Թուրքիայի խորհրդարանում Օգոստոսի 24ին կայացած նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլում եւս կառավարող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան թեկնածու, արտաքին գործերի նախարար եւ փոխվարչապետ Ապտիւլլա Կիւլը չկարողացաւ ստանալ նախագահ ընտրուելու համար անհրաժեշտ 367 քուէ։
Քուէարկութեանը մասնակցել է խորհրդարանի 550 անդամներից 446ը: Կիւլի օգտին երկրորդ փուլում քուէարկել է 337 պատգամաւոր, ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցութեան թեկնածու Սապահէտտին Չաքմաքօղլուի օգտին՝ 71 պատգամաւոր, Ձախ ժողովրդավարական կուսակցութեան թեկնածու Թայֆուն Իչլիի օգտին՝ 14 պատգամաւոր, եւս 24 քուէաթերթիկներ անվաւեր են ճանաչուել:
Յիշեցնենք, որ ընտրութիւնների առաջին փուլում, Օգոստոսի 20ին, մասնակցել էր 448 պատգամաւոր, իսկ նախագահի հիմնական յաւակնորդ Կիւլը ստացել էր 341 ձայն: 70 պատգամաւոր քուէարկել էր Չաքմաքօղլուի, եւ 13ը՝ Իչլիի օգտին: Այսպիսով, Օգոստոսի 28ին պէտք է կայանայ ընտրութիւնների երրորդ փուլը, որի ժամանակ, ամենայն հաւանականութեամբ, իշխող կուսակցութեանը կը յաջողուի անցկացնել սեփական թեկնածուին, հաշուի առնելով, որ այդ փուլում յաղթելու համար անհրաժեշտ կը լինի ստանալ ընդամէնը 276 ձայն, այն դէպքում, երբ իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը խորհրդարանում զբաղեցնում է 341 աթոռ: Այսինքն, եթէ գործերին թուրքական զինուորականութիւնը չմիջամտի, Ապտիւլլա Կիւլը Օգոստոսի 28ին պաշտօնապէս կը հռչակուի Թուրքիոյ հանրապետութեան 11րդ նախագահ («Ա.».- Երեքշաբթի, Օգոստոս 28ին, Կիւլ ընտրուեցաւ նախագահ՝ 339 քուէներով):
Հայաստանում ուշադրութեամբ հետեւում են Թուրքիոյ ընտրութիւններին եւ հարեւան երկրում կատարուող ներքաղաքական զարգացումներին ընդհանրապէս: Ճիշդ է, լուրջ ակնկալիքներ չկան, որ Կիւլի նախագահ ընտրուելու դէպքում հայ-թուրքական յարաբերութիւններում տեղաշարժ կը լինի, սակայն հայ թուրքագէտները եւ քաղաքական վերլուծաբանները նկատում են, որ ի տարբերութիւն Թուրքիոյ նախկին կառավարութիւնների եւ նախագահների, ո՛չ գործող վարչապետ Ռէճէփ Թայիփ Էրտողանը եւ ոչ էլ նախագահի թեկնածու Ապտալլա Կիւլը Հայաստանի հասցէին սպառնալից եւ վիրաւորական յայտարարութիւններ չեն անում: Սա, անշուշտ, բաւարար չէ, որպէսզի հայ-թուրքական յարաբերութիւններում «սառոյցը հալուի», բայց միւս կողմից՝ պէտք չէ անտարբերութեան մատնել:
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսեանը 2007թ. Յուլիսին քաթարեան «Ճազիրա» հեռուստատեսութեանը տուած հարցազրոյցում հաւաստիացրել է, որ իր կառավարութիւնը պատրաստ է հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորելու նպատակով բանակցութիւններ վարել թուրքական նոր կառավարութեան հետ: «Մենք չենք կարող մեր հարեւանի հետ մնալ մի վիճակում, երբ չկան կապեր եւ բանակցութիւններ: Խնդիրները կարգաւորելու ամենահեշտ ճանապարհը երկխօսութիւնը եւ բանակցութիւններն են», ասել է Սերժ Սարգսեանը:
2007թ. ընթացքում հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւման օգտին հրապարակաւ խօսել է նաեւ Ռոպերթ Քոչարեանը: Փետրուարի 19ին «Ֆիկարօ» թերթի հարցազրոյցում Հայաստանի նախագահը վերահաստատել է, որ իր երկիրը պատրաստ է դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել Թուրքիոյ հետ՝ առանց նախապայմանների, միւս կողմից՝ կրկին մերժել Թուրքիոյ առաջարկը՝ 1915թ. իրադարձութիւնները ուսումնասիրելու նպատակով պատմաբանների համատեղ յանձնախումբ ստեղծելու վերաբերեալ: Քոչարեանը, ինչպէս 2005 թուականին վարչապետ Էրտողանին գրած պատասխան նամակում, կրկին կոչ է արել Անգարային ստեղծել միջկառավարական յանձնախումբ: «Երկկողմ յարաբերութիւնների բնականոնացումը կառավարութիւնների, այլ ոչ թէ պատմաբանների պարտականութիւնն է: Այդ պատճառով մենք պատրաստ ենք դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել առանց նախապայմանների, ստեղծել միջկառավարական յանձնախումբ եւ քննարկել բոլոր, այդ թւում՝ ամենանուրբ հարցերը», ասել էր Քոչարեանը:
2007թ. Յուլիսի 23ին Թուրքիայում կայացած վաղաժամկէտ խորհրդարանական ընտրութիւններում համոզիչ յաղթանակ տարաւ վարչապետ Ռէճէփ Թայիփ Էրտողանի իսլամամէտ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը՝ ստանալով քուէների շուրջ 47 տոկոսը: Դա ամենաբարձր արդիւնքներից մէկն է Թուրքիայում բազմակուսակցական համակարգի ներդրման ժամանակներից ի վեր: Նման վստահութիւնը շատ կարեւոր է ոչ սթանտարթ քայլեր կատարելու, այդ թւում՝ արտաքին քաղաքական հարցերում: Հայկական իրականութեան մէջ՝ պետական, քաղաքական շրջանակներում եւ հասարակութեան մէջ կայ կարծիք, որ հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւումը գրեթէ կամ այնքան էլ կապ չունի, թէ ո՛վ է Թուրքիայում կառավարութեան գլուխ՝ ազգայնականնե՞րը, ժողովրդավարնե՞րը, թէ՞ իսլամականները:
Ամերիկահայ քաղաքական վերլուծաբան Ռիչըրտ Կիրակոսեանը նշում է, որ ով էլ որ ընտրուի Թուրքիոյ նոր նախագահ, դա ոչ մի ձեւով ազդեցութիւն չի ունենայ հայ-թուրքական յարաբերութիւնների վրայ, որովհետեւ Թուրքիայում դրուած հարցերը ոչ թէ անհատական, այլ ռազմավարական հարցեր են: «Պէտք է յիշել, որ իսլամականները իսլամ լինելուց առաջ թուրք են, որ աւելի վտանգաւոր է Հայաստանի համար: Բայց վերջին տասնամեակներում կան երկու նոր զարգացումներ. առաջին անգամ թուրք-ամերիկեան ռազմական յարաբերութիւնները լարուած են, երկրորդ՝ թուրքերը ունեն նոր թշնամի՝ ի դէմս քրտերի», ասում է Կիրակոսեանը:
Հայաստանի իշխանութիւնները, սկսած 1990 թուականից, բազմիցս յայտարարել են, որ պատրաստ են հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատմանը առանց նախապայմանների: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը հարեւանների հետ բարիդրացիական յարաբերութիւնները համարում էր երկրի անվտանգութեան կարեւորագոյն բաղադրիչ: Հայաստանի անվտանգ ապագան երաշխաւորուած չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը բնականոն յարաբերութիւններ չի հաստատել իր անմիջական հարեւան երկրների հետ: Սա 1990 թուականն էր, երբ դեռ գոյութիւն ունէր Խորհրդային Միութիւնը, իսկ Տէր Պետրոսեանը Խորհրդային Հայաստանի Գերագոյն խորհրդի նախագահն էր: Անմիջական հարեւանների շարքում Տէր Պետրոսեանն ակնյայտօրէն եւ առաջին հերթին նկատի ունէր Թուրքիային, որի հետ առաջին քայլը պէտք է լինէր առեւտուրը, այնուհետեւ մշակութային կապերը եւ վերջապէս՝ քաղաքական փոխյարաբերութիւնները: Ու չնայած ՀՀՇական իշխանութիւնների օրօք Հայկական Ցեղասպանութեան հարցը Հայաստանի արտաքին քաղաքականութեան օրակարգում չէր, Անգարան այդպէս էլ չվերացրեց Հայաստանի շրջափակումը, դիւանագիտական յարաբերութիւններ չհաստատեց՝ առաջ քաշելով նախապայմաններ:
Նախապայմանների լեզուով խօսելը անյարիր է միջազգային դիւանագիտական փորձին: Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը անկասկած թշնամական կեցուածք է, քանի որ շրջափակումը համարւում է նախայարձակման մի եղանակ: Բայց այս ամէնի հետ միասին Հայաստանի հետ յարաբերութիւններում Թուրքիան ոտնահարում է ոչ միայն ընդունուած միջազգային իրաւունքի կանոնները, այլեւ խախտում է 1921թ. Կարսի պայմանագիրը, որի 17րդ կէտի համաձայն, կողմերը պէտք է «… միջոցներ ձեռնարկեն երկաթուղային, հեռագրային եւ հաղորդակցութեան այլ միջոցների պահպանման եւ զարգացման համար, ինչպէս նաեւ ապահովեն մարդկանց եւ բեռների ազատ փոխադրումը»:
1991 թուականից ի վեր Թուրքիայում մի շարք կառավարութիւններ են փոխուել, սակայն Հայաստանի հետ յարաբերութիւններում էական փոփոխութիւններ չեն եղել: Աւելի՛ն, այս տարիներին Թուրքիայում չի եղել քաղաքական որեւէ կուսակցութիւն, որը առաջ քաշէր այլընտրանքային մօտեցում հայ-թուրքական յարաբերութիւններում:
Հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւումը Թուրքիան շարունակում է պայմանաւորել մի շարք նախապայմաններով, մինչդեռ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների յարաբերութիւնների հաստատմանը: Հայաստանը բազմիցս իր պատրաստակամութիւնն է յայտնել բանակցել՝ երկու երկրների միջեւ առկայ խնդիրներն ու տարակարծութիւնները լուծելու նպատակով, մինչդեռ Թուրքիան եւ նրա դաշնակից Ատրպէյճանը շարունակում են տարածաշրջանային համագործակցութեան ծրագրերից Հայաստանին մեկուսացնելու իրենց ոչ կառուցողական քաղաքականութիւնը:
Թուրքիայի անդամակցութիւնը Եւրոպական միութեան ենթադրում է յարաբերութիւնների բարելաւում բոլոր հարեւանների, այդ թւում Հայաստանի հետ։ Պաշտօնական Երեւանը բազմիցս յայտարարել է, որ ցանկանում է Թուրքիային տեսնել Եւրոպայում: Վարչապետ Սերժ Սարգսեանը Դեկտեմբերի 22ին ամերիկեան ազդեցիկ «Ուոլ սթրիթ ճըռնըլ»ում տպագրած «Չնայած ցեղասպանութեանը» վերնագրով հրապարակման մէջ գրել էր. «Թուրքիան, չնայած աճող միջազգային ճնշմանն ու դատապարտմանը, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, գործադրում է ամէն ճիգ՝ մեկուսացնելու դէպի ծով ելք չունեցող Հայաստանը միջազգային ու տարածաշրջանային փոխադրամիջոցների ծրագրերից, ապակառուցողական դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցում: Չնայած այս քաղաքականութիւնը հակասում է միջազգային յարաբերութիւնների ու արդի աշխարհակարգի հիմնական սկզբունքներին՝ Հայաստանը չի համարում, որ Թուրքիոյ անդամակցութիւնը Եւրոպական միութեան սպառնալիք է իր ազգային անվտանգութեանը: Հակառա՛կը: Մենք յուսով ենք, որ Թուրքիան կը բարեփոխուի եւ աւելի լաւ դիրքում կը լինի սեփական պատմութեան ու ապագային դէմ յանդիման: Անդամակցութեան բանակցութիւնները յոյսի հատիկներ են պարունակում, որ Հայաստանն ու Թուրքիան կը յաղթահարեն փակուղին… Դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման հետ մէկտեղ, կարծում ենք, որ Եւրոպական միութեան անդամակցութեան բանակցութիւնների կամ հնարաւոր անդամակցութեան դէպքում Թուրքիան մեզ համար կը դառնայ տնտեսապէս ամուր եւ կայուն հարեւան: Սա բխում է թէ՛ Հայաստանի եւ թէ Թուրքիայի շահերից: Եւրոպական միութեան անդամակցութեամբ Թուրքիան կը դառնայ աւելի կանխատեսելի: Միշտ էլ հեշտ է գործ ունենալ կանխատեսելի հարեւանի հետ: Ցաւօք, անցեալում Թուրքիայի պատասխանը Հայաստանի ցանկութեանը՝ հաստատել բնականոն դիւանագիտական յարաբերութիւններ, եղել է պատժելը կամ սպառնալը նրանց, ովքեր ճանաչել են Ցեղասպանութիւնը»:
Քաղաքագէտ Ռիչըրտ Կիրակոսեանը նկատում է, որ Թուրքիայի՝ Եւրոպայի կողմից մերժումը վտանգաւոր է Հայաստանի համար, քանի որ Եւրոպայից մերժուած Թուրքիան կը շրջուի եւ կը շարժուի դէպի Արեւելք: «Այսօր Թուրքիան կանգնած է երկընտրանքի առաջ՝ Արեւմո՞ւտք՝ Եւրոմիութի՞ւն, թէ՞ Արեւելք՝ համաթրքութիւն, համաիսլամութիւն: Ես կարեւորում եմ Թուրքիոյ Եւրոմիութեան անդամակցութիւնը, քանի որ դա կարեւոր է Հայաստանի անվտանգութեան համար: Հակառակ իմ լաւատեսութեան, վերջին մի քանի ամիսների գործընթացները ցոյց են տալիս, որ Թուրքիան սկսուել է թեքուել Եւրոմիութիւնից: Այս երեւոյթի գլխաւոր գործօնը հիւսիսային Իրաքում քրտերի անկախութեան եւ ընդհանրապէս քրտական հարցն է, ինչը թուրքերին ստիպում է նայել դէպի Արեւելք», ասում է Կիրակոսեանը:
Հայաստանի ամենագլխաւոր մարտահրաւէրը, ինչպէս անկախութեան առաջին տարիներին’ 1991-1992 թթ., այնպէս էլ այսօր, ոչ բարեկամ եւ անկանխատեսելի երկրներով շրջապատուած լինելու իրականութիւնն է: Եւ որքան Թուրքիան մօտենայ Եւրոպային, այնքան կը նուազի թուրքական սպառնալիքը: