի՛ն, ես եկել եմ ձեզ տեղեկացնելու, որ առաջիկայ երկու շաբաթուայ ընթացքում ծառահատուելու են այս երկու եղեւնիները` ձեր եւ ձեր հարեւանի սահմանի վրայ, անտարբերութեամբ դռանս յենուած յայտարարեց մի պաշտօնեայ, ձայնի այսպիսի տոնով, որ ասես խօսքը փայտը խժռող անտեսանելի միջատների մասին էր, այլ ոչ թէ հաստաբուն հարիւրամեայ երկու հսկաների, որոնք այս բարձրունքի վրայ են եղել մեզնից շատ առաջ: Շքեղ ու գեղանի երկու կանաչ հրավառութիւններ, որոնց ճիւղերի վրայ թռչունները դեռ չէին աւարտել իրենց կիրակնօրեայ սիմֆոնիան:
– Ա՞յն եղեւնիների,- էլեկտրահարուածի պէս ակամայից դէպի զառիվայրը շրջուելով հարցրեցի ես,- լո՞ւրջ էք խօսում: Ես այդ թոյլ չեմ տայ: Դա յանցագործութիւն է: Այս տարածքը նրանց է պատկանում: Դուք իրաւունք չունէք:
– Տիկին ես չեմ ուզում բանավիճել ձեզ հետ: Իմ գործը ձեզ տեղեկացնելն է միայն, այլ ոչ ձեր թոյլտուութիւն վերցնելը: Այս ծառերը պատկանում են ձեր հարեւանին եւ ահա՛ կտրելու օրինական թոյլտուութիւնը` կարդացէք:
Ես հիստերիկ (ջղացնցական) հապճեպութեամբ համարեայ խլեցի թերթիկը ու միանգամից դող զգացի իմ մէջ, ասես ռազմաճակատից եկած սեւ թուղթ լինէր սա, ու առանց կարդալու կտրուկ վերադարձրեցի, կարծես չկարդալուս պատճառով չեղարկուելու էր դատավճիռը. արագ` կարծես ձեռքս այրելու էր այս թուղթը:
– Գնացէ՛ք: Ես պիտի մտածեմ: Այդ ծառերը ինձ համար սենտիմենտալ (զգացական) արժէք ունեն: Դրանք իմ յիշողութիւնն են: Ես դրանց համար պատրաստ եմ դատարան գնալ:
– Ժամանակ վատնելն անիմաստ է: Եղեւնին չի՛ մտնում օրէնքով պահպանուող ծառերի խմբի մէջ եւ տանտէրը իրաւունք ունի դրանք կտրել, որպէսզի բացի իր տեսարանը: Դա կ’աւելացնի նրա տան արժէքը, որը պատրաստւում է շուկայ մտնել:
– Շուկա՞յ: Արժէ՞ք: Տեսարա՞ն: Ի՞նչ տեսարան: Այս ծառերից աւելի շքեղ տեսարան կարելի՞ է պատկերացնել: Ցեմե՞նտն (կրափոշի) է լաւ տեսարանը: Ապակի՞ն,- ասեցի ու բանավէճի անհնարինութեան գիտակցութեամբ ու ամօթով ներս մտայ` առանց միտքս աւարտելու:
Անմիջապէս դուրս եկայ պատշգամբ` համոզուելու համար, որ մի քանի վայրկեանում ոչինչ չի փոխուել, որ դեռ ողջ են ծառերը, եւ ուրեմն դեռ ամէն ինչ վերջացած չէ: Մատները դեռ շուարած էին` մահուան թղթի հետ շփուելուց ու այդ յիշողութիւնից, միտքս ինքն իրեն փրկելու փորձեր էր անում:
Չգիտէի ի՞նչ ասէի քամու հրամանով դէպի ինձ շրջուած ծառերին, ճիւղերի վրայ իրենց համերգը դեռ չաւարտած թռչուններին ու միրաժի (պատրանք) պէս իրական չափերով տեսայ ծառահատման ընթացքը: Նախ բարձրունքից համարեա սահելով վար իջան երկու թիկնեղ տղամարդ` մետաղեայ գլխարկներով, հաստ պարաններով ու սղոցներով: Ունկերս լցուեցին տխեղծ աղմուկով, քարի ու փայտին հանդիպումից ծնուած այն մահասարսուռ ձայնով, որ յիշեցնում է դագաղի ու քարի հանդիպման ձայնը՝ գերեզմանափոսի մէջ: Տեսայ, թէ ինչպէս են նրանք ուսերին դրած բարձրացնում սպանդը դէպի մեքենան, որը այդ կտրատուած հարիւրամեայ մարմինները պէտք է հասցնէր ծառերի գերեզմանոց:
Տեսայ նաեւ երկու երիտասարդ սկսնակ ծառասպանների, ովքեր կռացած հաւաքում ու սեւ տոպրակներն մէջ էին լցնում թափուած սաղարթները` դրանք սեղմելով ու տեղ բաց անելով մնացածի համար: Տեսայ ահաբեկուած ու գաղթի ճանապարհը փնտռող թռչուններին ու այն շուարած երկուորեակ արծիւներին, որոնք սովորաբար իրենց պտոյտով սահմանապահում էին ծառերի հազարամեայ բնակավայրը:
Եւ այս ամէնը առօրեայ խօսակցութիւններով ու էժանագին ծիծաղով, որը մի կերպ ընդհատելու համար էր, որ ճիգով ընդհատեցի արթմնի երազս: Ասես մէկը` երկրորդ անգամ էր ինձնից խլելու Մասիսներս, ոտնահարուած արժանապատուութիւնս, յիշողութիւնս ու կենսագրութիւնս:
Իսկ Մասիսները ինձ նայում էին միեւնոյն վայելչութեամբ ու ինքնավստահութեամբ, ասես իրենց ոչ մի վտանգ էլ չի սպառնում ու դա ինձ աւելի տխրեցրեց: Չլինի՞ ինչ որ բան, այնուամենայնիւ, հնարաւոր է անել` մտածեցի: Իմ յոյզերն ու պատճառաբանութիւնները դատարանում կշիռ չեն ներկայացնի, բացի այդ, դատական հայցն ամիսն է տեւում, իսկ դատավճիռն արդէն կայացուած է եւ օրէնքի ուժ ունի: Ի՞նչ անել, ո՞ւմ դիմել: Այս պահին էր, որ մտքիս մէջ հնչեց Արդիի անունը: Արդի Քասախեանի, ով ներկայ քաղաքապետն է, ում պրոֆէսիոնալ (արհեստավարժ) եւ մարդկային դիմագիծը հաւասարապէս վստահելի է, ով տիրապետում է սիրտը, միտքը եւ օրէնքը համադրելու շնորհքին, հարցերի լուծման բանակցային ճանապարհին: Եւ` ի վերջոյ, Արդին այն պաշտօնեան է, ում հեռախօսահամարը ես ունեմ:
Շատ յոգնած էի ու անկողին մտայ: Աղօթեցի բարի, բնութիւնը սիրող մարդկանց համար, ծառերի, թռչունների, մարդկանց միասնականութեան եւ տիեզերքի յաւէրժութեան համար:
Այսօր ամռան առաջի օրն է: Բանակցային պատուհանը արդէն փակ է, բայց փոխարէնը բաց է պատշգամբիս դուռը, որտեղից ինձ կրկին ողջունում են Սիսն ու մասիսը, իրենց կանաչ գագաթները ամպերի մէջ: Ծառասպանները բաւարարուել էին զուտ չոր ճիւղերը կտրելով եւ յարդարելով ու հիմա նրանք աւելի արժանապատիւ կեցուածքով ու նոր շքեղութեամբ են հսկում սահմանը: Հիմա նրանք ոչ թէ քամու հրամանով, այլ սեփական նախաձեռնութեամբ են խոնարհւում դէպի իմ պատշգամբը, երախտիքի զգացումով շնորհակալութիւն յայտնելով իրենց վերածննդի համար: Թռչունները, որոնք փրկուել են գաղթականութեան ճանապարհից, նոր ոգեւորութեամբ են փառաբանում մարդու մէջ ապրող աստծոյ հրաշքը, մարդու ու բնութեան հաւատարմութեան ուժը:
Սիրելի Արդի: Ահա տեսանկարում ու քեզ եմ ուղարկում տիեզերական խոնարհումի այս սիմֆոնիան: Ահա այն արծիւը, որն իր կորագծով սահմանագծում է վերածնուած ծառերի թագաւորութիւնն ու ընդգծում մարդու ու բնութեան փոխշահաւէտ գոյակցութեան միակ հնարաւորութիւնը` խաղաղ բանակցութեան օրէնքը:
Յունիս 21, 2022