Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Վիշապը. հեքիաթից իրականութիւն» այս խորագիրն էր կրում «Եու.Սի.Էլ.Էյ.»ում կայացած Հայաստանի Գիտութիւնների Ազգային ակադեմիայի Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի տնօրէն, դոկտոր Արսէն Բոբոխեանի դասախօսութիւնը: Համալսարանի «Ռոյս» սրահում նա ներկայացրեց Վիշապաքար կոչուող յուշարձանների մասին, որոնք միայն Հայկական լեռնաշխարհին բնորոշ, վաղ շրջանի ամենաուշագրաւ կոթողներն են: Վաւերագրական ֆիլմով ուղեկցող Բոբոխեանի զեկոյցը պատմում էր նաեւ չորս հազար տարուայ ծագում ունեցող քարակոթողների պեղման, յայտնաբերման ու վերականգնման աշխատանքների մասին, որոնց անմիջական մասնակիցներից է նաեւ բանախօսը:
Դասախօսութեանը հետեւեց համալսարանի գլխաւոր` «Փաուել» գրադարանում կազմակերպուած ցուցահանդէսը, որտեղ ներկայացուած էին վիշապաքարերի երեսուն մեծադիր լուսանկարներ: Դրանց մասին այցելուներին մանրամասն տեղեկացրեցին Արսէն Բոբոխեանն ու հնագէտ Արտաւազդ Զաքեանը, ով նաեւ Հայաստանում գործող Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութեան ցուցահանդէսների կազմակերպման բաժնի ղեկավարն է: Օրուայ գլխաւոր բանախօս Բոբոխեանը նաեւ ներկայացրեց «Ատրպետի գիտական արկածները եւ վիշապ քարակոթողների յայտնագործումը» վերնագրով իր մենագրութիւնը: Ձեռնարկը հայկայկան ժողովրդական մեղեդիների կատարումներով ամբողջացրեց «Եու.Սի.Էլ.Էյ.»ի հայկական համոյթը:
Գիտական այս բացառիկ միջոցառումը կազմակերպել էր «Եու.Սի.Էլ.Էյ.»ի «Նարեկացի» հայագիտութեան ամբիոնը`«Եու.Սի.Էլ.Էյ.»ի «Խոստում» հայկական ինստիտուտի, «Արարատ-Էսքիճեան» թանգարանի եւ Հայկական ուսումնասիրութիւնների ու հետազօտութիւնների ազգային միութեան հետ համագործակցութեամբ, Կոթսենի հնագիտութեան ինստիտուտի Հայկական հնագիտութեան եւ ազգագրութեան հետազօտական ծրագրի եւ ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի մասնակցութեամբ:
«Ես հինգ տարի առաջ ծանօթացայ Բոբոխեանին ու Զաքեանին ու նրանց գործունէութեանը, եւ ցանկացայ, որ հայ համայնքը տեղեկանայ, թէ ինչ աշխատանքներ են իրականացւում Հայաստանում հնագիտութեան ոլորտում, եւ յատկապէս այն ուղղութիւններում, որոնք աշխարհին եւս մէկ ձեւով փաստում են, որ Հայոց աշխարհը պատմականօրէն հայինն է», նշեց «Արարատ-Էսքիճեան» թանգարանի տնօրէն Մակի Գոշինը: Նա ընդգծում է ոլորտին Սփիւռքի ֆինանսական աջակցութեան անհրաժեշտութիւնն ու իր օրինակով` խօսքը գործի վերածում: Գոշինի հետ միասին «Ասպարէզ»ին հիւրընկալած Արսէն Բոբոխեանն ու Արտաւազդ Զաքեանն նշում են, որ հայ ազգի առջեւ ծառացած ամենաէական ու արդիական հարցերից է այն, որ պէտք է հոգատար լինենք ու խնամենք մեր պատմութեան ու մշակոյթի լուռ վկաներին` բացառիկ յուշարձանները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Վիշապաքարերը բնորոշ են միայն Հայոց լեռնաշխարհին: Ի՞նչ խորհուրդ են կրում, եւ ի՞նչ նպատակով են ստեղծուել:
ԱՐՍԷՆ ԲՈԲՈԽԵԱՆ.- Վիշապաքարերը խաչքարերի նախնական տեսակն են, որ հանդիպում են հայկական լեռնաշխարհում շատ վաղ շրջանից` շուրջ չորս-հինգ հազար տարի առաջ, բրոնզէ դարից սկսած: Այս հսկայական քարէ կոթողներն այնքան մեծ նշանակութիւն են ունեցել հայկական լեռնաշխարհի բնակիչների համար, որ յիշողութիւնը պահպանւում է մինչեւ հիմա: Վիշապաքարերը ծածկագրեր են, որոնք եթէ փորձենք հասկանալ` շատ բաներ կը բացայայտուի մեր համար, եւ առաջին հերթին պէտք է նրանց խնամել:
ԱՐՏԱՒԱԶԴ ԶԱՔԵԱՆ.- Գիտական տեսանկիւնից վիշապաքարերը լուրջ երեւոյթ են եւ համաշխարհային նշանակութիւն ունեն մի քանի առումով: Առաջինը, բարձր լեռներում գտնուող արձաններ են, որ մշակուած են` նրանց վրայ բոլոր կողմերից երեք տիպի պատկերների փորագրութիւններ կան` ձկնակերպ, ցլակերպ եւ ձկնացլակերպ: Ցլակերպ վիշապաքարն իրենից ներկայացնում է կենդանու` ցլի, կովի կամ եզի ամբողջական փորագրութիւն: Ձկնակերպի պատկերը ձուկն է, ձկնացլակերպը երկու գլուխ ունի` ցուլի եւ ձկան եւ ամբողջական կառուցուածք` ոտքեր, պոչ: Բացի դրանից, հանդիպում ենք թռչունների` արագիլի, կռունկի եւ այլ մանր թռչունների պատկերներ, կան օձի պատկերներ, խորհրդանիշներ:
Քարակոթողներից շատերը, վիշապաքարի պաշտամունքի վերանալուց յետոյ ունեցել են երկրորդական, երրորդական օգտագործում: Գառնիի տաճարի կողքին, օրինակ, կայ մի փոքր կոտրուած վիշապաքար, որի վրայ Արգիշտի առաջինը թողել է իր արձանագրութիւնը` Գառնիանի երկիրը գրաւելու մասին: Քրիստոնէութեան ժամանակրջանում էլ, վիշապաքարերը բաւական հետաքրքիր, երկրորդական օգտագործում են ունեցել` դրանց վրայ խաչքարեր են կերտուել, միաժամանակ պահպանելով արդէն առկայ, օրինակ` ցուլի պատկերը, կամ արձանագրութիւններ, թէ ում է նուիրուած տուեալ խաչքար վիշապաքարը:
Շատ վիշապաքարեր կարելի է ասել կրօնապաշտամունքային կամ ծիսական որոշակի դրսեւորումներ են:
Վիշապաքարերը միշտ ուղղահայեաց դիրքով են եղել: Շատ հետաքրքիր դիտարկում ունենք, որ իրենք կարծես նայում են դէպի Արարատեան դաշտավայր եւ դէպի Արարատ, որ կրկին հայեացք է յիշողութեան, որը նաեւ մեր այսօրուայ հայեացքն է ուղղուած է Արարարտին: Այնպէս որ բաւական հետաքրքիր երեւոյթ է հայկական լեռնաշխարհում, եւ Հայաստանի տարածքում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պաշտամունքային առումով, ինչ են իրենից ներկայացրել վիշապաքարերը:
ԱՐԵԷՆ ԲՈԲՈԽԵԱՆ.- Վիշապաքարերը սրբավայրերի կարեւորագոյն կէտեր են, որ հիմնականում եղել են բացօթեայ, եւ ոչ թէ տաճար կամ եկեղեցի: Դրանք եղել են բարձր կամ միջին լեռնային գօտիներում: Դէպի այդ սրբավայրեր իրականացուել են ուխտագնացութիւններ, որ մինչ օրս էլ իրականացւում են:
Վիշապի պաշտամունքը կապուած է եղել մի քանի երեւոյթների հետ, եւ առաջին հերթին այն մարմնաւորել է բնութեան տարերքները` կրակ, օդ, հող, ջուր: Վիշապ հասկացութիւնը փոթորիկի է նմանուել` վերեւից իջնում է, եւ ինչ որ բաներ հաւաքելով հեռանում: Ինքը ոչ թէ բարի կամ չար կերպար է, այլ երկուսից անդին է: Վիշապաքարերի ծագման եւ պաշտամունքի ժամանաշրջանը գիտութեան մէջ սինկրետիկ (տարբեր հաւատքներու միաձուլում) են անուանում, այսինքն` մի վայրում միաւորուած են տիեզերականն ու իրականը, աշխարհիկը եւ դա տարերայինն է: Վիշապներն այդ ժամանակի աստուածութիւններ են, որոնց միջոցով փորձ է կատարուել կարգաւորել աշխարհի բնական գոյութիւնը, ընթացքը: Վիշապին ուղղուած աղօթքները կապուած են եղել պտղաբերութեան, ցորեն-գարի, ջուր ունենալու հետ հիմնականում: Եւ պատահական չէ, որ վիշապաքարերը կենդանակերպ են: Մարդակերպութիւնն աւելի ուշ երեւոյթ է, եւ դրա հետ մէկտեղ առաջացել է չարն ու բարին, որ վաղ հասարակութիւններին բնորոշ չէ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Վիշապաքար կամ վիշապ անուանումն ինչպեէ՞ս է ի յայտ եկել:
ԱՐՍԷՆ ԲՈԲՈԽԵԱՆ.- Յստակ չէ, թէ մեզանից չորս հազար տարի առաջ այդ քարերին ինչպէս են կոչել: Վիշապ անուանումը մենք գիտենք հինգերորդ դարից սկսած, երբ մեր հայ հեղինակներ` Մովսէս Խորենացին, Եզնիկ Կողբացին անդրադարձել են, եւ Կողբացին ասում է, որ վիշապը կարող է ցլային, ձկնային, եղնիկային լինել, երբեմն էլ` մարդակերպ դառնալ: Այսինքն, վիշապի արմատները շատ հին են, անուանումն էլ` ժողովրդական է: Վիշապ ասելով ժողովուրդը նկատի ունի, որ այն հսկայ է, մեծ է, անըմբռնելի է, ամէնուր է, անկառավարելի է, եւ վատ է եւ լաւ է` այսինքն տարերային կերպար է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ – Քանի՞ վիշապաքար կայ այսօր Հայաստանում:
ԱՐՍԷՆ ԲՈԲՈԽԵԱՆ.- Հայաստանի ներկայի տարածքում, մինչ այսօր շուրջ հարիւր վիշապ ենք յայտնաբերել: Ջաւախքի տարածքում էլ կայ մօտ քառասունը: Արեւմտեան Հայաստանում էլ, ըստ առկայ տուեալների, կարող է լինել շուրջ յիսուն: Հայաստանում վիշապաքարերը կենտրոնացած են Գեղամայ լեռներում, Արագածի վրայ: Արարատեան դաշտը, որ պատմական Հայաստանի կենտրոնական դաշտն է միշտ եղել, մի քանի կողմից շրջապատուած է լեռներով, որոնք կարծես գրկում են դաշտավայրը: Դրանք Արագածի, Գեղամայ եւ Վարդենիսի լեռներն են, այսինքն վիշապաքարերը կարծես գրկել են ամբողջ Արարատեան դաշտավայրը եւ նայել են ներքեւ: Նրանց գտնուելու տեղանքները նաեւ ջրաբաշխական համակարգերի կարեւոր կէտերն են եղել եւ ջուր են ապահովել դէպի Արարատեան դաշտ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ- Որտե՞ղ կարելի է տեսնել վիշապաքարեր Երեւանում:
ԱՐՍԷՆ ԲՈԲՈԽԵԱՆ.- Վիշապաքարերը, նախնական վայրից տեղահանուել են պահպանութեան խնդիրներ լուծելու, հասարակութեանը ցոյց տալու նպատակով հաւանաբար, եւ տեղադրուել են Հայաստանի տարբեր շրջաններում: Երեւանում, Պոպլաւոկ կոչուող հատուածում երկար տարիներ սխալ` հորիզոնական դիրքով կար հիբրիդ (խառնածին) տիպի` ձկան եւ ցուլի ամբողջական պատկերներ կրող վիշապաքար: Նրա դիրքը շտկուել է, եւ այժմ ուղղահայեաց դիրքով է: Մէկ այլ վիշապաքար կայ Տորք Անգեղի արձանի շուրջ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ- Վիշապի երեւոյթն ու պաշտամունքը տարածուած է եղել նաեւ այլ մշակոյթներում: Տարածաշրջանում կա՞ն հայկական վիշապաքարերին նմանուող յուշարձաններ, եւ ի՞նչ առանձնայատկութիւն ունեն հայկական վիշապները:
ԱՐՏԱՒԱԶԴ ԶԱՔԵԱՆ.- Հայկական վիշապաքարերը եզակի են, իրենց դրսեւորումներով, պատկերագրութեամբ եւ բնորոշ են միայն հայկական աշխարհին: Տարբեր երկրներում, այդ թւում` Չինաստանում, ԱՄՆում, Եւրոպական երկրներում կան արձաններ, տոտեմներ, որոնք փայտից են, քարից են եւ իրենց վրայ ունեն որոշակի պատկերագրութիւն, բայց դրանք բացարձակապէս տարբեր են հայկականից, եւ բնորոշ են իրենց միջավայրերին` անտառներում, անապատներոյմ, սարերում, եւ այդ տարածաշրջանի հասարակութեան պաշտամունքային, ծիսական, աշխարհընկալման դրսեւորումներ են:
Հայկական վիշապը տարբերւում է չինական, հին արեւելեան վիշապներից: Հայկական վիշապը վեր է նիւթականութիւնից` աւելի ոգեղէն վիճակում է: Այն տարածքները, որտեղ վիշապաքարեր կան` լեռներն են, որտեղ քիչ մարդ կայ նոյնիսկ այսօր, եւ այնտեղ զգալի է մի տեսակ անտեսանելի ազդեցութիւն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ամենամեծ մտահոգութիւնը յուշարձան-կոթողների նկատմամբ խնամքի բացակայութիւնն է: Ի՞նչ սպառնալիքներ կան օրինակ վիշապաքարերի դէպքում:
ԱՐՍԷՆ ԲՈԲՈԽԵԱՆ.- Մեր ազգային հարցերում շատ մեծ բաց կայ` ներդրումներ չեն կատարւում երկրի խնամքի ուղղութեամբ: Հայաստանը, դա իր յուշարձաններն են, երկրում բնակուող մարդիկ են, որ խնամքի ու հոգածութեան կարիք ունեն:
Վիշապաքարերի դէպքում հնարաւոր վտանգները նրանց աւերումն է նախնական միջավայրում եւ տեղափոխումը ստորին, դաշտավայրային շրջաններ: Մենք ստանձնել ենք այս մի տեսակի յուշարձանի խնամքը, որ Հայաստանի համար կարեւոր, բրենդային (վաճառանշային) նշանակութիւն ունի: Սակայն կան բազմաթիւ այլ կարեւոր յուշարձաններ, որ առաւել խնամքի կարիք ունեն: Մենք ապրում ենք մեր պատմական հայրենիքի շատ փոքր տարածքում, բայց դա էլ լաւ չենք խնայում, եւ այդ դէպքում ինչպէս կարող ենք խօսել այլ տարածքների մասին: Ամենակարեւոր հարցը, որ պէտք է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփիւռքում գիտակցենք, որ ամէն մի քար Հայաստանում պէտք է խնամենք եւ ներդրում անենք դրանց պահպանման ուղղութեամբ, եթէ ցանկանում ենք մեր երկիրը պահել:
ԱՐՏԱՒԱԶԴ ԶԱՔԵԱՆ.- Շատ վիշապաքարեր, որոնք տեղահանուել են իրենց նախնական վայրերից եւ տեղադրուել նոր տարածքներում` շրջուած են, նոյնիսկ գլխիվայր, ինչը չի նպաստում դրանց պահպանմանը: ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտը, Եւրոպական գործընկերների հետ միասին, սկսեց «Վիշապաքար» անուանումով գիտական ծրագիրը, որի հիմնական նպատակներից է հետազօտել վիշապաքար երեւոյթը ժամանակակից հնագիտութեան մեթոդներով: Բացի գիտական ուսումնասիրութիւնից, ծրագիրն ուղղուած է նաեւ վիշապաքարերի վերականգնմանն ու ամրակայմանը, դրանց դիրքի շտկմանը, ճիշդ վայրերում դրանք տեղադրելուն` հեռանկարում ունենալով վիշապաքարերի տեղափոխումն իրենց նախնական միջավայր: Միաժամանակ, նախատեսում ենք, որ վիշապաքարերը, նաեւ ժայռապատկերներ, յետագայում ներառել ԵՈՒՆԵՍՔՕի նիւթական ժառանգութեան ցանկերում` դրանք դարձնելով Հայաստանի եւս մէկ այցեքարտ, ինչով կարող ենք ներկայանալ աշխարհին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութեան եւ «Արխէոարտ եւ լաբ» հասարակական կազմակերպութեան համատեղ մէկ այլ ծրագիր`ԳԱԱ Հնագիտութեան եւ Ազգագրութեան ինստիտուտի վերահսկողութեամբ, իրականացնում է կոտրուած վիշապաքարերի վերականգնում եւ նորովի տեղադրում: Նրանց կողքին տեղադրւում են QR կոդերով տեղեկատուական ցուցանակներ, նկարահանում ենք վաւերագրական ֆիլմ վիշապաքարերի մասին:
Բացառիկ այս կոթողների մասին իրազեկման կարեւոր ձեռնարկ էր նաեւ Միացեալ Նահանգներում մեր գործընկերների կողմից կազմակերպուած հրաւէրը, ու «Եու.Սի.Էլ.Էյ.»ում վիշապաքարերի ներկայացումը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հնագիտութեան ոլորտում առկայ խնդիրների լուծման հարցում ինչպէ՞ս կարող է Սփիւռքը մասնակցել:
ԱՐՍԷՆ ԲՈԲՈԽԵԱՆ.- Վիշապաքարերը մի երեւոյթ է, որ տանում է դէպի մեր ակունքները: Նրա արտացոլումները տարածուած են ամբողջ Հայաստանով, մեր ազգի յիշողութեան մէջ, հեքիաթներում, ազգագրութեան, հնագիտութեան մէջ: Այսինքն, սա արքետիպային (նախատպային) է, որի նշանակութիւնը եթէ ամբողջովին ընկալենք` կարող ենք ինքներս մեզ էլ հասկանալ: Վիշապաքարը Միացեալ Նահանգներում ներկայացնելու հարցով «Արարատ-Էսքիճեան» թանգարանի հետ մեր այս համատեղ ձեռնարկը Սփիւռք-Հայաստան համագործակցութեան շատ լաւ օրինակ է: Այն հնարաւոր դարձաւ Մակի Գոշինի նախաձեռնութեամբ, ով միջոցնէր էր հայթայթել, որ այսօրինակ ձեռնարկը հնարաւոր դառնայ` ծանօթացնելու վիշապաքարերը թէ՛ հայ համայնքին եւ թէ՛ օտարազգի մասնագէտներին:
Սփիւռքը կարող է նպաստել Հայաստանի զարգացմանը ոչ միայն տնտեսական ներդրումներով: Հնագիտութեանն աջակցութիւնը, մեր պատմական յուշարձանների խնամքը, դրանց ներկայացումը աշխարհում կարեւոր հարցեր են, որոնք համահայկական հոգածութեան կարիք ունեն: Անհրաժեշտ են ներդրումներ այնպիսի ուղղութիւններով նաեւ, որոնք կրթում են, նոր սերունդ են ձեւաւորում`պատմութեան, ազգային արժէքների շուրջ, սովորեցնում են նրանց սիրել հայրենիքն ու ըստ այդմ` հոգ տանել նրա մասին:
ԱՐՏԱՒԱԶԴ ԶԱՔԵԱՆ.- Մենք պէտք է ապագային ուղղուած ծրագրեր մտածենք:
Վիշապաքարերի դէպքում, օրինակ, մենք կարող ենք ունենալ զբօսաշրջային երթուղի, որտեղ տուեալ յարակից համայնքի բնակիչները կը կարողանան ծրագրեր իրականացնել, համայնքը կսկսի աշխատել: Կրթական համակարգի առումով ասեմ, որ մենք բազմաթիւ լաւ ուսանողներ ունենք, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողանում շարունակել զբաղուել գիտութեամբ, յատկապէս` հնագիտութեամբ, որն այսօր Հայաստանի համար ամենակարեւոր ուղղութիւններից է:
Յորդորում ենք, որ Սփիւռքի կառոյցները, համայնքը աջակցի կառոյցների, ինչպիսին օրինակ հնագիտութեան ինստիտուտն է` միջոցնէր ուղղելով գիտական, ծրագրերին: