
Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Ա. Քալանթարեանի «Քննութիւն» հատորի ներկայացման երեսունչորրորդ բաժնին մէջ տեսանք, թէ ինչպէս Ա. Մանասեանի նախկին տեղակալ Վռամ Մաշուրեան կը նկարագրէր ծխախոտի գիտաշխատանոցի տնօրէն Բակուր Եկանեանին «յարձակումը» իր վրայ, երբ ինք քանդել տուած էր անթոյն ծխախոտի արտադրամասը:
Հիմա կը սպասէ, որ Արգամ Մանասեանը բարկանայ եւ պոռայ. բայց վերջինս լուռ է: Ստիպուած՝ Մաշուրեան կը սկսի բացատրել, թէ ինչո՛ւ առած էր վերոյիշեալ քայլը: Հարցը այն է, որ ինքն ալ մաս կազմած է այդ ծրագրի աշխատանքներուն. սակայն, պետական պաշտօնեայի աննկարագիր տեսակին պատկանելուն՝ այժմ կը փորձէ ուսերէն թօթուել պատասխանատուութեան բեռը, չքմեղանքի խօսքեր արտաբերելով:
***
«- Ես առանց քեզ բանտ չեմ գնայ, Վռամ, – ասաց Մանասեանը: – Որովհետեւ ընկերներ ենք: Ինչ արել ենք, միասին ենք արել:
Վռամը ծուռ-ծուռ ժպտաց.
– Ուշ է, – ասաց նա: – Այդ մասին էլ եմ մտածել, չեմ թաքցնի: Եթէ տեղամասը չվերացնէի, հնարաւոր է, որ ինձ էլ կարողանայիր հետդ տանել: Իսկ հիմա, ինչպէս տեսնում ես, հիմք չկայ… Այնպէս որ ես քեզ փրկել եմ եւ արանքում էլ՝ ինձ:
– Իսկ ես մտադիր եմ քեզ հետս տանել տեղամասը ոչնչացնելու համար, – սառնասրտութեամբ ասաց Արգամ Մանասեանը:
– Էդ ո՞նց:
– Ես պնդելու եւ ապացուցելու եմ, որ ապօրինի միջոցներով կառուցել եմ այդ տեղամասը: Եւ Բակուրն ու տեխնիկներից (մասնագէտ), բանուորներից մի քանիսը անկասկած կը հաստատեն այդ:
– Յետո՞յ…
– Ես մանրամասն ներկայացնելու եմ կատարուած ծախսերի նախահաշիւները եւ ասելու եմ. ես մեղաւոր եմ՝ պատժէք ինձ օրէնքի ամբողջ խստութեամբ: Ես կառուցել եմ: Ապօրինի: Բայց կառուցել եմ: Իսկ հիմա խնդրում եմ պատժել նրան, ով քանդել է: Քանդել, քամուն է տուել պետական հսկայական միջոցները, երբ կարող էր այդ մեքենաներով, այդ հոսքային գծով գոնէ սովորական ծխախոտ արտադրել, որի կարիքն այդքան զգացւում է: Ո՞վ է աւելի շատ վնաս տուել երկրին. Ե՞ս, թէ՞ Վռամ Մաշուրեանը: Մի՞թէ միայն մի մարդու համար, որ կախուել է պարանով, պարանների արտադրութիւնը պիտի դադարեցնել: Կամ եթէ մէկը մեքենայի վրայ մի դանակ է սրել ու դրանով խփել ուրիշի, ուրեմն պիտի ոչնչացնե՞լ մեքենան:
Վռամ Մաշուրեանը մտածում էր: Նոյնիսկ ճակատին կնճիռներ յայտնուեցին:
– Դու այն չես անի, – ասաց նա կամացուկ:
– Ինչո՞ւ:
– Որովհետեւ դու ազնիւ մարդ ես:
– Իսկ ազնիւ մարդկանցից դուք չէք վախենում:
– Չէ, Արգամ ջան, ուղղակի համոզուած եմ, որ դու չես ցանկանայ կործանել ինձ միայն նրա համար, որ ես իմ կարծիքով, ինչպէս ասում են՝ իմ խելքով, ցանկացել եմ օգտակար լինել քեզ: Ես մտածել եմ այսպէս: Կարեւորն այն է, որ Արգամ Պետրովիչի մեղադրանքներից ամենածանրը շարքից դուրս գայ: Կարեւորն այն է, որ նա արդարանայ ու վերականգնուի աշխատանքում: Այդ ժամանակ, երդւում եմ քեզ, գիշեր-ցերեկ կ՛անեմ եւ երկու ամսում կարգի կը բերեմ տեղամասը: Հիմա չեմ ուզում վիճել (…): Մի օր առիթ կը լինի եւ Մարիամը ինքը կ՛ասի քեզ, թէ ինչքան եմ տանջուել, քանի անքուն գիշերներ եմ անցկացրել, մինչեւ որ յանգել եմ այս եզրակացութեան (…):
Արգամը լուռ էր, թաղուած իր անուրախ, խառնաբնդոր մտքերի մէջ:
– Սուսիկին ասե՞մ երկու հատ սուրճ բերի, Արգամ Պետրովիչ:
– Չէ, – ասաց Արգամ Մանասեանը»:
***
Վռամ Մաշուրեանի գրասենեակը ձգելէ ետք, Արգամ Մանասեան անմիջապէս կ՛ուղղուի Բակուր Եկանեանի տունը: Սկիզբը Բակուրը կը յուզուի եւ շրթունքներու շարժումով կը փոխանցէ զգացած ցաւը ծխախոտի արտադրամասի քանդումէն բխած, բայց երբ Արգամ Մանասեան կը փորձէ մխիթարել զինք չնեղուելու այլեւայլ պատճառներ մէջտեղ բերելով, յանկարծ կը նկատէ, որ Բակուրին աչքերուն մէջ չարաճճի ժպիտ մը կը խաղայ…
***
«Եւ յանկարծ Բակուրի աչքերում խորամանկ ժպիտ տեսաւ:
– Ի՞նչ է, ճիշդ չե՞մ ասում, – հարցրեց Արգամը:
Հիւանդը գլուխը թափահարեց, չգիտես ինչու նայեց դռան կողմն ու շրթունքները շատ յստակ շարժելով, ասաց.
– Ուրբաթ օրը ես հիւանդ չէի: Ձեւացրի:
– Ինչի՞ համար, – ոչինչ չհասկացաւ Արգամը:
Բակուր Եկանեանը բարձի տակից մի տուփ սիկարէթ (ծխախոտ) հանեց: «Պատրանքի» տուփն էր (…): Նա հարցական նայեց ընկերոջը: Բակուրի աչքերն ասես վառւում էին վրիժառութեան կրակով: Նա տուփը Արգամ Մանասեանին պարզեց: Մանասեանն ակամայ շարժումով նրա ձեռքից վերցրեց այն ու զգալով, որ տուփը լիքն է, զարմացած նայեց ընկերոջը: Բակուրի աչքերն արդէն փայլում էին յաղթական: Արգամ Մանասեանը շտապով բացեց տուփը եւ անկարող եղաւ զսպել ճիչը:
– Էս որտեղի՞ց, Բակուր:
Ու Բակուր Եկանեանը առաջ թեքուած, շշնջալով ու կատաղօրէն շարժելով ձեռքերը, պատմեց նրան ամէն ինչ:
– Երբ Ուրբաթ օրն առաւօտեան Վռամ Մաշուրեանը կանչեց ինձ, ես հասկացայ, որ ամէն ինչ կորած է: Անմիջապէս տեղամաս գնացի: Առանց այն էլ անելու քիչ բան էր մնում: Փակեցի դուռը, թողեցի միայն իմ տղաներին՝ Իւանին ու Հայրոյին եւ գործի անցայ: Աստուած մեզ հետ էր: Երեք ժամից յետոյ մի արկղ սիկարէթ հաւաքուեց: Մօտ հազար հատ: Ասացի՝ բաւական է: Լցրեցինք տուփերի մէջ ու որակի նշանով փաթեթաւորեցինք:
Արգամի սիրտը հիմա անկասկած աւելի արագ էր խփում, քան թէ Բակուրինը:
– Բա որտե՞ղ են տուփերը, – հարցրեց նա խռպոտած ձայնով: – Կը գտնեն շան որդիները:
Բակուրն աչքերով ծիծաղեց:
– Դուրս եմ բերել գործարանից, – ասաց նա:
– Ո՞նց, Բակուր: Ո՞նց… Բա էդ մեծ տուփը չտեսա՞ն…
(…)
– Զանգահարեցի շտապօգնութիւն: Մեր Նազիկի եղբայրը բժիշկ է: Շատ լաւ տղայ է: Նրան կանչեցի:
– Ու շտապօգնութեան մեքենայով դո՞ւրս բերեցիր ծխախոտը…
Բակուրը երջանկացած գլխով արեց:
– Պառկել էի տուփերի վրայ: Փափուկ-փափուկ էր»:
***
Արգամ Մանասեան շատ կ՛ուրախանայ եւ կը փափաքի անթոյն ծխախոտները անմիջապէս «վերեւ», այսինքն կուսակցութեան քարտուղարին հասցնել. Բայց քարտուղարը Մոսկուա կը գտնուի, իսկ ինք իրաւունք չունի Երեւանէն հեռանալու:
«Ե՛ս կը տանեմ», կ՛ըսէ Բակուր Եկանեանը:
***
«- Դո՞ւ, – Արգամը մտածեց, թէ սխալ հասկացաւ:
– Ես, ե՛ս, – հաստատեց Բագուր Եգանեանը: Նա կրկին առաջ թեքուեց ու խորամանկ, ծիծաղկոտ աչքերով նայեց ընկերոջը: – Ե՛ս, – բացատրեց նա:- Ինձ մերժելը հեշտ չէ, որովհետեւ չեմ լսում: Հասկացա՞ր: Իսկ իմ համր լինելը այս դէպքում միայն առաւելութիւն է: Նախ՝ որովհետեւ ռուսերէն լաւ չգիտեմ: Եւ յետոյ… եւ յետոյ… որպէսզի շուտ պրծնեն ինձնից, ինչ որ պէտք է՝ կ՛անեն: Անեկդոտի (մանրավէպի) կակազի նման: Գիտես, չէ՞, որ ասում է՝ մ-մարդ մի քիչ էլ պ-պիտի խ-խօսել իմանայ»: