ՆՈՐԱՅՐ ՏԱՏՈՒՐԵԱՆ

Դուք մի՛ նայիք իր միավանկ ու նիհար կազմին: Ան իշխաններու հետ է սեղան նստած, սուրբ այրերու եւ Աստծոյ հաւակնորդ է եղած… Մի՛ թերագնահատէք նոր բառերու ծնունդ տալու, բարդ միտքեր արտայայտելու անոր կարողութիւնները՝ լոկ համրելով իր փոքրաթիւ տառերը: Յարգելի ընթերցող, երբ այսօր հայը կը պայքարի «մի կտոր հողի» համար, ու աւելի յաճախ կը կրկնուին Միքայէլ Նալբանդեանի «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ՛ մեռնի» խօսքերը, որոշեցի «մի» բառին սրբաշունչ պատմութեան մասունքները ի մի հաւաքել ու ձեզի մի առ մի ներկայացնել, որպէսզի կասկած չունենանք, թէ հայը եւ անոր «մի» բառը, ինչպէս մեր պատմահայր Մովսէս Խորենացին է գրած (թարգմանաբար), թէպէտ փոքր ածու է եւ շատ սահմանափակ թիւով ու թոյլ զօրութեամբ… բայց եւ այնպէս քաջութեան շատ գործեր ունի կատարուած՝ գրելու եւ յիշատակելու արժանի:
Ոսկեդարուն «մի» բառը մուտք գործեց գրաւոր հայերէն ու Հայաստան աշխարհին մէջ տիրեց «միաստուածութիւն»: Ագաթանգեղոսի, Փաւստոս Բիւզանդի, Ղազար Փարպեցիի ստեղծագործութիւններուն մէջ կան՝ միաբան, միագործ, միազօր, միականի եւ միամիտ բառերը:
«Մի» բառը նոր բառերու ծնունդ տալու բացառիկ կարողութիւնը ունի: Անով կազմուած բառերուն թիւը կը հասնի 300ի: Միտք չունիմ բոլորը յիշելու: Սակայն կան ածականներ՝ ընտիր ու խիստ պատկերալից, որոնց մասին պէտք է խօսիլ. հայը արտասանած է միաբերան մրմունջներ, պաշտած է միածին որդի, տուած է միակողմանի որոշումներ, ունեցած է միաբան հայրեր, միաժամանակ՝ անմիաբան իշխաններ եւ միամիտ առաջնորդներ: Մի՛ տրտմիք վերջինները լսելով. հայը, երբ իր առջեւ յայտնուած է թշնամի կամ սաստիկ քամի՝ փորձած է մնալ միալուծ, միաշունչ, միահամուռ եւ միաձայն:
Մի եւ նոյնն է նաեւ «մի» պարունակող արտայայտութիւններու պարագան: Բազմաթիւ են անոնք ու տեսակաւոր: Մեր առօրեայ զրոյցները աւելի քաղցր կը դառնան, երբ ըսենք՝ «մի քանիսը», «միով բանիւ», «մի առ մի», «ի մի», իսկ Արաքս գետի ձախ կողմը, հայը երբ անձկութեան մէջ է՝ կ՛ապրի «մի կերպ», ծերացած մարդուն «մի ոտքը» գերեզմանի մէջ է, նորապսակը կ՛երազէ «մի բարձի ծերանալ»: Հայ հեղինակին ամենասիրած դարձուածքն է «մի սիրտ, մի հոգի»: Պերճ Զէյթունցեանը նկարագրեց. «Ձին ու մարդը, մի սիրտ, մի մարմին դարձած, թռչում էին միասին»: Գուրգէն Մահարին անոր տուաւ քաղաքական միտք. «Դարձած մի հոգի, մի սիրտ եւ մի ձայն՝ ագռաւներն ու դեղձանիկը երգում էին… սրտառուչ ու հնամենի, նայիրեան երգը»:
1500ներուն, միաբանութիւններու պատերէն դուրս, հակառակ սեւազգեստ միանձներու յորդորներուն, Նահապետ Քուչակը եւ իր եարը միաշունչ երգեցին սիրոյ երգեր: Իրենց միակ երազն էր կեանքը եւ իր բարիքները լիովին վայելել: Գիշեր մը աշուղը հանդիպեցաւ իր սիրածին. «Գիշերս ես ի դուրս ելայ, / քիչ մի լուրջ ու քիչ մի գինով. / Իմ եարն ինձ դէմ դիպաւ՝/ ծոցն ի լի (լեցուն) կարմիր խնծորով»: Սիրահար տղան շարունակեց սիրոյ խօսքեր հիւսել. «Շուշայ մի գինի բերեմ, ան խմիմ քու սիրուն վրայ», «Եկո՛ քեզի նուռ մի տամ, կտրէ, տես քանի՞ հատ ունի. / Ամէն հատի պագ մի տուր, աւելին հարա՛մ թէ պիտի»: Նոյն թուականներուն, հայու լեարդը կ՛այրէր պանդխտութեան վիշտով: Կարօտակէզ հայը դիմեց կռունկին. «Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մի չունի՞ս»:
19րդ դարու սկիզբին, Միքայէլ Նալբանդեան գիտակցեցաւ, թէ նախ կու գայ ազատութիւնը, ապա՝ սէրը, ու գրի առաւ այնպիսի բանաստեղծութիւն մը, որ ապագային պիտի դառնար իր ազգին օրհնեալ երգը. «Ահա՛, եղբայր, քեզ մի դրօշ… Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ՛ մեռնի»: Նալբանդեան կը հաւատար, թէ ազատ հողի վրայ, ազատ երկինքի տակ միայն կար սէր:
Ապա եկան գեղապաշտ բանաստեղծներ: Պղատոնական Թէքէեանը ուրախ էր յիշատակներով. «Ետ կը դառնան մի առ մի մեր հին ժամերն անկորուստ»: Դանիէլ Վարուժանի գրական հերոս՝ հզօր իշխան Բագրատունի Տրդատը ցանկացաւ ոսկեհեր նաժիշտի մը փափուկ մատները. «Տրդատ մատերը անոր համբուրելով մի առ մի»: Վահան Տէրեանը թախծոտ ու մշուշոտ աշխարհ մը հիւսեց իր շուրջը եւ իր մտածին սիրուհիի հետ բնակեցաւ անոր մէջ. «Մի ստուեր անցաւ… Մի ուրու անցաւ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով… Նա մի անծանօթ երկրի աղջիկ էր… Քո աչքերում կայ մի քնքոյշ բախտի վերյուշ… Քո մութ հայեացքում կայ մի քնքոյշ սուտ… Քո գրկում կայ սիրուց անոյշ մի հիացում… Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագոյր»: Ապա բանաստեղծը, միթէ թոքա՞խտն էր պատճառը, ի մի հաւաքեց կեանքն ու տիեզերքը ընկալելու մութ միտքեր. «Անվերջ մի ցաւ է իմ սիրտը ճնշում… Իմ ճամբան՝ անվախճան մի գիշեր… Իմ հոգու վրայ իջել է մի ամպ», եւ նկարագրեց ինքզինք. «Մոլորուած մի կրակ, անհաստատ մի հոսանք, մենաւոր ու մոլոր մի նաւակ, մի մոլոր ասուպ, մի լուսնահար, մի խենթ լուսնոտ, մի խաւար, մի խենթ տագնապ, մոռացուած մի երգ, մի քաղցր մութ»: Յովհաննէս Թումանեանը իմաստասիրեց Հայաստանի եւ հայու մասին. «Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում… Մի շունչ, մի խորհուրդ, մեծ, հրաշալի, խառնուած հայոց մեր խորունկ հոգուն… Մեր կեանքը կարճ մի վերելք»: Պարոյր Սեւակը բացատրեց, թէ ո՛վ է ամէնէն պաշտելի հայը. «Այր մի Մաշտոց անուն / Այսինքն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց / Թէ այնտեղ է լոկ սխրանքն սկսւում, / Ուր վերջանում է ամէ՜ն մի հնար… / Թէ մի տեղ վերջը դառնում է սկիզբ»: Վերջին իմաստասէրը Համօ Սահեանն էր: Ան նկարագրեց ինքզինք եւ իր տեսակները՝ Սիւնիքի հայը. «Ինձ ճանաչելը մի քիչ դժուար է, / Հասկացէ՛ք, էլի, ես մի քիչ բարդ եմ, / Քարի պէս պինդ եմ, հողի պէս փխրուն, / Ինչպէս չլինի դեռ մի քիչ մարդ եմ… Մի տեղ իշխան ու տէր, / Մի տեղ համեստ հովիւ, / Մի տեղ ճորտ եմ եղել… Մի օր զարթնած անտառ, / Մի օր հնձած հովիտ, / Մի օր կորդ եմ եղել»:
Մի՛ կասկածիք. հայը յօրինեց նաեւ հազար ու «մի» ուրախ երգեր: Հայ երգահանը, միջնադարու ազատամիտ ու ազատասիրտ աշուղներու հետքերով գովեց գեղեցիկը: Ահա ազնիւ խօսքերու շարան մը. «Ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չունի… Նա մի նազ ունի… Մի լալա վարդ ես… Մի փէրի ես ծովային… Դու մի զուլալ զով աղբիւր ես… Աղբիւրի մէջ մի մարալ… Ծաղիկ ես բաղի միջին, մի հատ ես թաղի միջին»: Օր մըն ալ Սմբատ Շահազիզը լսեց քաղցրիկ ձայն մը: Մօր ձայնն էր ան. «Ես լսեցի մի անոյշ ձայն»:
Այսօր, յարգելի ընթերցող, երբ հայը կը պայքարի իր ափ մը հողին համար, ու հայրենի մամուլին մէջ բանիմաց այրեր ազգը կը յորդորեն՝ «Մի կողմ դնենք մեր ներքին հարցերը», «Հայ ժողովուրդը պէտք է շարունակի մնալ միասնական, միակամ ու միաբան», ձեզի հրաժեշտ տալու համար, ընտրեցի, ըստ Շչորս Դաւթեանի՝ «Զանգեզուրի հանճարեղ զաւակ» եւ «Գորիսի հարստութիւն» Գուսան Աշոտի «Սիւնեաց Սարեր» յուզական երգը.
«Հազար ու մի երգում գոված
սար եմ տեսել,
Բայց միշտ ձեր կարօտը քաշել
Սիւնեաց սարեր,
Ծաղիկներդ գոյն-գոյն նախշել,
Սիւնեաց սարեր:
Ինձ մօր սրտով ձեր գիրկն առէք,
Սիւնեաց սարեր»: