Շուրջ երկու տարի է, ուշադրութեան կենտրոնում պահելով Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները, հայ-թուրքական յարաբերութիւնների ու Հայոց Ցեղասպանութեան մասին թուրքական լրատուամիջոցների հրապարակումները, նկատում ենք նուազ, սակայն կարեւոր տեղաշարժ: Թուրքական հասարակութիւնում կարծես ձեւաւորւում են մտաւորականների մի քանի ստուարացող խմբեր, որոնք Հայոց Ցեղասպանութեան մասին թուրքական կառավարութեան տեսակէտներին հակադրում են պաշտօնականին հակոտնեայ դիրքերից գրուած գործեր:
Այս յորդորը, թերեւս, ուղղուած է այն թուրք մտաւորականներին, ովքեր անգամ դատական հետապնդումների սպառնալիքն աչքի առաջ ունենալով՝ փորձում են ասել ճշմարտութիւնը: Մեր հասցէատէրը հաւաքական անձն է, ով իսկապէս ցանկանում է հասկանալ Թուրքիայում իրականացուած Հայոց Ցեղասպանութեան պատմութեան էջերը: Չնայած այն հանգամանքին, որ շարադրուած որոշ մտքեր կարող են թուալ զգացմունքային կամ անհաճոյ ու ցաւալի, դրանք հիմնւում են թուրքական հասարակական-քաղաքական շրջանակներում ու մամուլում տեղ գտած տրամադրութիւնների ուսումնասիրութեան վրայ:
Հայ ժողովուրդը 90 տարի պայքարել է մոռացութեան դէմ, ու այդ պայքարի վճռականութեան չափաբաժինը չի սպառուել: Ցեղասպանութեան ճանաչման համար պայքարը սկսուեց, երբ չկար հայկական պետականութիւն, երբ խորհրդային իշխանութիւնները Հայաստանում ճնշում էին ազատ մտքի դրսեւորումները, երբ «կարմիր վտանգի» դէմ Թուրքիան ՆԱԹՕի միակ հարաւային պատուարն էր: Անգամ այդ ծանր պայմաններում պատմական ճշմարտութիւնը յաղթանակ յաղթանակի ետեւից էր գրանցում: Թուրքական այն յոյսը, թէ Մեծ Եղեռնը երբեւէ մոռացութեան կը մատնուի, բացառում ենք:
Հիմա Հայոց Ցեղասպանութեան փաստն այլեւս կասկածի տակ չի դրւում, իսկ պատմաբանների մեծամասնութիւնը 1915թ. Օսմանեան կայսրութիւնում հայերի դէմ կազմակերպուած զանգուածային կոտորածը միանշանակօրէն որակում է որպէս ցեղասպանութիւն: Չնայած թուրքական դիւանագիտութեան ջանքերին, Մեծ Եղեռնը ճանաչած պետութիւնների թիւն անընդհատ աճում է:
Հետաքրքիր է, թէ ինչպէ՞ս են վերաբերուելու թուրքական նոր սերունդը այն անձանց, ովքեր այսօր փրփուրը բերաններին հերքում են Ցեղասպանութիւնը: Ուրացութիւնը փակուղի է, իսկ ինքնախաբէութիւնը թունաւորման իւրայատուկ տեսակ է: Ե՞րբ են հասկանալու, որ Ցեղասպանութիւնը սոսկ պատմութիւն չի կարող դառնալ, քանի որ իրենց գործելաոճով նրանք ցայսօր էլ արդիական են պահում վաղեմութեան ժամկէտ չունեցող յայտարարութիւնը՝ միաւորելով ոճիրն ու գիտակցուած յանցաւոր լռութիւնը:
Չէ՞ որ տեղի է ունենում պատմական յիշողութեան դէմ ոտնձգութիւն. Թուրքիայում բնակուող հայերին մերժւում է սեփական նախնիների յիշատակը սգալու իրաւունքը: Ի՞նչ են ասելու թուրքական լրատուամիջոցների մասին, որոնք արդէն քանի տարի է՝ Հայաստանի համար կանխատեսում են մօտալուտ տնտեսական փլուզում, քաղաքական անկայունութիւն ու նոր պատերազմ:
Ի՞նչ գնահատական են տալու Թուրքիայի պատմութեան արդի շրջանի ապագայ ուսումնասիրողները ճանաչուած գրող Օրհան Փամուքի, «Ակօս»ի խմբագրապետ Հրանդ Տինքի «հաւատաքննական» դատավարութիւններին, որոնք սոսկ եզակի միջադէպեր չեն: Թող թուրք գործընկերներս նշեն, թէ քանի լրագրող է ենթարկւում դատական հալածանքների՝ արգելուած թեմաներով յօդուածների ու անհաճոյ յայտարարութիւնների համար: Առիթը յայտնի է. մտաւորականները, իբր, վիրաւորել են թուրքերի ազգային արժանապատուութիւնը:
Իսկ ո՞րն է թուրքական ազգային արժանապատուութիւնը, ո՞ւր էր այդ արժանապատուութիւնը Առաջին աշխարհամարտի տարիներին: Արժանապատի՞ւ էր անզէն մարդկանց զանգուածային կոտորած կազմակերպելը: Թէ՞ աւելի արժանապատիւ է այն, որ երկիրը ժողովրդավարական զարգացումների կարողանում է հասնել միայն համակողմանի միջազգային ճնշման պարագայում:
Ե՞րբ են գիտակցելու ազգային տարբեր խմբերի նկատմամբ իրականացրած յանցանքների ողջ ծանրութիւնը: Չէ՞ որ միայն առերեւոյթ փոփոխուող թուրքական վարչակազմերի քաղաքականութիւնը անգամ Օսմանեան պետութեանը հաւատարիմ քրտերի մէջ բորբոքեց անկախական շարժումներ: Արդեօ՞ք թուրքական իշխանութիւնների քաղաքականութիւնը քրտերին չմղեց զինեալ պայքարի: Այս իրողութիւնների մասին թուրքական պաշտօնական պատմութիւնը նախընտրում է լռել:
Տարօրինակ չէ, որ պատմութեան խմբագրումն ու վերաշարադրումը մինչեւ հիմա էլ մնում է Օսմանեան կայսրութիւն-Թուրքիա շարունակական գոյութիւնը օրինականացնելու գործիք: Չէ՞ որ, եթէ վերլուծելու լինենք 1923թ. Լօզանի պայմանագրի վրայ խարսխուած Թուրքիայի ստեղծումը, պարզ կը դառնայ, որ այն միայն ուրիշ կաղապարի մէջ դրեց Օսմանեան կայսրութիւնը. իրեն աշխարհիկ յայտարարած Թուրքիան շարունակեց միատարր պետութիւն ստեղծելու ջանքերը՝ չխորշելով ո՛չ փոքրամասնութիւնների տնտեսական ու քաղաքական ներուժի բռնի ոչնչացումից, ոչ էլ ձուլման քաղաքականութիւնից: Այս ամէնից յետոյ անգամ Թուրքիան միատարր պետութիւն չդարձաւ:
Կը հասկանա՞ն, արդեօք, պաշտօնական Անգարայի ներկայացուցիչները, որ հայ ժողովուրդն արդէն վաղուց օսմանեան «միլլէթ» չէ, ում հետ կարելի է յարաբերուել միայն Կ. Պոլսի պատրիարքի միջոցով: Հայաստանը անկախ ու ինքնիշխան պետութիւն է՝ միջազգային իրաւունքի համահաւասար ենթակայ:
Չնայած խնդիրը փոքրինչ այլ է: Թուրքիայում ժողովուրդը ընտրում է իր իշխանութեանը, բայց վարչակազմը քանի անգամ երկրից դուրս է մղել մտաւորականութեան ազատամիտ ներկայացուցիչների, իսկ Եւրոպայում թուրքական որոշ կազմակերպութիւններ ընդունում են Ցեղասպանութիւնը:
Պաշտօնական պատմագրութեան՝ տասնամեակներ շարունակ ներարկած կարծրատիպերը խեղդել են առողջ տրամաբանութիւնը:
Ինքներդ հարցրե՞լ էք, թէ ո՞վ է ճիշդ, սեփական հեքիաթներն անընդհատ ճոխացնող Հալաճօղլուն ու ընկերախո՞ւմբը, ում նախկին «ջախջախիչ փաստերը» չեն համընկնում իրենց իսկ հետագայ հրապարակումների հետ, թէ՞ ուսումնասիրողների այն սակաւամարդ խմբերը, որոնք փորձում են բացայայտել պատմական ճշմարտութիւնը:
Հայոց Ցեղասպանութեան ժխտումը թուրքերին ինքնութեան ճգնաժամի է յանգեցնելու, երբ զանգուածային մոլուցքը վերաճելու է նոյնանման հալածախտի՝ անձանց հանրոյթի երկուութեան մի կողմից բախուելու են աւանդական կարծրատիպերը, միւսից՝ միջազգային հասարակական կարծիքը:
Ի՞նչ են անելու, երբ եւրոպական երկրներում Հայոց Ցեղասպանութեան ուրացութիւնը քրէականացուի: Պարզ է, որ թուրքերը բախուելու են լուրջ խնդիրների:
Տարակուսելի է, որ Թուրքիայում չի ընկալւում այն պարզ ճշմարտութիւնը, որ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը անկասելի գործընթաց է, ու պատճառը այստեղ սոսկ «հայկական լոպպին» չէ, այլ անհերքելի պատմական ճշմարտութիւնը, որը հզօր մեր դաշնակիցն է:
Այսօր, առաւել քան երբեւէ, ակնյայտ է այն ճգնաժամային վիճակը, որ տիրում է Թուրքիայում: Շաբաթներ առաջ տարբեր քաղաքներում հնչած պայթիւններն ու բռնութիւնների շարունակական ընթացքը հաւաստում են այս ենթադրութեան իսկութիւնը: Արդէն վաղուց ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ցնցող գործընթացներն ունեն խորքային բնոյթ ու արմատներով կապուած են պատմութեան թուրքական մեկնաբանութեան, այլատեացութեան ու պետական մակարդակով թշնամու կերպար ստեղծելու քաղաքականութեան հետ:
Աջ ու ձախ թշնամիներ ստեղծող համակարգի մամլիչը չի խնայում մտացածին արտաքին ու ներքին «ոսոխին»՝ հաւանական հակառակորդի ներկապնակում տեղադրելով թէ՛ Թուրքիայում սպանուող քրիստոնեայ քահանաներին, թէ՛ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար պայքարողներին ու ներքին թշնամի համարուող թուրք ազատական մտաւորականներին:
Ցաւալի է. պատմական փորձը ցոյց է տալիս, որ ձեզ նամակ գրելով՝ ոչնչի չես հասնի… Սթափուէ՛ք։