Խումբ մը արցախցիներ մուտք գործեցին Երեւանի մէջ Արցախի ներկայացուցչութեան գրասենեակը` պահանջելով հանդիպիլ նախագահ Սամուէլ Շահրամանեանին հետ:
Ցուցարարներուն ընդառաջ եկած Շահրամանեան առաջարկեց յաջորդ շաբաթ հանդիպում մը կազմակերպել:
«Ես իմ բոլոր քայլերի, կայացրած որոշումների համար պատասխանատու եմ ձեր բոլորի առջեւ: Բայց մենք ունենք եւս մէկ հայրենիք` Հայաստանը, որի ճակատագիրը վտանգելու իրաւունք չունենք», յայտարարեց Արցախի նախագահը՝ շարունակելով. «Այն, ինչ կատարւում է այստեղ, աւելի է ծանրացնում մեր վիճակը: Լրատուամիջոցներից զերծ մնալ չի լինում, բայց այն, ինչ պիտի ասեմ ձեզ, մեծ վտանգներ է պարունակում Հայաստանի եւ Արցախի հետագայ ճակատագրի համար», յայտնեց ան՝ աւելցնելով. «ԼՂՆն լուծարուած չի, այստեղ կա՞յ մարդ, որ այդ փաստաթուղթը կարդացել է: Այդ փաստաթղթի հետ կապուած շատ հարցեր կան, որոնց մասին ես այստեղ չեմ կարող խօսել»:
Շահրամանեան ընդգծեց, որ «ոչ մէկ փաստաթուղթ կրնայ լուծարել ժողովուրդին կողմէ ստեղծուած հանրապետութիւնը»:
Այդ փաստաթուղթը, ըստ Շահրամանեանի, ընդունուած է ռազմական գործողութիւնները կանգնեցնելու նպատակով: «Եթէ մենք իմանայինք, որ կարող էինք յաղթել այդ ռազմական գործողութիւններում, մինչեւ վերջ կը գնայինք: Մենք խնայել ենք մեր տղերքին, քաղաքացիական բնակչութեան կեանքը: Եթէ պատերազմը մէկ ժամ յետոյ կանգնէր, կը մտնէին քաղաք, երեխաներին կը կոտորէին», պնդեց ան:

Շահրամանեան առաջարկեց կազմել փոքր խումբ մը, որուն հետ ունեցած հանդիպումին ընթացքին տուաւ մանրամասնութիւններ քաղաքացիներուն ունեցած հիմնական հարցերուն մասին:
«Հարցերի մեծ մասը վերաբերւում էր սոցիալական խնդիրներին` տեղաւորման, աշխատանքի եւ աշխատավարձի հետ կապուած: Բոլոր հարցերին տրուել է պատասխան մեր լիազօրութիւնների շրջանակում: Մենք պատրաստ ենք նաեւ ձեր հարցերը գոյքագրել եւ ներկայացնել համապատասխան մարմիններին: Ամէն ինչ չէ, որ մեզանից է կախուած, բայց մենք փորձելու ենք ձեր հարցերին լուծում տալ: Այդ նպատակով որոշել ենք, որ այստեղ տրամադրելու ենք երկու սենեակ եւ այն քաղաքացիները, որոնք ցանկութիւն են յայտնել կամաւոր զբաղուել ձեր հարցերով, ունենալու են այդ հնարաւորութիւնը: Յաջորդ հարցը մեր քաղաքական ապագայի հետ է կապուած: Ուզում եմ բոլորից ներողութիւն խնդրել, բայց կան հարցեր, որ ճիշդ չեմ համարում բարձրաձայնել, որը մեզ համար վտանգներ կարող է պարունակել: Խնդրում եմ այսքանով բաւարարուել», ըսաւ Շահրամանեան:
Ըստ անոր՝ Հայաստանի մօտ Արցախի ներկայացուցչութեան շէնքի դռները բաց է բոլորին համար, պատրաստ են իրենց կարելիութիւններու եւ լիազօրութիւններու սահմաններուն մէջ լուծել Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուած անձերու օրհասական հարցերը: «Խնդրում եմ մեր հայրենակիցներին սթափ եւ զգօն լինել, պէտք չէ դիմել սադրանքների, սա մեզ բնորոշ չէ: Մենք իրաւունք չունենք իրար նկատմամբ նման գործելաոճ դրսեւորել: Երբեք ես չեմ հրաժարուել որեւէ մէկի հետ հանդիպելուց եւ հարցեր քննարկելուց: Լրիւ բաց ենք բոլորի համար: Հիմա խնդրում եմ մեր հայրենակիցներին ցրուել եւ զբաղուել առօրեայ հարցերով: Ձեր խնդիրը մեզ համար պարզ է: Առաջիկայում իմ կողմից ստանալու էք հրապարակային պատասխանները ձեր հնչեցրած հարցերին: Բարդ իրավիճակում ենք յայտնուել, եւ այս իրավիճակից դուրս գալու համար մեզ պէտք է միայն ու միայն միասնութիւն», եզրափակեց Շահրամանեան:
Նախապէս հաղորդուած էր նաեւ, որ Երեւանի մէջ գործող Արցախի շտապը պիտի դադրեցնէ իր աշխատանքները։
«Տեղեկացնում ենք, որ Արցախից բռնի տեղահանուածներին աջակցութեան, այդ թւում` առողջապահական, կրթական, սոցիալական օգնութեան եւ համանման այլ հարցերով աշխատանքները շարունակում է համակարգել Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան Հումանիտար կենտրոնը», յայտարարեց Տեղեկատուական շտապը` հայրենակիցներուն խորհուրդ տալով յառաջացող բոլոր հարցերուն վերաբերող պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել Հայաստանի աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարարութեան շուրջօրեայ թէժ գիծով` 114 թիւին, կամ Միասնական ընկերային ծառայութեան տարածքային (մարզային) կեդրոններուն:
«Ելնելով վերոգրեալից` Երեւանի Խաչատուր Աբովեան 9 հասցէում գործող Արցախի օպերատիւ շտաբը կը դադարեցնի աշխատանքները», կ՛ըսուի շտաբի հաղորդագրութեան մէջ: