Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների կատարած այցը ատրպեճանա-ղարաբաղեան հակամարտութեան շրջան տուեց երկու իրական արդիւնք։ Նախ՝ միջազգային միջնորդները ծանօթացան Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նորընտիր նախագահ Բակօ Սահակեանի հետ, ընդ որում՝ յատուկ այդ նպատակով այցելեցին Ստեփանակերտ։ Երկրորդ, համանախագահները հասկանալ տուեցին, որ Ղարաբաղեան կարգաւորման շուրջ բանակցութիւնների խաղաղ գործընթացը պէտք է շարունակուի՝ անկախ ամէն ինչից՝ թէ՛ 2008թ. Հայաստանում եւ Ատրպէյճանում կայանալիք նախագահական ընտրութիւններից, թէ՛ Պաքուի՝ ուրիշ միջազգային կազմակերպութիւններում քննարկումներ նախաձեռնելով՝ կարգաւորումը տարրալուծելու փորձերից, թե՛ Ատրպէյճանի բարձրագոյն ղեկավարների շուրթերից շարունակաբար ուժի կիրառման մասին հնչող սպառնալիքներից։
Եթէ անգամ միջնորդներին չյաջողուի նախընտրական շրջանում կազմակերպել Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների կամ արտգործնախարարների հանդիպումները, համանախագահներն իրենք կ’այցելեն Երեւան, Ստեփանակերտ եւ Պաքու, հակամարտութեան կողմերի հետ կը խորհրդակցեն բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են կարգաւորման գործընթացին, եւ կը փորձեն մերձեցնել նրանց մօտեցումները։ Մի խօսքով՝ անել այն, ինչով նրանք զբաղւում են աւելի քան 10 տարի եւ, շատ հնարաւոր է, կը զբաղուեն եւս այդքան ժամանակ։
Ճիշդ է, նրանց այս այցի ընթացքում ինչ-որ բան եւս պարզուեց։ Միջնորդները եւ հակամարտութեան կողմերը տարբեր իմաստներ են դնում կարգաւորման ձեւաչափ հասկացութեան մէջ։ Համանախագահների համար ձեւաչափը ԵԱՀԿ Մինսքի խումբն է, որը կազմուած է ինը երկրների ներկայացուցիչներից, ներառեալ համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆը եւ Ֆրանսիան։ Եւ փոխել այդ ձեւաչափը՝ միջնորդները մտադիր չեն։
«Այսօրուայ պայմաններում խօսք անգամ չի կարող լինել այդ ձեւաչափը փոխելու մասին», յայտարարեց Պեռնար Ֆասիէն։ «Ձեւաչափի փոփոխութիւնը պահանջում է, նախ, կողմերի երկուստեք որոշումը, այնուհետեւ այն անձանց կարծիքների յայտնումը, ովքեր հիմա զբաղւում են դրանով։ Ես պաշտօնապէս չեմ լսել կողմերից որեւէ մէկի խնդրանքը ձեւաչափը փոխելու մասին։ Հարցն այն է, թէ ինչ իմաստ է տրւում «ձեւաչափ» բառին», յաւելեց Եուրի Մերզլեաքովը։
Այնինչ, հակամարտութեան կողմերը, խօսելով ձեւաչափի մասին, առաջին հերթին նկատի ունեն բանակցութիւնների մասնակիցների կազմը։ Ստեփանակերտն ու Երեւանը պնդում են բանակցութիւնների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների վերադարձը. ԼՂն մինչեւ 1997 թուականը բանակցութիւններին մասնակցում էր որպէս հակամարտութեան լիիրաւ կողմ, իսկ այնուհետեւ այդ գործընթացից դուրս մղուեց Ատրպէյճանի ջանքերով։ ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը ուղղակի յայտնեց միջնորդներին եւ լրագրողներին, թէ բանակցութիւնների ներկայ ձեւաչափն արդիւնաւէտ չէ. «Մենք շնորհակալ ենք Հայաստանին իր ջանքերի համար, բայց միաժամանակ կարծում ենք, որ կարգաւորման գործընթացը տրամաբանական աւարտին հասցնելու համար պէտք է Լեռնային Ղարաբաղը անպայման մասնակցի բանակցութիւններին»։
Համանախագահները կարծես թէ չեն առարկում։ «Մի օր մենք պէտք է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին տեսնենք բանակցութիւնների սեղանի շուրջ, եւ որքան շուտ դա տեղի ունենայ, այնքան լաւ», յայտնեց Պեռնար Ֆասիէն՝ նկատելով, սակայն, որ Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցութիւնների սեղանի շուրջ կախուած է ոչ միայն միջնորդներից։
Մէթիու Պրայզան, որին Ստեփանակերտում լրագրողները, ինչպէս պարզւում է, այնքան էլ ճիշդ չեն հասկացել, Երեւանում ընդգծեց, որ ինքը երբեւէ չի ասել, թէ «Լեռնային Ղարաբաղի մեր բարեկամները հնարաւորութիւն չունեն մասնակցելու բանակցութիւններին»։ «Կեանքում երբեք նման բան չեմ ասել։ Ես պատասխանել եմ ձեւաչափին վերաբերող հարցին, իսկ ձեւաչափը Մինսքի խումբն է։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի բարեկամների մասնակցութեանը, նրանք արդէն մասնակցում են։ Եւ մենք շատ յարգում ենք այն մարդկանց կարծիքը, ովքեր ապրում են այդ տարածքում։ Սա շատ կարեւոր է։
«Ինչ վերաբերում է բանակցութիւններին, կան ուրիշ փուլեր կամ ուրիշ ձեւաչափեր։ Բայց դա գործընթաց է։ Կան հանդիպումներ նախագահների, ԱԳ նախարարների, փորձագէտների միջեւ, կան հանդիպումներ իշխանութեան հետ Ղարաբաղում։ Բայց կայ մէկ գործընթաց։ Սա նշանակում է՝ կայ մի ձեւաչափ՝ Մինսքի խումբը»։
Բայց արդէն Պաքւում համանախագահները, որոնց անունից ելոյթ ունեցաւ Պ. Ֆասիէն, խօսեցին ուրիշ ձեւակերպումներով։ «ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները մտադիր չեն արդիւնաւէտ հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի համայնքների ներկայացուցիչների հետ եւ բանակցութիւններ վարել Լեռնային Ղարաբաղի՝ իբրեւ հակամարտութեան կողմի հետ։ Այդ կարգի տեղեկատուութիւնը, որը տարածեցին մի շարք ԶԼՄներ, լիովին չի համապատասխանում իրականութեանը, եւ մենք չէինք ցանկանայ, որ չճշդուած տեղեկատուութիւնը կարողանայ գայթակղութիւնների յանգեցնել։
«Մի քանի տարի առաջ, հակամարտող կողմերի պատուիրակութիւնների հերթական հանդիպման ժամանակ, դրանց կազմի մէջ մտան նաեւ Լեռնային Ղարաբաղի ատրպեճանական եւ հայկական համայնքների ներկայացուցիչները, եւ մենք չէինք ցանկանայ, որ նման փորձը կիրառուի նաեւ հետագայում։ Ահա թէ ինչի մասին է խօսքը։ Շփումները ԼՂի ատրպեճանական եւ հայկական համայնքների միջեւ պիտի կայանան, ինչը կարող է ծառայել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը», հաղորդում է «Նորութիւններ-Ատրպէյճան» գործակալութիւնը՝ մէջբերելով Մինսքի խմբում Ֆրանսիայի ներկայացուցչի խօսքերը։
Պարզ չասացի, ինչպէս ասում են։ Մինչ ելոյթ ունենալը, ֆրանսիացի համանախագահին չէր խանգարի ծանօթանալ ինչպէս միջնորդութեան ամբողջ ժամանակաշրջանում ԵԱՀԿ գագաթաժողովներում ընդունուած փաստաթղթերին, այնպէս էլ բուն բանակցութիւնների պատմութեանը։
ԼՂ, այսպէս կոչուած, ատրպեճանական համայնքը, ի դէմս ոմն Նիզամի Պահմանովի, բանակցութիւններին մասնակցեց Ատրպէյճանի պատուիրակութեան կազմում։ Լեռնային Ղարաբաղի՝ օրինական ընտրուած իշխանութիւնների ներկայացուցիչները մինչեւ 1997թ. բանակցութիւններին մասնակցում էին առանձին պատուիրակութեամբ, որպէս հակամարտութեան լիիրաւ կողմ։ Եւ դա ճիշդ էր, քանզի Լեռնային Ղարաբաղի մարդկանց կեանքի եւ անվտանգութեան պատասխանատուութիւնը կրում են հէնց ԼՂՀ օրինական ընտրուած իշխանութիւնները եւ ոչ թէ Պահմանովն ու նրա հետ միասին՝ Ատրպէյճանի իշխանութիւնները։
Երեւանում, Պաքւում եւ Ստեփանակերտում (որը, պրն. Ֆասիէն, փորձելով պահպանել նաեւ յայտնի եւրոպական քաղաքական պարկեշտութիւնը, ատրպեճանական ձեւով միաժամանակ անուանում է Խանքենդի) Ֆրանսիայի ներկայացուցիչը վարկաբեկում է ոչ միայն իրեն, այլեւ իր երկիրը՝ իբրեւ միջնորդ։ Իրօք, երբեմն աւելի լաւ է լռել, քան խօսել։
Ժամանակն է հասկանալ, որ Պաքուն յամառօրէն շարունակում է հրաժարուել երկխօսութիւն վարելուց Ստեփանակերտի հետ՝ նպատակ ունենալով ատրպեճանա-ղարաբաղեան հակամարտութիւնը ներկայացնել իբրեւ «Հայաստանի նախայարձակում»։ Այդ իսկ պատճառով ԼՂի հետ բանակցութիւնները պայմանաւորում է Հայաստանի կողմից Ատրպէյճանի առասպելական տարածքային ամբողջականութեան ճանաչումով։ Յատկապէս առասպելական, քանի որ երբ Ատրպէյճանն ասում է, թէ Հայաստանը կամ ԼՂն խախտել են իր տարածքային ամբողջականութիւնը, պէտք է սկզբում միջազգային իրաւունքի համաթեքսթում ճշդի, թէ ինչ ասել է՝ Ատրպէյճանի տարածք։
Եթէ նկատի ունի նախկին Ատրպեճանական ԽՍՀի տարածքը, նման տարածք չի եղել,- այդ առնչութեամբ նկատեց Քանատայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապեանը։ Եղել է ԽՍՀՄի տարածք։ Խորհրդային Միութիւնը միջազգային իրաւունքի միասնական ենթակայ էր՝ բաժանուած տարբեր վարչական միաւորների, որոնց միջեւ սահմաններն ունէին ոչ թէ պետական սահմանի կարգավիճակ, այլ ընդամէնը՝ վարչական գծերի։
Միջազգային հանրութեան քաղաքական կամքի վերջին օրինական արտայայտութիւնը հայ-ատրպեճանական եւ հայ-վրացական սահմանների առնչութեամբ եղել է 1919-1920 թթ. Փարիզի խորհրդաժողովում եւ արտացոլուած է այն յանձնաժողովի զեկոյցում, որը որոշեց Հայաստանի սահմանները (24 Փետրուարի, 1920թ.)։
Սոյն փաստաթղթում, որն ստորագրեցին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճափոնիայի ներկայացուցիչները, նշուած է, որ յանձնաժողովը ներկայումս նախընտրում է սպասել Հայաստանի եւ Վրաստանի, ինչպէս նաեւ Ատրպէյճանի սահմանների ճշդման բանակցութիւնների արդիւնքներին։ Եթէ երեք հանրապետութիւնները որեւէ համաձայնութեան չյանգեն իրենց սահմանների հարցի շուրջ, հարցը, ըստ յանձնաժողովի, պէտք է յանձնել Ազգերի լիկայի լիազօրութիւններին, որը կը ստեղծի յատուկ յանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշեալ սահմանները՝ հաշուի առնելով ժողովրդագրական տուեալները։
«Այն ամէնը, ինչ տեղի ունեցաւ տարածաշրջանում դրանից յետոյ, անօրինական էր միջազգային իրաւունքի տեսանկիւնից եւ չի կարող իրաւական հետեւանքներ ունենալ, որովհետեւ հարաւային Կովկասի երեք անկախ պետութիւնները սկզբում գրաւուեցին, իսկ յետոյ նաեւ միացուեցին, կցուեցին Ռուսաստանի կողմից, որը հանդէս էր գալիս Խորհրդային Միութիւն անուան ներքոյ,- նշեց Արա Պապեանը։- Աւելին,- ասաց նա,- այդ փաստաթուղթն ընդգրկուեց ԱՄՆ նախագահ Վուտրօ Ուիլսընի իրաւարար որոշման մէջ (22 Նոյեմբերի, 1920 թ.)՝ իբրեւ առաջին յաւելուածի երկրորդ փաստաթուղթ, ինչը վկայում է Ուաշինկթընի կողմից այդ փաստաթղթի իրաւական էութիւնը եւ օրինականութիւնը ճանաչելու մասին։
Ատրպէյճանի անփառունակ տարածքային ամբողջականութեան մասին առասպելը յօդս է ցնդում նաեւ ուրիշ միջազգային փաստաթղթերի, առաջին հերթին՝ ՄԱԿի կանոնագրի եւ 1975թ. Հելսինքեան եզրափակիչ փաստաթղթի դիտարկումից։ Ի զուր չէ, որ միջազգային իրաւունքի մասնագէտների մեծամասնութիւնն այսօր ընդունում է, որ, ի տարբերութիւն, այսպէս կոչուած, տարածքային ամբողջականութեան, ինքնորոշումը իրաւական սկզբունք է։
Այդ իսկ պատճառով Ատրպէյճանի՝ ՄԱԿի միջոցով «Հայաստանին փճացնելու» փորձերը ամբողջովին կարելի է հէնց իր դէմ շրջել։ Սակայն այդ մասին կը խօսենք մի ուրիշ անգամ։ Տեսնենք, թէ ինչով կ’աւարտուի Ատրպէյճանի հերթական ճիգը Ղարաբաղեան խնդրադրութեան քննարկումն այս շաբաթ բացուող ՄԱԿի ընդհանուր ժողովի հերթական նստաշրջանում ձեռնարկելու ուղղութեամբ։