
ՅԱԿՈԲ ՄԿՐՏՉԵԱՆ*
Վասպուրականի Հայրենակցական միութիւնում ամէն տարի Վանի ապրիլեան հերոսամարտի յիշատակութիւնը կանոնադրային պարտաւորութիւն է:
Վասպուրականը այն վայրն է, ուր իրենց գործունէութեան դաշտ էին դարձրել հայ մտաւորականներն ու աւանդական կուսակցութիւնները. այնտեղ ոչ միայն խօսք ու գաղափար էր, այլեւ գործ, կռիւ, հերոսութիւն եւ յաղթութիւն:
Հերոսամարտերը իւրայատուկ իրողութիւններ են, բազմաստիճան դժուարութիւնների յաջորդական յաղթահարումներ, Վանի պարագայում՝ արդէն ընթացող Եղեռնի, ռազմաքաղաքական, բարոյահոգեկան համատարած անկումային վիճակի, կործանող սպասումի թելադրութիւնների յաղթահարում, կենաց-մահի մարտակոչ, հոգեփրկութիւն եւ ժողովրդային յաղթութեան կերտում:
Անցած, աւելի քան 100 տարիների ընթացքում, մեր երեւելի մտաւորականներն ու ազգային գործիչները իւրովի, բանաւոր կամ գրաւոր ներկայացրել են Վանի հերոսամարտը: Պատմութեան համար արձանագրուած են եւ դէպքերը, եւ հերոսական անձինք: Բազմաթիւ անդրադարձնէր կան նաեւ օտար աղբիւրներում:
Ամէն տարի մէջտեղ են գալիս նոր աղբիւրներ եւ աշխատութիւններ, հարստացնելով հերոսամարտի մասին եղած դիտարկումները, ընկալումներն ու գնահատանքը, իսկ ընտանիքներում պահւում են հերոսամարտին առնչուող ոչ միայն յիշողութիւններ, այլեւ մասունքներ:
Մօտ 25 տարի առաջ պատուաւոր մի վանեցի տեղեկացրեց, որ իրանահայ վանեցի մի ընտանիքում պահպանւում է հերոսամարտի ղեկավարների կողմից իբրեւ քարտէզ օգտագործուած այն սաւանը, որի վրայ գծուած է Վան քաղաքի յատակագիծը, ինքնապաշտպանութեան շրջաններն ու դիրքերը:
Վանի 1915ի ապրիլեան հերոսամարտը, Օսմանեան կայսրութիւնում նախապէս ծրագրուած եւ տարիներ տեւած Հայոց Ցեղասպանութեան ընթացքում, հայութեան դիմադրական գործողութիւնների շարքում առաջինն էր եւ, ցաւօք, միակ յաղթական աւարտ ունեցածը: Հերոսամարտը Ցեղասպանութեան ժամանակաշրջանի լաւապէս վաւերագրուած իրադարձութիւններից է:
Կարեւորելով հայ ժողովրդի պատմութիւնում Վանի հերոսամարտի տեղն ու դերը, Գարեգին Նժդեհը 1930ին Սոֆիայում հրատարակել է հերոսամարտի մասնակից Օննիկ Մխիթարեանի կազմած յուշամատեանը: Նժդեհը բարձր Է գնահատել Վանի հերոսամարտը եւ ժամանակակիցներին ու սերունդներին պատգամել է միշտ օրինակ վերցնել վանեցիների փորձառութիւնից, նշելով. «Եթէ կ՛ուզէք բախտորոշ ծառայութիւն մատուցանել ձեր ազգին, անոր մէջ մշակեցէք իր ճակատագրի զգացումը, սորվեցնելով անոր, ամէն բանէ առաջ հաւատալ իր սեփական բազուկին, որը աւելի զօրաւոր է, քան կարող են կարծել իր արտաքին թշնամիները: Վանը հաւատաց ու յաղթեց: Փառք իրեն»:
Օննիկ Մխիթարեանի յուշամատեանը արժէքաւոր է նաեւ այն բանով, որ այնտեղ անհրաժեշտ ճշտումներ եւ լրացումներ է արել հերոսամարտի ղեկավարներից Արամ Մանուկեանը:
1990ին, հերոսամարտի 75րդ տարելիցի առթիւ Վասպուրականի Հայրենակցական միութեան նախաձեռնութեամբ, Երեւանում, պատկառելի խմբագրակազմի ջանքերով, 30 հազար տպաքանակով հրատարակուեց «Վան-Վասպուրականի Հերոսամարտը. 75» ժողովածուն. Երեւան, «Հայաստան» հրատարակչութիւն, 127 էջ, 16 թերթ նկար:
Հերոսամարտի մասին գրուել են նաեւ վէպեր, վիպակներ: Նշանաւոր են ականատեսներ Ծերուն Թորգոմեանի «Անմար Կրակներ», Գուրգէն Մահարու «Այրուած Այգեստաններ» վէպերը, ուր գեղարուեստական գրականութեան հնարաւորութիւնները լաւապէս օգտագործուած են վաւերական անձանց եւ հերոսամարտի իրողութիւնները հնարաւորինս ամբողջական եւ գունագեղ արտայայտելու համար:
Ցեղասպանութիւնը սկսուելու խորհրդանշական օր է ընդունուած 1915ի Ապրիլի 24ը՝ Ստամբուլում հայ մտաւորականների առաջին խմբի ձերբակալութեան օրը, չնայած դրանից դեռ շատ օրեր ու ամիսներ առաջ էին սկսուել թուրքական բանակում հայ զինուորականութեան, ինչպէս նաեւ առանձին վայրերում խաղաղ ազգաբնակչութեան կազմակերպուած զանգուածային սպանդը:
երոսամարտը սկսուել է Ապրիլի 20ին, հին տոմարով՝ Ապրիլի 7ին, յաղթական աւարտ է ունեցել Մայիսի 17ին, հին տոմարով՝ Մայիսի 4ին:
Դժուարութեամբ է սկսուել հերոսամարտը, բազում զոհեր ու անդառնալի կորուստներ են եղել, մինչեւ որ հասել է Ապրիլի 7ի «Օրհնուած պահը», որի մասին վանեցին գոչել է. «Կեցցէ՛ հրացանի այդ առաջին որոտը…»
Վանի հերոսամարտում հայոց մասին տեղեկութիւնները ստոյգ են, ճշգրտօրէն արձանագրուել եւ հաշուառուել է ամէն մի փող զէնք ու փամփուշտ, ամէն մի անձ եւ իրադարձութիւն, հերոսական կամ այլ արարք:
Թուրք վարիչները գործում էին նենգ, անկաշկանդ եւ սանձարձակ:
Թուրքիայի պատերազմի մէջ մտնելուց յետոյ, մինչեւ հերոսամարտը, հայութիւնը միայն Վասպուրականի գաւառներում մի քանի տասնեակ հազար մարդկային կորուստ էր կրել:
Խաբէութեան զոհ դարձան դաշնակցական ճանաչուած եւ կարող գործիչներ Վռամեանը եւ Իշխանը՝ ուղեկիցներով: Ընկերների հետ պատահածից ազդուած Արամ Մանուկեանը որոշում է կիսել նրանց ճակատագիրը, սակայն վանեցի կառապանի՝ «Ո՞ւր կ՛երթա՛ս» յորդորը թէ հրամանը, փոխում է դէպքերի ընթացքը…
Փորձենք հասկանալ, թէ վանեցիները ինչպէ՞ս ի վիճակի եղան անհնարին պայմաններում նման դիմադրութիւն կազմակերպել եւ հերոսամարտի յաղթական արդիւնք ապահովել:
Քաղաքական կազմակերպութիւնները, իրարից անկախաբար, զէնքի եւ զինամթերքի հայթայթման լուրջ աշխատանք էին տարել:
Քաղաքում արդէն կազմուել էր զինուորական բարձրագոյն մարմին, որի ղեկավար էր ընտրուել Արմենակ Եկարեանը՝ արմէնական: Անդամների կազմում էին Բուլղարացի Գրիգորն ու Կայծակ Առաքելը, իսկ Հրանտ Գալիկեանը, Գաբրիէլ Սեմերջեանը, Արամ Մանուկեանը եւ Փանոս Թերլեմեզեանը մարմնի խորհրդականներ էին ընտրուել:
Հերոսամարտը սկսուելու ժամանակ պատկերը հետեւեալն է եղել. »Կռուի առաջին ութօրեակին Այգեստանում հազիւ ունենայինք վեց հարիւրի չափ հրացանակիրներ եւ տասնոց ատրճանակաւորներ. գաւառից ճողոպրած հայութեան հետ հետզհետէ Այգեստան թափուեցին նաեւ զինուած ուժերի բեկորներ Թիմարի եւ Հայոց ձորի շրջաններից«, տեղեկանում ենք Արմենակ Փոխարեանի գրութիւնից. «Վան-Վասպուրականի Հերոսամարտը. 75»ում, էջ 24:
Ապրիլի 30ի միօրեայ ցուցակագրութեամբ արձանագրուած տեղեկութիւններով պատկերը արդէն հետեւեալն է եղել.
– Այգեստանում ստեղծուած էր պաշտպանական հինգ շրջան՝ 72 տուն-դիրքերով եւ 1153 մարտիկներով: – Քաղաքամէջը ունէր պաշտպանական 4 շրջան՝ 23 տուն-դիրքերով եւ 310 մարտիկներով: Ընդ որում 1463 մարտիկներից 759ը զինուած էին ատրճանակներով: Փամփուշտի ընդհանուր պաշարը 174 հազար էր: Այգեստանում ամէն հրազէնի բաժին էր ընկնում մօտ 100 փամփուշտ: Հերոսամարտը վկայեց վտանգի պահին կուսակցական շահերից ու պատկանելութիւնից վեր կանգնելու եւ համախմբուելու վան-վասպուրականցիների միահամուռ կեցուածքը, հերոսամարտի ազգային ծառայութիւնում իւրաքանչիւր անձի համապատասխան տեղը ճշտօրէն որոշելու ազգային-քաղաքական իմաստութիւնը՝ զինուոր, հրամանատար, ամէն օրուայ ընթացքում քանդուող դիրքերը գիշերը վերականգնող քարակոփ վարպետ թէ բանուոր, սննդեղէնի եւ զինամթերքի առկայ նուազագոյն միջոցներին խնայողաբար վերաբերուելը, այլազան մարտական, արհեստաւորական, գիտական, առողջապահական անձնական նախաձեռնութիւններին ընդառաջումը:
Վանեցիները կարողացել էին ամբողջացնել հետեւեալ կարեւոր պայմանները.
– Բոլոր մակարդակներում պատշաճ հրամանատարութեան ներկայութիւն,
– Դիրքերի խելամիտ դասաւորութիւն ու դրանց մշտական ղեկավարման իրականացում,
– Այլազան մարտական, զինամթերքի, սննդեղէնի անխափան մատակարարում,
– Վիրաւորների եւ հիւանդների պատշաճ բուժում եւ խնամք,
– Հերոսամարտի ամբողջ ժամանակ ժողովրդային մշտական կորով:
Մասնաւոր նախաձեռնութեան արդիւնքով են առաջացել պատերազմական վիճակի դէպքում անհրաժեշտ բազմաթիւ ենթակառուցուածքները: Առանց դրանց հնարաւոր չէր լինելու հերոսամարտի յաղթանակը.
– Զէնքերի վերանորոգման արհեստանոցը,
– Հայ ռազմիկների համար օրական 40-50 զոյգ կօշիկ կարող կօշկակարների համախմբումը,
– Հագուստներ կարող եւ գործող կանանց համախմբումը,
– Զինամթերք արտադրող արհեստանոցի ստեղծումը՝ վառօդի արտադրութեան, գնդակների ձուլման, պարկուճների թողարկման եւ փամփուշտների լիցքաւորման բաժանմունքներով:
– Բարձր դասարանցի մօտ հինգ տասնեակ պատանի հիմնում են քաղաքի ոստիկանական կամաւոր ծառայութիւնը՝ ներքին կարգուկանոնին հետեւելու, հնարաւոր չարաշահումները կանխելու, ինչպէս նաեւ անհարկի զոհերից խուսափելու համար քաղաքում կուտակումներ թոյլ չտալու նպատակով:
– Կին թէ տղամարդ, մանուկ եւ ծերունի լծուած էին ընդհանուր գործին:
– 10-15 տարեկան թուով մօտ 50 պատանիներ հսկում էին թշնամու հրասանդ տեսակի արկերի ընկնելուն, անմիջապէս վազելով հասնում եւ արկը չպայթած պատրոյգը կտրում էին: Այդպիսով նրանք փրկում էին շատերի կեանքը եւ կանխում էին շէնքերի ու դիրքերի փլուզումը, նաեւ վառօդ էին ապահովում փամփուշտ լիցքաւորող Այգեստանի եւ քաղաքամէջի երկու զինագործական արհեստանոցներին: Այդ վտանգաւոր առաքելութեան ընթացքում հերոսաբար զոհւում են 13ամեայ Մարտիրոս Գէօլօշեանը, 10ամեայ Անդրանիկ Ատոմեանը, 12ամեայ Յակոբ Հայդուդեանը, 11ամեայ Շանոյեանը կամ Ջանոյեանը եւ այլք:
– Յատկապէս պէտք է նշել թշնամու հրետանային բացարձակ գերազանցութիւնը գրեթէ զրոյացրած՝ քարակոփ վարպետների, պաշտպանական ամրութիւններ կառուցող եւ վերաշինող, խրամատներ, միջդիրքային հաղորդակցային ուղիներ փորող ամրաշէն ջոկատների գործունէութեան մասին՝ մօտ 1000 կամաւորներով: Նրանք կռուողներին հաւասար եւ դեռ աւելի քաջութիւն էին դրսեւորում, երբեմն օրուայ ընթացքում մինչեւ 6 անգամ քանդուող նոյն դիրքը 6 անգամ նորոգելով: Մի անգամ, երբ առանձին գտնուող դիրքերից մէկը վիրաւորներով եւ առանց փամփուշտի պաշարի յայտնուեց վտանգաւոր կացութիւնում, ամրաշէն ջոկատը գետնուղի փորեց մինչեւ դիրք, 9 կռուողներին ու վիրաւորներին՝ նրանց թւում ապագայ յայտնի գրող-երգիծաբան Լեռ Կամսարին՝ դուրս բերեցին վտանգաւոր կացութիւնից:
– Բուլղարացի Գրիգորը բնակչութիւնից հաւաքուած մետաղեայ իրերից, խոհանոցային կաթսաներից ու այլ պարագաներից երկու թնդանօթ է ձուլում:
– Վառօդի խնայողութեան նկատառումով հազուադէպ արձակուող արկերը թուրքերի հոգիներում «Կրուպ»ի թնդանօթներից աւելի մահացու հոգեբանական աւէր էին գործում:
Այդ ամէնի հանրագումարը՝ բոլոր մակարդակներում պատշաճ հրամանատարութեան ներկայութիւնը, դիրքերի խելամիտ դասաւորութիւնն ու դրանց մշտական ղեկավարման իրականացումը, այլազան մարտական, զինամթերքի, սննդեղէնի անխափան մատակարարման, վիրաւորների եւ հիւանդների պատշաճ բուժման եւ խնամքի ապահովութեան, անհրաժեշտ այլ ենթակառոյցների գոյութիւնը, հերոսամարտի ամբողջ ժամանակ ժողովրդային մշտական կորովը հանդիսացան այն երաշխիքը, որով Վանը արժանիօրէն դիմագրաւեց, իսկ յետոյ յաղթեց թուրքական պատերազմական մեքենային:
Հարց կարող է առաջանալ, եթէ հերոսամարտի տեւողութիւնը շարունակուէր, վանեցիները ի վիճակի կը լինէի՞ն դիմադրութիւնը շարունակել:
Այս հարցում եւս, վանեցիները դրական պատասխանը երաշխաւորել էին: Այդ ցուցուեց հետեւեալ իրողութեամբ. Հերոսամարտի յաղթական աւարտին՝ Քաղաքամէջում նախապէս եղած փամփուշտի սահմանափակ պաշարի կէսն էին օգտագործել:
Թուրքերի մարտական ուժերի մասին տարբեր աղբիւրներում տարբեր թուեր են բերւում: Մենք գերմանական զինուորական աղբիւրների տեղեկութիւններն աւելի ստոյգ ենք համարում:
Հերոսամարտի սկզբնական շրջանում, միայն Այգեստանում, «թուրքերը կենտրոնացրել էին 6 հազար կանոնաւոր զօրք, 12 լեռնային եւ ծանր թնդանօթ, բազմաթիւ քուրդ խուժան եւ թուրք բաշիբոզուկներ եւ անսպառ հրազէն ու փամփուշտ: Միայն Ապրիլի 7ի գիշերը նրանք սպառեցին միլիոնաւոր փամփուշտ» («Վան-Վասպուրականի Հերոսամարտը. 75», էջ 29-30):
Հերոսամարտի միայն առաջին օրը թուրքերը թնդանօթներից Այգեստանի վրայ կրակել են 700 արկ:
Զինուորական բարձրագոյն մարմնի անդամ, տաղանդաւոր նկարիչ Փանոս Թերլեմեզեանը նաեւ հմուտ նշանաձիգ էր, նա քանիցս գլորելով թուրք հրետանաւորներին, թուրքական հրետանու որոշ ընդհատում էր պարտադրում:
Ըստ գերմանացի զինուորական մասնագէտների գնահատումների, Վանում հերոսամարտի մասնակիցների կողմից թուրքական պետական բանակի 13 հազարանոց պատերազմական զօրախմբի, դրա եռապատիկը կազմող զինուած թուրք եւ քուրդ խուժանի, դրանց օգնող գերմանացի հրետանաւոր սպաների ու զինուորների նկատմամբ ցուցաբերուած դիմադրութիւնը, հաւասարազօր է եղել նման զինական ուժի նկատմամբ յաղթանակի հնարաւոր արդիւնքի հասնելու համար անհրաժեշտ 50 հազարանոց կանոնաւոր բանակային զօրամիաւորումի մարտական գործողութեան:
Ուստի պէտք է վերատեսութեան ենթարկուի նաեւ այն տեսակէտը, որ իբրեւ թէ, Վանի հերոսամարտի յաջողութիւնը պայմանաւորուած է եղել ռուսական բանակի եւ հայ կամաւորների առաջխաղացքով: Ընդհակառակը, Վանի հերոսամարտը ինքն է նպաստել ռազմաճակատում ռուսական բանակի յաջողութեանը:
Պատկերացնո՞ւմ էք, ռազմաճակատի գծից ոչ հեռու գտնուող վայրում՝ Վանում, 50 հազարին համազօր հայկական ռազմական կարողութեան փաստը:
Մօտ մէկ ամսուայ ընթացքում, ռազմաճակատում թուրքերը ռուսական զօրքերի ուղղութեամբ մօտ 15 հազար հրանօթային արկ պակաս են կրակել (միայն Այգեստանի վրայ թուրքերը սովորական օրերին 300 արկ են կրակել իսկ յարձակումների օրերին՝ 700 արկ):
Դէ հիմա ամէն ոք ինքը թող պարզի, ո՞վ է ում օգնել ու փրկել:
Եթէ յայտնի չլինէին, արձանագրուած չլինէին հերոսամարտի ժամանակ վանեցի մարտիկների թուի, զինուածութեան եւ զինամթերքի սահմանափակ լինելու մասին տեղեկութիւնները, ապա հիմնուելու էին գերմանացի ռազմագէտների առարկայական այն գնահատման վրայ, որ Վանի հերոսամարտի ժամանակ, վանեցիները թուրքական կանոնաւոր բանակի դէմ մարտերում ցուցաբերել են 50 հազար կանոնաւոր մարտական բանակի կարողութեան համազօր դիմադրութիւն, եւ այդպիսով յաղթել են թշնամուն:
Պէտք է ճիշտ հասկանալ Վանում 50 հազար հայկական զօրքի վերաբերեալ գերմանացի զինուորական մասնագէտների մատնանշած, ակնյայտ սխալ, թուի իմաստը:
Քանի որ Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան իրագործումը ձեռնտու էր Ռուսական կայսրութեանը, համընկնում էր նրա հեռահար նպատակներին, ուստի ռուսական կողմն ամէն ինչ արեց վանեցիներին եւ վասպուրականցիներին երկրից տեղահանելու, եւ նրանց յաջողուած փորձառութեան տարածում եւ կրկնութիւն թոյլ չտալու համար:
Եթէ Մուշում, ուր եւս զարգացած արհեստաւորութիւն կար, նոյնութեամբ ընդօրինակէին եւ կրկնէին վանեցիների փորձառութիւնը, ապա այնտեղ էլ Կոտոյի Հաջի Յակոբի եւ ընկերների մարտնչումը յաջողութեամբ կ՛աւարտուէր: Նոյն յաջողութիւնը կը պատահէր նաեւ այլ վայրերում…
Նոյնիսկ իր եզակիութեամբ՝ Վանի հերոսամարտը ժխտեց, անիմաստ դարձրեց հայոց հանդէպ երիտթուրքերի ծրագրած ու իրականացրած Հայոց Ցեղասպանութիւնը, որովհետեւ փրկուած վասպուրականցիներից 140 հազարը հաստատուեցին Արեւելեան Հայաստանում: Վանի վարժապետանոցը նոյնիսկ աւարտել չհասցրած անձինք Երեւանի համալսարանի հիմնադիր-դասխօսներ դարձան:
Հերոսամարտի ղեկավարներից Փանոս Թերլեմեզեանի անձնական նախաձեռնութեամբ եւ միջոցներով, հիմնադրուեց այժմ իր անունը կրող նկարչական ուսումնարանը: Մեր բոլոր նկարիչներն ու քանդակագործները, գրեթէ առանց բացառութեան, այդ հաստատութեան ուսանածներն են: Փանոս Թերլեմեզեանի հիմնադրած ուսումնական հաստատութիւնից զատուեցին եւ բազմաթիւ այլ մասնագիտական ուսումնական հաստատութիւններ առաջացան:
Բոլոր մակարդակներում՝ կրթութիւն, գիտութիւն, առողջապահութիւն, գիւղատնտեսութիւն, ճարտարապետութիւն, շինարարութիւն, թատրոն, գրականութիւն, երաժշտութիւն, երկրի ղեկավարում եւ այլն մնացած բոլոր բնագաւառներում վասպուրականցի եւ ծագումով վասպուրականցի մտաւորականների գործուն, մեծաքանակ, որակեալ եւ առաջատար ներկայութիւնը միշտ եղել է:
Խորհրդային Հայաստանի մօտ 70ամեայ տեւողութեան ընթացքում երկիրը մօտ 30 տարի ղեկավարել են վասպուրականցի Աղասի Խանջեանն ու Կարեն Դէմիրճեանը:
Այսօր այնտեղ միլիոնաւոր հայ անձինք վասպուրականցու արիւն են կրում…
Շնորհաւորում ենք Վանի հերոսամարտի 108րդ տարեդարձը:
Վանի հերոսամարտը ոչ միայն վասպուրականցիների, այլեւ համայն հայ ազգի պանծալի եւ անմոռանալի սխրանք է:
Վանի հերոսամարտն ԱՆՀՆԱՐԻՆ պայմաններում կերտուած ԱՆՀՆԱՐԻՆ յաղթանակ է օսմանեան պետական բանակի նկատմամբ:
Վանի հերոսամարտն ԱՆՀՆԱՐԻՆ պայմաններում կերտուած ԱՆՀՆԱՐԻՆ յաղթանակ է, որովհետեւ Օսմանեան բանակը պատմականօրէն յատկանշուել է իբրեւ աշխարհի լաւապէս զինուած, փորձառու, զօրաւոր պետութիւնների բանակների դէմ յաջողութեամբ պատերազմած եւ բազում յաղթանակներ կերտած բանակ:
Վանի հերոսամարտն ԱՆՀՆԱՐԻՆ պայմաններում կերտուած ԱՆՀՆԱՐԻՆ յաղթանակ է, որովհետեւ այն կերտուեց Վասպուրականում եւ Հայկական բարձրաւանդակում հայկական պետականութեան մօտ ութհարիւրամեայ բացակայութեան պայմաններում:
Վանի հերոսամարտն ԱՆՀՆԱՐԻՆ պայմաններում մօտ մէկամսեայ ինքնապաշտպանութեամբ կերտուած ԱՆՀՆԱՐԻՆ յաղթանակ է, որովհետեւ այն կերտուեց կռուողների թուի, զէնք ու զինամթերքի սահմանափակութեան, առանց սննդեղէնի եւ ընդհանրապէս որեւէ տեսակի մատակարարման, դիրքային առաւելութեան չգոյութեամբ…
Առանց Վանի հերոսամարտի ԱՆՀՆԱՐԻՆ էին լինելու 1918ի մայիսեան փառապանծ յաղթանակներն ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ կերտումը, գիտութեան, կրթութեան, արդիւնաբերութեան ու գիւղատնտեսութեան բացառիկ նուաճումները:
Յաւէրժ փառք Վանի հերոսամարտը կերտած հայորդիներին:
Յաւէրժ փառք յանուն ազգի եւ հայրենիքի նահատակուած բոլոր հայորդիներին:
Կեցցէ Հայաստանը, կեցցէ Հայ ազգը:
* Վասպուրականի հայրենակցական միութեան Լոս Անջելոսի մասնաճիւղի ատենապետ