Բժիշկը ճշդելով, որ այցելուն դաշտանադադարի փուլում է, նրան ոսկորների ամրութեան «ռադիօլոգիական» քննութիւն է նշանակում (dexa scan) եւ անհրաժեշտութեան դէպքում կալցիումով (կրածին) հարուստ սննդակարգ կամ հաբեր (դեղահատ) է նշանակում:
Ի՞նչ է կատարւում ոսկորների հետ դաշտանադադարի փուլում:
Ոսկորները մշտապէս թարմացման, փոփոխման մէջ գտնուող հիւսուածքներ են եւ այդ պատճառով էլ սուր են արձագանգում որոշ նիւթերի եւ հորմոնների անբաւարարութեանը: Ոսկորները կազմուած են սպիտակուցից (կոլագենից) եւ կալցիումի աղերից, որոնք ամրութիւն են հաղորդում նրան: Դաշտանադադարից յետոյ ոսկորներում նուազում է կալոգենի եւ կաlցիումի քանակը, ինչի հետեւանքով ոսկրային հիւսուածքը կորցնում է իր ամրութիւնը: Ոսկորները դառնում են փխրուն: Բժշկական բառարանում այս երեւոյթն անուանւում է օստիոպորոզ:
Հիւանդութեան նշաններից է հասակի կարճացումը (մինչեւ 5 սմ.), մէջքի կորացումն ու ցաւը, ծնօտի ծաւալի նուազումը, կոտրուածքներ ստանալու նախատրամադրուածութիւնը:
Օստիոպորոզի առաջացման վտանգը բարձրանում է նաեւ երբ վահանաձեւ գեղձի հորմոնների խախտում ունէք, ստերիոդային հորմոնների բուժում էք ստանում, քիչ էք շարժւում կամ նիհար էք: Նշենք, որ դաշտանադադարի շրջանում քաշի աւելացումը որոշ պաշտպանուածութիւն է ստեղծում օստէոպորոզի եւ այլ հիւանդութիւնների դէմ:
Բժիշկները օստիոպորոզը կանխարգելելու համար խորհուրդ են տալիս խուսափել մշակուած շաքարից, օգտագործել մրգեր եւ բանջարեղէն, ընդունել կալցիումի ու վիտամին (կենսանիւթ) D-ի բաւարար քանակութիւն:
«Բազմաչարչար» սննդակարգերը երբեւէ չեն խրախուսւում բժիշկների կողմից: Սովը նպաստում է նիւթափոխանակութեան գործընթացի դանդաղեցմանը, որի արդիւնքում էլ քաշ կորցնելու փոխարէն կուտակւում են նոր կիլոգրամներ: Ի յաւելումն սրա` քաշի կտրուկ իջեցումը նպաստում է օստէոպորոզի զարգացմանը:
Նուազեցրէ՛ք կոֆէինի, նիկոտինի եւ ալկոհոլի (ոգելից ըմպելի) օգտագործումը:
Շատ շարժուէ՛ք: Ֆիզիկական վարժութիւններ կատարէք, որպէսզի արագացնէք նիւթափոխանակութիւնը, աւելացնէք մկանային զանգուածը եւ կանխէք օստէոպորոզը: