ԼՈՒՍԻՆԷ ՄՈՒՍԱՅԷԼԵԱՆ

Ովքե՞ր են «բնապահպանական աղէտի դէմն առնելու» նպատակով Շուշի հասած էկօակտիւիստները (բնապահպանները), որոնք արդէն երրորդ օրն է`փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Ովքե՞ր են ինքնաբուխ հանրահաւաքի դուրս եկել մի երկրում, որտեղ հարիւրաւոր ընդդիմադիրներ ազատազրկուած են, ակտիւիստներն (գործիչները) էլ մինչ օրս բերման էին ենթարկւում հաշուըւած րոպէների ընթացքում:
ՇԱՏԵՐԻՆ ՄԻԱՒՈՐՈՒՄ Է ՍԵՐՆ ՈՒ ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ԱԼԻԵՒՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ
«Ազատութիւն»ը մի խումբ ցուցարարների է նոյնականացրել, որոնք ցոյցի առաջին շարքերում են եւ ամենաբարձրն են բնապահպանական կարգախօսներ վանկարկում, մինչ այդ, սակայն, աչքի չեն ընկել շրջակայ միջավայրի նկատմամբ մտահոգութիւններով: Աւելին` բաց աղբիւրներում առկայ փաստերը վկայում են, որ նրանցից շատերին միաւորում է սէրն ու համակրանքը նախագահական ընտանիքի նկատմամբ եւ պարծանքը Բաքուի ռազմական յաջողութիւններով:
Ցուցարարների շարքում է, օրինակ, ադրբեջանցի նախկին զինուորական, իշխանամէտ մամուլում որպէս ռազմական փորձագէտ ներկայացող Թելման Գասիմովը: Ըստ տեղեկութիւնների` նա պահեստազօրի կապիտան է, խօսում է հայերէն:
ԼՈՒՍԱՆԿԱՐ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ՀԵՏ
Բնապահպան ներկայացող ակտիւիստը «Ֆէյսբուք»ում հարիւրաւոր լուսանկարներ ունի ոչ թէ բնութեան գրկում, այլ` ռազմի դաշտում, զինուորական համազգեստով, զէնքը ձեռքին:

Լուսանկարներից մէկում էլ նրա կողքին երեւում է Ռամիլ Սաֆարովը, որ Հունգարիայում հայ զինուորականի էր կացնահարել: Ցոյցի ժամանակ Գասիմովը հայերէնով խաղաղասիրական կոչեր է հնչեցնում, յորդորում ապրել միասին: Սոցցանցերում (ընկերային ցանցերու վրայ), մինչդեռ, նա ակտիւօրէն (աշխուժօրէն) տարածում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ յայտարարութիւններն ու սպառնալիքները, «Ֆէյսբուք»ում անգամ յատուկ ալբոմ ունի, որտեղ պահում է Հայաստանի եւ Արցախի դրօշը կոխկրտող, վառող զինուորականների լուսանկարներ:


ՏԵՍԱՆԻՒԹԵՐՈՒՄ ԵՐԵՒՈՒՄ Է «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ» ՆՇԱՆԸ
Տասնեակ ցուցարարների շարքում երեւում են զինուորականներ, տեսանիւթերում մի քանի անգամ երեւում է թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպութեան նշանը, որը եւրոպական մի շարք երկրներում արգելուած է: Ցուցարարները գիշերում են վրաններում: Ցուցարարներին վրաններ է տրամադրել Ադրբեջանի կառավարութիւնը: Ցուցարարներից մէկի բաճկոնին էլ երեւում է Ադրբեջանի պետական ջրային ընկերութեան` AzerSu-ի տարբերանշանը:
ՌՈՒՀԻՅԷ ՄԵՄԵԴՈՎԱ․ ՈՉ ՄԻ ԳՐԱՌՈՒՄ ԲՆՈՒԹԵԱՆ ԿԱՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
Լաչինի միջանցքից ակտիւօրէն տեսանիւթեր է տարածում նաեւ Ռուհիյէ Մեմեդովան:

Նրա ֆէյսբուքեան էջը բացելիս անմիջապէս աչքի է զարնում տէր եւ տիկին ալիեւների պատկերը, որը մի քանի անգամ մեծ է օգտատիրոջ սեփական լուսանկարից: Բնապահպան ներկայացող Մեմեդովան «Ֆէյսբուք»ում մինչ օրս որեւէ գրառում չի արել բնութեան կամ շրջակայ միջավայրի պաշտպանութեան մասին: Փոխարէնը ակտիւօրէն տարածում է նախագահ Ալիեւի ելոյթները, այդ թւում`վերջինիս ռազմատենչ սպառնալիքները Հայաստանի հասցէին:
ՆԵԶԱՔԵԹ ՀԵՍԵՆՈՎԱ
Լաչինի միջանցքի ցուցարարներից է նաեւ Նեզաքեթ Հեսենովան, որը «բնապահպանական աղէտի» դէմ պայքարի է ելել մորթեայ մուշտակով:

ԶՈՒԼՖԻՅԱ ՆՈՒՐԻԵՒԱ
Զուլֆիյա Նուրիեւայի ֆէյսբուքեան էջից դատելով` տիկինը հետաքրքրութիւնների լայն շրջանակ ունի, բնպահպանական ոլորտը, սակայն, դրանց մէջ չի երեւում:
Գլխաւոր տեղում նախագահ Ալիեւն է` բռունցքը վեր պարզած, ում Նուրիեւան պարտաճանաչ շնորհաւորում է ծննդեան օրուայ առիթով, մաղթում, որ նա ապրի հարիւր տարի` «Մենք սիրում ենք ձեզ» մակագրութեամբ:

Բաքուից հարիւրաւոր կիլոմետրեր հեռու ցոյցի գնալու օրն էլ տիկնոջ մտքում ոչ թէ բնութիւնն էր, այլ սէրը համազգային առաջնորդ Հէյդար Ալիեւի հանդէպ` «Հզօր առաջնորդը միշտ իմ սրտում է», գրել է նա Լաչինի միջանցքը փակելուց առաջ:
ՆԱՅԻԼԷ ԻՍՄԱՅԻԼՈՎԱ

Էկօակտիւիստներից է նաեւ «Ֆէյսբուք»ում աւելի քան 10 հազար հետեւորդ ունեցող Նայիլէ Իսմայիլովան, որը, սակայն, մինչ օրս որեւէ գրառում չի արել շրջակայ միջավայրի պաշտպանութեան վերաբերեալ: Փոխարէնը` առիթը բաց չի թողնում նախագահ Ալիեւին ու նրա տիկնոջը աջակցութիւն յայտնելու համար:
Օրերս, օրինակ, նա հետեւորդներին «լաւ լուր» է յայտնել, «թէ շուտով Ադրբեջանի իշխանութիւնների ջանքերով Ուկրաինան ազատ կ՛արձակի» Միսիր Գասիմլիին եւ Սուբհան Գուլիեւին, որոնց դատարանն 8 ամսուայ ազատազրկման էր դատապարտել հայի նկատմամբ բռնութիւն գործադրելու համար:
Յանցագործները, ըստ ադրբեջանական լրատուամիջոցների, 44օրեայ պատերազմի մասնակիցներ են: Իսմայիլովայի հրապարակած լուսանկարում նրանցից մէկի շապիկին Էրդողանի եւ Ալիեւի լուսանկարներն են: «Ես անձամբ հաւատում եմ նախագահ Իլհամ Ալիեւին եւ փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային: Եկէք կանգնենք նրանց կողքին», յորդորել էր էկօակտիւիստը:
ՔԱԶՄԷ ԻՒՍՈՒԲՈՎԱ․ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՒ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ»Ը ՇՆՈՐՀԱՒՈՐԵԼ ԷՐ «ԵՐԿԱԹԵԱՅ ԲՌՈՒՆՑՔԻ» ՅԱՂԹԱՆԱԿԸ

Բաց աղբիւրներում առկայ տեղեկութիւններով` կանաչների հետ որոշակի առնչութիւն ունի ցուցարար Քազմէ Իւսուբովան, ով, ըստ ֆէյսբուքեան էջի, աշխատում է «Բնապահպանական իրազեկում եւ մոնիտորինգ» (“Ekoloji Maarifcilik ve Monitorinq IB”) կազմակերպութիւնում: Հասարակական այդ կառոյցն, ի դէպ, երկու տարի առաջ` պատերազմից յետոյ, հրապարակաւ շնորհաւորել էր նախագահ Ալիեւին յաղթանակի կապակցութեամբ ու ընդգծել. «Մենք վստահ ենք, որ կարճ ժամանակում, շնորհիւ ձեր վճռական կամքի եւ ձեր երկաթեայ բռունցքի, որով թշնամու գլուխն ենք ջախջախել, շնորհիւ մեր բանակի սխրանքի եւ քաջութեան մեր եռագոյն դրօշը կը ծածանուի Խանքենդիում, Խոջաւանդում, Խոջալուում, Աղդերէում, Լաչինում, Քելբաջարում, Աղդամում»: Սրտառուչ նամակը հրապարակուել էր Իլհամ Ալիեւի պաշտօնական կայքում:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱԿԱՒԱԹԻՒ ԱՆԿԱԽ ԿԱՅՔԵՐԸ ԵՒՍ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԴԷՊՔԵՐ ԵՆ ԱՌԱՆՁՆԱՑՐԵԼ
Էկօակտիվիզմի նման կասկածելի դէպքեր նաեւ ադրբեջանական սակաւաթիւ անկախ կայքերն են առանձնացրել: Բեռլինում գործող ընդդիմադիր Meydan TV-ն, օրինակ, փաստում է, որ Լաչինի միջանցքում հաւաքուած ադրբեջանցիներն առաջին անգամ են բողոքում հանքերի շահագործման դէմ այն դէպքում, երբ հեղինակաւոր կազմակերպութիւնները տասնեակ փաստեր են հրապարակել Ադրբեջանի տարածքում Ալիեւների ընտանիքի կողմից ապօրինի շահագործուող հանքերի վերաբերեալ:
«Բազմաթիւ հետաքննութիւններով ապացուցուել է, որ Դաշքեսանի եւ Գեդաբեկի հանքարդիւնաբերութիւնն ամբողջութեամբ գտնւում է Ալիեւների վերահսկողութեան տակ, մինչ օրս, սակայն, որեւէ ակտիւիստ չի բողոքել դրա դէմ», արձանագրում է ադրբեջանական լրատուամիջոցը:
Լրագրող Խադիջա Իսմայիլովան էլ յիշեցնում է ադրբեջանական Չովդար հանքավայրը, որտեղ հետաքննութեամբ ոչ միայն հսկայական կոռուպցիոն (կաշառակերութեան, զեղծարարութեան) ռիսկեր (վտանգներ), այլեւ բնապահպանական խնդիրներ էին յայտնաբերել: «Մեզ ոչ ոք չլսեց: Եթէ այդ ակտիւիստներն այն ժամանակ բողոքէին, այսօր նրանց ձայնն աւելի բարձր կը լսուեր», «Ֆէյսբուք»ում գրել է Իսմայիլովան:

Իրաւապաշտպան Անար Մամեդլին Meydan TV-ի հետ զրոյցում յիշեցրել է, որ Ադրբեջանն աշխարհի յետնապահներից է ոչ միայն մարդու իրաւունքների, այլեւ բնութեան պաշտպանութեան առումով: «Եւ երբ այդպիսի երկրի բնակիչները Ղարաբաղում ցոյց են անում, դա լուրջ չի ընդունուի» ընդգծել է իրաւապաշտպանը:
«ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿՆ Է ՎՏԱՐԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ՄԵՐ ՀՈՂԵՐԻՑ»
Տնտեսական եւ քաղաքական հարցերով փորձագէտ Նաթիգ Ջաֆարլին, մինչդեռ, առաւել յստակ է դնում հարցը. «Դուք չգիտէ՞ք, որ բնապահպանութիւնն այդ ակցիայի (շարժումի) միակ պատճառը չէ», ասել է նա` բացելով փակագծերը. «Գործընթացի նպատակն է վտարել ռուսական ուժերին մեր հողերից, եւ այդ նպատակին ուղղուած իւրաքանչիւր քայլ, այդ թւում` բնապահպանական կարգախօսները, աջակցութեան է արժանի»:
Է՛լ աւելի բաց է արտայայտուել ադրբեջանցի քաղաքագէտ Շուջաթ Ահմեդզադեն: «Միամտութիւն է կարծել, թէ վերջին օրերին իրադարձութիւնների պատճառը միայն բնապահանական մտահոգութիւններն են», գրել է նա «Թուիթեր»ում, մանրամասնելով` օգտուելով Ռուսաստանի թուլութիւնից, որը լուրջ մարտավարական կորուստներ է կրում Ուկրաինայում, Ադրբեջանը փորձում է զիջումներ կորզել եւ այդ նպատակով օր-օրի աւելացնում է խաղադրոյքները:
Ի դէպ, այս գրառումից ժամեր առաջ Ադրբեջանի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան պետական ծառայութիւնը հաղորդել էր, թէ էկօակտիւիստների նման իրենք էլ են պատրաստ մոնիտորինգի (հսկողութեան գործողութիւն կատարել) գնալ Ղարաբաղ եւ սպասում են իշխանութիւնների հրահանգին:
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»