Նոյեմբերի 3ին, Եութա նահանգի Սոլթ Լէյք քաղաքի հայ համայնքը կազմակերպել էր հարիսայի օրհնութիւն եւ հիւրասիրութիւն՝ նուիրուած Արցախի հերոսամարտի նահատակների յիշատակին։ Հանդիսութեան օրհնութեան կարգն անցկացնելու նպատակով քաղաք էր հրաւիրուել Սիէթըլ քաղաքի Սուրբ Յարութիւն եկեղեցու հովիւ Վազգէն քահանայ Բոյաջեանը։
Օրհնութեան կարգն անցկացնելուց եւ միասնական աղօթքից յետոյ, տէր հայրը երեխաների հետ կատարեց «Ամէն Ալէլուիա» երգը, ինչը մեծ ոգեւորութեամբ եւ սիրով ընդունուեց ներկաների կողմից: Խօսքն ուղղելով հաւատացեալներին՝ տէր Վազգէնը յորդորեց, որ ոչ մի պարագայում չյուսահատուեն, քանզի ամէն տեսակ դժուարութիւն յաղթահարելի է, եթէ մենք ապաւինում ենք Աստծուն, եթէ չենք ընկրկում, այլ անկոտրում հաւատքով եւ ամենօրեայ տքնաջան աշխատանքով շարունակում ենք ծառայել մեր հայրենիքին: Տէր հայրը յիշեցրեց չարենցեան յայտնի պատգամը, որն այս օրերին առաւել քան արդիական է՝ միասնականութիւն. միայն ձեռք ձեռքի տուած, միասնաբար կը կարողանանք շարունակել մեր երթը ապագայում եւ կը կերտենք նոր յաղթանակներ:
Խօսք առաւ Նայիրա Սարգսեանը, որն անդրադարձաւ Արցախում տեղի ունեցած ողբերգական դէպքերին, ինչի հետեւանքով արցախահայերը յայտնուեցի ծանրագոյն պայմաններում: Նա նշեց նաեւ, որ բոլորի մտահոգութիւնների ծիրում է հայրենիքը եւ արցախահայութեան ճակատագիրը, ուստի որեւէ կերպով օգտակար լինելը Արցախի մեր քոյրերին եւ եղբայրներին դարձել է առաջնահերթութիւն:
Հանդիսութեան աւարտին տէր Վազգէնը շնորհակալութիւն յայտնեց կազմակերպիչներին, հարիսան պատրաստողներին, այն բաժանողներին, ինչպէս նաեւ ներկայ հաւատացեալներին:
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ