ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Մերտինեան վարժարանի դասասրահում ժամանակն ու տարածութիւնը մի պահ առաձգական էին դարձել՝ ձուլուելով սիրոյ խորհրդով: Լոս Անջելեսից հայ պատանիները տեսակապով Արցախի իրենց հասակակիցներին գօտեպնդում էին, ուժ ու համբերութիւն էին մաղթում, եւ ասում, որ ամէն օր աղօթում են նրանց համար: Սենեակում տիրող մթնոլորտն այնքան կենարար էր, այնքան զօրեղ՝ միաժամանակ յուզիչ ու յուսատու: Հայկ նահապետի, Սուրբ Մաշտոցի ու Վարդան սպարապետի խրոխտ շնչի ներքոյ, հայի սերունդներն աշխարհի տարբեր անկիւններից միահիւսուել էին մէկ ընդհանուրում՝ նոր ընթացք հաղորդելով ազգի յաւերժի շրջապտոյտին: Մերտինեանի աշակերտների միաձայն »այո«ն ուսուցչուհու «կը ցանկանա՞ք Արցախ գնալ» հարցին խօսուն էր: Ամերիկայում ծնուած Ռոբերտի՝ արցախցի իր հասակակիցներին գորգ գործել սովորեցնելու անթերի հայերէնով խոստումն էլ ամբողջացրեց պատկերը: Պատանիների հարցերը միմեանց չէին դադարում, տեսակապի երկու կողմերում կարծես վաղեմի ընկերներ էին զրուցում:
Մերտինեան Հայ աւետարանական վարժարանից առաջին տպաւորութիւններս միանգամից ձեւաւորեցին առաջին տողերս ու ամփոփումն առ այն, որ այս կրթօջախը ներարկում է նաեւ այս պահին մեզ համար ամենաէականը՝ պատասխանատուութեան զգացումը հայրենիքի ու ազգի նկատմամբ:

«Մերտինեանի աշակերտները կարիք ունեն նման շփումների, որովհետեւ որքան էլ խօսենք, իրենց համար մշուշոտ է թւում մեր պատմածը: Սակայն, երբ իրապէս են կապնւում եւ ծանօթանում միմեանց, լսում հասակակիցներից իրական պատմութիւններ, նոր հետաքրքրութիւն է իրենց մէջ արթնանում: Ամէն օր հետեւում ենք Արցախի շրջափակմանն ու փորձում ինչ-որ կերպ աջակցել: Այս մտայնութեամբ էր, որ որոշեցինք հանդիպում կազմակերպել Արցախի եւ մեր կրթօջախի աշակերտների միջեւ: Դպրոցների փակ լինելու պատճառով արցախցի պատանիները հաւաքուել էին ուսուցչուհու տանը, սակայն իրավիճակը բոլորովին չէր ազդել նրանց տրամադրութեան վրայ: Երբ կապ էինք հաստատում, կարծեցի, թէ մենք պէտք է իրենց ուժ տանք, բայց ճիշդ հակառակն էր՝ իրենք քաջալերեցին, եւ յոյսով բաժանուեցինք, որ ամէն ինչ շատ լաւ է լինելու: Ուրախ եմ, որ շատ ջերմ ու անմիջական էր հանդիպումը, եւ մեր աշակերտներն էլ տեղեկացան, թէ ինչ վիճակ է տիրում այժմ Արցախում», նշում է Մերտինեան Հայ աւետարանական վարժարանի տնօրէնուհի դոկտ. Օհանեանը: Արցախում իրավիճակի մասին իրազեկման մէկ այլ արշաւ էլ աշակերտներն անցկացրել էին օրեր առաջ, եւ դիմել էին տեղական եւ դաշնային պաշտօնեաներին ճնշում գործադրելու Ադրբեջանի նկատմամբ՝ շրջափակումը դադարեցնելու, եւ ԱՄՆի կողմից այդ երկրին տրուող ամերիկեան օգնութիւնը կասեցնելու, նաեւ՝մարդասիրական օգնութիւն ուղարկելու Արցախ:

Դոկտ. Սիւզի Օհանեանը մի քանի ամիս է, որ ստանձնել է կրթօջախի ղեկավարի պաշտօնն ու նշում է, որ շարունակելու է հաստատութեան աւելի քան 40 տարուայ աւանդոյթներն ու առաջնորդուելու է Մերտինեան վարժարանի պարտաւորուածութեամբ՝ լինելու դպրոց, որտեղ իւրաքանչիւր աշակերտ ստանում է ամբողջական՝ ակադեմիական, հոգեւոր եւ ֆիզիկական կրթութիւն: Կրթօջախը հիմնադրուել է 1982 թուականին եւ գործում է Շերման Օքսում, առաջարկելով քրիստոնէական արժեհամակարգի վրայ հիմնուած կրթութիւն՝ նախադպրոցական տարիքից մինչեւ 8րդ դասարան: Մերտինեանը հայ աւետարանական միակ դպրոցն է ԱՄՆում, որ կոչուել է նուիրատուներ Շարլոթ եւ Էլիզ Մերտինեան քոյրերի անունով: Այս կրթօջախն իր գործունութիւնը սկսել է տասներեք աշակերտով, սակայն այսօր այդ թիւը շուրջ երեք հարիւր է: Տնօրէնն ուրախութեամբ նշում է, որ նոր ուսումնական տարուայ համար նախնական դիմումների թիւը էականօրէն աճել է, եւ արդէն սպասողների ցանկ է ձեւաւորուել: «Սա մեզ համար մեծ ուրախութիւն է, եւ դպրոցի ողջ անձնակազմի աշխատանքի արդիւնքն է: Ես կարծում եմ, որ յատկապէս հայ ուսուցիչները մեծ առաքելութիւն ունեն, եւ մեր հերոսներն են: Շատ դժուար կոչում է հայերէնի ուսուցիչ լինել այսօր Ամերիկայում, երբ ոչ միայն պէտք է սովորեցնես հայոց լեզուն, այլ այնպէս անես, որ մանուկները սիրեն լեզուն: Դժբախտաբար մեր փոքրիկները շատ արագ են անգլերէնին ընտելանում, եւ որքան էլ յորդորենք, որ հայերէն խօսեն, խօսակցական հիմնական լեզուն անգլերէնն է: Ըստ այդմ, մեր պարտականութիւնն է, որ կարողանանք ապահովել միջավայր եւ հնարաւորութիւններ, որ հայերէն խօսեն, որպէսզի կարողանանք տոկալ այս օտար ափերում», կիսւում է դոկտ. Օհանեանը: Մերտինեան վարժարանի գալիք ուսումնական տարուայ առաջնահերթ արձանագրումը կ՛աւարտուի Փետրուարի 28ին, իսկ վերջնական գրանցումը՝ Մայիսի 26ին:
Մերտինեանը գործում է Ամերիկեան կրթական համակարգի բոլոր չափանիշներին համապատասխան: Հայերէնով իրականացւում է նաեւ տարբեր առարկաների դասաւանդում՝ կրօն, պատմութիւն եւ լեզու: Ծնողի ընտրութիւնն է, թէ երեխան կը սովորի արեւելահայերէն, թէ՞ արեւմտահայերէն դասական ուղղագրութեամբ: Չորրորդ եւ հինգերորդ դասարանի աշակերտները նաեւ ներգրաւուած են թատրոնում: Գործում են արտադասարանային ժամեր՝ շախմատ (ճատրակ), երաժշտութիւն, բասկետբոլ, ֆութպոլ, եւ աշակերտները կարող են դպրոցում անցկացնել մինչեւ ժամը հինգը:
Դոկտ. Սիւզի Օհանեանը, տնօրէնի պաշտօնում իր առաջնահերթութիւնից է համարում աշակերտների թուի աւելացումը, կրթութեան որակի շարունակական բարելաւումը: «Ցանկանում եմ, որ մեր կրթօջախի մատուցած կրթութիւնն ու ծրագրերը նման լինեն լաւագոյն դպրոցների ծրագրերին: Այս տարի ներմուծեցինք ընտրովի դասընթացներ վեցերորդից ութերորդ դասարանի աշակերտների համար՝ STEAM եւ հետազօտական գիր: Յաջորդ տարուայ համար նախատեսում ենք ստեղծել նաեւ իսպաներէնի, եփելու (cooking class) եւ լրագրութեան (journalism) դասընթացներ, եւ վերջինը կը նպաստի նաեւ հայոց լեզուի ամրապնդմանը: Ուսուցիչների եւ տնօրինութեան համար էլ անհրաժեշտ եմ համարում փորձի փոխանակումն այլ դպրոցների հետ, ծանօթացումը նրանց համակարգին ու աշխատելակերպին», նշում է դոկտ. Օհանեանը: Նա կարեւորում է նաեւ, որ Մերտինեանի շրջանաւարտներն աւագ դպրոցը շարունակեն հայկական վարժարանում: Կրթութեան որակի մասին ծնողների հարցերին ի պատասխան բերում է իր ու որդիների օրինակը, որ աւարտելով՝ ինքը Ֆերահեան, զաւակները՝ Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանները, ուսումը շարունակել են երկրի լաւագոյն համալսարաններում:
Կրթօջախը տարուայ ընթացքում իրականացնում է նաեւ ճանաչողական այցեր, Արեւելեան ափում՝ Նիւ Եորք, Ֆիլադելֆիա, Վաշինգտոն «Դի. Սի.», որտեղ աշակերտները ծանօթանում են երկրի օրէնսդիր եւ գործադիր մարմինների աշխատանքին, Հայ Դատի յանձնախմբի գործունէութեանը: Մերտինեանի աշակերտներն աչքի են ընկնում նաեւ մարզական առաջադիմութեամբ, ինչի մասին վկայում են բազմաթիւ մրցանակները: Այս կրթօջախում օրը սկսւում է մատուռում աղօթքով, որ կերտում է նաեւ աշակերտների քրիստոնէական նկարագիրը:

Մարտահրաւէրների մասին խօսելիս դոկտ. Օհանեանն առանձնացնում է երկուսը՝ «Մերտինեանը մասնաւոր (private) վարժարան է, եւ անշուշտ նիւթականը շատ կարեւոր է, որպէսզի կարողանանք ապահովել կրթութեան անհրաժեշտ մակարդակ: Այս առումով ուրախ եմ, որ համայնքում նուիրատուներ ունենք, եւ երբ նախագիծ ենք ներկայացնում՝ ստանում ենք նիւթական օժանդակութիւն: Սակայն մենք ունենք նաեւ մարդուժի կարիք: Ուսուցչուհու պակաս կայ, եւ դա մեծ մարտահրաւէր է: Երբ մեր այսօրուայ հայ ուսուցչուհիները կենսաթոշակի անցնեն, ով պէտք է գայ նրանց փոխարինելու: Սա մտահոգութիւն է, եւ կարծում եմ, որ մեր համայնքը, մեր ղեկավարները այս ուղղութեամբ շատ մեծ գործ ունեն անելու: Եթէ հայ դպրոցը պիտի պահենք, հայ ուսուցիչներ պէտք է պատրաստենք: Ինձ համար շատ կարեւոր է, որ ուսուցիչը ցանկանայ եւ ուրախութեամբ գայ դպրոց: Այդ պատճառով, ես ջանք չեմ խնայում հոգալ ուսուցիչների մասին, որ բացի ֆինանսականից, նրանք նաեւ հանգիստ եւ սիրով գան աշխատանքի, զգան որ յարգուած են տնօրէնութեան, ծնողների, աշակերտների կողմից: Սա է, որ ստեղծում է բարոյական միջավայր, պատրաստակամութիւն, իրար հետ աշխատելու մշակոյթ», ամփոփում է Մերտինեան վարժարանի տնօրէնուհին:
Դոկտ. Օհանեանը կրթական եւ հասարակական ոլորտի երկարամեայ գործիչ է, եւ իր փորձառութիւնից ելնելով է նաեւ առաջարկում լուծումներ: Նա հաւատում է, որ կրթօջախից առաւել մարդու նկարագրի կերտման գործում առաջնային է ընտանիքից ստացած կրթութիւնն ու դաստիարակութիւնը: »Իմ ամենամեծ հերոսը մայրս է եղել: Նա ինձ սովորեցրել է լինել քաջ, հպարտ ու հայասէր, սիրել ընտանիքը«: Դոկտ. Սիւզի Օհանեանը, ծնուելով Լիբանանում, որտեղ բնակուել է մինչեւ տասնվեց տարեկան, յաճախել է Նշան Փալանջեան ճեմարանը: 1980ականներին Լիբանանում քաղաքական իրավիճակից ելնելով տեղափոխուել է ԱՄՆ, որտեղ ուսումը շարունակել է Ֆերահեան Ազգային վարժարանում: Պատանեկան տարիքում անդամակցել է Հայ Երիտասարդաց Դաշնակցութեանը, եղել է ՀՄԸՄի եւ ՀՅԴի շարքերում, եւ ՀՕՄի անդամ: »Հայկական տարբեր միութիւններում լինելը կեանքի մեծ փորձառութիւն է«, հաւաստիացնում է դոկտ. Օհանեանը եւ նշում, որ առաջին անգամ Հայաստան է գնացել որպէս ՀՄԸՄի շրջանային խմբապետուհի, երբ կազմակերպութիւնն իր առաջին բանակումն արեց Բիւրականում: 1994 թուականին էլ, Ռուբինա Փիրումեանի առաջարկով մէկ շաբաթ երազային օրեր է անցկացրել Արցախում, հանդիպել բազմաթիւ հերոսների: Ապագայ ամուսնուն էլ դոկտ. Օհանեանը հանդիպել ՀԵԴի շարքերում եւ ունեն երկու մանչ զաւակներ՝ Արամ եւ Շանթ:
Կրթական ոլորտի մշակ դառնալը դոկտ. Օհանեանին վիճակուած էր ճակատագրով: Բանկային համակարգում յաջողութիւնները չեն կասեցնում մանկավարժ դառնալու երազանքը: «Մանկուց ասում էի, որ ես ուսուցչուհի պիտի լինեմ: Ուսանողական տարիների ընթացքում բանկում էի աշխատում, եւ լաւ պաշտօն ունէի, սակայն երբ Շամլեան Ազգային վարժարանի տնօրէն՝ Վազգէն Մատենլեանն առաջարկեց աշխատանքի անցնել նոյն վարժարանում՝ համաձայնուեցի: Նա իմ համար դարձաւ մենթոր, ուսուցիչ, գործընկեր, եւ առիթ տուեց, որ աշխատանքին զուգահեռ ուսումս շարունակեմ: Գործունէութիւնս շարունակեցի Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանում՝ այն ժամանակուայ տնօրէնուհի դոկտ. Ալինէ Դորեանի առաջարկով, որպէս նախակրթարանի (K-5th Grades) ակադեմիական հարցերի ղեկավար եւ ապա՝ փոխտնօրէնուհի: Նա նաեւ իմ համար դարձաւ առաջնորդ, մենթոր, գործընկեր, եւ նոյնպէս առիթ տուեց, որ ստանամ դոկտորական աստիճանս (Doctorate Degree): Տասը տարի անց էլ, անցեալ տարուայ Յունիսին առաջարկ ստացայ ստանձնելու Մերտինեան վարժարանի տնօրէնի պաշտօնը: Դժուար որոշում կայացրեցի, սակայն որոշեցի գիտելիքներս ու փորձառութիւնս ներդնել հայկական կրթօջախում, եւ իմ նպաստն ունենալ այս վարժարանի յաջող ընթացքի գործում», խոստովանում է դոկտ. Օհանեանը:

Մերտինեան վարժարանի մասին տպաւորութիւններս ամբողջացան, երբ տնօրէնի առաջարկով շրջայց կատարեցինք մաքուր ու համակարգուած կրթօջախի տարածքում: Մեծ էր ուրախութիւնս, երբ այցիս վերջում էլ ականատես եղայ մի խումբ աշակերտների ոգեւորութեանը՝ Թումանեանի «Բարեկենդան»ի բեմադրութեան փորձի ժամանակ: Բակում էլ՝ բասկետբոլի սիրահարների մարզական ոգեւորութիւնն էր վարակիչ: Այս կրթօջախի գերազանցութեան ու յաջողութեան կերտումը սկիզբ է առնում երեք տարեկանից: Մերտինեանի ուսումնական ծրագիրը ուղղուած է ոչ միայն զարգացնելու ուսանողի մտաւոր ունակութիւնները, նաեւ կերտելու աշակերտի ինքնութիւնը՝ դառնալու կարեկցող հայ քրիստոնեայ, պատասխանատու քաղաքացի, ազգասէր հայորդի, արդիւնաւէտ մասնագէտ, եւ խոհեմ առաջնորդ: