ԵՐԵՒԱՆ.- ԵՈՒՆԻՍԵՖի, Եւրոպական Միութեան, Հայաստանի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարզանքի ու տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարարութիւնների համագործակցութեան արդիւնքում, Սիւնիքի երեք գիւղական բնակավայրերում բացուեցին նախադպրոցական կրթութեան կենտրոններ: Այս երեք բնակավայրերում բնակուող երեխաները Հայաստանի մի շարք այլ փոքր գիւղական բնակավայրերի երեխաների նման մանկապարտէզ չունենալու պատճառով բաց էին թողնում այդքան կարեւոր վաղ մանկական կրթութիւն ստանալու հնարաւորութիւնը:
«Հայաստանի գիւղական բնակավայրերում բնակուող 3-6 տարեկան երեխաների միայն 16 տոկոսն է մանկապարտէզ յաճախում: Մինչդեռ գիտնականները փաստում են, որ երեխայի ապագայի համար վաղ մանկական կրթութիւնը չափազանց կարեւոր է, այն իսկապէս նպաստում է երեխաների կրթական առաջադիմութեանը` նրանց համար ստեղծելով ապագայում աւելի մեծ յաջողութիւնների հասնելու հնարաւորութիւն: Շահում են երեխաները, ծնողները, հասարակութիւնը եւ մեծ հաշուով, շահում է պետութիւնը: Ապացուցուած է` վաղ մանկական կրթութեան մէջ ներդրուած ամէն մէկ դոլարի դիմաց գրանցւում է 6ից 17 դոլարի վերադարձ», նշեց ԵՈՒՆԻՍԵՖի ներկայացուցչի ժամանակաւոր պաշտօնակատար Սիլվիա Մեստրոնին:
Այսուհետ, Սիւնիքի երեք գիւղական բնակավայրերում բնակուող 0-6 տարեկան աւելի քան 123 երեխայ, նախքան դպրոց յաճախելը, հնարաւորութիւն կը ստանայ յաճախել այլընտրանքային նախադպրոցական հաստատութիւն: ԵՈՒՆԻՍԵՖի այս կենտրոնները ծախսարդիւնաւէտ են եւ հնարաւորութիւն են տալիս փոքր համայնքներին հեշտութեամբ ստանձնել կենտրոնի պահպանման ծախսերը:

«Մանկապարտէզ չունենալու խնդիրը Հարթաշենի բնակիչներին ամենայուզող խնդիրներից մէկն էր: Ուրախ եմ, որ այսօրուանից սկսած, համայնքի 3-6 տարեկան 19 փոքրիկներն այլեւս կարող են մանկապարտէզ յաճախել հէնց իրենց համայնքում, այլեւս ստիպուած չեն լինի երկար ճանապարհ գնալ, յատկապէս ձմրանը եւ հասնել Գորիս նախադպրոցական կրթութիւն ստանալու համար: Քիչ-քիչ մեր փոքրիկների համար կարողանում ենք ստեղծել բարեկեցիկ միջավայր, որտեղ իրենց մանկութիւնն անցնելու է գունեղ, ստանալու են կրթութիւն, դաստիարակութիւն: Ի վերջոյ, սահմանամերձ բնակավայրում մենք լուծում ենք կենսական նշանակութեան խնդիրներ», բացման ելոյթում ասաց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Եօլեանը:
«Այսօր Տեղ համայնքի երկու բնակավայրերում` Քարաշէնում եւ Խոզնավարում մեծ տօն է: Վերջապէս այս բնակավայրերում էլ բացուեց նախադպրոցական կենտրոն, որտեղ ամէն ինչ կայ, որ Քարաշէնում 21, իսկ Խոզնավարում 24 երեխայ յաճախեն, խաղան, կարդան, սովորեն: Ի դէպ, Խոզնավարի նախակրթարանը հիմնելու գործում մեզ օգնել է նաեւ Գերմանիայի դեսպանատունը: Համայնքի բոլոր բնակիչների անունից շնորհակալ ենք այն բոլոր կազմակերպութիւններին եւ մարդկանց ում լուման կայ այս բարի ու կարեւոր գործում», ասաց Տեղ համայնքի ղեկավար Դաւիթ Ղուլունցը:
Այլընտրանքային նախադպրոցական կենտրոններ հիմնուել են արդէն 16 գիւղական համայնքներում: Մինչեւ 2023ի աւարտը եւս 25 գիւղական համայնքի երեխաներ կը կարողանան յաճախել այլընտրանքային մանկապարտէզներ:
Բացի այդ, Արգենտինայի հայ համայնքի եւ Հայաստան Համահայկական հիմնադրամի աջակցութեամբ ԵՈՒՆԻՍԵՖը աշխատանքներ է իրականացնում Գորիսի թիւ 5 մանկապարտէզը վերանորոգելու եւ կահաւորելու ուղղութեամբ, որպէսզի երեխաները սովորելու համար ապահով եւ անվտանգ միջավայր ունենան: Վերանորոգման արդիւնքում համայնքը կը կարողանայ աւելի շատ երեխաների ընդունել մանկապարտէզ:
