

Հոկտեմբերի վերջին Կալիֆորնիայի արհեստագիտութեան կենտրոնում՝ Սան Ֆրանցիսկոյում, կայացել է կանանց եւ նորարարութեան շուրջ մեր տարածաշրջանի ամենամեծ հարթակի՝ «Ֆեմիննօ»ի առաջին արտագնայ համաժողովը, որը կազմակերպիչներն անուանել են «արբանեակ»։
«Երկու տարի շարունակ Հայաստանում ունենալով լուրջ յաջողութիւն՝ մենք հասկացանք, որ ժամանակն է մեր ստեղծած եզակի վաճառանիշը արտահանել ու սկսել համախմբել նաեւ Սփիւռքում ու այլազգի համայնքներում նորարարութեամբ զբաղուող կանանց ու նրանց աջակցող տղամարդկանց», նշում է «Ֆեմիննօ»ի հիմնադիր Սեդա Պապոյեանը։
Համաժողովի թեման էր «Արհեստական բանականութիւնը եւ ներառող նորարարութիւնը», որի շուրջ համախմբուել էին 100ից աւելի հայազգի եւ ամերիկացի մասնագէտներ։ Խօսնակների շարքում «Ֆեմիննօ»ի կազմակերպիչներին յաջողուել էր ներգրաւել Սիլիկոնեան հովտում բաւական լուրջ ազդեցութիւն ունեցող անունների, այդ թւում՝ նախապէս Twitter/X-էն, իսկ այժմ՝ Emerson Collective-ի գործադիր տնօրէն, ինչպէս նաեւ ԹՈՒՄՕի Խորհրդի քարտուղար Ռաֆֆի Գրիգորեանին, Meta ընկերութեան իրաւական խմբակի ղեկավար Էմանուէլ Բրիսոյին, արհեստական բանականութեան ձեռնարկատէր Դէյվիդ Եանին, Excelerate Global-ի գործադիր տնօրէն Սելինէ Կարակային, SADA ընկերութեան ֆինանսական տնօրէն Լուսինէ Եղիազարեանին, Generation She կազմակերպութեան հիմնադիր Աւնի Բարմենին, հայազգի ճանաչուած նորարար եւ ձեռներէց Զարիկ Պօղոսեանին, Հայ կանանց միջազգային ընկերակցութեան (AIWA) Սան Ֆրանցիսկոյի մասնաճիւղի անդամներին եւ ուրիշների։ Մասնակիցների շարքում էին առաջատար մասնագէտներ Google-ից, Slack-ից եւ նորարար այլ ընկերութիւններից։
Համաժողովին աջակցել էին մի շարք կազմակերպութիւններ Հայաստանից եւ Միացեալ Նահանգներից։ Միջոցառումն իր յարկի տակ ընդունել էր Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը՝ եզակի այս նախաձեռնութիւնը հիւրընկալելով իրենց «Սարոյեան» սրահում։
«Հիացած ենք այս նախաձեռնութեամբ, ոչ միայն իր եզակի նորարար բովանդակութեան համար, այլ յատկապէս այն խիզախութեամբ, որ հայ կանանց այս խումբը կարողացել է նման միջոցառում մտայղանալ, զարգացնել եւ իրագործելով հասցնել Սան Ֆրանցիսկօ», նշել են խօսնակները։


Հայաստանից «Ֆեմիննօ»ի որպէս խօսնակ մասնակցում էր նաեւ Safe YOU հարթակի հիմնադիր Մարիամ Թորոսեանը։ Եւ քանի որ «Ֆեմիննօ» հարթակի հիմնական ուղղութիւններից մէկը նորարար ոլորտներում կանանց մասնակցութեան խթանումն է, կազմակերպիչները Սան Ֆրանցիսկոյում լսելի դարձրեցին նաեւ արցախցի կանանց ձայնը՝ հեռակայ տեսաուղերձի միջոցով ներգրաւելով արցախից տեղահանուած երիտասարդ ուսուցչուհի Նինա Շահվերդեանին։
«Մենք առաջիկայում մեկնարկելու ենք Արցախից բռնի տեղահանուած կանանց համար նախատեսուած յատուկ «թուային վերակառուցման» ծրագիր, որի համար դրամահաւաքը այս օրերին էլ շարունակւում», նշեց Պապոյեանը։
Այս համաժողովով «Ֆեմիննօ» հարթակի հիմնադիրը յայտարարեց արբանեակ համաժողովների շարքի մեկնարկը, որոնց օգնութեամբ հնարաւոր կը լինի ստեղծել հայ եւ տեղացի նորարար կանանց, ինչպէս նաեւ նրանց աջակցող տղամարդկանց ցանց ու միասին մեծ ծրագրեր իրականացնել։ Հայաստանում «Ֆեմիննօ 2024»ը կը կայանայ Յուլիսի 27-28ին, իսկ մինչեւ այդ կազմակերպիչները նախատեսում են առնուազն եւս մէկ «արբանեակ» ուղարկել որեւէ մայրցամաք։
(Թղթակցութիւնը՝ կազմակերպիչներէն)