
Երկուշաբթի, Ապրիլի 10ից մինչեւ Կիրակի, Ապրիլի 30ը Ֆրեզնոյի համալսարանի գրադարանի «Լէոն Ս. Փիթերս Էլիպս» պատկերասրահում (երկրորդ յարկ), կը կայանայ «Գոջաբաշեան. Հայկական ժառանգութեան օրհնեալ ձեռքերը» խորագրուած արուեստի ցուցահանդէսը: Հասցէ՝ 5200 N. Barton Ave., Fresno։
Ցուցահանդէսի բացման արարողութիւնը եւ հանդիպումը արուեստագէտ Երուանդ Գոջաբաշեանի հետ տեղի կ՛ունենայ Հինգշաբթի, Ապրիլի 13ին, երեկոյեան ժամը 6-7: Ընդունելութիւնն ու ցուցահանդէսն անվճար են, իսկ հանրութեան ներկայութիւնը ողջունելի:
Ցուցահանդէսը հովանաւորւում է Թոմաս Ա. Գույումջեան ընտանիքի հիմնադրամի եւ Ֆրեզնոյի նահանգային համալսարանի Հայագիտական ծրագրի կողմից: Ցուցահանդէսի կազմակերպիչներն են Լիւսի Էրիսեանը, Մայք Բաշեանը, Հէյզել Անթառամեանը եւ պրոֆ. Բարլօ Տէր Մկրտիչեանը, իսկ ցուցահանդէսի համադրողներն են Սթիւ Ռուփելը եւ Քրիս Լոպեսը:
Նկարիչ Երուանդ Գոջաբաշեանը Հայաստանի ամենանշանաւոր քանդակագործներից եւ նկարիչներից է: Նա միջազգային ճանաչում ունի, եւ նրա ցուցանմուշները յայտնուել են աշխարհի մի շարք խոշոր քաղաքներում:
Գոջաբաշեանը ծնուել է 1939ին, Սիրիայի Հալէպ քաղաքում եւ փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխուել է Խորհրդային Հայաստան: 1966ին աւարտել է Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկը:
Քանդակագործութիւնն աւելին է, քան Գոջաբաշեանի մասնագիտութիւնը. դա նրա կոչումն է: Նա նախընտրում է աշխատել Հայաստանի «ազգայինէ քարի»` սեւ տուֆի հետ, թէեւ նոյնքան հմուտ աշխատում է մարմարի, բազալտի եւ փայտի հետ:
Գոջաբաշեանի խորաքանդակները զարդարում են Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի մուտքը, «Անի» հիւրանոցի ճակատը եւ Երեւանի «կինեմատոգրաֆիա»ի տան շէնքը: Նրա ստեղծագործութիւններն առանձնանում են իրենց բարդ զարդարուն յօրինուածքով, ազգային խորհրդանիշների, պատկերների եւ բոյսերի բազմազանութեամբ: Նա նաեւ քանդակների մասնագէտ է, որոնց մեծ մասը ցուցադրուած է տարբեր թանգարաններում:
1981ին Գոջաբաշեանը տեղափոխուել է Միացեալ Նահանգներ եւ բնակութիւն հաստատել Կալիֆորնիայի Մոնթեբելլօ քաղաքում: Նրա աշխատանքները ցուցադրուել են մի քանի խոշոր ցուցահանդէսներում, այդ թւում` Բոստոնում, Դիթրոյթում եւ Լոս Անջելեսում: Նրա աշխատանքները, ներառեալ մարմարէ եւ տուֆի պատկերները, ցուցադրուել են Հարվարդի համալսարանի «Սանդերս» թատրոնի պատկերասրահում, Փասադենայի Հայկական կենտրոնում եւ Դաունիի Արուեստի թանգարանում:
«Հայաստանի ականաւոր արուեստագէտներից պէտք է առանձնացնել Երուանդ Գոջաբաշեանին», ասել է արուեստաբան Պօղոս Հայթայեանը:
Արուեստի պատմաբան, հանգուցեալ Հենրիկ Իգիթեանն ասել է. «Հայաստանը քարի երկիր է, եւ անբնական չէ, որ այն կը ստեղծի մի սերունդ, որը ժամանակակից կեանքի ազդեցութեամբ նոր ձեւ կը հաղորդէր այդ քարերին: Երուանդ Գոջաբաշեանի ձեռքին քարը վերածնւում է»:
Յաւելեալ տեղեկութիւնների համար այցելել կայքէջը:
(Հաղորդագրութիւնը՝ հայագիտականէն)