Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
«Քննութիւն» վէպին նախորդ բաժնին վերջին պարբերութիւնը կը ներկայացնէր վարորդ Աշոտը, որ ինքնաշարժէն ելլելով՝ այլ ինքնաշարժի մը վարորդին հետ կը խօսէր:
Երբ ան կը վերադառնայ, Արգամ Մանասեանը կը գուշակէ, թէ վարորդներու ժողով մը կ՛ուզէ գումարել եւ օգնութեան հասնիլ իրեն՝ ծխախոտի գործարանի նախկին տնօրէնին:
***
«Արգամ Մանասեանը ձեռքը տղայի ուսին դրեց.
– Ես քեզ խնդրում եմ այդ գործերով չզբաղուել, Աշոտ, – ասաց նա: Ամէն ինչ կը ճշդուի, ամէն ինչ իր տեղը կ՛ընկնի: Հիմա ինձ մինիստրութիւն (նախարարութիւն) տար ու գնա՛ զբաղուիր քո հոգսերով:
(…)
Աշոտը ուռցրեց շրթունքները եւ հաւանաբար խռովեց, որովհետեւ մինչեւ մինիստրութիւն այլեւս ոչ մի բառ չասաց: Իսկ երբ Արգամ Մանասեանը իջաւ աւտոմեքենայից (ինքնաշարժ), ինքն էլ միւս կողմից իջաւ, փակեց լուսամուտներն ու դռները եւ բանալին մեկնեց նրան:
– Ինչո՞ւ ես բանալին ինձ տալիս, աւտոմեքենան քեզ պէտք չէ՞, – հարցրեց Մանասեանը:
– Չէ, ասաց վարորդը: – Իմ ինչի՞ն է պէտք աւտոն:
– Սպասիր, Աշոտ, դու, ի՞նչ է, նեղացա՞ր ինձանից:
– Չէ, – ասաց Աշոտը ու նրա ձայնը դողաց: – Ես ո՞վ եմ, որ նեղանամ:
Այ քեզ պատմութիւն: Հիմա իր ցաւը թողած պէտք է վարորդին մխիթարելու մասին մտածի: Արգամ Մանասեանը քիչ մնաց ծիծաղէր սրտնեղութիւնից, բայց պահեց իրեն: Այս անգամ արդէն շատ կը վիրաւորուի:
– Հետաքրքիր տղայ ես, – ասաց, – ուղղակի չէի ուզում, որ զուր տեղը անհանգստանաս: Ուզում ես վիրաւորուիր, ուզում ես՝ չէ, բայց իմ կարծիքով դա ձեր մակարդակով լուծուելու հարց չէ: Իսկ եթէ դու քո կարծիքին ես մնում՝ ինչ ուզում ես, արա:
– Կ՛անե՛մ, – միանգամից պայծառացաւ Աշոտը:
– Բայց, ինչպէս իմ մինիստրն է սիրում ասել՝ ես տեղեակ չեմ, ես ոչ մի տեղեկութիւն չունեմ քո արարքներից, Աշոտ: Պա՞րզ է…
– Պարզից էլ պարզ…
– Դէ վերցրու բանալին ու գնա՛: Ես մինիստրութիւնում երեւի երկար կը մնամ»:
***
Նախքան նախարարութեան շէնք մտնելը, Արգամ Մանասեան կը հեռաձայնէ կնոջը՝ Յասմիկին, որ կ՛ըսէ թէ շրջանի դատախազի օգնականէն հեռաձայն եկած է:
***
« -(…) Շատ կոպիտ էր խօսում, Արգամ. Ասաց՝ գտէ՛ք, որտեղ էլ լինի եւ ասացէք, որ ներկայանայ դատախազութիւն:
– Դա նրանց ոճն է, – ծիծաղեց Արգամը: – Նրանք երբ խնդրում են, դարձեալ սպառնալիքով են խնդրում: Հանգիստ եղիր:
Հանգիստ եղի՜ր: Ինչքան դժուար է ասելը՝ հանգիստ եղիր: Յատկապէս այն ժամանակ, երբ ինքդ անհանգիստ ես եւ ինչ որ մի բան ասես աւազաթղթով քերում է սիրտդ:
(…)
Երկար միջանցքում ոչ մի եռուզեռ չկար եւ դա ամէնահաւաստի նշանն էր, որ մինիստրը տեղում չէ: Հենց այդպէս էլ կար: Քարտուղարուհին ասաց, որ մինիստրը գործուղման մէջ է, հանրապետութեան մի քանի քաղաքներում պէտք է լինի եւ կը վերադառնայ մի շաբաթից յետոյ: Յետոյ՝ գրասեղանի գզրոցէն հանեց եւ Արգամ Մանասեանին մեկնեց նրա վերաբերեալ հրամանը: Ըստ այդ հրամանի, մինիստրութեան կոլեգիան (յանձնաժողովը) էր ընդունել Արգամ Պետրոսի Մանասեանին ազատել ծխախոտի «Արգիշտի» գործարանի տնօրէնի պաշտօնից եւ, աշխատավարձը պահպանելով, թողնել մինիստրութեան տրամադրութեան տակ»:
***
Արգամ Մանասեան կ՛անցնի իր նախկին պաշտօնակիցներուն գրասենեակներուն առջեւէն, մտածելով, որ անոնք արդէն օտար էին իրեն. բայց երբ կը կենայ գլխաւոր հաշուապահ Յովիկ Բարսեղեանին դռան առջեւ, կ՛ուզէ «փորձել» անոր բարեկամութիւնը:
***
«Որոշեց փորձել, թէ ինչպէս կ՛ընդունի իրեն այսօր Յովիկ Բարսեղեանը: Ամէն անգամուայ նման կ՛ասի՞.
– Իջնենք սուրճ խմենք, Պետրովիչ:
Յովիկ Բարսեղեանն իր տեղում էր եւ ինչ-որ թղթեր էր ստորագրում: Նա ընկերոջը նայեց ակնոցի վրայից ու բարեւին գլխով պատասխանելով, հարցրեց.
– Էդ ի՞նչ է պատահել, Արգամ… էդ ինչե՞ր եմ լսում…, ու շարունակեց ստորագրել թղթերի վրայ:
Արգամը տարածեց ձեռքերը: Հը, ասաց նա մտքում, դէ խօսիր, մի բան ասա, Յովիկ Բարսեղեան, մարդ ես, էլի: Ախր քանի տարի դու ամէն հանդիպման ասել ես այդ բառերը, հիմա ի՞նչ պատահեց, ի՞նչը փոխուեց մեր յարաբերութիւնների մէջ, հը՞…
Գլխաւոր հաշուապահը ստորագրեց վերջին թուղթը, հանեց ակնոցն ու ասաց.
– Իջնենք սուրճ խմենք, Պետրովիչ:
Դա այնքան անսպասելի էր, որ Արգամ Մանասեանը կարկամեց:
– Չէ, չէ, ես քիչ առաջ խմեցի: Շնորհակալութիւն, շատ շնորհակալութիւն, Յովիկ ջան, – ասաց նա՝ թափով ետ քաշուելով:
– Արգա՞մ, – զարմացած ձայն տուեց նրա հետեւից Յովիկ Բարսեղեանը:
Բայց Արգամ Մանասեանն արդէն հեռանում էր միջանցքով, քայլելով արագ-արագ: Նա վերելակի չսպասեց, արագ-արագ էլ իջաւ սանդուխքով , զարմանալով, որ այդքան փխրուն է դարձել սիրտը եւ ուրախանալով գլխաւոր հաշուապահ Յովիկ Բարսեղեանի համար, որ դիմացաւ նման, թէկուզ անմիտ մի քննութեան եւ կարողացաւ մարդ մնալ: Յետոյ մտածեց, որ դա, ի հարկէ, երեւի ոչ մի նշանակութիւն չունի: Երեւի Յովիկ Բարսեղեանն էլ զգաց պահի կարեւորութիւնը եւ խորամանկեց, ցոյց տուեց, թէ ինք իբր կարգին մարդ է: Յետոյ Արգամ Մանասեանը անբաւականութիւն զգաց իրենից ու մտածեց, թէ ինքն էլ իր հերթին մաքուր մարդ չէ, եթէ այդպէս է դատում ուրիշների մասին: Բայց չնայած խառնաբնդոր, հիւանդագին, յեղյեղուկ մտքերին, նա այնուամենայնիւ այն ճշմարիտ եզրակացութեան յանգեց, որ հեշտ չէ պատգամախօս լինելը: Եւ որ միտք չունի պատրաստի կաղապարներ փնտռել այնտեղ, որտեղ կենդանի մարդիկ են: Ինչպէ՞ս կարող ես իմանալ, թէ մարդը ինչ կ՛անի յաջորդ վայրկեանին: Ամէն ինչ կայ ու ամբարուած է մարդու մէջ եւ դրսեւորուում է հանգամանքներին համապատասխան: Եւ յաճախ, շատ յաճախ, թելադրող է դառնում վիճակը: Դրա համար էլ մենք սովորաբար անցեալի դէպքերը եւ մեր արաքները վերլուծելու եւ գնահատալու ժամանակ, յանկարծ ափսոսանքով ասում ենք.
– Եթէ գնացքը չուշանար, այդ յիմար դէպքը տեղի չէր ունենայ:
– Եթէ նա չծիծաղէր, ես չէի վիրաւորուի…
– Եթէ մէկն ու մէկը բռնէր ձեռքս…
Եւ այսպէս շարունակ: Եւ այսպէս անվերջ…»:
***
Սիրելի՛ ընթերցող,
Այս բաժնին վերջին պարբերութիւնը կը թրթռայ խորունկ ու նուրբ մտածումներով: Եւ որքա՜ն յարմար է մեր օրերու կացութեան, երբ զիրար վիրաւորելէ ետք, կը նստինք ու կը մտածենք… «եթէ այսպէս եղած ըլլար», կամ՝ «եթէ այնպէս եղած ըլլար»… Երանի կարենայինք սկիզբէն մտածել գալիք զղջումներուն մասին եւ չգործէինք սխալներ: Բայց մարդ ենք, եւ այդ պատճառով ալ՝ խոցելի: